USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հեղափոխությունը Հայաստանում շարունակվում է

Հեղափոխությունը Հայաստանում շարունակվում է
18.06.2018 | 10:05

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր կառավարության ծրագիրը և խոստացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հեղափոխականից վերածվելով պետական պաշտոնյայի` նա պնդում է, որ թավշե հեղափոխությունը շարունակվում է: Իշխանության գալուց մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանն առաջին հարցազրույցն է տվել ֆրանսիական լրատվամիջոցներին:


-Դուք նախկին լրագրող եք, ընդդիմադիր պատգամավոր ու ակտիվիստ: Ինչպե՞ս եք վերապրում Ձեր պետական պաշտոնյայի վերածվելը թավշե հեղափոխությունից հետո, որ գլխավորում էիք:
-Յուրաքանչյուր հեղափոխություն ինչ-որ պահի ընտրության առաջ է կանգնում` կանգ առնե՞լ, թե՞ անընդհատ շարունակվել: Իրականում հենց Հայաստանի ժողովուրդը, այլ ոչ թե ես եմ վճռել` որոնք են լինելու իմ գործողությունները: Ես հասկացա, որ եթե փորձեմ ինքնուրույն որոշումներ ընդունել, կա ժողովրդին դավաճանելու ռիսկ: Ակնհայտ է, որ հենց դա հեղափոխության շարունակությունն է, որովհետև մենք հրապարակում բարձրացնում էինք խնդիրները, որ հիմա պետք է լուծվեն նախարարական աշխատասենյակներում:
-Ձեր բարձրացրած խնդիրներից մեկը կոռուպցիան է դատական համակարգում: Ինչպե՞ս եք պատրաստվում բարեփոխել Ձեր ժառանգած հին համակարգը, պատրաստվու՞մ եք շոկային թերապիա անցկացնել, ինչպես եղավ Վրաստանում 2003-ի վարդերի հեղափոխությունից հետո:
-Վերջին տարիներին հարյուրհազարավոր դոլարներ են իբրև դրամաշնորհներ կամ վարկեր հատկացվել Հայաստանին ԵՄ-ից ու ԱՄՀ-ից դատական համակարգի բարելավման համար: Այդ ոլորտում արված բոլոր բարեփոխումները հաջող են համարել նրանք, ովքեր ֆինանսավորել են: Օրենսդրական մակարդակում աշխատանքների 90 %-ը կատարված է, բայց այդ ամենը բավարար չէ լուծելու մեկ խնդիր` վերջ դնել Բաղրամյան 26-ից դատավորներին հեռախոսազանգերին: Ես, իշխանության գալով, որոշում ընդունեցի, որ այլևս հեռախոսազանգեր չեն լինելու: Այդպիսով` խնդիրը լուծվեց: Կաշառք վերցրած դատավորները կձերբակալվեն: Շոկային թերապիայի անհրաժեշտություն չկա:
-Դուք կողմ եք կանանց ակտիվ ներգրավմանը քաղաքական կյանքում, բայց Ձեր կառավարությունում 17 նախարարներից միայն երկուսն են կին: Ինչո՞վ կբացատրեք:
-Այս օրերին ես 4 կին փոխնախարար եմ նշանակել: Հեղափոխությունը, որ մենք ապրեցինք, առաջ տեղի չէր ունենում երկու առանցքային շարժիչ ուժերի պասիվության պատճառով` կանանց և երիտասարդների: Կանանց մասնակցությունը բողոքի գործողություններին մասշտաբային ու աննախադեպ էր: Իրավիճակը սրընթաց էր զարգանում: Արագության պատճառով այդ մտադրությունները դեռ չեն հասցրել արտահայտվել կառավարության կազմում: Կանանց քաղաքացիական ակտիվությունը դեռ չի հասցրել այդ մասշտաբներով քաղաքական ակտիվության վերածվելու: Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին կանանց դերը Հայաստանի քաղաքական գործընթացներում կմեծանա և մենք միայն կշահենք դրանից:
-Ձեր ծրագրում Դուք խոստանում էիք հայերի զանգվածային հայրենադարձություն Սփյուռքից: Սփյուռքում ապրում է 7 միլիոն հայ, նրանցից 500 000-ը` Ֆրանսիայում: Շատերը ներգրավված են տնտեսական ու մշակութային նախագծերում: Կարծու՞մ եք, որ Սփյուռքը նաև քաղաքական դեր պիտի խաղա:
-Մեծ հայրենադարձության նախագիծը իմ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության ռազմավարական նպատակներից է: Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցների ներուժը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն տնտեսության ու մշակույթի ասպարեզում, այլև կառավարման համակարգում և պետական կառույցներում: Այդ ոլորտում կան որոշ օրենսդրական սահմանափակումներ: Օրինակ` նախարար մեր երկրում կարող է լինել միայն Հայաստանի քաղաքացին: Ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ դրույթը կարող է խոչընդոտել ժողովրդավարական ու թավշե հեղափոխությունից հետո հայ ժողովրդի բացառիկ միասնականության ներուժն օգտագործելուն: Հայաստանի կյանքում Սփյուռքի ներգրավվածության ուժեղացումը կարող է մեծ հայրենադարձության առաջին քայլը լինել:
-Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց Սերժ Սարգսյանի օրոք, որ հայտարարում էր փոխլրացման միջազգային քաղաքականություն: Հայաստանի արտաքին քաղաքականության վրա կազդե՞ն Ձեր նախորդի քաղաքականությանը վերջ դնելու մտադրությունները:
-Քաղաքական գործընթացը, որ հանգեցրեց Հայաստանում իշխանության փոփոխության, միջազգային ենթատեքստ չուներ, որը և պայմանավորում է մեր արտաքին քաղաքականությունը: Մենք հաստատում ենք, որ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն լինելու: Դա նշանակում է, որ վեկտորները կմնան առաջվանը, բայց կտարբերվի ներհայկական ընկալումը: Մեր առաջնահերթ խնդիրն արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր քաղաքականությունը չի լինելու արևմտամետ, ռուսամետ կամ այլամետ: Պետական գործիչը Հայաստանում կարող է լինել միայն հայամետ:
-Դուք խոստացել էիք պայքար օլիգարխների և տնտեսական մոնոպոլիաների դեմ, որ կարող է ազդել և արտաքին քաղաքականության վրա: Կարելի՞ է ենթադրել, որ այդ պայքարը կհակադրվի ռուսական ընկերությունների շահերին, օրինակ, Գազպրոմի, Ռոսնեֆտի, որ մոնոպոլ դիրքեր ունեն հայկական շուկայում:
-Գազպրոմն ինչ-որ իմաստով Հայաստանում բնական մոնոպոլիստ է, բայց մենք գազ ենք ստանում նաև Իրանից: (Հայաստանի ներքին շուկայում գազի մատակարարման ու բաշխման մոնոպոլ իրավունքը Գազպրոմ Արմենիայինն է, ռուսական գազը տարանցիկ ճանապարհով գալիս է Վրաստանից: Իսկ իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում Իրան, 3 կՎժամ/1 խորանարդ մետրին հաշվարկով` RFI): Ցանկացած պահի, երբ լինի տնտեսապես շահավետ առաջարկ Իրանից, մենք կարող ենք իրանական գազ ստանալ: Ավելին ասեմ` ռուսական իշխանությունների հետ շփումներում մենք անհանգստություն հայտնեցինք ներքին շուկայում գազի գնի ձևավորման հարցում: Ռուսական գազը մեր սահմանին 1000 խորանարդ մետրը 150 դոլարով է հասնում, իսկ սպառողը երկու անգամ ավելին է վճարում: Մենք ուզում ենք ուսումնասիրել տարիֆիկացիայի մեխանիզմը և մեր ռուս գործընկերները ըմբռնումով են մեր ցանկությանը վերաբերվում: Ռոսնեֆտի ու Հայաստան վառելիքի ներկրման հարցում, վստահ եմ, որ ոչ մի մոնոպոլիա չի լինի:
-Բայց այդ ընկերությունն այսօր մոնոպոլ դիրքեր ունի Հայաստանի շուկայում:
-Ոչ: Արդեն ոչ: Պետք է հասկանալ, որ մենք խնդիր չենք դնում վերացնել ռուսական ներկայությունը Հայաստանում: Հակառակը, մենք շահագրգռված ենք ավելի շատ ռուսական, ֆրանսիական, եվրոպական ու ամերիկյան ներդրումներ ներգրավել: Այսօր շատ ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում փող ներդնելու մեջ և մենք պատրաստ ենք նպաստել նրանց հաջող բիզնեսին: Հավելեմ, որ թավշե հեղափոխության առաջին օրերից Ռուսաստանը չի խառնվել Հայաստանի ներքին գործերին: Նշանակում է` Մոսկվան հարգում է մեր երկրի ինքնիշխանությունը: Մենք ոչ միայն դա զգում ու տեսնում ենք, այլև ուղղակի հաստատում ենք ստացել ռուսական իշխանություններից: Նրանք այդ մոտեցումը ձևավորել են իբրև մեր փոխհարաբերությունների հիմք: Մեր հարաբերությունները հարևան երկրների` Իրանի ու Վրաստանի հետ, կապված չեն երրորդ երկրների հետ մեր հարաբերություններին: Այդ սկզբունքով ենք մենք ղեկավարվում Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելիս:
-Կարելի՞ է հարաբերությունների փոփոխություն սպասել հարևան Թուրքիայի հետ` նույնիսկ դիվանագիտական կապեր չունենալով:
-Գլոբալ իմաստով` կարծում եմ, որ Հայաստանի կողմից այդ դեպքում ևս փոփոխություններ չեն լինելու, որովհետև փոփոխություններ են անհրաժեշտ Թուրքիայի կողմից: Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի: Մենք կարծում ենք, որ հարաբերություններն Անկարայի հետ երրորդ երկրից չպետք է կախված լինեն, իսկ Թուրքիան մեր առաջ նախապայման է դնում` կապված Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին:
-Իշխանության գալով` Դուք հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Բաքուն կտրականապես համաձայն չէ Ձեր դիրքորոշման հետ: 1998-ից Ադրբեջանի հետ բանակցություններում չճանաչված հանրապետությունը ներկայացնում է Երևանը: ՈՒնե՞ք կոնֆլիկտի կարգավորման որևէ կախարդական բանաձև այն բոլոր տարբերակների փոխարեն, որ 25 տարում ապացուցել են իրենց անարդյունավետությունը:
-Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, որ Երևանը բանակցությունների ընթացքում կարող է խոսել հանրապետության անունից: Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի լիիրավ կողմ է ճանաչվել 1994-ի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի սամմիթի ամփոփիչ փաստաթղթում: Ռոբերտ Քոչարյանը, նախկինում Լեռնային Ղարաբաղի նախագահ լինելով, Հայաստանում իշխանության գալով` որոշեց խոսել Երևանի ու Ստեփանակերտի անունից: Այդպես վարվեց և Սերժ Սարգսյանը, որ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ստեղծման ակունքներում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինձ մանդատ չի տվել իր անունից խոսելու: Ես Հայաստանի վարչապետն եմ և կարող եմ խոսել միայն Հայաստանի անունից: Լեռնային Ղարաբաղի հայերը չեն մասնակցում ընտրություններին և իշխանության ձևավորմանը այստեղ: Եթե մենք բանակցում ենք կոնֆլիկտը կարգավորելու նպատակով, պետք է մասնակցեն բոլոր կողմերը: Կոնֆլիկտի կարգավորման գլխավոր խոչընդոտը եղել է ոչ թե ինչ-որ կախարդական բանաձևի բացակայությունը, այլ կողմերից մեկի բացակայությունը բանակցություններում: Եթե Բաքուն իրոք ցանկանում է կոնֆլիկտը կարգավորվի, պետք է շահագրգռված լինի Լեռնային Ղարաբաղի ներկայությամբ բանակցություններում:
Ելենա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, RFI


Հ.Գ. Կհարցնեք` իսկ ի՞նչ եղան Ֆրանկոֆոնիան, հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան, Ֆրանսիայի` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, դերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ: Ֆրանսահայ համայնքի վերաբերմունքը թավշե հեղափոխությանը, ֆրանսիական ընկերությունների աշխատանքի գնահատականը Հայաստանում ու ներդրումների հնարավոր աճը: Եվ ընդհանրապես` հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացումը: Չգիտեմ` չկան հարցեր, չկան պատասխաններ: Թեպետ կան, թե չկան հարցեր, երբ հարցազրույց է տրվում ֆրանսիական լրատվամիջոցներին, տարրական քաղաքական ու դիվանագիտական էթիկան պահանջում է գոնե մեկ անգամ նշել Ֆրանսիայի դերն ու Ֆրանսիայի նախագահի անունը, որ հոկտեմբերին գալու է Հայաստան: Դա այբուբեն է, որ եթե վարչապետին ծանոթ չէ, գոնե նրա օգնականներին ու խորհրդականներին պետք է հայտնի լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ