USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Գոնե մի լավ բան կարելի՞ է սովորել Պուտինից

Գոնե մի լավ բան կարելի՞ է սովորել Պուտինից
19.06.2018 | 05:00

Ամեն անգամ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ հեռուստահանդիպումը իր երկրի քաղաքացիների, լրագրողների հետ, միշտ էլ նույն տարակուսանքն է արտահայտվել՝ ինչու՞ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի դիմում իր հպատակների հետ անմիջական հաղորդակցման այս ձևաչափին. ինչքա՜ն կարելի է չսիրել ու արհամարհել սեփական ժողովրդին: Թեև բոլորին էլ պարզ էր, որ համատարած անարդարությունների ու հրեշավոր կոռուպցիայի, նաև տուգանակոխության բեռից կքած հայ մարդու ո՜ր հարցին պիտի նա պատասխաներ: Ի՜նչ պիտի ասեր նա 4 ժամ 20 րոպե: Մամուլից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մասնակցել հանրապետականների քեֆ-ուրախություններին: Հետաքրքիր է, նա կարո՞ղ է իրեն թույլ տալ նման համախոհական միջոցառման գնալ ոչ թե իրեն ընձեռված, հավանաբար զրահապատ մեքենայով (դե, երբեմնի հսկա ավտոշարասյան մասին հիմա խոսք չի կարող լինել), այլ ոտքով, քայլելով, փողոցով, շփվելով իր երբեմնի «թանկագին» հայաստանցիների հետ: Ի վերջո 10 տարի եղել է նրանց անփոխարինելի առաջնորդը: Երևի տեղ չհասներ...


Ո՞րն էր պուտինյան հերթական բաց հանդիպման նորույթը: Այն, որ միջոցառմանը նույնքան հրապարակայնորեն ներգրավված էին կառավարության անդամները, նահանգապետները, քաղաքապետները: Նստած իրենց աշխատասենյակներում, վերջիններս սպասում էին քաղաքացիների ու Պուտինի հարցադրումներին, անհրաժեշտության դեպքում տալիս էին իրենց պարզաբանումները: Այսինքն, պետության ղեկավարի հետ կիսում էին իրենց պատասխանատվությունը այս կամ այն թերացման համար: Պատկերացրեք, ժամանակին սյունիքցի մի խեղճ գյուղացի իր դարդերը պատմեր Սերժ Սարգսյանին, և վերջինս խնդրի հստակեցման պահանջով դիմեր... Լիսկային: Բոլորի աչքի առաջ:


Հայոց պետության նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր գտնվում է իր ժողովրդականության գագաթնակետին: Մարդիկ հուսավառված են, թեև բոլորն են հասկանում, որ նա նոր-նոր է հայտնվել անասելի դժվարություններ ժառանգած պետության ղեկի մոտ, և ամեն ինչ առջևում է: Սակայն վարչապետ Փաշինյանը կարող է մնալ մարդկանց հետ, եթե ինքն էլ դիմի պուտինյան ձևաչափին, իր արած-չարածի մասին հրապարակավ հանդես գա ժողովրդի առաջ: Ի դեպ, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը ևս նույնքան հրապարակային միջոցառում էր, սակայն այստեղ պետության բարձրագույն պաշտոնյան գործ ուներ իր համախոհների ու հակառակորդների հետ: Իսկ մյուս պարագայում նրան հարցով, խնդրանքով, պահանջով դիմում է հասարակ քաղաքացին: Երկրի ղեկավարի համար պարզ է դառնում, թե ինչ հոգսերով ու հույսերով է ապրում պարզ մարդը, ինչն է նրան հուզում կամ անհանգստացնում: Վերարտադրվում է երկրի իրավիճակի իրական պատկերը, ոչ թե երևակայական, ինչպիսին իրականությունից կտրված իր անհարկի գեղեցկախոսություններով ներկայացնում էր անմոռանալի Սերժ Սարգսյանը: ՈՒզում ես հույս հայտնել, որ գոնե Նիկոլ Փաշինյանը կարժանանա մեր ժողովրդի անկեղծ հարգանքին: Նախորդ երեք նախագահները թքած ունեին հասարակական կարծիքի վրա:


Մինչ վարչապետ դառնալը Փաշինյանը պրոֆեսիոնալ լրագրող էր: Եվ եթե Վլադիմիր Պուտինը բնավ էլ վախ չի ապրում լրագրողների հետ իր բազմաթիվ անմիջական շփումներից, ապա առավել ևս ինչու՞ պիտի Փաշինյանն իրեն զրկի մասնագիտության բերումով «սադրիչ» իր «նախկին» գործընկերների հետ նոր ոգով (դուխով) բանավիճելու անզուգական բավականությունից:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao