ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թավիշի հակառակ երեսը

Թավիշի հակառակ երեսը
19.06.2018 | 04:18

Պիտի գրվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի արդյունքների մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպումների ու հայտարարության, «Սասնա ծռերի» մաս-մաս ազատ արձակման, Սամվել Բաբայանի՝ ազատության մեջ տված հարցազրույցի, Արցախյան իրավիճակի ու Բակո Սահակյանի հրաժարականի պահանջների, Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտ երկրորդ այցի, գազի գնի գուցե նվազման, կենսաթոշակային կուտակային համակարգի, ֆուտբոլի աշխարհի առաջնության, Թուրքիայի առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու բազում կարևոր թեմաների: Բայց ամեն օրը բերում է մի սենսացիա ու չգիտես` որին հավատաս, որին` ոչ, չգիտես` տրամաբանությա՞նն ապավինես, թե՞ տեղեկատվությանը: Վերջապես` ինչպե՞ս տեղեկությունը ստուգես: Միով բանիվ` ինչի՞ն հավատաս, ինչի՞ն` ոչ: Ի՞նչ սոուսով այս ամենը մարսես, առավել ևս` մատուցես:


Շաբաթվա մեխը Էջմիածինն էր: Սկսեց Դոն Պիպոն: Դա դառնում է ձեռագիր` նախ ի հայտ են գալիս անկապ անձինք ու ինչ-որ պահանջներ են ներկայացնում, մի քանի օր հասարակության ուշադրությունը բևեռելով` մարդկանց տեղավորելով հակամարտող խրամատներում, հետո մատուցվում է գլխավորը: Նույն օրը Էջմիածնում ձերբակալվեցին Արթուր Ասատրյանը` նույն ինքը` Դոն Պիպոն և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա` ընթացակարգի խախտումներով: Մինչ շաբաթ օրը քննարկման թեման ձերբակալությունն էր, ՀՀԿ-ի ու ԵԿՄ-ի հայտարարությունները, կիրակի օրն էլ` արձագանքները` երկրապահների փողոցային ընդվզումը, Մանվել Գրիգորյանի մեղքը չընդունելն ու փաստաբանի հայտարարությունները, օրն ավարտվեց շոկով: Նորքի դատարանում քննվում էր Մանվել Գրիգորյանի բողոքը` իր ձերբակալության դեմ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ ասում էր, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը, Նիկոլ Փաշինյանը տպավորիչ խաչ քաշեց ԱԱԾ-ի զենք-զինամթերքի մեղադրանքների վրա ու բացեց խուզարկությունների պատկերը` ազդարարելով գործողության բուն արարը: Նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերին հաջորդեցին ԱԱԾ-ի խուզարկության կադրերը:

Բնականաբար` այդքանից հետո դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը: Եվ մոռացվեցին Դոն Պիպոն ու Կարեն Գրիգորյանի հրաժարականի քննարկումը մարզպետի հետ ու նրա պաշտոնավարման շարունակման որոշումը: Գիշերը Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: «Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։ ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլն ավելի քան մտահոգիչ է»` հայտարարել էր ՀՀԿ խմբակցությունը` տարակուսելով, որ զենք պահելու կասկածանքով ապօրինի ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, երբ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում: ԵԿՄ-ն էլ պահանջում էր չուրախացնել ադրբեջանցիներին` «Ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը»: Հետո Արմեն Աշոտյանը հարցը համարեց զուտ «իրավական դաշտում» ու հայտարարեց, որ շոկի մեջ է:
Այս ամենն այսպես է, բայց փաստացի կա երկու Մանվել Գրիգորյան` մինչև 1999-ը, երբ նա Արցախում էր ու պատերազմի հերոս, և 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ վերադարձավ Երևան ու դարձավ քաղաքական ու օլիգարխիկ կերպար:

Դարձրին: Ոչ միայն նրան: Այսօր սկսում են նրանից, բայց Մանվել Գրիգորյանը միակը չէ ու առավել ևս միայնակ չի գրել իր կյանքի հերոսական էջերի հակառակ էջերը: Նա ողբերգական կերպար է` պատերազմում հաղթած զինվոր, որ զորավարի սպանությունից հետո, հարյուրավորների հետ, անցավ նրան ու իր անցյալին դավաճանության ճանապարհը: Մանվել Գրիգորյանին գնեցին, որ լռի, ու տվեցին արտոնություններ, որ նրան օրենքից վեր էին դասում: Անցած 20 տարում դա գործուն տարբերակ էր: Արժեզրկվեց հաղթանակը, այլասերվեց քաղաքական դաշտը, ո՞վ էր գեներալ Մանվելը, որ դիմադրեր: Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ-ն ընտրեց հավերժ իշխանության կողքին լինելու տարբերակը: Մինչդեռ Սպարապետը միությունը ստեղծել էր նրանց խաղաղության մեջ փորձություններից պաշտպանելու համար: Պատերազմի հերոսների բարոյազրկման, ռազմական հաղթանակի նսեմացման ու արժեզրկման առաջին մեղավորը իշխանություններն էին, բայց մեղավոր էին նաև նրանք, որ չէին դիմադրում ու կուլ գնացին իշխանության սադրանքին: ԵԿՄ-ն այլևս երկրապահ չէր, ԵԿՄ-ն իշխանապահ էր: Այդպես էր 1999-ին, երբ հոկտեմբերից-դեկտեմբեր ամեն երեկո Արշակունյաց պողոտայով ազդանշանելով սլանում էին նրանց մեքենաները դեպի ԵԿՄ գրասենյակ, ու Մամուլի շենքը շունչը պահած` սպասում էր աշխարհացունց հայտարարությանը, որ այդպես էլ չհնչեց: Վարչապետ Վազգեն Սարգսյանից հետո նրանք դավաճանեցին վարչապետ Արամ Սարգսյանին, ու դա արդեն զարմանալի չէր: Նրանք ունեին պայծառ օրինակ` ՀՀԿ-ն, որ գուցե չէր ցանկանում, բայց Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր` կամ-կամ, ու Անդրանիկ Մարգարյանը դարձավ քաղաքական հարմարվողականության ու իդեալներից, գաղափարներից հրաժարումի սիմվոլ: 2008-ին ԵԿՄ-ն կարող էր միանալ Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը գերադասեց Սերժ Սարգսյանին ու իշխանությունը: Դա հերթական ուրացումն էր ժողովրդի կողքին լինելու խոստումների: Բնականաբար` փոխհատուցվող:

Ճիշտ է` պաշտոնը կորցրեց, բայց մնացածը պահեց: Այնուամենայնիվ, անցած տարիներին ինչ պատմություններ էլ պտտվել են Արցախի հերոսի շուրջ, ունեցվածքի, անօրինականությունների, Էջմիածինը սեփականություն դարձնելու, կռիվների ու կրակոցների մասին, ԵԿՄ-ում տարաձայնությունների ու կառույցի մասնատման պատճառների, այն, ինչ հունիսի 17-ին ցուցադրեց ԱԱԾ-ն նրա սեփականությունը համարվող տարածքներում կատարված խուզարկության արդյունքներով, նորմալ մարդու համար շոկ է: Ինչպե՞ս են 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Արցախ ուղարկված սնունդը, հագուստը, բժշկական պարագաները, երեխաների նամակները հայտնվել գեներալի պահեստներում: Սա հարց է, որ միայն Մանվել Գրիգորյանին չի վերաբերում: Եթե նա սկսի խոսել, տասնյակ մարդիկ պիտի պատասխան տան: Նախկին ու դեռ ներկա պաշտոնյաներ: Հայաստանում ու Արցախում: Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այս պատմության մեջ կոռուպցիան ամենաանմեղ դրվագն է: ԱԱԾ-ի կադրերը սպառիչ են, բայց բազում հարցեր են հարուցում: Մեկնաբանությունը, որ զինվորներին ուղարկված սնունդը հայտնվել է գեներալի պահեստներում նրա գազաններին կերակրելու համար, չի բացատրում, թե ինչպես է 2016-ի ապրիլից մնացել մինչև 2018-ի հունիս, և ինչպե՞ս են գազանները խտացրած կաթ ու մսի պահածո ուտելով` ողջ մնացել: Այս ամենում ինչ-որ հանելուկ կա, որ ճիշտ պատասխան է ուզում: Մանվել Գրիգորյանին չարիքի արմատ դարձնելը միամտություն է, մեղսագրվող հանցագործության մասշտաբները ցույց են տալիս, որ տասնյակ մարդիկ են ներգրավված եղել և պետք է կանգնեն օրենքի առաջ` նրա հետ ու նրա պես: Եթե դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը համարի ապացուցված, իսկ նման իրեղեն ապացույցների դեպքում ի՞նչ կարող են փաստաբաններն անել, ի՞նչ է սպասում գեներալին: Քրեական օրենսգրքի ինչ-որ հոդված, իհարկե, ունի հարցի պատասխանը` որոշակի թվով տարիների ազատազրկում, ունեցվածքի բռնագրավում և այլն, և այլն: Դա հարցի քրեական պատասխանն է: Կան բարոյականը և քաղաքականը:

Բարոյականի համար մեղավոր ենք բոլորս, որ թույլ ենք տվել մեր երկիրը վերածել, նույնիսկ ճիշտ բառը գտնելն է անհնար, թե ինչի: Եվ նույն այդ բարոյական կողմը պահանջում է պատմությունը չավարտել մեկ գեներալով` նա միակը չէ, ու եթե օրենքը գործում է բոլորի համար, անձեռնմխելիներ չկան: Երբ Մանվել Գրիգորյանը Արցախում պատերազմում էր, Երևանում ու Ռուսաստանում այլք բիզնես էին անում ու թիկունքի մկան պես հարստություն դիզում, նրանք նույնպես պիտի պատասխան տան: Սեփականության իրավունքը ոչ ոք չի բեկանել և սեփականության նկատմամբ ոտնձգություն չի պահանջում: Խնդիրը սեփականության ձեռքբերման օրինականությունն է: Մթնոլորտը, որ շուրջբոլորն ապականում է, աղավաղում մարդկանց հոգեբանությունն ու մտածողությունը, մարդու մեջ սպանում մարդուն:


Ավելի բարդ է հարցի քաղաքական կողմը: Պարզ է, որ բոլոր բացահայտումները, ընդվզումները, այս ու այն պաշտոնյային «մերժիրները» հստակ կառավարվում են մեկ կենտրոնից ու կոպիտ մեխանիզմներ են օգտագործվում բոլոր դեպքերում` օրինականն ու անօրինականը միախառնելով, բարոյականի ու հակաբարոյականի տարբերակում չանելով: Վերջնանպատակը արտահերթ ընտրություններից առաջ լծակներից զրկելն է նրանց, որ կարող են ազդել ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա` վարչական, ֆինանսական, թաղային ու քրեական ռեսուրսները մարտի նետելով: Իրականում սա շոկային թերապիա է, թեպետ այդպես չի անվանվում: Նպատակին հասնելու համար օգտագործվում են բոլոր միջոցները` դոնպիպոներից կարգալույծ հոգևորականներ ու վատագույն քարոզչություն, որ ինչ-որ պահից հակադարձ ազդեցությունն է գործելու: Եվ արդեն ոչ ոք հստակ չի սահմանազատելու քաղաքական վենդետան քրեաօլիգարխիայի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարից: Սահման չի լինելու, որ զատվի: Կլինի դա «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազա՞նգ», ինչպես ՀՀԿ-ն է որակում, թե՞ վերջին զանգ, հանգեցնելու է հասարակության բևեռացման: Ավգյան ախոռները մաքրելը Հերակլեսի համար սխրանք չհամարվեց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կիրակի օրը ակնհայտ դարձավ ու աննկատ մնաց էջմիածնային ծագմամբ ևս մեկ սկանդալի պատճառը` Վեհափառի հրաժարականի: «Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի»` ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու մտադրությունը:
«Հարկային դաշտ բերվելու նպատակը ո՞րն է. որ եկեղեցին մասնակցություն ունենա պետականաշինությանը, կատարի պետության առաջ իր պարտականությունները: Դուք կարո՞ղ եք մատնանշել մի հաստատություն, որը պետականաշինության մեջ այդչափ ահռելի վաստակ, դերակատարություն է ունեցել, որքան Հայ առաքելական եկեղեցին: Պետությունը ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու ողնաշարի վրա»,- ասաց նա և նշեց, որ ազգային ազատագրական պայքարի բոլոր դրվագներն առնչված են եկեղեցու հետ: Ընդունեք, որ փողոցներում թափառող ու ծեծկռտուքներ սարքող, լրատվամիջոցների ուշադրության առանցքում գտնվող «Նոր Հայաստան: Նոր Վեհափառ» շարժումը աչքի առաջ ունեցող և հանգիստ եկեղեցաշինությամբ ու հոգևոր գործերով զբաղվող կաթողիկոսները տարբեր մարդիկ են: Առաջինը հարկադրված է առավել զիջողամիտ ու պատրաստակամ լինել, և ուրեմն, ընդունել առաջարկներ, որ երկրորդը չէր էլ քննարկի: Իրականում սա քաղաքական հարց է, որքան էլ եկեղեցին ու պետությունը տարանջատված են ու միմյանց գործերին չեն խառնվում:


Իսկ այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորման միջնորդությունը և քվեարկության արդյունքը չի լինի միակ սենսացիան: Սպասեք ԲՀԿ-ի «հյուրախաղերին»` «Իմ տան մեջ ինձ կպնե՞ն» սկզբունքով: Հեղափոխությունը շարունակվում է: Ո՞վ է հաջորդը:

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ