Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնն ու Մերկելը Մեզեբերգում փոխում են ԵՄ-ն

Մակրոնն ու Մերկելը Մեզեբերգում փոխում են ԵՄ-ն
21.06.2018 | 10:16

Հունիսի 19-ին, ԵՄ սամմիթից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցել են Բեռլինի մերձակայքում: Գլխավոր թեման միգրացիոն քաղաքականությունն էր, որի պատճառով Գերմանիայի կառավարությունը հրաժարականի եզրին է: Բացի այդ` Անգելա Մերկելը հայտարարեց, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն են ստեղծել առանձին բյուջե եվրագոտու համար: Մակրոնի ու Մերկելի հանդիպումը Բեռլինից հյուսիս կառավարական Մեզեբերգ նստավայրում էր: Հանդիպման արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսում Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ հիմա Եվրոպան «քաղաքակրթական ընտրության առաջ է»` նրանց միջև, որ ուզում են Եվրոպան քանդել, և նրանց միջև, որ ուզում են միասնական Եվրոպան առաջ ընթանա: Մինչ այդ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո լը Մերն ավելի կատեգորիկ էր եղել: Նա հայտարարել էր, որ Եվրոպան «տրոհվում է մեր աչքի առաջ», որովհետև երկրները փորձում են իրենց ազգային մակարդակում լուծել խնդիրները, որ պետք է լուծվեն համաեվրոպական մակարդակում:


Մերկելի ու Մակրոնի բանակցությունների գլխավոր թեման միգրացիոն ճգնաժամն էր, որ սպառնում է եվրոպական միասնությանը և Գերմանիայի կառավարությանը:
Իտալիայի նոր իշխանությունները վերջերս եվրոպական քաղաքական սկանդալ սադրեցին` հրաժարվելով ընդունել փրկված միգրանտներով «Ակվարիուս» նավը: 600 միգրանտներ ծովում անցկացրին մի շաբաթ ու ափ իջան Իսպանիայում: Այդ «անհարմար քաղաքական ֆուտբոլն» ավելի սրեց հակասությունները ԵՄ-ում: Կոնֆլիկտը գագաթնակետին է հասել և Գերմանիայի իշխող կոալիցիայում: ՆԳ նախարար Հորստ Զեհոֆերը` քրիստոնեասոցիալիստների նախագահը, Անգելա Մերկելին ուլտիմատում է տվել: Եթե ԵՄ սամմիթում կանցլերին չհաջողվի միգրանտների հոսքի կրճատման հասցնել, կոալիցիան կարող է քանդվել: Փարիզում ու Բեռլինում վստահ են, որ միգրացիայի խնդիրը պետք է լուծվի համաեվրոպական մակարդակում` ուժեղացնելով Frontex գործակալությունը, որ պաշտպանում է ԵՄ արտաքին սահմանները` գրում է AFP-ն: Էմանուել Մակրոնը մամլո ասուլիսում միգրացիոն մարտահրավերին համաեվրոպական պատասխանի կոչ արեց: Մերկելն ու Մակրոնը կողմ են Դուբլինի համաձայնության փոփոխությանը, որի պատճառով փախստականների ընդունման հիմնական բեռը Հունաստանի ու Իտալիայի վրա է` գրում է AFP-ն: Մակրոնը Մեզեբերգում հայտարարեց, որ Ֆրանսիան ու Գերմանիան կջանան պայմանավորվել ԵՄ մյուս երկրների հետ, որ «միգրանտներին որքան հնարավոր է արագ ընդունեն այնտեղ, որտեղ նրանք գրանցվել են» ԵՄ հասնելով: Փախստականների մեծամասնությունը Գերմանիա ու Ֆրանսիա է մտնում Իտալիայով, որտեղ նրանց պետք է գրանցեն EURODAC համակարգում: Հենց այդ հարցն է դարձել Գերմանիայում կառավարման ճգնաժամի պատճառ: ՆԳ նախարար Հորստ Զեհեֆերը ցանկանում է փակել սահմանները ԵՄ այլ երկրներում գրանցում ունեցող միգրանտների առաջ:


Բանակցությունների ևս մեկ կարևոր թեմա էր եվրագոտու բարեփոխումը: Անգելա Մերկելը հաստատեց, որ Ֆրանսիան ու Գերմանիան ցանկանում են ստեղծել եվրագոտու առանձին բյուջե: Մակրոնն ասաց, որ դա կարող է լինել 2021-ից: Բայց Փարիզի այդ նախաձեռնությանը Բեռլինում միանշանակ չեն վերաբերում: Իշխող ՔԴՄ-ՔՍՄ դաշինքի աջ թևը զգուշանում է, որ Գերմանիան ստիպված կլինի վճարել ԵՄ հարավային երկրների համար: Ձախերը Անգելա Մերկելին կոչ են անում «ժլատություն չանել» ու աջակցել Մակրոնին: Մերկելն արդեն զգուշացրել է, որ կհամաձայնի տասնյակ միլիարդների, բայց ոչ հարյուրավոր միլիարդների բյուջեին, ինչպես ուզում է Փարիզը: Առաջարկվում է նաև ընդլայնել Եվրոպական կայունացման մեխանիզմի` եվրագոտու երկրների ֆինանսական կայունացման հիմնադրամի, իրավասությունները: Հիմնադրամը կարող է պարտք տալ ճգնաժամի զոհ երկրներին, որ առաջացել են արտաքին գործոններով ու կապ չունեն պետական պարտքի հետ և կարող է դառնալ փրկօղակ սնանկացման եզրին հայտնված բանկերի համար: Փարիզը ցանկանում է ավարտել ԵՄ բանկային միության ձևավորումը ներդրումների ապահովագրման ընդհանուր համակարգով: Բայց Գերմանիայում կարծում են, որ բանկերը նախ պետք է առողջացման գործընթաց անցնեն ազգային մակարդակով: Ֆրանսիան ու Գերմանիան կարող են համաձայնության գալ նաև բիզնեսի հարկահանության հարցում (խոսքը եվրագոտում եկամտահարկի միասնականացման մասին է):


Դոնալդ Թրամփի հովանավորչական քաղաքականության համապատկերում Գերմանիան աջակցում է անկախ Եվրոպայի տեսլականին նաև պաշտպանական ոլորտում: Անգելա Մերկելը հավանություն է տվել միասնական եվրոպական պաշտպանական համակարգի ստեղծման Ֆրանսիայի նախաձեռնությանը: Ֆրանսիայում կարծում են, որ այդ նախաձեռնությունը հնարավորություն կտա Մեծ Բրիտանիային շարունակել եվրոպական նախագծերին մասնակցությունը բրեկզիտից հետո, Գերմանիայիում կարծում են, որ նախագծին կարող են մասնակցել միայն ԵՄ անդամները:
RFI


Հ.Գ. Ահա այսպիսի ԵՄ` ըստ Մակրոնի ու Մերկելի: Ֆինանսներ, տնտեսություն, պաշտպանություն, միգրանտներ` այս հարցերը կգերակայեն նաև ԵՄ առաջիկա սամմիթում և ֆրանսգերմանական տանդեմը կփորձի հաջողության հասնել եվրասկեպտիկների ու եվրաջատագովների հետ բանակցություններում: Բոլոր դեպքերում` ակնհայտ է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ից անկախանալու քաղաքականություն է սկսել, և դա պատասխանն է Դոնալդ Թրամփի «Նախ և առաջ Ամերիկան» քաղաքականության: ԵՄ-ն բավականին ծանրաշարժ կառավարման մեխանիզմ ունի, ի՞նչ կկատարվի, եթե 2 տարուց Դոնալդ Թրամփը չվերընտրվի և ԱՄՆ հաջորդ նախագահը վերադառնա ԵՄ-ի հետ համագործակցությանը տնտեսության ու պաշտպանության, անվտանգության ապահովման ոլորտներում: Եթե Եվրոպան սեփական պաշտպանությունը ուզում է իր ձեռքը վերցնել, ի՞նչ է անելու ՆԱՏՕ-ն: Բոլոր այս խնդիրները վերաբերում են նաև մեզ և միանշանակ ազդեցություն են ունենալու Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքի վրա: Ոչ միայն ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու հետևանքով: Աշխարհաքաղաքականություն է փոխվում և պետք է պատրաստ լինել բոլոր փոփոխություններին: Ի վերջո` չի բացառվում, որ նաև ՌԴ-ԵՄ հարաբերությունները կարգավորվեն և այդ դեպքում սկսվելու է համագործակցության նոր որակ ու նոր մակարդակ: Հայաստանը պետք է խնդրողի ու աջակցություն ստացողի կարգավիճակից դուրս գա ու գործընկերոջ կարգավիճակում հարաբերվի աշխարհի հետ` սա է առաջնահերթ քաղաքական ու տնտեսական խնդիրը, որ հնարավորինս արագ պետք է լուծվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ