Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»
19.06.2018 | 04:24

Դեռ ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել այն միջադեպը, երբ բավականին ճոխ կարողությունների տեր պատգամավորներից մեկը դիմում էր գրել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով փոխհատուցել Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը: Որպես ոչ երևանաբնակ, նա, իհարկե, կարող էր օգտվել իրեն հասանելիք գումարը ստանալու իրավունքից և հավելյալ 100 հազար դրամ ստանալ պետական բյուջեից, բայց հասարակության բարձրացրած մեծ աղմուկից, նախատինքից ու պարսավանքից հետո ստիպված լուռումունջ հրաժարվեց փոխհատուցում ստանալու գաղափարից ու հետ կանչեց իր դիմումը:


Վերոնշյալ պատգամավորի նման, սակայն, քչերը կան, որոնք մի կողմ են դնում Երևանում տուն չունենալու փաստը ու մեծահոգաբար հրաժարվում պետական բյուջեից տրամադրվող հավելյալ գումարից: Իսկ այժմ, պարզվում է, միայն պատգամավորները չեն պետությունից ակնկալում զբաղեցրած բնակարանի վարձի փոխհատուցում: Կառավարության վերջին նիստի ժամանակ ընդունվել է «Կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը, ըստ որի, կառավարության անդամները նույնպես կօգտվեն վարձակալած տան համար պետությունից 100 հազար դրամ ստանալու իրավունքից: Ի դեպ, որոշման մեջ չի մասնավորեցվում` կառավարության անդամ միայն նախարարնե՞րն են համարվում, թե՞ նաև փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարները, վարչության պետերը և այլն:


Անկախ այն հանգամանքից, թե ովքեր են լինելու կառավարության նոր որոշումից օգտվող «կառավարության անդամները», հասարակությունը կրկին դժգոհության ալիք է բարձրացրել: Մարդիկ ուզում եմ իմանալ` ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի հարյուր հազար դրամ ստացող ու որոշակի լծակների տիրապետող պատգամավորն ու նախարարը փոխհատուցում են ստանում պետությունից, իսկ իրենք, որ ծայրը ծայրին հասցնելով են հոգում օրվա ապրուստը, տան վարձ են տալիս՝ չսպասելով կամ չակնկալելով որևէ մեկի, առավել ևս, պետության օժանդակությունը:


Ստացվում է՝ քաղաքացիների հարկերից ձևավորվող պետական բյուջեից գումարներ են տրամադրվում կառավարության անդամների ու պատգամավորների կեցության հարցերը կարգավորելու համար: Ինչ խոսք, դժվար է տրամաբանություն գտնել մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող չինովնիկին տան վարձակալության համար գումար տրամադրելու մեջ: Չէ՞ որ նրանք էլ բոլորիս նման աշխատում են ու դրա դիմաց համապատասխան աշխատավարձ ստանում, ինչը մի քանի անգամ, հաճախ տասնյակ անգամ ավելի է, քան միջին վիճակագրական քաղաքացու ամսական վարձատրության չափը:
Նկատենք, որ տան վարձի գումարի փոխհատուցումից օգտվում են նաև այն պատգամավորները, որոնք մայրաքաղաքի հաշվառում չունեն, բայց Երևանում անշարժ գույք ունեն իրենց հարազատների անուններով: Այսինքն, որպես այդպիսին, տան վարձ չեն տալիս, բայց գումար ստանում են պետությունից:


Այս ամենը համադրելով՝ հարց է առաջանում՝ շարքային քաղաքացու վճարած հարկերից ինչու՞ պետք է հատկացումներ արվեն հաճախ տաքուկ անկյուններում նստած պաշտոնյաների տան վարձի փոխհատուցման համար: Ասել, թե ո՛չ պատգամավորները, ո՛չ կառավարության անդամները գումար չունեն վարձակալած տան գումարը վճարելու համար, անկեղծ ասած, աբսուրդի թատրոնի ժանրից է: Իսկ ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ նախարարի պաշտոնի չձգտող մարդիկ, որ լավ գիտեն ժողովրդական խոսքի արժեքը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», լուման լումայի վրա դնելով՝ շտապում են օր առաջ վճարել իրենց զբաղեցրած տան վարձագումարը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ