Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը բանակցություններն անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել»

«Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը բանակցություններն անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել»
22.06.2018 | 01:58

Առաջնագծում լարվածությունը շարունակում է պահպանվել: Նախօրեին Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքում իրավիճակի վերաբերյալ գրառում էր արել՝ մասնավորապես նշելով, որ ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում պարբերաբար ակտիվանում է. զինտեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր ուղղություններով: «Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ): Արդեն 2 ամիս է` առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում: Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները», փաստել էր Արցախի նախագահի խորհրդականը: «Իրատեսի» հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ այս առնչությամբ մի քանի դիտարկում արեց:


-Այս տարվա ապրիլից շփման գծում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, ինչը պարբերաբար բարձրաձայնում են Արցախի պետական այրերը: Բանակցային գործընթացին էլ Նիկոլ Փաշինյանը այլ նրբերանգ հաղորդեց, հայտարարելով, թե չի պատրաստվում Արցախի անունից բանակցելու: Ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու այս իրավիճակը, պարոն Մելիքյան։
-Այո, այդ կուտակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություն է տարածվում: Միևնույն ժամանակ նկատելի է նաև այն, որ շփման գծում հակառակորդի գործողությունների արդյունք հանդիսացող մահացու ելքով զինված միջադեպերի քանակն էապես նվազել է: Այսինքն, մի կողմից ադրբեջանական զինված ուժերն ի ցույց են դնում սեփական ակտիվությունը տեղաշարժերի և կուտակումների միջոցով, մյուս կողմից սահմանափակել են այդ ակտիվությունը զինված միջադեպերի հրահրման ու դիպուկահարների պատերազմի մասով: Ինչ վերաբերում է ՀՀ նորընտիր վարչապետի բանակցային մոտեցումներին, նա ոչ միայն ասել է, որ իրեն իրավասու չի համարում բանակցություններում հանդես գալու նաև արցախահայության անունից, այլև բացառել է «ԼՂ ադրբեջանական համայնք» եզրույթի քաղաքական շրջանառման հնարավորությունը: Պարոն Փաշինյանն իրավացիորեն պնդում է, որ նախկինում ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ և, այդպիսով, հենց նախագահ Ալիևն ունի բանակցություններում նրանց ներկայացնելու լիազորություն: Մինչդեռ, մերօրյա Արցախը բանակցություններում կարող է ներկայացված լինել բացառապես սեփական ընտրված իշխանությունների միջոցով: Ստեղծված իրավիճակը կարող է հաղթահարվել հակամարտության կողմերի և միջնորդների համար ընդունելի բանակցային նոր մոտեցումների կիրառման դեպքում:
-Ռազմական գործողություն վերսկսելու հավանականությունը որքա՞ն է:
-Մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը ռազմական գործողությունների վերսկսման վտանգը բարձր է լինելու: Առանց փակագծերը բացելու ասեմ, որ այս ընթացքում մենք պետք է ամեն րոպե պատրաստ լինենք նոր Սարդարապատի: Այս առումով ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, ԱԱԾ-ը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները լրջագույն անելիք ունեն:
-Ձեր կարծիքով, այս պահին ի՞նչ դիվանագիտական աշխատանքներ պետք է իրականացնի հայկական կողմը, որ և՛ Արցախը բանակցությունների սեղանի շուրջը նստի, և՛ Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխվի:
-Նախ` հարկավոր է հստակ գիտակցել, որ մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել, երկխոսությունը պետք է ծավալվի բացառապես հրադադարի ռեժիմի պահպանման ու ապահովման տեխնիկական խնդիրների քննարկման շրջանակներում: Իսկ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները ճիշտ կլինի, որ բոլոր պատասխանատու օղակներում համակարգված մասնագիտական աշխատանք տարվի նոր բանակցային մոտեցումներ մշակելու և դրանց ներդրումը նախապատրաստելու ուղղությամբ:
-Ի՞նչ եք կարծում, գերտերությունների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների համար ընդունելի՞ է Հայաստանի իշխանությունների այս նոր պայմանը, որ Արցախը պետք է կրկին բանակցային կողմ լինի, և այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել նրանց աջակցությունը:
-Աջակցություն ստանալու համար պայմաններ դնելը լավագույն ձևը չէ: Աջակցություն ստանալու համար կոնկրետ քաղաքական հետևանքներ նախատեսող գործողություններ են անհրաժեշտ:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ