USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Աֆտերշոկեր

Աֆտերշոկեր
19.06.2018 | 11:13

ՀՀԿ-ն, ինչպես և սպասվում էր, երեկ «հանձնեց» Մանվել Գրիգորյանին, այսօր ևս ԱԺ արտահերթ նիստում կողմ կքվեարկի նրա կալանավորմանը: Երեկ երեկոյան ՀՀԿ-ն դեռ խմբակցության որոշում չուներ` ինչպես է քվեարկելու, թեպետ տարբեր ՀՀԿ-ականներ ասում էին, որ իրենք կողմ են քվեարկելու: Ընդհանրապես երեկ ԱԺ ճեպազրույցներում այն տպավորությունն էր, որ պատգամավորները Լուսնից էին իջել ու նոր են իմացել, որ Հայաստանում կային անձեռնմխելի տարածքներ ու մարդիկ: «Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, որն առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ»` երեկ հայտարարեց ՀՀԿ-ն` ընդգծելով, որ «խոր ցավով և զայրույթով են ծանոթացել այդ տեսանյութին»:


«Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է»,- ասված է հայտարարության մեջ:
ԵԿՄ-ն նոր հայտարարություն չի արել, բայց նույնպես շոկի մեջ է ու ուզում է արտահերթ համագումար անցկացնել` նոր նախագահ ընտրելու համար: ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը խոսել է ԵԿՄ վարչության փոխնախագահի, ԵԿՄ մարզային խորհրդի նախագահի և ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի, ևս մի քանիսի հետ և նրանք ճիշտ են համարել ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելը և նոր ղեկավարություն ընտրելը։ Դա նշանակում է` ԵԿՄ-ն էլ հանձնեց իր նախագահին:


Երեկ կառավարությունն արտահերթ նիստ գումարեց, վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աղմկահարույց բացահայտումների համար: «Մենք գործ ունենք թերևս Երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Եվ սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երկար տարիներ մեր պնդումները, որ երկիրը սիստեմատիկ թալանվել է, հիմնավորվում են, և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն», - հայտարարեց վարչապետը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ հիմքեր կան Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար: ԱԱԾ տնօրենը նիստից հետո լրագրողներին ասաց, որ խուզարկությունների արդյունքներից անակնկալի չեն եկել ու տեղյակ էին, թե ինչ է սպասվում. «Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ մի տեղ ձևական: Մենք գնում ենք՝ հստակ ունենալով օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ մենք համոզվում ենք նախօրոք: ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտում է և սկսում է գործել, դուք իմացեք, որ այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան»:


Զարմանալի էր ու զարմանալի չէր Մանվել Գրիգորյանի նամակը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ բացահայտորեն գրված էր փաստաբանի ձեռքով. «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև ՀՀԿ արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խոր, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։ Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել ԵԿՄ-ին սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ ԵԿՄ-ն կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։ Քանի որ չունեմ որևէ ցանկություն խոչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»` գրել էր Մանվել Գրիգորյանը:


Կառավարության նիստից հետո ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքները ԵԿՄ-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. «Երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է ՊՆ ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ, երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Թե կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սննդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը»:


Ինչ կլինեն Մանվել Գրիգորյանի «պահուստները», հայտնի չէ, բայց գոնե երեխաների նամակները պիտի հասնեն հասցեատերերին: Երբեք որևէ նամակ ուշացած չի լինում, եթե գրված է սիրով: Երևանի կենդանաբանական այգին էլ պատրաստ է վայրի կենդանիներին վերցնել ու պահել: Այն տպավորությունն է, որ բոլորը սկսել են կիսել արջի մորթին, որը դեռ խփված չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Էջմիածինը այսօր ցնծության մեջ էր` քաղաքապետից էր ազատվել: Հանրահավաք չէին անում ոչ նրա կողմնակիցները, ոչ հրաժարականը պահանջողները: Ասում էին` նոր կյանք են սկսելու: ԱԺ-ն այսօր կքննարկի և վստահաբար փակ, գաղտնի քվեարկությամբ անձեռնմխելիությունից կզրկի Մանվել Գրիգորյանին` ԱԱԾ-ի տեսանյութից հետո այլ ելք չի մնում: Հետաքննությունը չի կարող ու չպիտի միայն Մանվել Գրիգորյանին վերաբերի` նման պաշարները բազմաթիվ մարդկանց ձեռքի տակով են անցել` մինչև նրան հասնելը: Զինվորից գողացածը ոչ ոք չի մարսի: Իսկ ընդհանրապես` հուզական գնահատականները հասկանալի են, բայց հույզերն անցնում են, կարևորը ճշմարտությանը հասնելն է և ամբողջ ցանցը պարզելը: Առանց հույզերի ու հետևողականորեն: Պաշտպանվելու հնարավորություն տալով գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին ու ապահովելով նրա անվտանգությունը` չափազանց շատ մարդիկ կցանկանան, որ նա չհասնի դատավարության: Թեկուզ` առողջական խնդիրների պատճառով:

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao