«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Որդին հորը ծախեց, հայրը՝ որդուն, և քանդեցին, մասնատեցին հզոր երկիրը»

«Որդին հորը ծախեց, հայրը՝ որդուն, և քանդեցին, մասնատեցին հզոր երկիրը»
22.06.2018 | 10:13

«Իրատեսի» հյուրը Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է:

-Պարոն Կարապետյան, Դուք տասնամյակներ շարունակ մեներգիչ եք եղել Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, երբ այն ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը, բազմաթիվ համերգներ եք ունեցել Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում, արտերկրում, ապա ունեցել եք Ձեր նվագախումբը՝ «Էրեբունին»: Այսուհանդերձ չեք ստացել պրոֆեսիոնալ կրթություն, Ձեր ուղին սկսել եք իբրև ինքնագործ երաժիշտ: Ինչո՞ւ:

-Ինքնագործունեությունն սկսվել է դեռևս դպրոցական նստարանից, շարունակվել ինստիտուտում, ապա՝ բանակում: Ծնողներս ցանկանում էին, որ ինժեներ դառնամ, ես էլ դարձա: Բայց գնացի բանակ և որպես լավ երգող զինվոր՝ հայտնվեցի Կիևի երգի-պարի ինքնագործ անսամբլում: Այստեղից էլ սկսվեց երգչի իմ կարիերան: 1960 թվականին Կոնստանտին Օրբելյանը եկել էր Կիև: Նրա անսամբլում կար մի մեներգչուհի՝ Ռուբինա Քալանթարյանը, որն էլ լսեց ինձ և Օրբելյանին նույնպես հորդորեց լսել: Մեկ ամիս անց հրավիրվեցի Երևան, որպեսզի Օրբելյանն ինձ լսի: ՈՒ թեև ես արդեն բավական հետաքրքիր պայմանավորվածություններ ունեի Կիևում, ամեն բան թողեցի ու եկա Երևան 1961 թվականի հունվարի 1-ին, Օրբելյանն ինձ լսեց և ընդունեց նվագախումբ:
-Օրբելյանի նվագախմբում ելույթ ունենալու տարիներին Ձեզ նկատել են նաև մոսկովյան մասնագետները և առաջարկել աշխատել Մոսկվայի հանրահայտ «Մյուզիքհոլում»: Չե՞ք ափսոսում, որ մերժել եք այդ առաջարկն ու մնացել Երևանում:
-Ո՜չ, ո՛չ: Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվեր իմ ճակատագիրը Մոսկվայում: Ամենևին չեմ ափսոսում այստեղ մնալուս համար: Այն, որ ես Օրբելյանի նվագախմբի հետ շրջագայել եմ աշխարհի ավելի քան քսան երկրում, շատ մեծ բան է: Մոսկվայում ես չէի կարող այդ հաջողությունն ունենալ: Ի դեպ, հենց Օրբելյանն ասաց, որ Մոսկվայում ինձ ուղղակի կուլ կտան, ես որևէ նշանակալի ձեռքբերում չեմ ունենա: Ես միայն ձայն ունեի, ո՛չ համապատասխան հագուստ ունեի, ո՛չ բեմական վարպետություն, այնպիսի՜ թշվառություն էր նվագախմբում: Հետո՝ ավելի ուշ, այդ ամենը ձեռք բերվեց, նվագախումբը որոշակի մակարդակի հասավ:

-Այն օրերի թշվառությունը չի մղել Ձեզ դեպի ավելի ապահով հեռանկարը, և Դուք չեք լքել Երևանը, մի բան, որ վերջին տասնամյակներում այնքա՜ն հեշտորեն արեցին բազմաթիվ հայաստանցիներ: Ինչպե՞ս եք գնահատում արտագաղթածների քայլը:

-Հիմա, եթե երիտասարդ լինեի, ես էլ չէի մնա այստեղ, կգնայի: Բայց այն ժամանակ Հայաստանն ուրիշ էր: Աղքատություն էր ամենուր, բայց մարդկանց մեջ անսահման բարություն կար: Ցանկացած տուն մտնեիր, հարազատի նման կընդունեին: Ո՞վ էի ես, ոչ ոք: Բայց մարդիկ ջերմ էին, սիրալիր: Եվ բացի այդ, ես այն ժամանակ պետության, ղեկավար պաշտոնյաների հետ հարաբերություններ չունեի, չէի շփվում բացարձակապես: Իմ շփումները Օրբելյանի, մեր նվագախմբի անդամների հետ էին, և մենք մշտապես հյուրախաղերի մեջ էինք, ինքներս մեր մեջ պարփակված էինք ապրում: Ամիսը 250 համերգ էինք ունենում: Բացի այդ, ես Երևան գալուցս մեկ տարի անց սիրահարվեցի և ամուսնացա հայուհու հետ, ու դա ևս վճռեց այստեղ մնալու հանգամանքը: Ես զուգահեռաբար երկու խնդիր էի լուծում՝ և՛ ընտանիքի բարեկեցության, և՛ երգչի կարիերայի: Դա հեշտ չէր: Ես շատ բան եմ արտիստական կարիերայում զոհաբերել հանուն ընտանիքի:
-Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ այսօր Հայաստանում ապրողները բարի չե՞ն, եթե մտածում եք, թե կլքեիք հայրենիքը երիտասարդ լինելու պարագայում:
-Հիմա Հայաստանում բոլորովին ուրիշ ժողովուրդ է, բազմաշերտ: Իսկական երևանցիները պարզապես փախան, նկատի ունեմ ինտելեկտուալ խավը, որի տակ ենթադրվում էին Մերգելյանի ինստիտուտի, գիտությունների ակադեմիայի աշխատակիցները, արվեստի գործիչները, օպերայի արտիստները: Նրանցից մարդ չմնաց Երևանում: Փոխարենը Երևան եկան՝ որտեղից ասես, ու նրանք բոլորը միջակություններ են:
-Բայց մենք փայլուն երիտասարդություն ունենք: Չե՞ք հավանում նրանց:
-Ես փորձում եմ մտաբերել գոնե մեկ պետություն, որտեղ երիտասարդությունը ղեկավար դիրք է զբաղեցրել, ու չեմ կարողանում: Նրանք եթե անգամ եղել են պետական կառավարման մեջ, կատարել են խորհրդականների, միջանկյալ օղակի գործառույթ: Նրանց կողքին միշտ եղել են տարեց, փորձառու ղեկավարներ, որոնք ուղղորդել են երիտասարդներին: Որովհետև միայնակ երիտասարդը կարող է այնպիսի բացթողումներ ունենալ, որ դրանից դժվար կլինի հետո գլուխ հանել: Տեսե՛ք, այսօր իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը: Նա ուզում է ամեն բան շտկել: Կստացվի՞: Տա՛ Աստված: Նրա դեմ ահռելի ուժ է կանգնած՝ մեծահարուստներ, օլիգարխներ, նախկին իշխանավորներ: Կկարողանա՞ նա այս բոլորին հաղթել իր երիտասարդներով, որոնք աշխատանքային փորձ անգամ չունեն: ՈՒղղակի յուրայիններ են, իր մարդիկ, այդ պատճառով էլ պաշտոններ է տվել: Նույն բանն էլ ժամանակին արեց Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս նա հարստացավ: Ամեն տեղ դրեց իր մարդկանց և՞... Եվ այն բանից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն թալանել էր Հայաստանը: Նրա մարդիկ հարստացան ու փախան Հայաստանից: Երկրորդ նախագահ Քոչարյանն ընդամենը կուսքարտուղար էր ինչ-որ ֆաբրիկայում, թե ինչպես դարձավ նախագահ, չեմ կարող հասկանալ: Նա էլ հարստացավ Հայաստանին ուղղված բարեգործական ձեռնարկների հաշվին: Այնպիսի մեծամասշտաբ բարեգործություններ են արվել Հայաստանի համար, բայց դրանք ժողովրդին չեն հասել: Սարգսյանն էլ, ինչպես ասացի, հարստացավ յուրայինների միջոցով: ՈՒ հիմա Փաշինյանն ուզում է այս ամենը կազմաքանդել: Մի բան դուրս կգա՞, չգիտեմ: Էլի ասեմ՝ տա՛ Աստված:

-Ասում եք, որ Խորհրդային Միության տարիներին մշտապես եղել եք հյուրախաղերի մեջ: Ձեր կենսագրության մեջ հիշատակվում են աբսուրդի հասնող մանրամասներ այդ հյուրախաղերի օրերին մշտապես Ձեզ ուղեկցող սահմանափակումների, խիստ հետապնդումների մասին: Օրինակ՝ խնդիրներ եք ունեցել Բեյրութում միայն այն պատճառով, որ Սիմոն Տերյանի հետ հյուր եք եղել ռամկավար կուսակցության անդամներին, չափազանց լուրջ տույժի եք ենթարկվել միայն այն պատճառով, որ արտասահմանից ադամանդե մեկ մատանի եք բերել Ձեր կնոջ համար՝ առանց այն հայտարարագրելու: Անկախության տարիներին բազմաթիվ ու բազմագույն կուսակցությունների, խմբերի հետ մեր հանրության բաց շփումների, մեր երկրից անսահման հարստություն անպատիժ արտահանելու, շվեյցարական բանկում, օֆշորներում պարտակելու, արտոնյալ պայմաններով երկիր այլևայլ բաներ ներմուծելու ֆոնին ծիծաղելի չե՞ն թվում Ձեր կյանքի այս միջադեպերը:
-ՈՒրիշ ժամանակներ էին: Ռամկավարների դեպքը հետևյալն էր. Բեյրութի համերգների համար մեզ վճարել էր հնչակյան կուսակցությանը պատկանող իմպրեսարիոն: Ռամկավարները բոյկոտել էին մեր համերգը, ինչպե՞ս կարելի էր, որ իրենք ներկա գտնվեին հնչակյանների կազմակերպած համերգին: Եվ մեզ դավադրաբար խաբեցին ու տարան իրենց կուսակցության հավաքույթին: Ո՛չ ես, ո՛չ Սիմոն Տերյանը չգիտեինք, թե ինչ կուսակցության են պատկանում մեզ հյուրընկալողները: Իսկ հետո սկսվեցին խայտառակ խոսակցությունները, Սիմոնին հետ ուղարկեցին Երևան, ինձ խիստ նկատողություն տվեցին: Դա պարզապես հիմարություն էր: Իսկ կնոջս մատանու պատմությունը կարող էր անգամ ինձ դատելու և բանտարկելու պատճառ դառնալ, դա պարզապես հանցագործություն էր համարվում այն ժամանակ: Բանն այն է, որ մեզ երբեք չէին ստուգում, բայց մերոնցից մեկն ինձ մատնել էր: Միայն այդ դեպքում կարող էին իմանալ, որ ես մատանի եմ բերում Հայաստան: Եվ ինձ ասել էին էլ, թե կոնկրետ ով է այդ մատնիչը: Ես հանդիպեցի նրան, խոսեցի հետը, իսկ նա չկարողացավ անգամ աչքերիս նայել, մի բառ ասել:
-Երկու դեպքում էլ տեսնում ենք, որ հայն է հային վատություն արել:
-Իհարկե: Ես միշտ եմ ասում, որ մեզ՝ հայերիս, ոչ ոք երբեք մատով չէր դիպչի, եթե մենք ինքներս մեզ չվնասեինք, ու սա՝ դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Ծովից ծով հզոր պետությունը ցանուցիր արեցին. ամեն մի իշխանիկ ցանկացավ արքայիկ դառնալ, ու հայտնվեցին նորանոր արքայիկներ: Որդին հորը ծախեց, հայրը՝ որդուն, և քանդեցին, մասնատեցին հզոր երկիրը: Դա մեր ազգային ողբերգությունն է: ՈՒ էսպես հասանք էս օրվան. մի բուռ ենք մնացել, ու էս մի բուռն էլ մի կերպ է ապրում: Ամոթ է ուղղակի, ինչպե՞ս կարելի է, պարո՛ն նախագահ, ընդամենը մեկ միլիոն մարդուն կուշտ չկերակրել: Չէ՞ որ իրականում հենց մեկ միլիոն ենք, մնացածը ցանուցիր են եղել:
-1980-ականներին Դուք հիմնադրել և ղեկավարել եք «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը: Ի՞նչ կհիշեք այդ տարիներից:
-Երբ ես հեռացա Օրբելյանի նվագախմբից, «Էրեբունին» եղավ իմ փրկությունը: Այն ժամանակ «Հայհամերգի» տնօրենն էր Գեորգի Ասատրյանը: Նրա առաջարկությամբ ես ստեղծեցի այդ անսամբլը: 15-20 հոգի էինք անսամբլում: Եվ ստեղծումից երկու տարի անց արդեն տարեկան 300 համերգ էինք ունենում Ռուսաստանում: Ինչպե՞ս. ես ունեի տարեկան 80 համերգի իրավունք պետականորեն, բայց արդեն ձեռք էի բերել կապեր և մասնավոր հիմունքներով էի անում մնացած բոլոր համերգները: Զանգահարում էի ծանոթներիս ¥չգիտես ինչու՝ բոլոր տեղերում տնօրենները հրեաներ էին¤, ու մենք գալիս էինք համաձայնության: Նրանք գործարար մարդիկ էին, գիտեին, որ ես կտանեմ հայկական կոնյակ, որ իրենք մեր համերգներից կողմնակի շահույթ կունենան:
-Այսի՞նքն, ուզում եք ասել, որ փող լվանալու մեխանիզմն այն ժամանակ է՞լ էր գործում:
-Դե իհարկե: Մեր ելույթն արժեր 500 ռուբլի: Դահլիճները միշտ լեփ-լեցուն էին լինում, որովհետև մենք հիթային երգեր էինք կատարում, ոչ թե հեղինակային, մոդայիկ, անծանոթ ինչ-որ երգեր: Դահլիճում լինում էր 1000-1500 հանդիսատես, համերգի հասույթը կազմում էր մի քանի հազար ռուբլի: Տալիս էին իմ 500-ը, հաշվապահություն մտնում էր ոչ թե 3000 ռուբլի, այլ 1500: Մնացածը մնում էր ադմինիստրատորին: Իսկ ես փակում էի բերանս: Ահա ամբողջ գաղտնիքը: Ձեռնտու էր աշխատել այդպիսի փոքր անսամբլի հետ, դե իրենք էլ աշխատում էին ու մեզ հնարավորություն տալիս համերգներ ունենալու: Սա էր համակարգը:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ