Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Չեն գցվել իր ավելորդից»

«Չեն գցվել իր ավելորդից»
22.06.2018 | 10:06

Գարեգին Ա Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոսն օժտված էր աստվածատուր առանձնահատուկ ունակություններով. ուներ մտավոր և հոգևոր հսկա ներուժ, մոգական խոսք, մեծ հռետոր էր, քարոզիչ, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, լեզվաբան, պատմաբան, տիրապետում էր լեզուների, չտեսնված բարությամբ և բարձրագույն առաքինությամբ օժտված մտավորական էր և հոգևորական: Նրա դերակատարությունը չափազանց մեծ է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, հայության կյանքում, և զգալի աշխարհում միջեկեղեցական հարաբերությունների ակտիվացման բնագավառում:

Անթիլիասում, թե Էջմիածնում նրա գահակալության օրոք Հայաստանում, թե սփյուռքում բացվեցին հոգևոր-կրթական հաստատություններ, կառուցվեցին, նորոգվեցին, վերաբացվեցին բազմաթիվ եկեղեցիներ, հիմնվեցին եկեղեցական թեմեր, հիմնադրվեցին տպարաններ ու հրատարակվեցին հարյուրավոր գրքեր: Վեհափառը հեղինակեց դասագրքեր, աստվածաբանական, ազգային-եկեղեցական ապագայատեսիլ աշխատություններ ու գրքեր, երկու կաթողիկոսությունների միջև ձևավորեց ջերմ հարաբերություններ, մեր եկեղեցու և քրիստոնյա աշխարհի միջև գցեց հաղորդակցական կենսական կամուրջներ:
Գարեգին կաթողիկոսն այն եզակի անհատականությունն էր, որը հայության գիտակցության մեջ արթնացրեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարազատ մայրախնամ պատկերն ու նրան վերապահված առաքելության տեսիլքը, քրիստոնեության ոգուն ներդաշնակ` մեր եկեղեցու սպասավորների մեջ ձևավորեց դեպի ժողովուրդն ընթանալու և նրան ծառայելու մտածողություն, աշխարհի քրիստոնեական եկեղեցիների կրոնական գործիչների մտայնության մեջ կշեռքի նժարը ծանրացրեց դեպի սպասավորություն ու համագործակցություն: Սերունդներին փոխանցվելու հեռանկարով` հազարավոր հոգևորականների, աշխարհականների կրթեց ազգային-հոգևոր գաղափարներով և յուրաքանչյուր հայի խառնվածքում ներարկեց եկեղեցասիրության, հայրենասիրության, մարդասիրության, հոգևորը, մշակութայինը արժևորելու զգացողության որոշակի ավելացված մի արժեք...


Բայց անհավանական թվացող ծավալի այս բոլոր գործերից զատ, Գարեգին կաթողիկոսի կյանքում թերևս կարևորագույն տեղը զբաղեցրեց քարոզախոսությունը. «Նախ և առաջ ես ինձ հովիվ եմ զգում»,- ասում էր նա:
Եվ ահա օրերս Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը լույս ընծայեց Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսի քարոզների երկհատորյակը, շուրջ 1450 էջ, շքեղ կազմով ու արտաքին ձևավորմամբ՝ ներքին բովանդակությանն արժանի:
Առաջին հատորը դեռևս 2000 թվականին հրատարակված և իր տպաքանակը սպառած «Հայրենիքը պատկերն է հայության» խորագրով գրքի վերահրատարակությունն է, որտեղ հիմնականում ընդգրկված են Մայր Տաճարի և Հայաստանյայց եկեղեցու Հայաստանի ու Սփյուռքի թեմերի եկեղեցիների բեմերից խոսված քարոզները:


Երկրորդ, ավելի ստվարածավալ հատորում զետեղված նյութերը հրատարակվում են առաջին անգամ: Դրանք Հայաստանում կամ արտերկրում Վեհափառի խոսքերն են՝ արտասանված տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների, ազգային-հոգևոր կենտրոնների կամ ցուցահանդեսների բացման, Ամանորի առիթներով, նրա ելույթները՝ էկումենիկ համաժողովների, ռադիոհեռուստատեսային հաղորդաշարերի, տարբեր հաստատություններում, համալսարաններում դասախոսությունների ընթացքում: Այնտեղ կարելի է ընթերցել Գարեգին Ա հայրապետի քարոզները Հայաստանի և արտերկրի թեմերում, հայ գաղթօջախներում: Հատուկ ուշադրության են արժանի նրան յուրահատուկ անմիջականությամբ, սիրով լեցուն և ազդեցիկ քարոզները ժողովրդի հետ ոչ պաշտոնական հարթակներում: Դրանք տեղի են ունենում Հայաստանի տարբեր բնակավայրերի և հեռավոր գյուղերի մշակույթի տներում, հրապարակներում, զորամասերում, դպրոցներում, մարզադաշտերում և այլուր: Այստեղ ակամա մտաբերում ես իր իսկ խոսքերը. «Քրիստոսն ինքը հայտնվում էր մարդկանց մեջ այնտեղ, որտեղ գտնում էր նրանց՝ ծովափին, բլուրների վրա, փողոցներում, տներում, տաճարում... Եվ, ինչպես հաճախ ասում եմ, նա երբեք չի ունեցել աշխատասենյակ... Նա ներգրավված էր մարդկանց կյանքում, իրեն նույնացնում էր նրանց հետ, և ես կարծում եմ, որ հոգևորականությունը պետք է վերադառնա դրան»:
Պետք է արձանագրել, որ այս հրատարակությամբ փաստորեն ամբողջանում է Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հայաստանում իր գահակալության կարճատև շրջանի հոգևոր-գրական անգնահատելի ժառանգությունը, թեև, կարծում եմ, դեռ կարող են գտնվել նրա խորիմաստ ու դեռևս չհնչեցված խոսքերի տեսագրություններ կամ ձայնագրություններ, որոնք նույնպես կարող են հրապարակվել:


Անշուշտ, հարկավոր է նշել նաև հետևյալը. երկրորդ հատորում տեղ գտած նյութերի հրատարակման մասին խոսվել էր դեռևս առաջին հատորի առաջաբանում, սրանից 18 տարի առաջ, և ամենայն հավանականությամբ այս թանկարժեք ազգային-հոգևոր ժառանգությունն այդպես էլ անտիպ կմնար, եթե այս երկհատորյակի տպագրության մեկենասությունը չստանձներ ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, որը հանրությանն արդեն հայտնի է իր այլ նվիրյալ նախաձեռնություններով: Նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հովանավորել այլ հեղինակների հոգևոր աշխատությունների տպագրություններ, մեծապես աջակցել Արցախի Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը, կատարել այլ բարեգործություններ: Եվ պետք է ավելացնել, որ ազգային-հոգևոր գանձանակի մեջ այս բոլոր իր նվիրաբերումները ավետարանական խոսքերին համահունչ «չեն գցվել իր ավելորդից»:
Վստահաբար, Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի այս պատկառելի հրատարակությունը կարևորագույն իրողություն է ապահովելու շարունակականությունը Վեհափառի ազգաշահ ու եկեղեցաշահ առաքելության:


Աշոտ ՎԱՎՅԱՆ

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ