Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուսավորյալ և խավարած

Լուսավորյալ և խավարած
19.06.2018 | 02:00

Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է,- ասում է Տերը,- իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի (Հովհ.11.9-10):
«Դուք աշխարհի լույսն եք»,- ասում է Փրկիչը Իր աշակերտներին, այսինքն՝ բոլոր քրիստոնյաներին: ՈՒրեմն, եթե մեր մեջ հոգևոր լույս չկա, ապա մենք ճշմարիտ քրիստոնյա չենք:


Սուրբ Եկեղեցու ուսմունքի համաձայն, քրիստոնյան երբ մկրտվում է, իսկույն լցվում է աստվածային լույսով, ինչի համար և կոչվում է «լուսավորյալ»: Լուսավորյալը քայլում է լույսի մեջ և տեսնում է բոլոր խոչընդոտները, իսկ ով չի տեսնում դրանք, լույս չունի իր մեջ: Եթե նա ասում է, որ տեսնում է, սուտ է խոսում: Որովհետև եթե տեսներ, չէր ընդունի սուտը ճշմարտության փոխարեն և սևը սպիտակ չէր անվանի: Տեսնում է նա, սակայն տեսնում է չլուսավորվածների և չմկրտվածների պես: Որովհետև նրանք ևս տարբերում են չարը բարուց, բայց չեն խուսափում չարիքից, քանի որ պարզ չեն տեսնում, թե որն է բարին և որը` չարիքը: Պողոս առաքյալն ասում է. «Քննեցե՛ք դուք ձեզ` տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք, փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեք անպիտան» (Բ Կորնթ.13.5):


Ինչի՞ց է կախված աստվածային ներկայության և լուսավորության չափը մարդու մեջ: Այս հարցին այսպես է պատասխանում սուրբ Մարկոս ճգնավորը. «Մեզնից յուրաքանչյուրը լուսավորվում է այն չափով, որքանով մերժել և ատում է իրեն ապականող կրքերը, իսկ որքանով սիրում է և մտածում դրանց մասին, այդ չափով էլ խավարում է»: «Խավարումը,- գրում է հույն աստվածաբան Հերոթեոսը,- կոչվում է նաև կուրություն, քանի որ դա իրապես մտքի կուրությունն է»: Սուրբ հայրերի խրատների համաձայն՝ գլխավոր կրքերը, որոնք ընդգրկում են իրենց մեջ նաև մյուսները, հետևյալն են. արծաթասիրություն` կապվածություն նյութին և առանց նեղությունների ու աղքատության ապրելու ցանկություն, փառասիրություն` պատիվներ ստանալու և փառավորված լինելու ցանկություն, հեշտասիրություն` տարատեսակ հաճույքներին տրվելու ցանկություն:
Սուրբ հայրերը (օրինակ, սուրբ Անդրեաս Կեսարացին իր «Մեկնություն Հայտնության» աշխատության մեջ) կանխատեսում էին, որ վերջին ժամանակների մարդկանց բնորոշ հատկություններից է լինելու մտքի խավարումը: Ահա թե ինչու ժամանակակից մարդիկ, այդ թվում նաև իրենց քրիստոնյա համարողները (փոքրաթիվ բացառությամբ), չեն տեսնում կատարվող իրադարձությունների իսկական իմաստը:


Մոլությունները մարդուն դարձնում են իրենց ստրուկը, «քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է» (Բ Պետր. 2.19): Մարդը դառնում է կապված, այսինքն՝ թուլանում է կամքը, իսկ դա նշանակում է, որ նսեմանում է անձի արժեքը, որովհետև ազատ կամքը հոգևոր կյանքի կարևոր բնութագիր է: Կրքերին ծառայությունը կաշկանդում և կաթվածահար է անում մարդկային անձը և դարձնում նրան հոգեպես մեռած: Որքան մարդու մեջ ամբողջական և լեցուն է հոգևոր, ներանձնային կյանքը, նույնքան զորավոր է նրա մեջ աստվածային լուսավորությունը: Մարդը, որն ունի հոգու պայծառություն, տեսնում է բոլոր իրերն ու երևույթները այնպես, ինչպես դրանք կան իրականում: Իսկ նա, ով մնում է տգիտության խավարի մեջ, ամեն ինչ ընկալում է աղավաղված կերպով, գտնվում է կեղծ, «վիրտուալ» իրականության մեջ, որտեղ չի տեսնում անգամ իր հոգին:


Քրիստոնյայի հրաժարումը գազանի դրոշմն ընդունելուց ցույց է տալիս, որ Աստված նրա համար կենդանի Անձ է: Այդպիսին էր սուրբ նահատակների և խոստովանողների (ինչպես նաև մյուս սրբերի) վերաբերմունքն առ Աստված: Սրբերն ու նահատակները չէին կարողանա համբերել չարչարանքներին, եթե չունենային կենդանի հաղորդակցություն Աստծո հետ: Ժամանակակից քրիստոնյա-խոստովանողը ասելով. «Տե՛ր, ես չեմ կարող քեզ դավաճանել»,- վկայում է այն մասին, որ նա ունի կենդանի կապ Աստծո հետ, սիրում է Նրան, միշտ հիշում է Նրան և հարատևում Նրա հետ կենդանի աղոթական հաղորդակցությամբ: Այդ իսկ պատճառով նա չի կարող ընդունել դիվական այս թվային անունները, ինչի մասին նրան զգուշացնում է Սուրբ գրքի խոսքը` վկայելով, որ ստեղծված է Աստծուց որպես անձնավոր էակ: Նա չի կարող համաձայնել այն բանին, որ հասարակության մեջ իր անձը անհատականացնող հիմնական նշանը պիտի լինի թվային կոդը, իսկ Սուրբ Մկրտության խորհրդով Աստծուց իրեն տրված սրբի անունը պիտի դառնա այդ թվային անվանը ոչ պարտադիր մի հավելում: Լավ գիտակցելով «նոր համաշխարհային համակարգի» ճարտարապետների սատանայական մտահղացումները, նա չի ցանկանում նրանց աջակցել և մասնակից լինել գալիք խավարի գործերին:


«Քանզի ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք» (Ա Կորնթ. 2.14): Ահա ինչու նա համաձայնում է թվային անունը ընդունելուն, չգիտակցելով, որ դա մարդու աստվածային կերպարի սրբապիղծ ծաղրանք է: Հոգեպես թուլացած, այս աշխարհին կապված մարդը ուժ չի գտնում իր մեջ հրաժարվելու հակաքրիստոսի նշաններից, դրա համար էլ չի ուզում հասկանալ, որ հերթական գիտատեխնիկական գյուտարարությունը Հայտնության գրքի մարգարեությունների իրականացումն է:


Աշխարհասեր քրիստոնյաները, որոնք ստրկացել են իրենց վերը նշված երեք մոլություններին, որոնց համար աստված են դարձել փողերը, հաճույքները և փառքը, չեն ցանկանալու և չեն կարողանալու դիմակայել հակաքրիստոսի համակարգի տոտալ վերահսկմանը, քանզի այդ կրքերը մղում են նրանց ընդունելու գազանի դրոշմը, նաև դրոշմի ընդունումը, իր հերթին, գործակցում է նրանց կրքերի բավարարմանը: Ահա թե ինչու բազմաթիվ քրիստոնյաներ այսօր մտածում են ոչ թե այն մասին, որ Աստծուց չբաժանվեն, այլ որ չզրկվեն երկրային բարիքներից, հացից, աշխատանքից և հաճույքներից:


Այսպիսով, ստացվում է հետևյալ շղթան. ծառայություն կրքերին և «այս աշխարհին»- հոգու խավարում-դավաճանություն: Ճիշտ այդպես այսօր, ընդունելով հակաքրիստոսի գլոբալիզացիան, Տիրոջը դավաճանում է այն քրիստոնյան, որը մնում է կրքերի խավարի մեջ և այդ պատճառով չունի աստվածային լուսավորություն:


Թարգմանությունը ռուսերենից`
Դարբասի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ