Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առանց գուշակությունների յոլա չենք կարող գնալ

Առանց գուշակությունների յոլա չենք կարող գնալ
15.06.2018 | 01:41

Ռուսաստան-Սաուդյան Արաբիա դիմակայությամբ երեկ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մեկ ամիս շարունակ ֆուտբոլասերը լարված հետևելու է ռուսաստանյան տասնմեկ քաղաքներում ծավալվելիք իրադարձություններին, անխուսափելիորեն ունենալու է հույսի ու հուսալքումի ապրումներ, ու այնքան էլ այնպես չէ, որ եթե իր երկրպագած թիմը չնվաճի եզրափակիչ խաղի մասնակցության իրավունք, պարանը գցելու է վիզը` կախվի, կամ ունեցած-չունեցածը ծախելու է, գնալու է էս երկրից: Նախ` վերջինի կտրվածքով ամեն ինչ չափից ավելի հայավարի է ստացվում, իսկ ֆուտբոլ, գիտեք, դիտում են ոչ միայն Հայաստանում, ու այնպես չէ, որ այդ ոչ միայնից դուրս եղածում մարդիկ այդքան էքսցենտրիկ են արմատական քայլերի դիմելու, ճակատագրական որոշումներ կայացնելու առումով: Բացի այս, ամեն տեղ չէ, որ կա հայկական դեմոկրատիայի հայր դառնալու «զամաշկեքով» ապրող ու գործող, ժողովրդին ոտքի հանելու ունակ Նիկոլ Փաշինյան` դրան հետևելիք եթե ոչ անորոշ, գոնե անհստակ հեռանկարով: Ինչևէ, դառնանք ֆուտբոլին, թե չէ քաղաքականությանն անդրադառնալը շատ ջուր կքաշի` շեղել-տանելով անհայտության բավիղներով:


Առաջնությունը սկսված է: Որ խմբից որ թիմը, թիմերը դուրս կգան փլեյ-օֆ, գուշակելու բան է, սակայն առանց հարյուրտոկոսանոց երաշխավորության, քանզի, դիցուք, ում մտքով կանցներ, թե իտալացիները չեն հայտնվի աշխարհի այս առաջնությունը կազմած 32 հավաքականների թվում, կամ, զորօրինակ, Իսպանիայի նման ընտրանին աշխարհի նախորդ առաջնությունում չէր կարողանալու հաղթահարել խմբային արգելքն ու դուրս էր մնալու հետագա պայքարից: Այս երկուսին ոչ պակաս համարժեք օրինակ. կարելի՞ էր պատկերացնել, թե Գերմանիան այդ նույն 2014-ի առաջնությունում նման խայտառակ հաշվով պարտության էր մատնելու տանտերերի թիմին` բրազիլացիներին, իսկ 7:1 հաշիվը, խոստովանենք, ոչ թե խայտառակություն էր, այլ խայտառակությունների խայտառակություն:


Եվ այսուհանդերձ, առանց գուշակությունների յոլա չենք կարող գնալ: Goldman Sachs ներդրումային բանկը ուսումնասիրություններ է անցկացրել ու դրանց հիման վրա եզրակացրել, թե որ հավաքականն է լինելու աշխարհի առաջնության հաղթողը: Տվյալների մեքենայական վերլուծությունը վկայել է, որ հաղթելու են աշխարհի հնգակի չեմպիոնները: Տիտեի գլխավորած հավաքականին բաժին հասած տոկոսն ունի թվային 18,5 արտահայտությունը: 11,3 տոկոսով երկրորդ տեղում հայտնվել են ֆրանսիացիները, իսկ եռյակը եզրափակել են գերմանացիները` 10,7 տոկոս:


Ինչ վերաբերում է առաջնության կազմակերպիչ երկրի ընտրանուն, ապա, ըստ ստացած տվյալների, Ռուսաստանի հավաքականը չի կարողանա հաղթահարել խմբային փուլը, որքան էլ մրցակիցները, բացառությամբ ՈՒրուգվայի, առանձնապես երևելի ընտրանիներ չեն: Համենայն դեպս, ուզենաս էլ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը ֆուտբոլային գիգանտ չես կարող համարել, թեպետ այդպիսին չէ և Ռուսաստանը, որն իր ամենամեծ հաղթանակն արդեն իսկ տոնել է առաջնության կազմակերպիչ երկիր դառնալով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ