«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-Իսրայել-Թուրքիան սկսել են շտապել Սիրիայում, իսկ Իրանն ավարտում է «իրաքյան գործերը»

ԱՄՆ-Իսրայել-Թուրքիան սկսել են շտապել Սիրիայում, իսկ Իրանն ավարտում է «իրաքյան գործերը»
22.06.2018 | 02:13

(Նախորդ մասը)

Արևմտյան, իսրայելական և մի շարք արաբական ԶԼՄ-ներ հաղորդում են մե՛կ «իրանցի զինվորականների», մե՛կ «կառավարամետ զինյալների» զոհվելու մասին։ Ե՛վ հարվածների, և՛ նրանց մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների քարոզչական բաղադրիչն առկա է, և նրա սուր ծայրն ուղղված է ինչպես Սիրիայի ղեկավարության, այնպես էլ Իրանի դեմ։ Օրինակ, ահա թե ինչ էր հաղորդում սիրիական պաշտոնական SANA տեղեկատվական գործակալությունը Հոմս նահանգի օդանավակայանի վրա հարձակման մասին. «Օբյեկտը ենթարկվեց հրթիռակոծման, բայց սիրիական ՀՕՊ համակարգը կարողացավ խոցել հրթիռների մեծ մասը»։ Գործակալությունը չի ճշտում` հրթիռակոծության հետևանքով զոհեր եղե՞լ են, նյութական վնաս հասցվա՞ծ է։ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` Էդ Դաբաս օդանավակայանի վրա արձակվել է 4 հրթիռ։ Բայց ո՞վ է արձակել, չի նշվում։ Հետաքրքիր է, որ Հոմսի օդանավակայանի գնդակոծման դեպքում բոլոր հակասիրիական և հակաիրանական կողմերը, այդ թվում` ԱՄՆ-ի Պենտագոնը, ընդգծված կերպով խույս են տալիս միջադեպին մասնակցությունից։ Հավանական մասնակից են մնում ԻՊ-ի կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման զինյալները կամ... Թուրքիան։

Օրինակ, Իդլիբ «ապառազմականացված գոտին» սահմանակից է Համա նահանգին, իսկ այնտեղից Հոմսը հեռու չէ։ Բայց ահաբեկիչներին որտեղի՞ց համազարկային կրակի համակարգեր, թեկուզ հնացած ԲՄ-21 «Գրադ» տիպի, չխոսելով արդեն այն մասին, թե ով է նրանց տրամադրել օդային միջոցներ, եթե դրանք եղել են հրթիռակոծմամբ օդային հարվածներ, եթե Հալեպ նահանգի զանազան «մաքրված» գոտիներից և Դամասկոսի շրջակայքից ահաբեկիչներին Իդլիբ են բաց թողել բացարձակապես առանց ծանր սպառազինության և այլն։


Եզրակացությունը մեկն է. ահաբեկիչներին համապատասխան սպառազինություն տրամադրում են կամ ԱՄՆ-ը` այն գոտիներում, որտեղից ՔԺԻ-ի քրդերի հետ շարունակում է վերահսկել Սիրիայի հյուսիս-արևելքի և Էդ Ռաքքա քաղաքի իրավիճակը, կամ էլ Թուրքիան Իդլիբից և օկուպացրած Աֆրին ու Էլ Բաբ քաղաքներից։ Դեյր էզ Զորում, Համայում և Հոմսում գործնականում բացառվում է Իսրայելի ավիացիայի մասնակցությունը: Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ՌՏՈՒ-ի ՀՕՊ-ՀՀՊ համակարգերն առանց դժվարության կգրանցեին ցանկացած իսրայելական ինքնաթիռի հայտնվելը և Սիրիայի ՀՕՊ-ի ուժերին կտրամադրեին թշնամու ավիացիան չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ։

Բացի դրանից, իսրայելցիները նախընտրում են հարձակվել Դամասկոսի արվարձանների վրա և հարվածներ են հասցնում Լիբանանի օդային տարածքից։ Այսպիսով, Դեյր էզ Զորի, Համայի և Հոմսի դեպքում «իրար հետ կռվող» Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությունն անվիճելի է։ «Ինչու՞» հարցը տեղին չէ. Մանբիջի հարցում Անկարայի և Վաշինգտոնի դաշնակցությունն ապացուցված է հենց թուրքերի և ամերիկացիների կողմից, իսկ դրա լրացուցիչ պատճառները մայիսի 23-ին բացահայտել է Սիրիայի վերոհիշյալ փոխարտգործնախարար Միքդադը։ Պարզվում է, որ մայիսին սիրիացիներն ու իրանցիներն սկսել են վերագործարկել Ռաքքա նահանգում Սիրիայի նավթահորերը։ Այսինքն, մի շարք քրդական ջոկատներ պարզապես կառավարությանն են փոխանցել այն, ինչն ամերիկացիները հանձնարարել էին «պաշտպանել Սիրիայից»։ Եվ ահա, ըստ Միքդադի, «ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը դիտավորյալ է գնդակոծում նավթահորերը, որ արաբական հանրապետության կառավարությունը չկարողանա օգտվել դրանցից»։

Մեր կարծիքով` մեկնաբանություններն ավելորդ են։

Իսկ ինչու՞ են Իրաքի իրադարձություններն ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա դաշինքին ստիպում շտապել Սիրիայում։ Բանն է, որ Իրաքի վերջին խորհրդարանական ընտրությունից հետո պարզվեց, որ խիստ ամերիկամետ ուժերը, եթե շարունակեն «խաղալ» Բաղդադում և հույս դնեն Բաղդադի ու Իրաքյան Քրդստանի (ԻՔ) տարաձայնությունների վրա, ապա դատապարտված են ակնհայտ պարտության։ Արդեն գրել ենք, որ անվիճելի էր շիական ընտրադաշինքների հաղթանակը, և «լոնդոնյան դրածոյի» համբավով ներկայիս վարչապետ Հայդեր ալ Աբադին իր «Ան Նասր» դաշինքով միակողմանիորեն Իրաքի նոր կառավարություն ձևավորելու ոչ մի հավանականություն չուներ։ Բայց ընտրություններում «Ալ Սայրուն» և «Ալ Ֆաթահ» դաշինքների արմատական շիաների հաղթանակը բոլորին կանգնեցրեց այն փաստի առաջ, որ Սիրիայում իրադրությունը շուտով արմատապես կփոխվի ոչ հօգուտ ԱՄՆ-Իսրայել-Թուրքիայի։ Ահա թե ինչու հիմա ամերիկյան և արևմտյան, անգամ որոշ ռուսական հանդեսներում ու ԶԼՄ-ներում հիշեցումներ և կանխատեսումներ հայտնվեցին, թե «Ալ Սայրուն» դաշինքի առաջնորդ, մեծ այաթոլահ աս Սադրը, իբր, «ԱՄՆ-ից և Իրանից հավասարահեռ» արաբ ազգայնական գործիչ է, և Իրաքի կառավարությունում նրա մասնակցության դեպքում բացառված չէ «Իրանի հեռացումն Իրաքից»։ Որոշ վերլուծաբաններ և փորձագետներ էլ իրենց հակաիրանական մոլեգնության մեջ նախագուշակեցին, թե աս Սադրը գրեթե ակտիվորեն կմասնակցի Իրանի դեմ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի «դաշինքային պատերազմին»։ Մենք չափազանց խորհրդանշական ենք համարում այն, որ մայիսին նման «պատվերներ առաջադրող շրջանակներից մեկն էր արևմտյան տխրահռչակ «International Crisis Group» (ICG) միջազգային կազմակերպությունը. ցանկալին իրականության տեղ ներկայացնելը ԱՄՆ-Իսրայելից սնվող արևմտյան կեղծ փորձագետների և քաղաքագետների սիրած զբաղմունքն է։


Մի պահ վերանանք Իրաքի շիական մասից և տեղեկացնենք. մայիսին Իրաքում Իրանի դեսպան Էրաջ Մասջեդեն երկրորդ անգամ այցելեց Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ, ինչը նշանակում է, որ Թեհրանը ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չի թողնում ԻՔ-ի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի տոհմը։ ԻՔ-ի այլ կուսակցությունների հետ Իրանն ավելի սերտ է աշխատում. խոսքը Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ), Թալաբանիի մրցակից տոհմի և «Գորան» շարժման (կուսակցության) մասին է, և դա առաջին տարին չէ։ Մասնավորապես հիշեցնենք, որ Բարզանիի տոհմի փեշմերգայի (աշխարհազորի) ջոկատների կողմից Կիրկուկի արագ ազատագրումը հնարավոր դարձավ հենց այն բանի շնորհիվ, որ Իրաքի քրդական այլ խմբավորումները, անկախության քրդական հանրաքվեից հետո, գերադասեցին չհակադրվել Իրանին և ԻՔ-ի ու Բաղդադի միջև վիճարկելի տարածքների վերաբերյալ նրա առաջարկներին։


Իսկ այժմ վերադառնանք Իրաքի շիաներին և նրանց համախմբման գործում Իրանի դերին։ Տարածաշրջանի բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում` քրդական, Իրաքի խորհրդարանական ընտրությունից (մայիսի 12) հետո գրեթե անմիջապես նշեցին. Իրանը և նրան մոտ իրաքյան քաղաքական ուժերը Բաղդադում խորհրդակցում են կառավարական լայն դաշինքի ձևավորման շուրջ։ Իրանի շահերն այդ բանակցություններում ներկայացնում էր ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ջոկատի հրամանատար, բրիգադային գեներալ Կասեմ Սոլեյմանին։ Նրան հաջողվում է դաշինք ձևավորել Իրաքի գործող վարչապետ ալ Աբադիի և նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքիի «Դավլաթ ալ կանուն» («Օրենքի պետություն») կազմակերպության միջև։ Իրանը մտադիր է այդ դաշինքին ներգրավելու Իրաքի շիաների աշխարհազորի առաջնորդներից մեկին` Հադի ալ Ամերիին։ Ընդ որում, մինչև մայիսի 21-ն ակտիվորեն հաղորդվում էր, թե մեծ այաթոլահ Ալի աս Սադրը բացառել էր իրանամետ համարվող ուժերի հետ դաշինքների և համագործակցության հնարավորությունը։ Դրա համար հիմք էր ծառայել աս Սադրի` ժամանակակից հովերով դիմումը «Թվիթերի» միջոցով. «Մենք հանդես ենք գալիս հանուն իմաստության, ազգայնականության, ժողովրդի կամքը կատարելու, փոփոխությունների և նոր սերնդի»։ Նա հայտնեց, թե ում հետ չի դաշնակցի դաշինքի հարցով` ալ Ամերիի, ալ Մալիքիի և քրդական ՔՀՄ կուսակցության։ Այստեղ նրբությունն այն է, որ մեծ այաթոլահն ինքը չի մասնակցել ընտրություններին, ինչի պատճառով նույնիսկ տեսականորեն չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։ Իսկ նրա «Ալ Սայրուն» դաշինքից խորհրդարանի պատգամավոր դարձածներից ոչ ոք չի կարող իր ժողովրդայնությամբ մոտենալ նրան։


Այստեղ ակներև է Իրանի անունից բանակցողի` գեներալ Սոլեյմանիի դերը։ Դա մի նրբերանգ է` հասկանալու, թե ինչու աս Սադրը, անգամ ինչ-որ անձնական պատճառների դեպքում, չի կարող և չի ցանկանա հաշվի չառնել Իրանի մասնակցությունը դաշնակցային (կոալիցիոն) կառավարության ձևավորման գործին։ Սոլեյմանիի անձն ուշագրավ է նրանով, որ, «Համացանցի» իրաքցի օգտատերերից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «եթե ամերիկացի դեսպանը Բաղդադում բարձր առանձնասենյակներն է մտնում առանց դուռը ծեծելու, ապա Սոլեյմանին այդ դռները ոտքով է բացում»։ Սա, ըստ էության, արևմտամետ վարչապետ ալ Աբադիի մասին է։ Եվ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե «իրաքցի շիաների շրջանում ճգնաժամ» կա, կազմակերպվում է հակախաղ. ալ Մալիքին սկսեց բանակցել ալ Աբադիի և ալ Ամերիի հետ։ Եվ արդեն մայիսի 23-ին ալ Մալիքին ու «Դավլաթ ալ կանուն» դաշինքը հայտարարում են, որ չեն առարկում Իրաքի նախկին արտգործնախարար և ֆինանսների նախարար Հոշիյար Զեբարիի` նախագահի պաշտոնի համար առաջքաշմանը։ Վերջինս նաև Բարզանիի տոհմի «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (ՔԴԿ) քաղբյուրոյի անդամ է։ Մեզ համար այդ նորությունը Էրբիլում Իրանի դեսպան Մասջեդեի և Բաղդադում գեներալ Սոլեյմանիի ջանքերի փոխադարձ կապի ակնհայտ նշան է։ Այսինքն, Իրաքում քրդական վերջին հակաիրանական պատվարն ընդունեց Թեհրանի պայմանները, և ահա ալ Մալիքին հասկացնում է բոլորին, առաջին հերթին Արևմուտքին և Իսրայելին` դուք ևս մեկ պարտություն կրեցիք Բաղդադում և Էրբիլում։ Շատ կարևոր է նաև, որ մինչև ալ Մալիքիի հայտարարությունը, մայիսի 20-ին, Բաղդադում սկսվեցին ալ Սադրի և ալ Աբադիի հանդիպումներն ու խորհրդակցությունները, և, ըստ «Ռոյթերի», հենց այդ օրն Իրաքում մեկնարկեց կոալիցիոն կառավարության ստեղծման գործընթացը։ «Մենք համաձայնեցինք աշխատելու միասին, ինչպես նաև քաղաքական այլ ուժերի հետ` արագացնելու համար նոր կառավարության ստեղծման գործընթացը»,- ասաց վարչապետ ալ Աբադին։


Կարևորն այստեղ նույնիսկ այն չէ, թե Իրաքում ով ում հետ դաշինք կկազմի։ Կարևորն այն է, որ Մուկթադա աս Սադրը, Իրանի նկատմամբ ցանկացած վերաբերմունքով, նախ և առաջ հակաամերիկյան և հակասիոնիստական գաղափարների կրող է։ Ինչ-որ բաներ հիշեցնենք նրա կենսագրությունից։ Նա Իրաքի շիաների գերագույն առաջնորդ, նշանավոր Մոհամեդ Սադեկ աս Սադրի չորրորդ որդին է։ Նրա և հայրը, և քեռին կրում էին «Մեծ այաթոլահ» պատվավոր տիտղոսը։ Մուկթադայի հայրը և երկու եղբայրը գազանորեն սպանվել են 1999-ի փետրվարին աս Սադր տոհմի Էն Նաջաֆի ամրոցում։ Ավելի վաղ, 1980 թ., սպանվել էր Մուկթադայի քեռին` մեծ այաթոլահ Մոհամեդ Բաքիր աս Սադրը, որը հանդես էր գալիս Իրանի օրինակով Իրաքում իսլամական պետություն ստեղծելու օգտին։ 1980-ին, երբ սկսվեց իրանա-իրաքյան պատերազմը, Իրանի առաջնորդ այաթոլահ Հոմեյնիին պաշտպանելու համար նա տանջամահ արվեց սադամյան բանտում։ Մուկթադան կենդանի մնաց, բայց բանտ ընկավ։ Օգտվում էր Իրաքում աքսորում ապրող, իրանցի այաթոլահ Քազեմ ալ Խաերիի աստվածաբանական խորհուրդներից։ Դիտորդների կարծիքով, Մուկթադա աս Սադրը ձգտում է Իրաքում ստեղծելու իսլամական կրոնապետություն, որն ինքն անվանում է «իսլամական ժողովրդավարություն»։ Իրաքում 2003-05 թթ. հակաամերիկյան երկու ապստամբությունից հետո աս Սադրը գնաց իրանական Ղում քաղաք` սովորելու։ Հենց այդ մարդը 2018-ի ապրիլի 8-ին հայտարարեց. «Միայն Իրաքի անվտանգության ուժերը պետք է վերահսկեն երկրի վիճելի տարածքները, այլ ուժեր չպետք է լինեն։ Իրաքի բանակը պետք է պաշտպանի երկրի ամեն սանտիմետրը, դաշնային ուժերը պետք է ծավալվեն նաև Քրդստանում»։ Ապրիլի 12-ին հենց նա հայտարարեց. «Մենք անտարբեր չենք մնա, եթե մեր սուրբ արժեքները ենթարկվեն սպառնալիքի։ Մենք կարձագանքենք, եթե ԱՄՆ-ը հարձակվի Սիրիայի վրա»։ Չնայած մեզ փորձում են ապացուցել, թե աս Սադրը «չի ընդունում» Իրանը և «Ալ Ֆաթահ» դաշինքի ղեկավար ալ Ամերիին, բայց հենց աս Սադրը և ալ Ամերին 2018-ի փետրվարին միաժամանակ հայտարարեցին, որ ամերիկյան զորքերը կլինեն իրենց ջոկատների «օրինական թիրախը», եթե ԱՄՆ-ը Իրաքից չհանի իր զինվորականներին։ Թողնենք, որ այլ եզրակացություններն ընթերցողներն անեն, միայն համարձակվենք առաջ քաշել մի վարկած. Իրաքի կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո Իրաքի շիական «Մահդի բրիգադները» և «Բադր բրիգադները» իրենց ուժերի հիմնական մասն արագորեն կնետեն օգնելու Սիրիային, սիրիացի շիաներին և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատներին։ Ահա թե ինչու են Սիրիայում սկսել շտապել ԱՄՆ-Իսրայել-Թուրքիան։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ