USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Մտածող էակը խոցելի է, այնուամենայնիվ, նա չի հանձնվում»

«Մտածող էակը խոցելի է, այնուամենայնիվ, նա չի հանձնվում»
19.06.2018 | 05:08

Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում մայիսի 10-ին բացվեց ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը` «Մարդը և կենսոլորտը» խորագրի ներքո։ Այն առիթ էր զրուցելու նկարչի հետ ցուցահանդեսի բացումից քիչ անց։


-Ստեղծագործություններս ի մի են բերված «Ներկա աշխարհի մարդը և նրան շրջապատող կենսոլորտը» հայեցակարգի շուրջ,- ասում է նկարիչը։- Բնականաբար, ցուցահանդեսի խորագիրը արտահայտում է հայեցակարգը։ Բայց կուզեի ասել, որ շատ ուրախ եմ այս դահլիճում, Հայաստանի նկարիչների միությունում` իմ տանը ցուցադրվելու համար։ Սա իմ 3-րդ անհատական ցուցահանդեսն է Աբովյան-16-ում։ Այսօր նաև ուրախ եմ, որ ցուցահանդեսս համընկավ երկրում կայացած սպիտակ հեղափոխության հետ։ Այսպիսով, ցուցադրում եմ ստեղծագործություններս ազատ Հայաստանում։
-Հուսանք, որ ազատ Հայաստանն է դրության տերը, հուսանք, որ հայ ժամանակակից կերպարվեստը բնականոն զարգացում կունենա։ Վերադառնանք ցուցահանդես և փորձենք առավել հիմնավոր ծանոթանալ Վան Սողոմոնյան-կերպարվեստագետի հետ։
-Ներկայացրել եմ գեղանկար, գրաֆիկա և քանդակ։ Անկեղծ ասած, ստեղծագործությունները տեղաբաշխելիս բավական զտեցինք` յուրաքանչյուր գործ ներկայացնելով որոշակի առանձնության մեջ։ Դիտողը պետք է կանգ առնի, նայի և մտածի, փորձի հասկանալ, թե ինչ է կամեցել իրեն փոխանցել հեղինակը։
-Ովքե՞ր են Ձեր գործերի ընկալողներն ու սիրահարները։
-Ես խելացի արվեստասերներին եմ համարում իմ ստեղծագործությունների սիրահար։ Կարևոր չէ, թե ինչ եմ կամեցել ասել այս կամ այն աշխատանքով, ինձ համար հետաքրքիր են դիտողի կարծիքն ու տեսակետը, նրա ընկալումները։ Ցուցահանդեսում շրջելով` նա պետք է մտածի, փնտրի, գտնի և համապատասխան եզրահանգում անի։
-Ավանդաբար նկարահանդես են այցելում երեք կարգի մարդիկ` արվեստասերներ, արվեստաբաններ և նկարիչներ։ Դուք նրանց զատու՞մ եք միմյանցից։
-Պայմանական բաժանում չկատարենք, նրանք բոլորն էլ ինձ համար սպասված այցելուներ են, սակայն չէ՞ որ կան մարդիկ, որոնք ո՛չ արվեստաբան են, ո՛չ նկարիչ, ո՛չ էլ ցուցահանդեսների մշտական դիտորդ, բայց ներկայացված աշխատանքներն զգում են զարմանալի խորությամբ։ Երեկ մի կին էր այստեղ` ակնհայտորեն ոչ արվեստի մարդ, բավական համեստ հագնված, ինձ չճանաչելով, մի քանի այլ այցելուների շրջապատում կանգնել էր նկարիս առաջ և մեկնաբանում էր նրա հայեցակարգը։ ՈՒղղակի հրաշք էր, երբեք չեմ մոռանա։ Նա զարմանալի բազա ուներ։ Ահա այս կարգի եզակի մարդիկ են ինձ համար հատկապես թանկ։
-Ձեր ոճը, «իզմը», ուղղությունն այս ընդարձակ սրահում դյուրին չէ հայտնաբերել։
-Երբևէ չեմ հետևել կերպարվեստի որևէ ոճի, որևէ ուղղության կամ «իզմի»։ Անում եմ այն, ինչ զգում եմ այդ րոպեին։ Ստեղծագործությունն ինքն է թելադրում ուղղությունն ու ոճը նկարելու պահին։ Ահա այս գործը, որն անվանել եմ «Մոլորակ N». նկարը ձև է ստացել տարածության մեջ, սա տիեզերքն է, որում ապրում ենք, բայց կարող ենք մի օր անհետանալ անհուն տարածության մեջ։ Ամենատարբեր թեմաներ են այստեղ շոշափված։ Դանթեին է նվիրված այս դիմանկարը։ Դանթեն ինձ համար ասես ոսկու շտեմարան է, կարելի է շարունակ կարդալ նրա գործերը և նոր իմաստուն բաներ հայտնաբերել։ Նրան եմ նվիրել նաև «9-րդ շրջան» աշխատանքս։ Իսկ այս քանդակն անվանել եմ «Սպիտակ շերտագիծ»։ Այստեղ մարդն է, անիվը, երկիրը և շատ է հիշեցնում խորհրդարանը, մեր ներկա սպիտակ հեղափոխությունը։ Զարմանալի է, հրապարակում երիտասարդները ճերմակ հագուստ էին հագել և կամենում էին դրանով արտահայտել նոր կյանքով ավելի անարատ ապրելու իրենց ցանկությունը։ Ես մինչ այս զարթոնքը նկարներիս մեջ առավելություն էի տվել սպիտակ գույնին, համարում եմ, որ անարատությունից բացի սպիտակը նաև հայկական գույն է։ Այս մեկը «Կարմիր աթոռն» է, նկատի եմ ունեցել մոլեգին պաշտոնամոլությունը, ողջ էությամբ պաշտոնատար անձը ներծծվել է աթոռի, այն է` իշխանության մեջ, ձուլվել է դրան, առանց որի ուղղակի չի կարող ապրել։ Այս մյուս գործն անվանել եմ «Նվագախումբ»։
-Ես երաժշտություն եմ զգում այս գործի շուրջը պտտվելով։
-ՈՒրեմն ստացվել է այն, ինչը կամեցել եմ արտահայտել։ Այս մյուս գործը կոչվում է «Մտածողը», նրա գլխի մեջ մեխ է խրված։ Նկատի եմ ունեցել, որ մտածող էակի համար շատ դժվար է կյանքում ապրելը, նա խոցելի է, այնուամենայնիվ, մտածում է, չի հանձնվում, տուրք չի տալիս իր ժամանակի որոգայթներին։
Իսկ այս հատվածում գրաֆիկական շարքս է, նոր գործեր եմ ներկայացրել, հիմնականում թղթով և տուշով կատարված։
-Արտասահմանում հաճախ եք շրջագայում, նաև ապրում եք։ Ո՞ր երկրներում եք ցուցադրվել։
-ԱՄՆ-ում` դեռևս խորհրդային տարիներին, Գերմանիայի մի քանի քաղաքներում (Բեռլին, Վիսբադեն, Հալեզալե, Բրեխեն և այլն)։ Գերմանիայի երեք քաղաքների թանգարաններում կան իմ գործերը։ Նկարներս պահպանվում են նաև Իտալիայի և Հունգարիայի թանգարաններում։ Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի (ես սա ցավով եմ ասում), ստեղծագործություններս արտասահմանում հաճախ վաճառվում են` գրավելով իրենց տեղն այս կամ այն հավաքածուում և թանգարանում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ