USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Թուրքիա- ԱՄՆ` С-400-ների խաղաքարտը մնում է խաղի մեջ

Թուրքիա- ԱՄՆ` С-400-ների խաղաքարտը մնում է խաղի մեջ
20.06.2018 | 08:52

ԱՄՆ-ի Սենատը օրինագիծ է ընդունել 2019 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին, որտեղ ներառված է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումն արգելող լրացում: Reuters-ը հաղորդում է, որ հինգերորդ սերնդի կործանիչները Անկարային չեն վաճառվի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհամոզի կոնգրեսականներին, որ Թուրքիայի գնած ռուսական զենիթահրթիռային С-400-ները չեն սպառնում ՆԱՏՕ-ին: Հարց է ծագում` իսկ կցանկանա՞ Թրամփը ԱՄՆ օրենսդիրներին համոզել, եթե այո` կկարողանա՞: Վաշինգտոնը բազմիցս իր զայրույթն է հայտնել, երբ ՆԱՏՕ-ի երկրները ցանկացել կամ գնել են ռուսական հակահրթիռային համակարգեր: Թուրքիայի առնչությամբ նույնիսկ սպառնացել է պատժամիջոցներ սահմանել: Անկարայի վրա հզոր տեղեկատվական գրոհ կազմակերպվեց:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական ՈՒես Միտչելը նախազգուշացրեց Թուրքիայի իշխանություններին, որ С-400-ների պայմանագիրը իր ազդեցությունը կունենա Թուրքիայի մասնակցության վրա համատեղ ռազմարդյունաբերական նախագծերի, այդ թվում` F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության: Խոստացավ գործարքի վրա տարածել CAATSA-ի օրենքը (2017-ի ամռանը նախագահը ստորագրեց «Պատժամիջոցների օգնությամբ ԱՄՆ-ի հակառակորդների դիմակայության» օրենքը), որ արդեն կիրառվել է Ռուսաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրենքի 231-րդ մասը նախատեսում է արգելանքներ երրորդ երկրների նկատմամբ, որ համագործակցում են ռուսական պաշտպանական ու հետախուզական ձեռնարկությունների հետ: Թուրքիան ներգրավված էր F-35-ների մշակման նախագծում և մտադիր էր 100 կործանիչ գնել: Առաջին կործանիչը արդեն հունիսի 21-ին պիտի ուղարկվեր: Այնուամենայնիվ, Անկարան կտրուկ արձագանքեց: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «Թուրքիան առանց այլընտրանքի չի մնա կործանիչների հարցում և ձեռք կբերի Ռուսաստանից կամ ՆԱՏՕ-ի այլ երկրից»: Yeni Safak-ը գրեց, որ Անկարան «դիտարկում է Մոսկվայից Су-57 կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35-ներ տրամադրել»:

Ի պատասխան Թուրքիային, թեկուզ ոչ ուղղակի, սպառնացին ալյանսից վտարել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցը ուղիղ դրեց` «Թուրքիան պիտի մնա ՆԱՏՕ-ում, սակայն նրա գործողությունները պետք է փոխվեն, որ համապատասխանեն ալյանսի քաղաքականությանը»: Չլռեցին և ՆԱՏՕ-ի գեներալները, որ սկզբում ռուսական համակարգերի գնումը չէին կապում ալյանսի հակահրթիռային պաշտպանության հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ասում էր, որ С-400-ներ գնելու Թուրքիայի ծրագրերը նրա ներքին գործն են: «Դա ազգային որոշում է: Մեզ համար կարևոր է, որ համալիրը ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգում»` ճշտում էր Ստոլտենբերգը: Արդեն հետո Բրյուսելում խոսեցին ՙՌուսաստանի ժամանակակից պաշտպանական բարձրտեխնոլոգիական արտադրանքի առաջին ներթափանացման մասին ՆԱՏՕ-ի երկիր», թեպետ 1990-ականներին Մոսկվան իր հակահրթիռային համակարգերը վաճառել է Հունաստանին (С-300ПМУ-1 և «Тор-М1»): ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար ՈՒիլսոն Խիզերը նշեց, որ «Թուրքիայի` С-400-ների գնումը խնդիր չէ ՆԱՏՕ-ի ալյանսի տեսակետից, ԱՄՆ-ը խնդրի մի մասն է Անկարայի այդ գնումի առնչությամբ»: Նրա խոսքով` «կան օպերացիոն խնդիրներ` Թուրքիայում կոնկրետ որտե՞ղ են տեղակայվելու F-35 կործանիչների ԱՄՆ-ի ենթադրյալ մատակարարումները» և ՙմենք չենք ցանկանում, որ թուրքերը այդ ինքնաթիռները С-400-ներին մոտ տեղակայեն»:

Օրերս թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին հարցի անդրկուլիսային կողմի մասին: Milli Gazete-ը, Hürriyet-ը և այլ թերթեր կապում էին գործարքը Մանբիջի հարցով Անկարայի ու Վաշինգտոնի համաձայնության հետ: ԱՄՆ-ը Թուրքիայի համար ընդունելի պայմաններ էր ներկայացրել սիրիացի քրդերի հարցում` Ռուսաստանից С-400-ների գնումից հրաժարվելու դիմաց: Վաշինգտոնում հարցը քննարկել են Չավուշօղլուն ու Պոմպեոն: Նկատի ունենալով, որ գործարքից Անկարայի հրաժարումը կարող է բարդություններ հարուցել ռուս-թուրքական հարաբերություններում, առաջարկվում էր «երկարաձգել С-400-ների մատակարարումը», որ Թուրքիայի տարածքում համակարգերը կիրառեն բացառապես թուրք, այլ ոչ ռուս զինվորականները: Այդ թեման քննարկվեց և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում` թե դեմ առ դեմ, թե հեռախոսով: Թրամփի տեսակետով` ԱՄՆ-ը կարող է Թուրքիային անհապաղ վաճառել Patriot հրթիռներ: Անկարան պատասխանեց, որ առաջարկը կարող է քննարկվել բացառապես «Կոնգրեսի տված երաշխիքների պայմաններում»: Բայց ԱՄՆ Սենատն արդեն կողմնորոշվել է: Hürriyet-ը բնավ ոչ հռետորական հարցադրումներ է արել` «ՈՒ՞մ դեմ են օգտագործվելու С-400 համակարգերը, եթե ոչ ՆԱՏՕ-ի երկրների ու առաջին հերթին ԱՄՆ-ի: Ռուսաստանի՞ դեմ, ումից գնում ենք, թե՞ մեր տարածաշրջանի մուսուլմանական երկրների: Մի՞թե երկրները, որ հիմա սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանում, նախ և առաջ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն: Եթե С-400-ները հնարավոր չէ օգտագործել այդ սպառնալիքների դեմ, ո՞րն է գնելու իմաստը: Ակնհայտ է, որ Մանբիջի հարցում համաձայնությունը ձեռք է բերվել երաշխիքների տրամադրումով` չօգտագործել հրթիռային համակարգերը, որ մենք գնում ենք: Լավ, այդ դեպքում ինչու՞ ենք գնում»: Միով բանիվ, Թուրքիայի ու ԱՄՆ-ի անդրկուլիսային առևտուրն ավարտված չէ և շարունակվում է: Թեպետ հրապարակավ Անկարան հայտարարում է, որ «Թուրքիան ամերիկյան կառավարման տակ չէ և անկախ երկիր է», իսկ ՙԱՄՆ-ը այլևս ռազմական տեխնիկայի էքսկլյուզիվ մատակարար չէ, մենք կարող ենք գնել այլ պետություններից, մեր ամերիկյան բարեկամները դեռ հույս ունեն, որ տիրապետում են մեզ վրա ճնշման լծակների, բայց արդեն կորցրել են»: Ինտրիգն այլ տեղ է:


Շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիային F-35-ի մատակարարումն արգելող Սենատի գործողությունները կարող են օգնել Էրդողանին հաղթել հունիսի 24-ի նախագահական ընտրություններում` օգտագործելով իր դրոշի տակ հավաքելու էֆեկտը: Մյուս կողմից` Թուրքիան խոստանում է պատասխան պատժամիջոցներ մտցնել ԱՄՆ-ի նկատմամբ: Գերմանական Die Zeit-ը գրում է, որ հարցին` ինչպե՞ս է Անկարան պատրաստվում պատասխանել հնարավոր պատժամիջոցներին, Չավուշօղլուն պատասխանել է. ՙԵթե նրանք ցանկանում են պատժել Թուրքիային պատժամիջոցներով, Անկարան այլ կերպ կարձագանքի` քան Ռուսաստանը կամ մյուս երկրները»: Թուրքիայի Կենտրոնական բանկը արդեն տուն է վերադարձրել իր ոսկու պաշարները (220 տոննա), որ պահվում էին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգում: ՈՒրիշ ի՞նչ: Թուրքական Odatv.com-ը շարադրում է պատասխան գործողությունների հնարավոր ծրագիրը` ԱՄՆ-ի համար փակել ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազան, պահանջել Թուրքիայի տարածքից հանել ԱՄՆ միջուկային զենքը, փակել ԱՄՆ-ի հյուպատոսությունը Ադանայում: Առաջարկվող միջոցների գործնական կիրառումը կնշանակի. առաջին` Վաշինգտոնին զրկել սիրիացի քրդերին ռազմատեխնիկական աջակցության հնարավորությունից, երկրորդ` ամերիկացիներին վտարել Թուրքիայից: Պատրա՞ստ է Էրդողանը այդքան վճռական քայլերի: Նրան մերձ որոշ փորձագետներ հուշում են, որ Վաշինգտոնի հետ երկխոսության մեջ «պետք է ավելի վճռական խաղարկել ռուսական խաղաքարտը», հայտարարել նույնիսկ անհրաժեշտության դեպքում ռուսական միջուկային հովանոցով պաշտպանվելու հնարավորության մասին: Պետք չէ մոռանալ, որ երբ Անկարան մի անգամ որոշեց ամերիկացիների առաջ փակել Ինջիրլիքի ռազմաբազան, հետևեց գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենի 1980-ի հեղաշրջումը: 2016-ի հուլիսի 16-ին Թուրքիայում արդեն պետական հեղաշրջման փորձ եղել է: Առայժմ С-400-ների խաղաքարտը մնում է մեծ խաղի մեջ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Էրդողանի համար ամենավճռական օրերն են, նա պատրաստ է ցանկացած գործարքի ու համաձայնագրի, ամեն ինչի, որ մնա նախագահ ու ԱԶԿ-ն հաղթի ընտրություններում: Ոչ ոք, իհարկե, չի նկատել, որ այս պահին Թուրքիայի ղեկավարը վարչապետ Բինալի Յիլդիրիմն է, որովհետև Թուրքիան դեռ խորհրդարանական հանրապետություն է, իսկ ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը կլինի նախագահական կառավարմամբ երկրի նախագահ: Եվ գուցե նույնիսկ հատուկ դրությունը հանի: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ Էրդողան կլինի հունիսի 25-ին ու հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao