USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Ալիևը խնդրել է ռուսներին, որ մի բան անեն` Փաշինյանի հետ չհանդիպի»

«Ալիևը  խնդրել է ռուսներին, որ մի բան անեն` Փաշինյանի հետ չհանդիպի»
19.06.2018 | 04:33

Մինչ հակառակորդի սուրն ամեն վայրկյան կախված է մեր գլխին, պարզվեց, որ մեր ներսի «թուրքն» ավելի վտանգավոր է: Այն, ինչ բացահայտվեց գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությամբ, քիչ է ասել, թե Արցախի «հերոսը» ապօրինություններ է կատարել: Սա ժողովրդի համար մեծ հարված էր. իրենից «պոկած» ու առաջնագիծ ուղարկած զինվորի բաժինը ոմանք յուրացրել են: Սա զարհուրելի է: Ասել, որ այս առումով հանրության շրջանում մինչ այս էլ կասկածներ չկային, սխալ է, բայց ոչ մեկի երևակայությունը նման բան չէր պատկերացնի: Արդարադատությունը դեռ շատ հարցերի պատասխան պետք է տա, օրինակ, ինչպես և ում «ձեռամբ» է զինվորի բաժինը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ինչ դատավճիռ էլ կայացվի, մեկ բան հստակ պետք է հաշվի առնել. ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր զինվորի բաժինն են խժռում... ՈՒ մինչ մենք ներսում «մաքրություն» կանենք, սահմանում հակառակորդն ավելի է ակտիվանում: Նախորդ շաբաթ պարբերաբար Արցախից ահազանգեր էին հնչում, թե Ադրբեջանը հետ չի քաշում ապրիլից առաջնագիծ բերած իր զինուժը: Քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցում ենք ղարաբաղյան հակամարտության մասին:

-Շփման գծում ադրբեջանական զինուժ է կուտակվում, պատերազմական գործողությունների վտանգ տեսնու՞մ եք:
-Նախ պետք է հասկանանք, թե ինչ վիճակ է ստեղծվել: Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունն արտահայտեց իր դիրքորոշումը, «շշկռված» վիճակում են և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը: Ի դեպ, այդ առումով բավականին հետաքրքիր էր, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու ժամանակ Փաշինյանին որ երկրների հետ էին նույն սեղանի շուրջը նստեցրել: Նազարբաև, Մեդվեդև, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար բավական մեծ խնդիր է նոր Հայաստանը: Հիշենք նաև, թե հայ համայնքն ինչպես ընդունեց Փաշինյանին Մոսկվայում: Հետխորհրդային տարածքում նման բան չեն տեսել, անգամ ՈՒկրաինայի հետ նրանք մեծ կոնֆլիկտ ունեցան ու ունեն, բայց այնտեղ իրենց որակի իշխանություն է՝ օլիգարխացված: Հայաստանը քաղաքական նոր կուրս է հայտարարել, որը Ռուսաստանի համար անսովոր բան է, նրանք դեռ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Իսկ ինչու՞ է «շշկռված» Ադրբեջանը:
-Առավել բարդ վիճակում է Ադրբեջանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միմիայն Հայաստանի անունից է խոսելու, իսկ Արցախը պետք է խոսի իր անունից: Վերջին քսան տարում Ադրբեջանը նման խնդրի առաջ չի կանգնել: Նրանց պարզ ասված է՝ Ղարաբաղի խնդրով պետք է այդ երկրի իշխանությունների հետ խոսել:
-Փոխարենն Ադրբեջանը նման ձևաչափի բանակցությունը մերժում է և մեծացնում սահմանային լարվածությունը:
-Բնական է, որ Ադրբեջանը չի համաձայնի նման ձևաչափին:
-Այլընտրանքը ռազմական ճանապա՞րհն է:
-Ռազմական լուծում էլ չեն ուզում: Մարկեդոնովը վերջերս ճիշտ ընդգծել էր, որ արհեստածին բանաձև է, եթե չկան բանակցություններ, այլընտրանքը պատերազմն է: Սա ոչ մի հիմնավորում չունի:
-2016-ի ապրիլին նման հիմնավորում կա՞ր:
-Պատերազմն առանձին երևույթ է, բանակցությունները՝ առանձին: Ճիշտ եք, 2016-ին այդ ինչպես եղավ, որ բանակցություններն ընթանում էին, բայց պատերազմ եղավ: Բանակցությունները մի տրամաբանություն ունեն, պատերազմը՝ բոլորովին այլ: Հիմա Ադրբեջանը, հայտնվելով բարդ վիճակում ու լուծում չունենալով, փորձում է ամեն կերպ ուրիշ պետությունների հետ լեզու գտնել ու իր մոտեցումը ցուցաբերել: Այդ էսկալացիաները, դրա տպավորությունները միայն արտաքին ֆոն են ապահովում: Ադրբեջանին ի՞նչ է պետք: Ռուսաստանը, Թուրքիան երաշխիքներ ստեղծեն, որ պատերազմի, Արևմուտքի հետ հարաբերություններն էլ փչացրել է: Իսկ սահմանում նման շարժերն աշխարհին ցույց տալու համար են, թե չի հաշտվի Հայաստանի այսօրվա մոտեցումների հետ:
-Կոնկրետ գործողությունների, կարծում եք, չի՞ գնա:
-Կոնկրետ, իրական գործողությունների գնալը դժվար է: Ինչպե՞ս գնա, հետևանքներն ինչպիսի՞ն են լինելու, Ադրբեջանը չգիտի՝ ինչ վիճակում է լինելու դրանից հետո, ինչպե՞ս է աշխարհը վերաբերվելու այդ ամենին: Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի, իսկ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն` նրա որոշումն ուղիղ վեկտորով այդ երկրներով է նաև պայմանավորված: Այս ամենը Ադրբեջանին ստիպում է իրեն պահել չարաճճի երեխայի պես, թե մենք այս կանենք, այն, սրա, նրա իրավունքն ունենք։
-Ի՞նչ է ստացվում. Հայաստանը հրաժարվում է այսուհետ Արցախի անունից խոսել, Ադրբեջանը դրան կտրուկ դեմ է, Մինսկի խումբն էլ շարունակում է իր աշխատանքները՝ բանակցային սեղանի շուրջ Արցախը չդիտարկելով: Փակուղային իրավիճակ է, ինչպե՞ս է հնարավոր ճեղքում արձանագրել:
-Ճեղքումն այն կլինի, որ մենք մեր աշխատանքները պետք է շարունակենք միջազգային հանրության, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որ նրանք հասկանան, ընդունեն՝ ճիշտ մոտեցումը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է: Մադրիդյան սկզբունքներում մի կետ չկա, որ Հայաստանին վերաբերի, բոլորը վերաբերում են Արցախի Հանրապետությանը: Ինչի՞ համար պետք է դրանք Հայաստանի Հանրապետությունը քննարկի, Հայաստանն այլ դեր ունի այս հակամարտության մեջ: Հայաստանն Արցախի երաշխավորն է, գարանտը: Իսկ գարանտ դառնալը նշանակում է անվտանգության հարցերում Հայաստանը շատ բաներ ունի խոսելու Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է խնդրի բուն կարգավորմանը, դա միայն Արցախի և Ադրբեջանի հարցն է:
-Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Արցախը կարող է բանակցությունների սեղանին վերադառնալ, եթե Ադրբեջանն ու Հայաստանը այդ հարցում պայմանավորվածության գան: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ պայմանավորվածությանը չի գա: ՈՒրեմն ինչպե՞ս կարգավորել այդ հարցը:
-Շատ կարևոր հայտարարություն էր դա: Ռուսաստանն ընդգծեց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն նման առաջարկին: Իսկ Ադրբեջանը որևէ համաձայնության չի գա, այդ երկիրն անգամ չի ընդունում Մադրիդյան սկզբունքները: Ադրբեջանը գնում է բանակցությունների միայն այն բանի համար, որ բոլորի բերանը փակի, ինչ-որ մի երկիր հանկարծ Արցախի Հանրապետությունը չճանաչի, ասենք, Կոսովոյի պես: Ընդամենը գալիս են բանակցությունների, հինգ րոպե մնում, գնում են, որ ցույց տան իբր բանակցում են: Հիմա շատ հստակ պայման է դրված, եթե բանակցում ես, ուրեմն միայն Արցախի հետ: Դե թող չբանակցեն, հետո իրենք դրության տերը չեն դառնալու, ուրիշներն են իրավիճակը վերահսկելու: Ժամանակն է, որ մենք էլ լուրջ մտածենք անիմաստ ու անպտուղ բանակցությունների մասին, որոնք վնասակար են, ուզու՞մ են, բանակցել, թող բանակցեն այս ձևաչափով: Ի՞նչ է եղել, իր համար միևնույնը չէ՞, թե ում հետ է բանակցում:
-Ռուսաստանի նախագահի խոսնակը, անդրադառնալով բանակցությունների թեմային, ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի լինելու: Արդյոք պատահակա՞ն էր վրիպումը:
-Դա ընդամենն Ադրբեջանին ծառայություն մատուցել էր: Այն պայմանը, որ Փաշինյանը դրել է, Ալիևը չգիտի ինչ անել ու խնդրել է ռուսներին, որ մի բան անեն, որ Փաշինյանի հետ չհանդիպի: Նրանք էլ այսպիսի «ուտկա» են բաց թողել: Ընդամենը սա է: Եթե Ալիևը հանդիպի Փաշինյանի հետ, նշանակում է` ընդունում է այս պայմանը: Դրա համար էլ փախել է, իսկ ռուսներն էլ օգնել են այդ հարցում:
-Ի վերջո, ո՞րն է ելքը, որքա՞ն կարող է Ալիևը փախչել: Բանակցային ողջ գործընթացը վերանայե՞լ է հարկավոր:
-Հստակ է՝ մենք բանակցում ենք Մինսկի խմբի հետ, որը պետք է մոտեցում գտնի ու Ադրբեջանին ասի, որ սա է միակ ձևաչափը: Մինսկի խմբում հազար ձև կա բանակցելու, պարտադիր չէ նախորդ անպտուղ բանակցությունները շարունակել: Որքան կարելի է սահմանում զոհ ունենալ, բանակցային գործընթացի արմատական վերանայում է անհրաժեշտ: Ի վերջո, միջազգային հանրությունն էլ մեծ դերակատարում ունի այս կոնֆլիկտում: 90-ականներին նրանց ընդունած չմտածված որոշումների հետևանք է այսօրվա իրավիճակը: Ադրբեջանը մի փաստարկ ունի՝ իրենք իրավունք ունեն Ղարաբաղում օրինական զենք կիրառելու, որովհետև ողջ միջազգային հանրությունն այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի մաս: Սա իրենց միակ փաստարկն է: Հիմա հարց է, թե ինչու են ճանաչել Ադրբեջանի մաս, ոչ թե անկախ Արցախի Հանրապետություն: Այդ միջազգային հանրության որոշումն ավելի արմատական է, քան Ադրբեջանինը: Այս հարցը նրանց առջև պետք է դրվի, նրանց մեղքն այս էսկալացիայի մեջ ամենամեծն է: Ինչո՞վ է հիմնավորված այդ որոշումը, այդ ի՞նչ իրավունքներ եք տվել Ադրբեջանին: Երբ Ադրբեջանն անկախացավ ու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամակցեց, պարզ ու հստակ պարտավորություն է վերցրել, որ բոլոր կոնֆլիկտները լուծելու է խաղաղ ճանապարհով, ինչու՞ հիմա չեն պնդում, որ կատարի իր պարտավորությունները: Միջազգային իրավունք է խախտվում, չէ՞: Պետք է ասեն՝ մենք ձեզ ճանաչել ենք այդ պայմանով, բայց դուք խախտել եք, նշանակում է, որ մենք կարող ենք վերանայել մեր մոտեցումը: Սրանից է սարսափում Ադրբեջանը, որը հիմք է տալիս մեզ արտաքին ուժերի հետ ճիշտ քաղաքականություն վարելու: Ինչ վերաբերում է պատերազմի սանձազերծմանը, դա ավելի հեշտ չէ, քան այն, ինչ ներկայացրի:
-Ասել է՝ ապրիլյան պատերազմի կրկնության վտանգ չկա՞:
-Ապրիլից հետո է Ադրբեջանն այսպիսի բարդ դիվանագիտական իրավիճակում հայտնվել: Դրանից հետո է ստացել անընդունելի նախապայման, որ անվտանգության մեխանիզմներ տեղադրի: Հիմա մի «ապրիլ» էլ իր ինչի՞ն է պետք: Այդ պատերազմն ավելի բարդացրեց իրենց վիճակը: Միջազգային ասպարեզում սկսեցին խոսել այն մասին, որ պետք է Ղարաբաղը ճանաչել ու այդ խնդիրը լրիվ փակել: Սա է, որ Ադրբեջանին հետ է պահում, էլ չենք խոսում նաև այն մասին, թե ինչ կարող է լինել այս տարածաշրջանում, եթե պատերազմ լինի: Ապրիլյան պատերազմը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանը տանուլ տվեց: Սա է ստիպում նրան մտածել, որ նոր ապրիլը գուցե հանգեցնի Ղարաբաղի ճանաչմանը:
-Հայկական կողմը բանակցություններում նոր էջ է բացում, դիվանագիտական ի՞նչ աշխատանք պետք է հետևի այս ամենին:
-Այս փուլում հնարավորությունները մեծ են, պետք է աշխատել: Միջազգային հանրության հետ հետևողական աշխատանք, որ նրանք դիրքորոշում փոխեն: Ինչպես անվտանգության մեխանիզմների դեպքում, իսկ դա պայմանավորվածություն չէր, այլ պայման:
-Որը այդպես էլ չկատարեց Ադրբեջանը:
-Թող չկատարի, մի պայման էլ ավելացրեք:
-Այդ երկիրը, ոչ մի պայման ու պայմանավորվածություն չկատարելով, առաջ է գնում ու լարում իրավիճակը: Հետո՞:
-Դրանից հետո պետք է միջազգային հանրության վերաբերմունքը վերանայելու պայման դնել: Թրամփը ինչպե՞ս իր վերաբերմունքը փոխեց Երուսաղեմի հարցում: Տեսավ, որ հնարավոր չէ կարգավորել ոչ մի կերպ, ասաց, որ ճանաչում է այն: Մենք պետք է շատ համոզիչ աշխարհի հետ խոսենք ու հիմնվենք փաստերի վրա: Հեռու մնանք նաև այն հեքիաթներից, թե աշխարհը մեր դեմ է:
-Այս ամենին զուգահեռ Նախիջևանում ևս անհանգիստ վիճակ է: Վերջին զարգացումներում Դուք վտանգ տեսնու՞մ եք:
-Ընդհանրապես, երբ թուրքերի մասին ենք խոսում, միշտ պետք է լուրջ վերաբերվենք այդ ազգին: Չի կարելի հեքիաթներով ապրել: Այդ ազգը ոչ մեկի իրավունքը չի ճանաչում: Նախագահի մակարդակով ասվում է, չէ՞, որ Երևանն էլ է իրենցը: Պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ այդ մարդիկ ոչ մի բանի առաջ չեն կանգնում ու չեն կանգնելու: Մեր խնդիրն այն է, որ նրանք չկարողանան մեր իրավունքները խախտել: Նրանք մեզ հարևան չեն ճանաչում ու ոչ էլ մեր իրավունքներն են ճանաչում: ՈՒ ոչ մեկը չի կարող նրանց փոխել: Պարզապես այնպես պետք է անել, որ նրանք հանգիստ նստեն իրենց անկյունում:
-Ողջ խնդիրն էլ այն է, թե մենք ինչ անենք, որ նստեն իրենց անկյունում:
-25 տարի ի՞նչ ենք արել. երբ պետք է եղել, ջարդել ենք: Պետք է զրկել նրանց այդ իրավունքից: Ամեն ինչ սկսվում է իրավունքից, զրկում ես իրավունքից, հանգիստ նստում է անկյունում: Ժամանակին հեքիաթներ էին պատմում, թե ուզում ենք թուրքի հետ բարեկամանալ, բայց հարցրե՞լ եք նրանց՝ ուզու՞մ են ձեզ հետ բարեկամանալ: Պետք է աշխարհին սթափ նայել:

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ