«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Այլևս ոչ ոք չի՞ համարձակվի նվաստացնել ժողովրդին

Այլևս ոչ ոք չի՞ համարձակվի նվաստացնել ժողովրդին
19.06.2018 | 04:58

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Իրատես» թերթի հեղինակ, ֆելիետոնիստ-
հրապարակագիր Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ՝


ԴԻՄՈՒՄ

Ընդունված կարգով, նախ, շնորհավորում եմ Ձեր վարչապետությունը, մաղթում եմ անձնական-ընտանեկան, ծառայողական երջանկություն: Եվ ամենակարևորը՝ մաղթում եմ, որ ՀՀ կառավարական տունը Ձեր ղեկավարման տարիներին անեծքի դաշտից փոխադրվի օրհնանքի դաշտ: Ամեն:

Երբ Դուք անվրդով քնած եք և հանկարծ ռումբի դղրդյունից վեր եք թռչում կեսգիշերին ու տեսնում, որ դղրդյունը (Տերը կարոտ պահի) ռմբահարման հետևանք չէ, այլ պարզապես հրավառության, վստահ եմ, բարի խոսքով չեք հիշում և՛ հրավառիչներին, և՛ նրանց սատարողներին: Իսկ երբ ամանորյա տոներին Ձեր տոնական տրամադրությունը խաթարվում է մանուկ և պատանի հրոսակների պայթուցիկային զվարճանքից, չեմ կասկածում, որ մեղմ ժպտում եք և նրանց մաղթում արևշատություն:

Խնդիրը, ինչ խոսք, համապետական է, ինչն անգութ համառությամբ շրջանցել են նախորդ վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը: Հանրապետության բնակչությունը տարին բոլոր գտնվում է հրավառություններից առաջացող դժոխային աղմուկի ճիրաններում: Ամանորյան տոների շրջանում դրան գումարվում է պայթուցիկների դղրդոցը:
Հետաքննությունը Ձեր խոնարհ ծառան սկսել է 2010-ին, «Իրատեսում» բազմաթիվ նյութեր են հրապարակվել: Ինչ-որ առումով դրանք կանխարգելիչ նշանակություն ունեցան, բայց խնդիրն արմատապես չփոխվեց:


Չերկարաբանեմ: Ձեզ եմ ուղարկում իմ հետաքննության ամփոփագիրը, ուր ակնհայտ արտացոլվում է, թե ինչպես են պետական պատասխանատու կառույցները (ՀՀ կառավարություն, ԱԻ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ ՄԻՊ, Հանրային խորհուրդ և այլն) խնդիրը լուծելու փոխարեն, այն ուղիղ մեկ տասնամյակ խցկել փակուղի, քանի որ գործող օրենսդրությունն է նրանց դեմ:
Ձեզ նաև ներկայացնում եմ 2012-ին ՀՀ նախագահին ուղղված մի խումբ մտավորականների և հանրային գործիչների ուղերձի պատճենը:

Այս աղետալի գործողություններն օրինականացվել են Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք, այնուհետև ամրագրվել են Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի «թեթև ձեռքով» (կառավարության 2001-ի սեպտեմբերի 24-ի հ. 895-Ն և կառավարության 2010-ի դարձյալ սեպտեմբերի 24-ի հ. 1283-Ն որոշումներ): Նշյալ չարաբաստիկ որոշումներով իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիա է տրամադրվել հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի նպատակով:

2015-ի սեպտեմբերի 10-ի կառավարության նիստում հավանության են արժանանում օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության և էներգետիկայի ոլորտներին: Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը և առևտուրը շատ ավելի դյուրին դարձնելու նպատակով ներդրվում են ծանուցման մեխանիզմներ:

Հարգարժան վարչապետ, բացի կարևորագույն այն հանգամանքից, որ վերոնշյալ ստորակարգ զվարճանքները պատուհաս են հանրության առողջության համար և խիստ վիրավորում են մարդկանց արժանապատվությունը, դրանք հղի են նաև աղետալի հանգուցալուծումներով:
Կանխեք, դիմում եմ Ձեզ ՀՀ բնակչության մեծամասնության անունից: Կանխեք՝ չեղարկելով ՀՀ կառավարության 2002-ի թիվ 41 որոշումը, որը հրագործական ապրանքատեսակների ներկրման, արտադրության և գործածման առջև կանաչ լույս է վառել:
2018-ի մարտ ամսին ԱԺ-ն կառավարության առաջարկով առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար տուգանքի շեմը հասցրեց 1 մլն դրամի (կարծես թույլտվությամբ իրականացվող հրավառությունը չի խաթարում բնակչության առողջությունը): Կառավարությունը պետք է հաստատեր այն վայրերը, որտեղ կարելի է հրավառություն կազմակերպել, այսինքն՝ բնակավայրերից դուրս: Մինչ օրս հրավառություններն անարգել շարունակվում են ցանկացած ժամի և ցանկացած վայրում:
Ահա հատված ուշագրավ մի նամակից.
«ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարը 2017 թվականի նոյեմբերի 27-ին գրությամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ հայտնելով հետևյալ դիրքորոշումը՝ համապատասխան առաջարկություններով: Մասնավորապես նշվել է, որ հրավառություններից, պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է: Այդպիսի աղմուկը կարող է բացասաբար ազդել բնակչության, հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սրտանոթային, էնդոկրին, լսողական համակարգերի վրա»:
Արտաշես ՋԱՎԱԴՅԱՆ
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական
մարմնի ղեկավարի տեղակալ

Ահա նաև ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ-ում. «Հրավառությունները իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար: Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը՝ խաթարվում, մարդկանց երեխաները վեր են թռնում քնից, ինչ է թե մի հարևան որոշել է հրավառություն անի: Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ: Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքին ռագատկա է»:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Տիար Փաշինյան, այս նամակիս պատասխանը չկա: Բայց չէ՞ որ անցել է 1 ամիս: Նամակը Ձեզ եմ ուղարկել «Հայփոստի» թիվ 1 բաժանմունքից, սույն տարվա մայիսի 10-ին: Բայց խնդրո առարկայի շուրջ խիստ ուշագրավ իրադարձություններ ծավալվեցին: Հունիսի 7-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անսպասելի անդրադարձավ հրավառության խնդրին, ներկայացնելով կոնկրետ դեպքը. Նորք-Մարաշ համայնքում կեսգիշերից անց ոմն պապիկ թոռան ծնունդը շնորհավորել է ապօրինի հրավառությամբ: Տիար նախարարը նաև ասաց, որ մեկ երեխայի քունը ավելի կարևոր է, քան 500 խնջույքավորի ուրախությունը: Նաև հավելեց՝ քանի որ հրավառության խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, ապա պետք է դրանք, առհասարակ, արգելել և հրավառություն թույլատրել միայն պետական տոների ժամանակ: Դուք Ձեր հերթին զարգացրիք խնդիրը այս կերպ՝ օրենքը կա, պետք է շարժվել օրենքով: Նաև չզլացաք և սպառնացիք. «Չի լինի օրենքի կանոնները խախտող հրավառություն, և վերջ»: Մեկ օր անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ անհույս սիրահար ստահակը ընկերուհու ուշադրությանն արժանանալու համար, կեսգիշերն անց հրավառություն է կազմակերպել Մասիս քաղաքում: Եվ մեկ օր անց հաղորդագրություն տարածեց մայրաքաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ըստ որի, բազմաթիվ զանգեր է ստանում Զանգվի ձորում պարբերաբար կատարվող հրավառությունների առիթով: Ոստիկանությունը դեպքից դեպք հայտնաբերում է հրավառողին հրավիրում է ոստիկանության մոտակա բաժանմունք, արձանագրություն է կազմում և ոչինչ ավելի: Օրենքը չի գործում: Այնինչ, հրավառությունները կանոնակարգող շուրջ 3 ամիս առաջ ընդունված օրենքը սահմանում է, որ չի կարելի հրավառություն կազմակերպել բնակելի վայրերում, շենքերի բակերում և այլն: Խոշոր հաշվով, հրավառություն չի կարելի կազմակերպել ո՛չ քաղաքում, ո՛չ էլ գյուղում:

Միաժամանակ նույն օրենքը ապօրինի հրավառության առաջին դեպքում տուգանում է 1 մլն դրամով, կրկնվելու դեպքում՝ 2 մլն-ով: ՀՀ ոստիկանությունը քանի՞ օրինախախտի է տուգանել 1 մլն դրամով: Կարո՞ղ եք պարզել:

Պարոն վարչապետ, մի՞թե աղետալի սեթևեթանք չէ այն, որ ժամը 7.00-ից մինչև 23.00-ն կարելի է հրավառել երկինքն ու երկիրը, բացասաբար ազդել բնակչության, հատկապես, առավել զգայուն խմբերի՝ երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սրտանոթային, էնդոկրին, լսողական համակարգերի վրա:
Անցած մայիսի 28-ին, Սարդարապատում ելույթ ունենալով, ի թիվս այլ նշանակալից իրազեկումների, նաև հայտարարեցիք. «Այլևս ոչ ոք չի համարձակվի նվաստացնել ժողովրդին»: Նվաստացնում են ողջ ժողովրդին, հայաստանաբնակ հայությանը, ամեն օր և ամենուր, և դեռ նվաստացնելու են, եթե չչեղարկեք ՀՀ կառավարության 2002-ի թիվ 41 որոշումը, որը կանաչ լույս է վառել հրագործական ապրանքատեսակների ներկրման, արտադրության և գործածման առաջ:
Իսկ նամակիս, խնդրում եմ պատասխանեք:
Սպասում եմ:

Դիտվել է՝ 8139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ