Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել է հաշմանդամ զինվորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել է հաշմանդամ զինվորականներին
17.06.2018 | 12:35

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, ուր հանդիպեց արցախյան ազատամարտի, ապրիլյան քառօրյայի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած 15 զինվորականների հետ։


Նրանք պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժական զննության ենթարկվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։ Հանդիպմանը ներկա էին Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության փոխատենապետեր Սունիլ Սոբթին և Սյուզան Ռուբենը։
Զինվորականներին փոխանցելով հայրապետական իր օրհնությունը՝ Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց ծառայությունը հայրենիքին և դրսևորած հերոսական ոգին։ «Ձեր կյանքը, ձեր անձը հանձնառու կերպով ընծայաբերել եք մեր երկրի պաշտպանությանը, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նվիրական գործին:

Աստված թող օրհնի ձեզ»,- ասաց Վեհափառ Հայրապետը։


Գարեգին Բ Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը, որ 3 տարի առաջ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության հետ համատեղ կյանքի է կոչել այս ծրագիրը և նպաստել հաշմանդամություն ստացած 3 զինվորականների պրոթեզավորմանը Հնդկաստանում, ծրագրում է բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնել Հայաստանում, ինչը հնարավորություն կընձեռի օգտակար ծառայություն մատուցել ավելի մեծ թվով զինվորականների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչությանը կարևոր այս հանձնառության համար։

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ