USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Հայկական համայնապատկերը», իրականում, ազգային մրցույթ է»

«Հայկական համայնապատկերը», իրականում, ազգային մրցույթ է»
18.06.2018 | 13:30

«ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ՀԱՅՏ ԱՇԽԱՐՀԻ 83 ԵՐԿՐԻՑ»

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» ֆիլմով: Փակման արարողությանը կցուցադրվի Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը: Այս տարի «Ոսկե ծիրանը» ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 83 երկրից: Ընդհանուր առմամբ՝ կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Փառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ին:

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՇԵՇՏԸ ԴՐՎԵԼ Է ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ


«Փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցել ֆիլմերի քանակի առումով, նույն հաջողությունները կան նաև որակական իմաստով: Խաղարկային միջազգային մրցույթում փորձ է արվել շեշտը դնել բազմազանության վրա, ինչպես նաև հեղինակային կինոյի, կինոլեզվի նոր հարթություններն ուսումնասիրելու-հայտնագործելու հարցերին՝ պահպանելով փառատոնի հայեցակարգային մոտեցումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաղարկային ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, նշելով, որ ինչպես թեմատիկ սպեկտրը, ընտրված ֆիլմերի աշխարհագրությունը նույնպես շատ լայն է, ներառում է կինոնկարներ Ֆիլիպիններից մինչև Լատինական Ամերիկա, Պաղեստին, եվրոպական երկրներ և այլն:- Կան նաև համատեղ արտադրություններ, որոնք միախառնում են տարբեր մշակութային շերտեր՝ հնարավորություն տալով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների, մշակութաբանական միտումների մասին պատկերացում կազմել մեկ ֆիլմից: Համալիր պատկերացում ստանալու համար ցանկալի է ծանոթանալ խաղարկային մրցույթի բոլոր ֆիլմերին»:


Բանախոսն առանձնացրեց չինացի ռեժիսոր Հու Բոյի «Անշարժ նստող փիղը» ֆիլմը, որը դուրս է բերվել մրցութային ծրագրից: Պատճառը 29-ամյա ռեժիսորի ինքնասպանությունն է: 200 րոպե և ավելի տևողություն ունեցող աղմկահարույց Ֆիլմը կցուցադրվի «Երևանյան պրեմիերաների» ժամանակ:


ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ


Վավերագրական ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ բնորոշմամբ՝ խաղարկայինների ֆոնին տուժում են վավերագրական ֆիլմերը, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ: Վավերագիրների համար ամեն տարի լինում են պոպուլյար, առավել արդիական թեմաներ: Կրկնվող թեմաները շատ են, փորձել են ընտրել ամենաուշագրավ ֆիլմերը: Մրցույթում ընդգրկվել է 13 ֆիլմ ինչպես տարածաշրջանից՝ Վրաստանից ու Իրանից, այնպես էլ հեռավոր երկրներից: Առկա է նաև ֆիլմ Բեռլինի կինոփառատոնից՝ Ալեքսանդր Աբատուրովի (Ռուսաստան, Ֆրանսիա) «Որդին»:
Բանախոսը առանձնացրեց նաև բրազիլիական «Նախկին շամանը» և բելգիական «Ոչ դատավոր, ոչ հասարակաց կին» ֆիլմերը:


ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻՆ

«Այս տարի «Հայկական համայնապատկերը» ազդարարվեց որպես ոչ մրցութային (այս տարի հայկական ֆիլմերին հատկացվող մրցանակային գումարն ուղղվելու է կինոնախագծերին-Ա. Ս.), սակայն սա իրականում ազգային մրցույթ է, և մենք ունենք գումարային մրցանակներ, որ տրամադրելու են հինգ կազմակերպություններ (Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի Հայկական ազգային կինոակադեմիան, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը և «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը) լավագույն ճանաչված կինոնկարներին,- ասաց «Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, նշելով, որ ստացել են ֆիլմեր և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից: Ներկայացվել են ֆիլմեր ինը երկրներից: Ընտրված 27 ֆիլմից միայն 4-ը հայկական թեմայով չեն, մյուս բոլորը առնչվում են հայաստանյան իրականությանը: Բանախոսի խոսքով՝ հայ ռեժիսորներին նույն հարցերն են մտահոգում, ինչ նախորդ տարիներին՝ հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի հիմնահարց, Հայոց ցեղասպանություն: Շատ են նաև դիմանկար-ֆիլմերը՝ անցյալի և ներկայի հայ երևելիների մասին՝ Հովհաննես Այվազովսկի, Դանիել Վարուժան, Տիգրան Ձիթողցյան, Իսրայել Հակոբկոխյան: Հարկ է նշել, որ «Հայկական համայնապատկերի» ֆիլմերից երկուսը արևմտահայերեն են:

«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ»


«Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը կներկայացնի 2017-2018 թթ. համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: ՈՒնենք ֆիլմեր Վենետիկի, Բեռլինի, Կաննի, Ռոտերդամի փառատոներից,- ասաց «Ոսկե ծիրանի» միջազգային բաժնի ղեկավար ՎԱՐՎԱՌԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում, մասնավորապես, կներկայացվեն Վենետիկի փառատոնին ցուցադրված Սամուել Մաոզի (Իսրայել, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա) «Ֆոքստրոտ», Աբդելլատիֆ Քեշիշի (Ֆրանսիա, Իտալիա, Թունիս) «Մեքտուբ, իմ սեր. երգ առաջին», Բեռլինի կինոփառատոնին ցուցադրված Էմիլի Աթեֆի (Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա) «Երեք օր Քիբերոնում», Ալեքսեյ Գերմանի (Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա) «Դովալթով», Հու Բոյի (Չինաստան) «Անշարժ նստող փիղը», Ռոտերդամի կինփոռատոնին գլխավոր մրցանակ ստացած Ցայ Չենծեի (Չինաստան) «Այրի վհուկը», Կաննի կինոփառատոնում գլխավոր մրցանակի արժանացած Հիրոկաձու Կորեեդայի (Ճապոնիա) «Խանութի գողերը», Ասղար Ֆարհադիի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա) «Բոլորը գիտեն», Լի Չհան-դոնի (Հարավային Կորեա) «Հրդեհողը» ֆիլմերը:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ


Հարգանքի տուրք կմատուցվի Ինգմար Բերգմանի հիշատակին՝ շվեդ նշանավոր ռեժիսորի 100-ամյակի առթիվ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:
Կբացվեն նաև Ներսես Հովհաննիսյանի, Արա Վահունու, Ալբերտ Մկրտչյանի անվանական աստղերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao