USD480.62
EUR560.16
RUB7.58
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հանե՞լ, թե՞ չհանել

Հանե՞լ, թե՞ չհանել
19.06.2018 | 04:49

Արագաչափերն ու տեսախցիկները հանելու որոշումը միանշանակ չի ընկալվում նաև կառավարությունում. գործադիրի անցած նիստում վարչապետի առաջին և երկրորդ տեղակալները, արդարադատության նախարարը, ոստիկանության պետը փորձեցին ներկայացնել իրենց հիմնավորումները` դրանք չհանելու, այլ տուգանքի ձևը փոխելու առումով։ Կառավարության անդամներից և բարձրաստիճան պաշտոնյաներից փորձեցինք ճշտել իրենց տեսակետը հարցի վերաբերյալ։

«ԵԹԵ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՆԴԻՐ, ԱՊԱ ԿԱՐԵԼԻ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ»
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԿԳ նախարար)
-Ցանկացած հարց, կարծում եմ, պետք է համակողմանիորեն քննարկվի։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ այն դեպքերում, երբ արագաչափերը տեղադրված են այնպիսի վայրերում, որ ոչ թե կանխարգելիչ նպատակ են հետապնդում, այլ ավելի շատ լուծում ֆիսկալ բնույթի հարց, նման դեպքերում այդ վայրերից արագաչափերը միանշանակ պետք է հանվեն։ Ընդհանրապես կարծում եմ, որ առկա արագաչափերը քիչ վայրերում են, որ լուծում են կանխարգելման խնդիր։ Գուցե ճիշտ կլինի այդ դեպքերում քննարկենք դրանց պահպանման հարցը։ Սակայն այն, ինչ մենք այսօր, ընդհանուր առմամբ, ունենք, մեծ մասամբ ֆիսկալ` մարդկանց պատժելու բնույթ է կրում։
-Բայց երբ մարդը գիտի, որ կպատժվի իրեն ավելի օրինապաշտ է պահում։ Նույն ԱՄՆ-ում, Եվրոպայում մարդիկ օրինապաշտ են, որովհետև գիտեն` օրենքը խախտելու դեպքում կտուգանվեն։
-Կարծում եմ` օրինապաշտությունը ձևավորվում է նաև կրթության և մտածողության միջոցով։ Հայաստանյան վերջին իրադարձությունները մեզ թույլ են տալիս հասկանալ, որ մեր հասարակությունը, արժեհամակարգային տեսանկյունից, բավականին բարձր մակարդակի վրա է, ուղղակի որոշ գիտելիքներ և հմտություններ պետք է տրվեն հասարակությանը։
-Պարոն նախարար, Դուք համոզված եք, որ եթե Ամերիկայի պես դեմոկրատ երկրում տուգանքները չգործեին, մարդիկ օրինապա՞շտ կլինեին։
-Լոս Անջելեսի պես 11 մլն բնակչություն ունեցող քաղաքում որոշում է կայացվել տեսախցիկները վերացնելու մասին։
-Այո, սակայն նույն Լոս Անջելեսում տասնյակ տարիներ այդ տեսախցիկները գործել են, ինչը ազդեցություն է ունեցել մարդկանց մտածողության ձևավորման վրա։ Այժմ գուցե տեսախցիկները հանել են, սակայն, օրինակ, նույն արագաչափերը գործում են։
-Լոս Անջելեսում տեսախցիկները հանել են, քանի որ անիմաստ տուգանքների քանակը շատ է եղել։


«ՀԱՐՑԻՆ ՀՈՒՄՈՐՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ»
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ (պետական վերահսկողության ծառայության պետ)
-Պարոն Սանասարյան, եթե ոստիկանությունն իրավունք չի ունենալու տեսանկարահանելու, վարորդների կոպիտ խախտումները ֆիքսելու, և ոչ միայն վարորդների, այլև որոշ քաղաքացիների լկտի պահելաձևը, գուցե ոստիկանությունն ընդհանրապես լուծարե՞նք։
-Հասկանում եմ Ձեր հումորը և հումորով էլ վերաբերվում եմ հարցին։
-Իսկ եթե ավելի լուրջ` կառավարության նիստում Դուք առանձնապես կողմ չէիք արագաչափերը հանելուն։ Եթե տեսախցիկներն ու արագաչափերը հանվեն, այդպիսով «դաբրո» չի՞ տրվում անպատժելիությանը։
-Այո, կան լպիրշ քաղաքացիներ, որոնք դիտավորյալ են խախտումներ անում։ Նման քաղաքացիներին պետք է կարգի հրավիրել։

«ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ (մարդու իրավունքների պաշտպան)
-Պարոն Թաթոյան, ինչպե՞ս եք գնահատում արագաչափերն ու տեսախցիկները հանելու որոշումը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
-Մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել, և այս պահին դրանք անձնական տվյալների մշակման փուլում են։ Աշխատանքների ամբողջական ավարտից հետո կներկայացնենք կառավարությանը և ոստիկանության պետին։
-Իսկ մինչ այդ, արագաչափերի և տեսախցիկների կիրառումը փողոցներում մարդու իրավունքների խախտու՞մ է, թե՞ ոչ։
-Ընդհանուր առմամբ, դրանց տրամաբանությունը պետք է լինի կանխարգելումը, ոչ թե քաղաքացուն հանկարծակիի բերելը կամ տուգանելը։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ