Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սկսել են վնասազերծել վնասազերծողներին

Սկսել են վնասազերծել վնասազերծողներին
22.06.2018 | 02:02

Հավանաբար պետք չէ զարմանալ, որ Մանվելգեյթի էմոցիոնալ ֆոնին մի տեսակ երկրորդ պլան մղվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բավականին տարօրինակ և սենսացիոն հայտարարությունը։ Նա նշեց, որ ստանում են տարբեր ինֆորմացիաներ որոշ խմբերի կողմից իրենց վնասազերծելու մասին։ Նա նաև հավաստիացրեց, որ դա չի հաջողվի։ Երբ Արթուր Վանեցյանը խոսում էր իրենց վնասազերծելու մասին, նկատի ուներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բառացիորեն ասվեց հետևյալը. «Անկեղծ ասած, ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել մեզ: Բայց չի ստացվի: Վարչապետի հետ կապված՝ նույնը, բայց կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ նման քայլի դիմել»։

Սա ԱԱԾ ղեկավարի կողմից ասված ուղղակի խոսք է, ինչն առավել քան լուրջ հայտարարություն է։ Սակայն պետք է նկատել, որ հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ մոտավորապես նույն նոտաները կային անձամբ Նիկոլ Փաշինյանի խոսքում, որը նա ասել էր Մանվել Գրիգորյանի ձերբակալման հետ առնչվող տեսանյութի հրապարակումից առաջ։ Կառավարության ղեկավարը նշել էր՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինքը հետևողական է և չի պատրաստվում որևէ մեկի հետ փոխզիջման գնալու։ Այս պարագայում պարզ է, որ կան փող, տարբեր լծակներ, ազդեցություններ ունեցող մեծաթիվ զինված մարդիկ, որոնք իրենց ռեսուրսներով ցանկանում են պայքարել իր և իր թիմակիցների դեմ։ Ըստ էության, ստացվում է, որ պետության առաջին դեմքն ու երկրի ազգային անվտանգության համար պատասխանատուն պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստանում կան խմբեր, որոնք փորձում են վնասազերծել իրենց և կանգնեցնել կոռուպցիայի դեմ պայքարը։


Մինչդեռ սա նշանակում է, որ երկրում կան առնվազն պետական հեղաշրջման միտումներ։ Սովորաբար նման դեպքերում երկու տարբերակ կարելի է դիտարկել։ Առաջինը՝ կա օպերատիվ տեղեկություն, և դա կանխելու համար իրավապահ համակարգը, առաջին հերթին՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ձեռքերը ծալած չեն նստելու և անմիջապես անցնելու են գործողությունների, որպեսզի թույլ չտան՝ գործը հասնի զինված պայքարի։ Եվ երկրորդ տարբերակը, որը սովորաբար տեղի է ունենում հեղափոխություններից հետո, այս կամ այն ձևով հայտարարվում է, թե հակահեղափոխությունը փորձում է հակադարձել հեղափոխությանը, կա իրավիճակը զինված խմբերով փոխելու փորձ, և այդ հայտարարությունը հիմք է հանդիսանում, որպեսզի արձակվեն հեղափոխության ձեռքերը, և երկրում կանխարգելիչ գործողություններ սկսվեն։


Բայց ի՞նչ է կատարվում իրականում։ Տվյալ դեպքում, իհարկե, դժվար է միանշանակ գնահատել, թե ռևանշիստական խմբերը որքան են պատրաստ ինչ-ինչ գործողություններ անելու, սակայն երբ հարցը դիտարկում ենք վերջին հայտարարությունների համատեքստում, ապա չի բացառվում, որ իրականում Մանվել Գրիգորյանի վնասազերծումն ու զինաթափումը կարող են լինել նաև շատ ավելի բարդ ու վտանգավոր խաղի օպերատիվ տվյալների իրացում։ Եվ որ սա ոչ թե առանձին դրվագ է, որը պետք է դիտարկել միայն կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, այլ նախապատրաստվող գործողությունների շղթայի մի օղակ։ Այնպես որ, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանին առնչվող բացահայտումները կապված են երկրում նախապատրաստվող իրադարձությունների հետ, ինչի մասին նշում էր ԱԱԾ ղեկավարն ու ակնարկում երկրի վարչապետը։


Այս առումով շատ տրամաբանական է, որ տարբեր գործիչների և խմբերի զինաթափման գործընթացը շարունակվեց նաև հետագայում։ Անմիջապես այս դեպքից հետո մեկ այլ հայտնի նախկին պաշտոնյայի՝ ՊԵԿ նախկին նախագահի և նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության երկարամյա ղեկավարի նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացվեցին, և վերջինիս թիկնազորը նույնպես զինաթափվեց։ Սա վկայում է, որ կա հստակ միտում. սկսել են զինաթափել մարդկանց, որոնք, հնարավոր է, կարող են վտանգ ներկայացնել։ Ամենայն հավանականությամբ, այս գործընթացը կարող է շարունակական լինել։ Եվ որպեսզի շատ մեծ աղմուկ չբարձրանա, իշխանությունները փորձում են կետային հարվածներ հասցնել՝ դրանով նաև որոշակի նախազգուշական մթնոլորտ ստեղծելով։ Այս գործելաոճով, ըստ էության, կառավարությունն ակնարկում է որոշակի շրջանակներին չներքաշվել ինչ-ինչ պրոցեսների մեջ։


Չի բացառվում, որ առկա քողարկված լարվածությամբ է բացատրվում Նիկոլ Փաշինյանի բավականին նյարդային արձագանքը որոշ հեռուստաընկերությունների գործունեությանը, որոնք վարչապետն անգամ բնորոշեց «հակապետական»։
Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի բոլոր առումներով բավականին բովանդակալից այցն Արցախ։ Ինքնին հասկանալի է, որ այցն ուներ ընդգծված ռազմաքաղաքական՝ երկրի անվտանգության հարցերին առնչություն ունեցող բնույթ։ Բայց չի բացառվում, որ կար նաև մեկ այլ, այսպես ասած, չերևացող նրբերանգ այդ այցում։ Ըստ էության, ՀՀ վարչապետը կարող էր մտահոգված լինել, թե Արցախում գուցե լինեն ուժեր, որոնք ինչ-որ փուլում շահագրգիռ լինեն խառնվելու հայաստանյան հնարավոր ներքին զարգացումներին։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարողացավ համաձայնության գալ Արցախի իշխանությունների հետ։ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ լիակատար աջակցություն է ցուցաբերում Արցախի նախագահ Բակո Սահակյանի բարեփոխումներին՝ փաստացի հավաստիացնելով, որ մինչև 2020 թվականն Արցախում կարող են հանգիստ լինել ապագայի համար, և գոնե կտրուկ ներքաղաքական փոփոխություններ չեն նախատեսվում։ Մյուս կողմից էլ ընդամենը մեկ օր անց, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն Հայաստանում էր, և ամբողջ թափով ընթանում էր Մանվել Գրիգորյանի վնասազերծման գործընթացը, շատ յուրահատուկ և շատ խոսուն փաստ արձանագրվեց. Բակո Սահակյանը պատասխան ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ իր հերթին լիակատար աջակցություն հայտնելով ՀՀ կառավարության ղեկավարի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ ստացավ, որ Արցախն առնվազն լոյալ կվերաբերվի իրեն և ՀՀ նոր իշխանություններին։


Փաստորեն, Մանվել Գրիգորյանին առնչվող դեպքերը, բացի այն, որ շոկային ազդեցություն ունեցան հանրության վրա, նաև լուրջ վարկանիշ ապահովեցին իշխանության համար։ Ցույց տրվեց, որ իշխանությունը ոչ միայն խոսում է կոռուպցիան չեզոքացնելու մասին, այլև վճռական քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Եվ այս իրադարձությունները նաև մեսիջ էին քաղաքական դաշտի մյուս գործող անձանց, որոնք որոշակի հույսեր ունեն, որ գումարով, ազդեցությամբ կարող են չեզոքացնել իրենց սպասվող վտանգը։ Խոսքն առաջին հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է։ Վերջինիս ուղղակիորեն ցույց տրվեց, որ եթե իշխանությունը կարող է լուծել նույնիսկ ռազմական մեծ պոտենցիալ ունեցող ֆեոդալի հարցերը, որը տասնամյակների ընթացքում խորհրդանշում էր ամենաթողությունն ու ուժը, ապա միայն փողային ռեսուրսը վնասազերծելն առանձնապես դժվարություն չի հարուցի։ Ի դեպ, ինչպես ցույց տվեց ԱԺ-ում «Բարեգործության մասին» օրենքի շուրջ ծառուկյանականների ավելի քան զուսպ ու հեզ կեցվածքը (մի քանի օր առաջվա ըմբոստություններից հետո), այդ քաղաքական ուժն իրավիճակը սկսել է ադեկվատ գնահատել։
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կքանդվի Մանվել Գրիգորյանի հետ կապված կծիկը՝ բացահայտելով ռազմաքաղաքական ղեկավարության առնչություններն այս գործին։ Այդպիսով մի կողմից կթուլացնեն հնարավոր հակառակորդներին, մյուս կողմից պարբերաբար հանրությանը կներկայացվեն կոռուպցիայի, անօրինականության դեմ պայքարին առնչվող նյութեր, այն, ինչ հանրությունն այս պահին ամենաշատն է ցանկանում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ