USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ապագան արդեն Արարատբանկում է

Ապագան արդեն Արարատբանկում է
19.06.2018 | 04:39

Հունիսի 15-ին Արարատբանկն ամփոփեց 2017-ի տարեկան արդյունքները բաժնետերերի ընդհանուր ժողովում: 2017-ին բանկը հաջողություններ է գրանցել փոքր ու միջին բիզնեսի վարկավորման, միջազգային առևտրի ֆինանսավորման, արագ դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների հավաքագրման և պլաստիկ քարտերի ոլորտներում: Բանկն անմասն չի մնացել համաշխարհային տնտեսության ինովացիոն զարգացումներից` նորացնելով և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով իր մասնաճյուղերը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը, հիմք դնելով թվային բանկի զարգացման և Հայաստանի ֆինանսական շուկայի համար նորույթ հանդիսացող ներդրումային բանկինգի ներդրման գործընթացին: 2017-ին Արարատբանկը կատարել է իր ռազմավարության բոլոր կետերը` որակական ու թվային առումով:


Բանկի ակտիվները` 212,469,9 միլիոն դրամ, 2016-ի համեմատ աճել են 42,4 տոկոսով:
Վարկերը` 119,167,1 միլիոն դրամ, 2016-ի համեմատ աճել են 80,1 տոկոսով: Պարտավորությունները` 177,314,6 միլիոն դրամ, 2016-ի համեմատ աճել են 52,8 տոկոսով:
Կապիտալը` 35,155,3 միլիոն դրամ, աճել է 6,1 տոկոսով:
Զուտ շահույթը` 2,004,3 միլիոն դրամ, 2016-ի համեմատ աճել է 84,1 տոկոսով: Հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումները` 19,482,3 միլիոն դրամ, 2016-ի համեմատ աճել են 13,6 տոկոսով:
Թողարկված պլաստիկ քարտերի քանակը` 148,310 հատ, 2016-ի համեմատ աճել է 10,0 տոկոսով:


Սրանք չոր ցուցանիշներն են, հավելեք, որ Հայաստանի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը` Արարատբանկը, կշարունակի ակտիվ վարկային քաղաքականությունը, որն իր տեմպերով գերազանցում է շուկայի միջին ցուցանիշները, այս տարի նախատեսում է վարկային պորտֆելի և ակտիվների հարաբերակցությունն ավելացնել 50 % -ից մինչև 70 %-ի: Արարատբանկ ԲԲԸ բաժնետերերի 11-րդ ընդհանուր ժողովում բանկի գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ պատմեց այս և այլ նորությունների ու ծրագրերի մասին: Մասնավորապես` տրամադրված վարկերի ծավալների աճը 2017-ին կազմել է 80,1 %, հասնելով 119.2 մլրդ դրամի, իսկ չաշխատող վարկերը (NPL) բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մեկ տարում նվազել են 2,7 %-ից մինչև 1,2 %: Բանկն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որ թույլ է տալիս ընդլայնել ակտիվ վարկային քաղաքականությունը: Վարկավորման կարևոր ուղղություն է, բացի կորպորատիվ հաճախորդների սպասարկումից, հիփոթեքային վարկավորումը, միջազգային առևտրի ֆինանսավորումը, որի առումով բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է:

Բանկը ներդրել է վարկային ռիսկերի գնահատման սքորինգային համակարգ, որ թույլ է տալիս թեթևացնել մինչև 1 միլիոն դրամի սպառողական վարկերի տրամադրումը, գնահատման համակարգը կշարունակի բարելավվել: Արարատբանկը սերտ համագործակցում է օտարերկրյա ինստիտուցիոնալ գործընկերների հետ 14 վարկային ծրագրերով, որոնց շրջանակներում հաջողվել է ներդնել 70 մլն դոլարի վարկային միջոցներ՝ էապես բարձրացնելով վարկային պորտֆելի պարտավորությունների դիվերսիֆիկացման մակարդակը: Բանկը մտադիր է զարգացնել սպասարկման բաղադրիչը՝ ոչ տոկոսային եկամուտները էապես բարձրացնելու նպատակով: ՈՒնենալով զարգացած մասնաճյուղային ցանց, Արարատբանկն ունի 14 % դրամական փոխանցումներ շուկայում և մտադիր է այս ցուցանիշը հասցնել 20 %-ի: Բանկն ակտիվ է նաև բնակչության սպասարկման ոլորտում` կոմունալ վճարումների և պետական ծառայությունների շրջանակներում:


Պատասխանելով լրագրողների հարցերին` Աշոտ Օսիպյանն ասաց.
-2017-ը մեզ համար բավականին արդյունավետ էր: Մենք իրականացրինք Զարգացման հայկական բանկի ձեռքբերում և միաձուլում: 2017-ին Ներդրումային բանկի և Թվային բանկի սկիզբը դրեցինք Արարատբանկում: Մեր աճի տեմպերը տպավորիչ են` միջինը 50 տոկոս, որը շատ կարևոր է: Ամրապնդվել է Արարատբանկի դիրքը շուկայում բանկային բոլոր ծառայությունների առումներով: Ես 2017-ը Արարատբանկի համար գնահատում են արդյունավետ և զարգացման համար շատ կարևոր տարի: 2017-ը ցույց տվեց, որ մենք ունակ ենք բանկ ձեռք բերել, այսինքն` ոչ օրգանիկ աճ, մենք ունակ ենք սկսել նոր ուղղություններ, մենք ունակ ենք ֆինտեխը միաձուլել առևտրային բանկային համակարգին, նոր ծառայություն ներդնել Հայաստանում` ինվեստիցիոն ներդրումային բանկում: 2017-ի հիմնական խնդիրները մենք լուծել ենք և կատարել ենք մեր ռազմավարությամբ նախատեսված բոլոր կետերը, որի համար ես շատ երջանիկ եմ: Բացի այդ, 2017-ին մեր շահույթը երկու անգամ ավելի մեծ էր 2016-ից` 2 միլիարդ 4 միլիոն դրամ: Մենք գնում ենք «Բազել 3» կանոնակարգման և որոշեցինք, որ Արարատբանկին պետք է լրացուցիչ կապիտալ աճի համար: Մենք 2018-ի սեպտեմբերի վերջին դուրս կգանք տեղական IPO-ի, 2019-ի մայիսին ծրագրում ենք միջազգային շուկայում IPO իրականացնել: Մենք բավականին մեծ աշխատանքներ ենք կատարել ֆինտեխով` ունենք Արարատբանկի սերվիս-գայթ, մոբայլ էդուքեյշն, որի մասին 10 օր հետո կտեղեկանաք: 2019-ի մայիսին Արարատբանկում հաշվի բացումը կիրականացնեն ռոբոտներ: Մեր շահույթը ուղղելու ենք կապիտալին` բարձրացնելու ենք ազատ շրջանառությունը և դրսի շուկայից ավելի շատ միջոցներ ենք ներգրավելու` 40-50 միլիոն դոլար:


Արարատբանկի բաժնետերերի ժողովին ներկա էր Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նա գոհ էր բանկի աշխատանքից և նշեց, որ իր բազմաշերտ գործունեության ընթացքում բանկը մշտապես զարգացել է և միայն 2 տարում ապահովել է 20 տոկոս աճ, մշտապես կատարելագործել է բանկային ծառայությունները: Արարատբանկն աչքի է ընկնում կապիտալի շուկային մասնակցությամբ, հաջողությամբ տեղաբաշխել է պարտատոմսեր` նպաստելով շուկայի զարգացմանը: Ներսես Երիցյանը բանկին ու բաժնետերերին, բանկի աշխատակազմին հաջողություններ, ֆինանսական կայունություն ու բարձր շահութաբերություն մաղթեց:


Հայաստանի բանկերի միության նախագահ Հակոբ Անդրեասյանը նույնպես գոհ էր: Նա նշեց, որ իր համար անսովոր վիճակ է` մի տարին չի բոլորել իր բանկերի միության նախագահ լինելու, և երկար տարիներ աշխատելով բանկային համակարգում` Արարատբանկն իր սիրելի բանկերից է համարում, որովհետև լավ է հասկանում` ինչ է նշանակում զրոյից բանկ հիմնադրել ու զարգացնել մրցակցային դաշտում, լավ է հասկանում բաժնետերերի համարձակությունը: Արարատբանկի բաժնետերերը միշտ վստահել են բանկի ղեկավարությանն ու Աշոտ Օսիպյանի պրոֆեսիոնալիզմին: Նա Արարատբանկը որակեց չափազանց կայուն բանկ, որ տարիներ շարունակ աճ է գրանցում ու ապահովում մրցակցային առավելությունները: Բանկը միտված է դեպի երիտասարդությունը: «Լինելով այլ բանկի տնօրեն` միշտ հաճելի է համագործակցել և շփվել Արարատբանկի տնօրինության հետ, որ բարձր վստահություն ձեռք բերած մարդիկ են: Թե՛ բաժնետերերին, թե՛ տնօրինությանը բարի երթ եմ մաղթում, երկարատև ու կայուն ընթացք»` ասաց Հակոբ Անդրեասյանը:
Արարատբանկի բաժնետերերին Աշոտ Օսիպյանը նաև ասաց, որ բանկի հիմնական ռազմավարությամբ նախատեսված էր սահուն զարգացնել բանկային երեք հիմնական ուղղությունները` դասական, ներդրումային և թվային: Ներդրումային առումով բանկը հասել է ամուր հաջողությունների, որպես երկրում զարգացող պարտավորությունների շուկայի անդերռայթեր և մարկետ-մեյքեր, անցյալ տարի դառնալով Առաջին հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկերի արժեթղթավորման պիոները: Բանկը մտադիր է այս տարի կատարել իր սեփական բաժնետոմսերի հերթական, հրապարակային տեղաբաշխումը: Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Արարատբանկը ներկայացրեց հաճախորդների սպասարկման Service Guide համակարգը և շուտով շուկա դուրս կբերի շարժական բանկինգի արդիականացված հավելվածը: Արդեն գործում է բանկի առաջին` լիարժեք էլեկտրոնային մասնաճյուղը: Բանկն արդեն դադարել է իր մասնաճյուղերի աշխատանքը գնահատել շահութաբերության տեսանկյունից՝ անցնելով արդյունավետությունը գնահատելու սկզբունքին:


Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2018-ի հունվարի 1-ի արդյունքներով` Արարատբանկն իր ակտիվներով և վարկային ներդրումներով գտնվում է առաջատարների տասնյակում: Բանկի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկավորումը կազմել է 65 %: Արարատբանկը 2017-ին զգալիորեն ավելացրել է շինարարության ոլորտի վարկավորման ծավալը՝ 3 անգամ, արդյունաբերական հատվածում` 65 %, գյուղատնտեսությունում` 31%, ՓՄՁ ոլորտում` 16.3 %: Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում 44%-ը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերն են, որոնց բացարձակ արժեքն ավելացել է 45,4 %, այդ միջոցների ծավալով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Բանկի ընդհանուր կապիտալը 2017-ին ավելացել է 6.5 %, մինչև 35.3 մլրդ դրամ, կուտակված շահույթի 13,8 % աճի հաշվին, մինչև 14.5 մլրդ դրամ: Բանկը 2017-ին կարողացել է վարկային եկամուտները հասցնել 56.3 %-ի, դրամական փոխանցումներ` 27.4 %-ի, քարտային գործարքները` 26.8 %, արժեթղթերով գործարքները` 31.8 %: 2017-ն Արարատբանկը եզրափակել է 2.1 մլրդ դրամի զուտ շահույթով՝ ապահովելով այդ ցուցանիշի 89.1 % աճը:


Բաժնետերերի տարեկան ժողովում լսվեցին և ընդունվեցին բանկի գործադիր մարմնի տարեկան ու հաշվապահական հաշվետվությունները, շահույթի բաշխման հարցը: Ներկայացվեցին նաև «Գրանդ Տորնտոն» ընկերության աուդիտի արդյունքները` հաշվետվությունները համապատասխանում են բանկի գործունեության իրական վիճակին:
2017-ին Արարատբանկը Global Finance միջազգային ամսագիրը ճանաչել է «Հայաստանի լավագույն ֆինանսավորող» բանկ` հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորագույն տեխնոլոգիաները:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԲ-ի կազմակերպած «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2016-ի արդյունքներով չորրորդ անգամ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակին:
SWIFT համակարգով փոխանցումների բարձր` 100-տոկոսանոց որակ ապահովելու համար բանկը չորրորդ անգամ արժանացել է գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Exellenent STP Qսality Award) մրցանակին:


«Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությունում բանկն արժանացել է «Վստահության էտալոն» անվանակարգին:
Cbonds ընկերությունների խումբը Արարատբանկը ճանաչել է «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ»:
Այսպիսին էր Արարատբանկի 2017-ը: Իր ելույթում Աշոտ Օսիպյանը պատմեց նաև մանկական մրցույթի մասին, որի մասնակիցներից մեկի` Համիկ Վարդանյանի նկարը կոչվում էր «Ապագան արդեն Արարատբանկում է»: Աշոտ Օսիպյանը թե՛ նկարը, թե՛ անվանումը համարեց խորհրդանշական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հավարտ բաժնետերերի տարեկան ժողովի Արարատբանկի տնօրենների խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ հարցրինք.
-Բանկի գործունեության վրա թավշե հեղափոխությունը, քաղաքական փոփոխությունները անդրադարձ կունենա՞ն:
-Բացարձակապես ոչ մի բացասական ազդեցություն չեն կարող ունենալ: Ամեն ինչ նորմալ է: Արարատբանկը ոչ քաղաքական կառույց է, բաց բաժնետիրական ընկերություն, միջազգային բանկ և իր գործունեությունը ծավալում է անկախ քաղաքական գործընթացներից: Ես վստահ եմ, որ Դուք դա առաջիկայում կտեսնեք մեր ակտիվ ու ագրեսիվ տնտեսական գործունեության մեջ:
-Կառավարության որոշումներով կատարվում են փոփոխություններ, որ վերաբերում են նաև բանկերին…
-Արարատբանկը միշտ էլ իր հաճախորդներին վերաբերվել է որպես գործընկերների, և հարկային փոփոխությունները համարում եմ ի նպաստ ժողովրդի ու ճիշտ գործունեություն: Խոսքը բանկային օրենսդրության մասին չէ:
-Մեկ տարի հետո Արարատբանկի գործունեությունն ամփոփող տարեկան ժողովում, Ձեր կարծիքով, ի՞նչ կասվի:
-Համոզված եմ, որ անձերի փոփոխություններ չեն լինելու, և ավելի բարձր արդյունքներ ենք ունենալու:

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ