Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արդեն կես դար նա բեմում է

Արդեն կես դար նա բեմում է
20.06.2018 | 12:45

Հունիսի 20-ին` ժամը 19:00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի ծննդյան 70 և ստեղծագործական 50 ամյակներին նվիրված երեկո: Արդեն կես դար նա բեմում է, խաղացել է բազում դերեր, կերտել հետաքրքիր ու մեկը մյուսին չնմանվող կերպարներ։

Ասում է, որ մասնագիտության ընտրության հարցում կարևոր դեր է խաղացել հայրը՝ սիրված դերասան Պարույր Սանթրոսյանը։ Ազգանունն ինքնին պարտավորեցնող էր, նշաձողը միշտ պիտի բարձր լիներ։

«Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ կամ իրավաբան: Հայրս պնդում էր, որ Սանթրոսյան ազգանունը բեմից չպետք է իջնի: Ու նա եղավ իմ առաջին ուսուցիչը, քննադատը, ոգեշնչողը: Նրանից շատ շնորհակալ եմ, որ արգելք չեղավ, ու երբևէ որևէ ակնարկ չարեց, թե ինչի ընտրեցիր այս մասնագիտությունը: Անշուշտ, շատ դժվարությունների էի հանդիպում, ու երբ նա տեսնում էր, որ թևաթափ եմ լինում, անմիջապես ոգեշնչում էր։ «Բեմում լինում են և´ անկումներ, և´ վերելքներ, հաջողություններ ու անհաջողություններ։ Արվեստագետը պետք է հաղթահարի այդ ամենը»,- ասում էր հայրս: Ես միշտ մտածել եմ, որ հայրս բավական բան է արել մեր թատրոնի համար: Եվ ես իմ առջև խնդիր դրեցի, որ ամեն դեպքում նշաձողը չիջեցնեմ», - պատմում է Ա. Սանթրոսյանը:


Խոսելով մասնագիտության մասին, Ա. Սանթրոսյանն ընդգծեց. «Անկեղծ ասած, իմ կյանքն առաջին հերթին թատրոնն է, հետո նոր մնացածը։ Հանուն թատրոնի ես պատրաստ եմ զոհաբերությունների գնալ ու գնացել եմ... Ինձ համար թատրոնն այն հեքիաթային աշխարհն է, որտեղ չես դադարում զարմանալ, չես կարող ձանձրանալ, եթե իսկապես նվիրված ես բեմին, սիրում ես գործդ: Իսկ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, նաև շարունակում եմ հորս արած աշխատանքը, որը, ցավոք, կիսատ մնաց. նա շուտ հեռացավ կյանքից»:
Ըստ Ա. Սանթրոսյանի, բեմը կարող է «ապտակել». «ՈՒմ մոտ տարիների ընթացքում բեմ մտնելը դառնա սովորական մի բան, ավելի լավ կլինի նա թողնի թատրոնը: Անկեղծորեն եմ ասում։ Մենք հիմնականում խաղում ենք երեխաների համար, ու ամեն անգամ խաչակնքվում եմ բեմ մտնելուց առաջ, որովհետև դերասանն իրավունք չունի հուսախաբ անելու հանդիսատեսին։ Եթե դու բեմին մոտեցար իմիջիայլոց, բեմը թղթի նման կճմռթի ու կշպրտի քեզ։ Երիտասարդներին միշտ խորհուրդ եմ տալիս՝ բեմում կիսատ-պռատ բան մի արեք: Ձեր ամբողջ էներգիայով պետք է մտնենք բեմ ու այդպես էլ դուրս գաք»:


Հարցին, թե երազած դերեր ունի, Ա. Սանթրոսյանի պատասխանը հետևյալն էր. «Ես երկու դերի մասին եմ երազել: Մեկը մեր թատրոնում բեմադրել հնարավոր չէր՝ Շեքսպիրի «Ռիչարդ երրորդը»։ Դա մեր թատրոնի պրոֆիլը չէ, հիմա էլ երազում եմ խաղալ Լիր Արքա: Մոնոներկայացում խաղացել եմ, բաց եթե ամբողջությամբ բեմադրվե՜ր... Դա եմ երազում։ Յուրաքանչյուր դեր ստանձնելիս աշխատում եմ իմ հնարավորության սահմանում հետաքրքիր կերպար դարձնել»:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ