Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-Իսրայել-Թուրքիան սկսել են շտապել Սիրիայում, իսկ Իրանն ավարտում է «իրաքյան գործերը»

ԱՄՆ-Իսրայել-Թուրքիան սկսել են շտապել Սիրիայում, իսկ Իրանն ավարտում է «իրաքյան գործերը»
19.06.2018 | 04:41

Սիրիայի և հատկապես Իրաքի վերջին օրերի իրադարձությունները շարունակում են զարմացնել իրենց անկանխատեսելիությամբ: Մենք նկատում ենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են ինչ-որ բան «վերակառուցել» այդ երկու արաբական երկրների եթե ոչ տարածքները, ապա առանցքային դիրքերը Թուրքիայի հետ փայաբաժնով գրավելու իրենց պլաններում:

Ընդ որում՝ համաշխարհային հանրության առաջ շարունակվում է նախկին «թատրոնը», ԱՄՆ-ը ցուցադրաբար «մատ է թափ տալիս» Թուրքիայի հասցեին. «Եթե վերցնեք ռուսական Ա-400 ԶՀՀ-ները, ապա փողով և պատժամիջոցներով կխեղդենք», և նույնիսկ Թուրքիան կհանեն հինգերորդ սերնդի գովաբանված F-35 կործանիչ ինքնաթիռի հավանական գնորդների ցուցակից, ինչին Թուրքիայից հնչում են «պատասխան սպառնալիքներ», օրինակ՝ «եթե այդպիսի քայլեր արվեն, մենք ստիպված կլինենք պատասխանելու դրանց» (Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյ, մայիսի 25), կամ՝ «Իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով ԱՄՆ-ը «զրոյացրել է» իր հեղինակությունը և կորցրել Մերձավոր Արևելքում միջնորդ լինելու իրավունքը» (Թուրքիայի նախագահ Էրդողան):

Միաժամանակ՝ հարձակում ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի վրա, թե՝ ամերիկացիների սարքած սադրանքն ու քաոսը, Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային սպանությունները և այդ սպանությունների համար պատասխանատվության ենթարկելու անզորությունը ցուցադրեցին ՄԱԿ-ի խոր ճգնաժամը: ՈՒրեմն Անկարան իրավունք ունի պահանջելու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների քանակի ավելացում (ակներևորեն նկատի ունենալով առաջին հերթին իրեն): «Աշխարհը չպետք է կախված լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 անդամների ողորմածությունից»,- մայիսի 20-ին հայտարարել է Էրդողանը Սարաևոյի միջազգային համալսարանի պատվավոր դոկտորի դիպլոմ ստանալիս:
Իսկ Իսրայելի հետ Թուրքիայի խոսքակռիվն ավելի ծիծաղելի է: Թվում է, թե Էրդողանի համար նշանակություն չպետք է ունենա այն, որ Իսրայելի վարչապետի որդին իր «Ինստագրամում» ոճավորված «Fu*k Turkey» մակագրություն է արել: Կամ՝ Իսրայելի խորհրդարանն արդեն որերորդ անգամ որոշեց խաղարկել Հայոց ցեղասպանության գործոնը և Թուրքիային սպառնաց «ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի տարածքում քրդերի՝ սեփական պետությունն ունենալու իրավունքը»:

Ի միջի այլոց, Թուրքիայում այդ «Քրդստանն» Իսրայելը կարծես թե մտադիր է ճանաչելու հենց այն տարածքներում, որտեղ 1915-23 թթ. թուրքական իշխանություններն իրականացրին Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայում: Տարօրինա՞կ է: Ամենևին, տիպիկ իսրայելական տրամաբանություն է. տարածաշրջանում վաղօրոք ստեղծել լարվածության ևս մեկ օջախ՝ թիրախում ունենալով անընդգրկելի հեռանկար: Անկարայի և Թել Ավիվի միջև ցասումնալի «հաճոյախոսությունների», ինչպես և դիվանագետների փոխադարձ վտարումների «փոխանակումները», հավանաբար, կոչված են համոզելու աշխարհի հանրությանը, թե այս անգամ արդեն Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների խզման սպառնալիքը լիովին իրական ու շոշափելի է: Իրականում Թուրքիայի և ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրումը փչոց է: Եվ դա ապացուցում են մայիսյան իրադարձությունները Սիրիայում: Նախ, ոչ մի վայրկյան չի դադարել Թուրքիայի և Իսրայելի ռազմատեխնիկական գործակցությունը: Երկրորդ, նույնիսկ Թուրքիայում ընդդիմադիր գործիչներն Էրդողանի ամբոխահաճությունն ընկալում են որպես կեղծիք, որի նպատակը պաղեստինցիներին լոկ խոսքերով աջակցելն է: Այսպես, Գազայի կոտորածի առիթով Ստամբուլում մայիսին կայացած բողոքի հանրահավաքը, որին ներկա էին թուրքական և օտարերկրյա ԶԼՄ-ների մեծաթիվ ներկայացուցիչներ, Թուրքիայի նախագահը, վարչապետ Բախչելին և «Մեծ միասնության կուսակցության» ղեկավար Դեստիջին, մեկնաբանեց ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհառեմ Ինջեն. «Ես կուզեի օգնել պարոն Էրդողանին: Ասացե՛ք, Դուք բոյկոտելու՞ եք իսրայելական ապրանքները: Ոչ: Խզելու՞ եք պայմանագրերը Իսրայելի հետ: Ոչ: Հետ կտա՞ք այն 20 միլիոնը, որ վերցրել էիք «Mavi Marmara»-ի համար: Այն ամենը, ինչ մնում է նրանց, հանրահավաքն է՝ ոչ թե պաղեստինցիների, այլ ընտրությունների համար»:


Երրորդ, թվում էր, եթե Երուսաղեմի պատճառով այդքան սրված են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ապա ինչ իմաստ ունի հիմա սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ խորհրդակցություններ վերսկսելը: Բայց մայիսի 25-ին Անկարայում կայացավ ավելի վաղ պլանավորված հանդիպում Մանբիջի վերաբերյալ, և Թուրքիան ու ԱՄՆ-ը մշակեցին այդ քաղաքում անվտանգության ու կայունության ապահովման ոլորտում համագործակցության գծով «ճանապարհային քարտեզի» հիմնական կետերը: Հիշեցնենք. փետրվարին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Թիլերսոնի՝ Անկարա այցից հետո ստեղծվել էր երկկողմ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը կայացավ մարտի 8-9-ին: Նիստի գլխավոր թեման հենց Մանբիջն էր, և հայտնի է, որ թուրքերը Վաշինգտոնից պահանջում էին համատեղ ռազմական հսկողություն սահմանել այդ քաղաքում և այնտեղից արտաքսել քրդերին: Մանբիջը և նրան հարակից սիրիական Հալեպ նահանգի հյուսիսարևելյան շրջանը մինչև հունիս գտնվում էին «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (ՔԺԻ) ջոկատների այն մասի վերահսկողության տակ, որը մտնում է Սիրիայի ամերիկամետ «Ժողովրդական ուժերի միության» (ԺՈՒՄ) մեջ: Այդ տարածքում տեղաբաշխված է ամերիկյան զինվորականների սահմանափակ զորակազմ: Վերջերս նրանց էին ուզում միանալ ֆրանսիացի 30 հատուկջոկատայիններ, բայց նրանց կանգնեցրին և ձերբակալեցին իրանամետ շիա աշխարհազորայինները, որոնք հետո նրանց հանձնեցին Սիրիայի բանակին: Հիմա ամերիկացիները քրդերին հանել են այդ քաղաքից: ԱՄՆ-ը դավաճանե՞լ է քրդերին: Իսկ ու՞մ չի դավաճանել ԱՄՆ-ը. Հուսեյնի՞ն, Քադաֆիի՞ն...


Մանբիջը թուրքերին պետք է փակելու համար ռազմավարական այն «եռանկյունը», որի մեջ մտնում են թուրքերի օկուպացրած Էլ Բաբը և Աֆրինը: Այդ եռանկյունը Թուրքիայի համար հարմար պլացդարմ կդառնա Հալեպի վրա հետագա հավանական հարձակման դեպքում, իսկ Իդլիբի թուրքամետ «ապառազմականացված գոտու» հետ հզոր խոչընդոտ կդառնա Հալեպի և Միջերկրական ծովի առափնյա ալավիական շրջանների հաղորդակցմանը, մասնավորապես Լաթաքիայի և Տարտուսի հետ, որտեղ Ռուսաստանի ՌԾՈՒ-ի բազան է: Մարտի 15-ին Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը Մանբիջի շուրջը կստեղծեն անվտանգության գոտի: Ըստ թուրքական վարչակազմի ներկայացուցչի՝ Մանբիջի հարցով Անկարայի և Վաշինգտոնի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունն ունի «պարտադրող» բնույթ: Ինչպես հայտնի է, փետրվարի 6-ին Էրդողանը մեղադրել էր Թրամփին, որ ԱՄՆ-ը չի կատարում սիրիացի քրդերի ջոկատները Մանբիջի շրջանից հանելու խոստումները. «Օբաման Թուրքիային խաբեց Մանբիջի քուրդ զինյալների հարցում: Ցավոք, Թրամփն էլ է նույնը անում»: Ըստ Էրդողանի, Թրամփն ասել է իրեն, որ քրդերը «չեն կարող մնալ այնտեղ (Մանբիջում) և կուղարկվեն Եփրատից արևելք: Նա ընդունեց, որ Մանբիջի իսկական տերերը արաբներն են: Բայց այն, ինչ նա խոստացավ, կատարված չէ»:


Մեջբերելով Թրամփի այն խոստովանությունը, որ Մանբիջն ըստ բնակչության կազմի առավելապես արաբական քաղաք է, թուրք նախագահն ակամա խոստովանեց, որ իր նպատակը Մանբիջի, ինչպես նաև Էլ Բաբի և Աֆրինի լայնածավալ բռնանվաճումն է: Դրանում համոզում է թուրք փոխվարչապետ Ռեջեփ Ակդաղի և Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հեռակա մենամարտը:
Գերմանական «Դի վելտ» հանդեսի հետ հարցազրույցում Ակդաղը հայտարարել է, որ Անկարան «հիասթափված է եվրոպացիներից», որ «Գերմանիան պետք է Անկարային աջակցի ահաբեկիչների դեմ նրա պայքարում և արագացնի ԵՄ արևելյան երկրի ընդունման շուրջ բանակցությունները»: Երբ լրագրողները Թուրքիային մեղադրեցին սիրիական Աֆրինը գրավելու և հումանիտար աղետ ստեղծելու մեջ, Ակդաղը «պայթեց» և Աֆրինի հումանիտար իրավիճակի բոլոր քննադատներին կոչ արեց «գալ և տեղում սեփական աչքերով տեսնել իրադրությունը. «Լիովին անպատկերացնելի է, որ մենք Աֆրինը կվերադարձնենք Ասադի կառավարությանը... Մեր միակ նպատակն է՝ պաշտպանել Թուրքիայի անվտանգությունը քրդական ահաբեկչական այնպիսի խմբերի դեմ պայքարում, ինչպիսին ՔԺԻ-ն է, և հետո հնարավորինս շուտ այդ շրջանը վերադարձնել Սիրիայի ժողովրդին»: Իսկ երբ «Դի վելտի» լրագրողը նշեց, որ քրդերն արևմտյան դաշինքին շատ են օգնել «Իսլամական պետության» դեմ պայքարում, և սիրիացի քրդերն ամբողջ սիրիացի ժողովրդի մասն են, Ակդաղը պատասխանեց. «Նրանք ահաբեկիչներ են: Այսօր նրանք կռվում են մեկը մյուսի դեմ, իսկ վաղը կմիավորվեն քո դեմ պայքարում»:


Դրան ի պատասխան մայիսի 23-ին Սիրիայի փոխարտգործնախարար Միքդադը պաշտոնապես հայտարարեց, որ Դամասկոսը պատրաստ է վերականգնելու Թուրքիայի հետ հարաբերությունները (դրանք խզվել էին 2012 թ.) և ակնկալում է, որ թուրք ժողովուրդը կպաշտպանի այդ գործընթացը: Սակայն դրանից առաջ պաշտոնական Անկարան «պետք է լիովին դադարեցնի Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը և արաբական հանրապետության տարածքից դուրս բերի իր ուժերը»: Միքդադը հիշեցրեց, որ հարաբերությունների խզման մեղավորն անձամբ Էրդողանն է և նրա քաղաքական հավակնությունները, և Սիրիան «Ձիթենու ճյուղ» թուրքական գործողությունը (Աֆրինն օկուպացնելու) գնահատում է որպես ագրեսիա: Իսկ մայիսի 25-ին Իսրայելը, որը, թվում էր, հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հայտարարեց, որ կողմ է Սիրիայի նկատմամբ Թուրքիայի զավթողական պլաններին: Միայն այդպես կարելի է գնահատել Իսրայելի հետախուզության նախարար Կացի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի «Գոլանի բարձունքների նկատմամբ հրեական պետության ինքնիշխանությունը»: Ճիշտ է, ըստ Իսրայելի վերջին 2-3 տարվա սովորության, դա հիմնավորեց «Իրանին վնաս հասցնելով». «Այժմ իդեալական պահ է նման քայլի համար: Դա Իրանի համար ամենացավոտ քայլն է, որ մենք կարող ենք անել»: Թե ինչու և ինչից՝ Իրանի համար, Կացը հարկ չհամարեց բացատրել: Բայց չէ՞ որ աշխարհը գիտի, որ Գոլանի բարձունքները, բոլոր պարամետրերով, 1967-ից օկուպացված սիրիական տարածք են, ոչ թե իրանական:


Իսկ այժմ գումարենք թվարկված փաստերը. 1. ամերիկացիները համաձայնում են Մանբիջից քրդերին վտարելուն և քաղաքի օկուպացմանը թուրքերի մասնակցելուն, 2. թուրքերը չեն վերադարձնում Աֆրինը (հասկանալի է՝ և Էլ Բաբը) Սիրիայի օրինական ղեկավարությանը և մտադիր են հավերժացնելու օկուպացիան, այսինքն բռնագրավում են օկուպացված սիրիական հողերը, 3. Իսրայելն ԱՄՆ-ին առաջարկում է ճանաչել իսրայելցիների օկուպացրած սիրիական Գոլանի բարձունքների բռնակցումը: Այդ ամենին ավելացնենք սիրիական բանակի հասցեին վերջերս ԱՄՆ-ի հնչեցրած «նախազգուշացումը», թե ոչ մի դեպքում ռազմական գործողություն չկատարեք «ապառազմականացված գոտիների» դեմ կամ այդ գոտիներում: Նկատի ունենալով, որ այդպիսի միայն երկու գոտում է, որ վիճակը հսկողները ոչ թե սիրիացիները, ռուսները և իրանցիներն են, այլ թուրքերը (Իդլիբի շրջան) և ամերիկացիները (ահաբեկիչների պատրաստման Էթ Թանֆ ճամբարի շրջակայք), ակնհայտ կտեսնենք, որ չնայած զանազան արտաքին կեցվածքներին և հայտարարություններին, ԱՄՆ-ը, Իսրայելը և Թուրքիան Սիրիայում հանդես են եկել և հանդես են գալիս որպես սերտ դաշնակիցներ, և նրանց նպատակն այդ երկրի տրոհումն ու տարածքների բռնագրավումն է: Ընդ որում, վերջին 10-15 օրերին Սիրիայում ակնհայտորեն սրվում է ռազմա-օպերատիվ իրադրությունը: Համենայն դեպս, Իրաքի ՌՕՈՒ-ն մայիսին արդեն երեք անգամ ռմբակոծել է սիրիա-իրաքյան սահմանի որոշ շրջաններ, և ԻՊ-ի զինյալների հարձակումը (թեկուզ անհաջող) վաղուց ազատագրված Պալմիրայի վրա, հաստատում են, որ սիրիա-իրաքյան սահմանային գոտում «ինչ-որ տեղից» կրկին հայտնվել են իսլամիստները, որոնց կարծես թե ջախջախել էին և՛ Սիրիայում, և՛ Իրաքում դեռևս 2017-ին: Չեն դադարում բացահայտ սադրիչ օդային հարձակումները և հրթիռային հարձակումները: Որոշ դեպքերում ամերիկացիները և իսրայելցիները պարծենալով ընդգծում են, որ դա հենց իրենց ձեռքի գործն է: Մայիսի 18-ից այդպիսի բազմաթիվ միջադեպեր են եղել, սկսած անհասկանալի ոչ այն է՝ գնդակոծությամբ օդային հարձակումից, ոչ այն է՝ հրթիռային հարվածից Համա նահանգի ռազմական օդանավակայանի շրջանում, և վերջացրած ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի վերջերս հասցրած հարվածով Դեյր Էզ Զոր նահանգում ոչ այն է՝ սիրիական բանակի, ոչ այն է՝ «կառավարամետ զորքերի» դիրքերին և Հոմս նահանգի ռազմական օդանավակայանին հասցրած հրթիռային հարվածով:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ