«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գանձաքարը զարգացման հեռանկար ունի. ու՞մ են սպասում

Գանձաքարը զարգացման հեռանկար ունի. ու՞մ են սպասում
19.06.2018 | 04:56

Հայաստանի սահմանամերձ տարածքներում ռիսկայնությամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության և ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվում, կամ եղածը բավարար չափով չի նպաստում համայնքների զարգացմանը: Խոսքն այս անգամ վերաբերում է Տավուշի մարզի Գանձաքար համայնքին:
Ծանոթանալով 2016-2021 թթ. Գանձաքար համայնքի զարգացման ծրագրին, պարզվում է, որ 5 տարում կանխատեսվում է տարեցտարի և կայուն ձևով համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը, փոքր և միջին բիզնեսը, մշակույթն ու կրթությունը, 2021-ին ունենալ հնարավորինս զարգացած և ուժեղ կարողություններով համայնք: Գրեթե նույնանման կանխատեսումներ եղել են և կան մարզի բոլոր համայնքների վերաբերյալ: Համայնքապետերը եկել-գնացել են, խնդիրները մնացել են չլուծված, սակայն ոչ ոք պատասխան չի տվել իր թերի կատարած կամ չկատարած աշխատանքների համար, ավելին, շատ հանգիստ հեռացել են կամ վերընտրվել:

ԳԱՆՁԱՔԱՐԻ ՊԱՏՈՒՀԱՍԸ


Համայնքը ներկայումս կանգնել է սնանկացման եզրին: 2016 թ. սեպտեմբերի 18-ից Գանձաքարի համայնքապետ ընտրված ՎԱՐԴԳԵՍ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆՆ ամիսներ առաջ պետական գույքի կառավարման վարչությունից ստացած գրությունից տեղեկանում է, որ գյուղի անշարժ գույքի վրա արգելանք է դրված, չի բացառվում նաև կալանքը համայնքի բյուջեի վրա:
«Իրատեսի» հետ զրույցում Գանձաքարի համայնքապետը, ցույց տալով կիսավեր ու վթարային վիճակում գտնվող կինոթատրոնի շենքը, պատմեց, որ մշակույթի նախարարության բալանսում գտնվող շենքը նախարարությունը 1000 դրամով հատկացրել է համայնքին: 2014 թ. փետրվարի 14-ին համայնքի նախկին ղեկավար Շահեն Շահինյանը պայմանագիր է կնքել պետական գույքի կառավարման վարչության հետ, որ 2014-2016 թթ. ընթացքում շենքի վրա կատարվելու է 176 մլն դրամի ներդրում:


-Համայնքի ավագանին տեղյակ է եղել միայն կինոթատրոնի շենքը 1000 դրամով համայնքին տալու և կադաստրային ծախսերի համար կատարվող 164 հազար դրամի մասին, իսկ կնքված պայմանագրի, առավել ևս 176 մլն դրամի ներդրման մասին Շ. Շահինյանն իրենց չի տեղեկացրել, թեև ավագանու անդամները ստորագրել են 1000 դրամով կինոթատրոնի շենքը համայնքի սեփականությունը դարձնելու մասին որոշման փաստաթուղթը: Մենք էլ ուրախացել էինք, թե մի օր շենքի վերանորոգման համար կգտնվի բարերար, կարգին կինոթատրոն կունենանք:
Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ամիսներ առաջ պետական գույքի կառավարման վարչությունից ստացած գրությունից պարզվում է, որ երեք տարի առաջ կնքված պայմանագրով նախատեսված 176 մլն դրամի ներդրումը պետք է իրականացվի, հակառակ դեպքում համայնքը պետք է վճարի 30 մլն 600 հազար դրամի չափով տույժ-տուգանք: Համայնքի ղեկավարը հրաժարվել է ոչ միայն շենքից, այլև նրա վրա ներդրում անելու պարտավորությունից՝ այն պարզ պատճառով, որ համայնքի բյուջեն ընդամենը 79 մլն դրամ է: Պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ տարածքային կառավարման նախարարությանն ու Տավուշի նախկին մարզպետին դիմելու Վարդգես Դովլաթբեկյանի ջանքերն ապարդյուն անցան: Գործը հայտնվում է դատարանում: Հունիսի 6-ին հայտարարված դատական նիստը չի կայացել: Համայնքի անելանելի վիճակը տարակուսանք է առաջացրել, ուստի պետական գույքի կառավարման վարչությունը միջնորդագիր է ներկայացրել դատարան դատը հետաձգելու խնդրանքով: Մեզ հետ զրույցում Վ. Դովլաթբեկյանը նաև նշեց, որ պայմանագրի հարցով զրուցել է նախկին համայնքապետի հետ:
- Խոսել եմ նախկին գյուղապետի հետ, ասում է՝ դե, ասացի պայմանագիր կապեմ, գուցե մի բարերարի միջոցով սարքենք: Որևէ գումար չի ծախսվել, երևի նա չի գիտակցել, որ բարերար գտնելն այդքան էլ հեշտ չէ,- ասաց Վ. Դովլաթբեկյանն ու հավելեց, որ նախքան պայմանագրի մասին տեղեկանալը, մարզպետի հետ նախագիծ-նախահաշվարկ են կազմել, ըստ որի կինոթատրոնի շենքի նորոգման համար նախատեսվող գումարի չափը կազմել է ընդամենը 98 մլն դրամ:


«Իրատեսի» հետ զրույցում այս գործով փաստաբան Կարեն Ղալումյանի փոխանցմամբ` միջնորդություն է ներկայացվել դատարան, բացի դրանից, խնդիրը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին: «Կարևորն այն է, որ խնդիրը լուծվի, համայնքը չտուժի»,- ասաց փաստաբանը:
Կինոթատրոնի շենքի պատմությունը թերևս առաջնակարգ չհամարվեր, սակայն համայնքին պարտադրված 30 միլիոն դրամի չափով տուգանքի, դատական քաշքշուկների ու էլի հազար ու մի խնդիրների պատճառով է, որ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները տեսանելի չեն դառնում համայնքի բնակիչների համար: Մինչդեռ բնակիչներն ամեն նոր համայնքապետի հետ հույսեր են կապում:

ԳԱՆՁԱՔԱՐՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Գանձաքարն ունի 3860 բնակիչ, որից 180-ը աշխատում են տեղական կառույցներում՝ համայնքապետարանում, դպրոցում, մանկապարտեզում, բուժկետում, մշակույթի տանը, երաժշտական դպրոցում: Ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված է 140 ընտանիք: Խիտ անտառածածկույթի առկայությունը, բարենպաստ բնակլիմայական պայմանները, հողային բավարար ռեսուրսները, հեռագնա արոտավայրերի առկայությունը աշխատասեր բնակիչների շնորհիվ զգալիորեն թեթևացնում են համայնքի կյանքը:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: Ինչպես մարզի մյուս գյուղերի, այնպես էլ Գանձաքարի բնակչության եկամտի մի զգալի մասը ստեղծվում է անտառի բարիքների՝ հատապտուղների, սնկի, դեղաբույսերի վաճառքից: Սպառման շուկան մարզի տարածքն ու Երևան քաղաքն են:

ՍԱԿԱՅՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐՆ ԱՌԱՅՍՕՐ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի 950 հեկտարը վարելահողեր են, 798 հեկտարը խոտհարք է, 1038 հեկտարը՝ արոտներ, որոնք շատ քիչ են օգտագործվում: Վ. Դովլաթբեկյանի փոխանցմամբ՝ համայնքի զարգացմանը խոչընդոտող գործոնները քիչ չեն, հողերը բերրիությամբ առանձնապես աչքի չեն ընկնում: Համայնքում սողանքային ռիսկերը մեծ են: «Գանձաքարում ունենք համայնքային հողեր, քանի տարի է՝ դրանք սողանքի տակ են, կանխել հնարավոր չէ: Մի թաղամաս կա, ամբողջովին սողանքների տակ է, ընտանիքների ցանկը ունենք, կառավարությունը խոստացել է նրանց բնակարաններ տրամադրել: Տեսնենք, հարցը երբ կլուծվի, մարդիկ դեռ բնակվում են, բայց վտանգն առկա է»,- ասում է համայնքապետը:

«ԲԱ ԳՅՈՒՂԸ ԵՐԵՔ ԳԵՏ ՈՒՆԵՆԱ, ՋՐԵՐՆ ԱՆՏԵՐ ՀՈՍԵՆ, ԻՆՔՆ ԷԼ ՄՆԱ ԱՌԱՆՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ՞»
Գանձաքարը գտնվում է Աղստևի վտակ ՈՒրթաջուր գետի երեք փոքր վտակների խառնարաններում, բայց… ոռոգման ջրի կարոտ է:
Բնակիչների բողոքը եղել և մնում է հողի վրա չարչարանքի դիմաց ձեռնունայն մնալու, ոռոգման ջրի չլուծվող թեման: «Հողը մշակվում է, բայց արդյունք չի ստանում գյուղացին, ջուր չկա, ի՞նչ անի: Մեր ժողովուրդը աշխատող է, շատ է չարչարվում, բայց եկամուտ չի ստանում: Բա գյուղը երեք գետ ունենա, ջրերն անտեր հոսեն, ինքն էլ մնա առանց ոռոգման ջրի՞»:
«Եղած վարելահողերի կեսը հազիվ է մշակվում, ոռոգման ջուր չկա, մարդիկ էլ թողնում գնում են արտագնա աշխատանքի, տարեկան 400-500 գյուղացի արտագնա աշխատանքի է մեկնում, վերջին շրջանում անգամ ընտանիքներին են տանում, և շատերը չեն էլ վերադառնում, հողերն էդպես անմշակ մնալով դառնում են անպիտան,- պատմում է համայնքապետն ու շարունակում,- տարիներ առաջ կառավարության աշխատակազմի գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակը խմելու և ոռոգման ջուր անցկացնելու համար ծախսեց 600 միլիոն դրամ: 2014-ին 3 պոմպակայան տեղադրվեց, հաշվարկել էին, որ վայրկյանում 3,6 լիտր ջուր պետք է մղվեր պոմպակայան, բայց երբ փորձարկեցինք, տեսանք, որ բավականաչափ ջուր չի մղվում: Իրենց նախագծում նայեցինք ու տեսանք, որ մղվող ջրի հոսքը սարքել են 1,2 լիտր: Մարդիկ վարկով, պարտքով դեպի իրենց տները ջրագծեր էին քաշել, հույս ունենալով, որ ջուր կլինի: Չկա, հիմա ջուր չկա: ԾԻԳ-ից եկան, գետից դրենաժով ջուր քաշեցին, բայց էդ ջուրը խմելու չի, գույնը ոնց որ դեղձի կոմպոտ լինի: Ստուգել տվեցի, ասացին՝ պիտանի չէ: Մոտ 5 կմ-ի վրա ոռոգման գիծը ՈՒրթի գետի վրայով որ բերեն, ինքնահոս ջուր լինի, լավ կլինի»:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԹՂԹԻ ՎՐԱ ՄՆԱՑ
Գանձաքարի զարգացման ծրագիրը թղթի վրա մնաց նաև տոհմային անասնաբուծության և կաթի վերամշակման հարցում: Համայնքապետը նախկին կառավարությանը ներկայացրել է 50 միլիոն դրամ արժողությամբ ծրագիր, որից 25 տոկոսն ակնկալվում էր պետության աջակցությունից, սակայն ծրագիրը մերժվեց:
«Խնդիրները շատ են, ուզում ենք օրը 2 տոննա հզորությամբ կաթի վերամշակման արտադրություն հիմնվի, զարգացնենք տոհմային կաթնատու տավարաբուծությունը, մեր տեղական կովերի միջին կաթնատվությունը տարեկան 1000-1200 լիտր է, իսկ տոհմային կովերինը՝ տարեկան 5000 լիտր կաթ: Գյուղացու եկամուտը կավելանա, ի՞նչ վատ կլինի: Մի 10 տարի առաջ համայնքը 10 հազար գլուխ խոզ ուներ, կային մարդիկ, որ 200-300 գլուխ խոզ ունեին ու պահում էին անտառներում: Սակայն խոզերի անկում եղավ, պետությունը ոչ մի փոխհատուցում չտվեց գյուղացուն, դրա համար խոզերի գլխաքանակը կտրուկ նվազել է: Մի 15 օր առաջ դարձյալ կրկնվեց, պատվաստումներ արվում են, բայց չեն օգնում: Անասունների հիվանդության տարածման պատճառը կարանտինային կանոնների խախտումն է, սարից սար տեղափոխման դեպքում կենդանիների առողջական վիճակը չի ստուգվում, բացի այդ, սպանդանոց չկա, որ անասունները ստուգեն ու նոր մորթ կատարեն, պատահական, ով ոնց ուզում, վարվում է: Անասունի գաղտնի հիվանդության ժամանակ մորթում են, տանում Իջևանի մսավաճառին հանձնում, գնորդներն էլ առնում տանում ու վարակվում են: Բարձիթողի վիճակում է»,- ասում է Գանձաքարի համայնքապետի տեղակալ ԱՆԱՍՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ:


Գեղեցիկ բնությունը Գանձաքարի մի շարք խնդիրների լուծման դեպքում զբոսաշրջիկների զգալի հոսք կարող է ապահովել: Համայնքում կան զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող բնական, պատմական և մշակութային հուշարձաններ, որոնք բազմազան բնության ու կենդանական աշխարհի, բարեկարգ ճանապարհների, էկոլոգիապես մաքուր սննդի հետ Գանձաքարը ճանաչելի կդարձնեն զբոսաշրջիկների համար:
Մտածել ու գործել է պետք:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ