«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Աղանդների ավետյաց երկրում

Աղանդների ավետյաց երկրում
22.06.2018 | 10:24

ՆԱԽԵՐԳ


Զարմանալի կապույտ-կարմիր հունիս է։ Անձրևները հորդառատ են, սակայն կարճատև, բայց լիացնում են մեր լճերն ու ջրամբարները։ Կրակավարս արփին դեռ չի այրում, ջերմացնում է, ստիպելով հիշել անցողիկ անձրևներն ու նրանց պարգևած զովը։

Եվ ահա ամառնամուտային առաջարկս` յուրաքանչյուր հինգշաբթի, կառավարության նիստից առաջ որպես օրհներգ հնչեցնել «Հո՛պ զիլինա, զիլինա» մանկական խաղիկը։ Ինչու՞։ Զի ի լուր հայ հանրության և համայն հայության Հանրապետության հրապարակի թիվ 1 շենքում, այն է` Կառավարության տանը, տոնականորեն, բայց խստահայաց քննարկվում են հիմնականում լուսանցքային խնդիրներ, ի մասնավորի` վարորդ-ոստիկանություն-արագաչափ-տուգանք դարադղրդյան հիմնահարցը։


Երեկվա նիստն այսօր անքննարկելի է, զի ես շատ ավելի նշանակալից մի հիմնախնդրի վրա եմ կամենում բևեռել «սիրո և համերաշխության» կառավարության բորբ ուշադրությունը և ակնկալում եմ համարժեք արձագանք։ Ակնկալում է ողջ երկիրը, ակնկալում է նոր կառավարությանը իշխանության բերած ժողովուրդը։ Թե չէ ածանցյալ խնդիրներ լուծելով շատ շուտով կկանգնեք նախ երկրային, այնուհետև երկնային դատաստանի առաջ, իմ անգին երիտկառավարիչներ։ Մի խոսքով` վերստին զինվում եմ նշտարով և անուշադրով։

ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ԱՐՄԱՏՆ ՈՒ ՍԱՂԱՐԹԸ


Մեր կենաց ծառի արմատին փաթաթվել է թունաշունչ մի գազան. օ՞ձ է, թե՞ հրեշ մի այլակերպ, ամենևին կարևոր չէ։ Շատ ավելի էական է հետևյալը` երկրի իշխանակառավարական վերնադասը (այսօր այն բավականին գայթակղիչ տեսք ու բովանդակություն ունի` քաղաքական իշխանությունն ընդդիմանում է խորհրդարանական փոքրամասնության ձևավորված կառավարությանը), կենաց ծառի արմատն անտեսած, նրա սաղարթն է խնամում, երբ ծառը խակ պտուղ է տալիս։ Սակայն ժամն է քնարական դադարի։ Ահա թե ինչպես է դիմավորում արևածագը խորագետ պոետ Վիգենը Ղազարյան յուր «Այգաբաց» բանաստեղծությամբ.

Ես իմ մենաբաղձիկ ու պայծառ աչքերով
փոխում եմ սև կաշին օրերիս.
չարիքի քարափի օձերին
խեղդում եմ գիշերվա կապերով։
Որտեղի՞ց են իջնում սոխակները սիրո
և նստում ուսերիս թավշե անտառներում`
երգելով օվսա՜ննա։

Արգո վարչապետ, Ձեր գլխավոր նստավայրից, այն է` Բաղրամյան-26-ից, մինչև Կառավարության թիվ 1 շենք ճանապարհն անցնում է Ֆրանսիայի հրապարակով։ Խնդրում եմ` գալիք օրը հինգշաբթի, այն է` հունիսի 28-ին, կանգ առեք կոնսերվատորիային մերձ զբոսայգու առաջ և ուշի ուշով տեղազննեք զբոսայգին շրջանցող մայթը։ Մայթի մի հատվածը, Կոմիտասի արձանի ուղղությամբ, բռնագրավել է «Եհովայի վկա» աղանդի քարոզչական եռյակը, որը տեղադրել է իր գրադարակը և ազատ ու անկաշկանդ զբաղվում է հոգեորսությամբ։ Բայց քանի որ Դուք գերզբաղված եք զանազան-զարմանազան հարցերով, փորձեմ ներկայացնել խնդիրը և մատնանշել վտանգները։ Ելք էլ կառաջարկեմ, չկասկածեք։

Աղանդավորների զեռունային գլխաքանակը ՀՀ-ում շուրջ 350 հազար է։ Այս թիվը ոչ միայն աղետի ազդանշան է, այլև ունի հարաճուն զարգացում։ Եթե ծուռ նստելով շիտակ խոսենք, ապա առանց այլևայլության պետք է փաստենք, որ 3-րդ հանրապետությունում այժմ մշտապես բնակվում է 2 մլն մարդ, ոչ ավելի։ Այսինքն, եթե երթուղային ես նստում, ապա 15 ուղևորից (ներառյալ վարորդը) 3-ը, չկասկածեք, աղանդավոր են։ Ներկայումս աղանդավոր է հանրապետության բնակչության 17 տոկոսը։ Սա քայքայիչ հակապետություն է կառուցվող պետության կազմում։ Առավել հանրածանոթ են հետևյալ քայքայիչ աղանդները` «Կյանքի խոսք», «Մորմոններ», «Արթնության կրակ», «Խարիզմատիկ», «Եհովայի վկաներ», «Յոթերորդ օրվա ադվենտիստներ» և այլ թունակույտեր։ Սրանցից յուրաքանչյուրի թիկունքում հզորագույն օտար քաղաքական և ֆինանսական կայսրություններն են կանգնած, չարի կայսրությունները։ Սրանցից յուրաքանչյուրը խարխլում է Հայաստանի հիմքերը յուրահատուկ մեթոդներով։ Սակայն նրանք միասնական են ընդհանուր` Երկիր Նաիրին կեղեքելու հարցում։ Հարկ է փաստել, «Կյանքի խոսք» աղանդը (սա վաղուց է հայտնի) ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը։


Ամենուր հսկայական գումարներ են ներդրվում աղանդավորական կառույցների գործունեության մեջ։ Համաձայն հիմնավոր տվյալների` աղանդավորները ՀՀ-ում տարեկան շրջանառում են 1 մլրդ դոլարից ավելի գումար։ Գերնպատակն անհայտ չէ. փլուզել 3-րդ հանրապետությունը, պառակտել ազգը, մանկուրտացնել հասարակությունը։ Իսկ սահմանից անդին թուրքական և ազերբայջանական բանակներն են դիրքավորված։
«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ, հարգարժան այր Ալեքսանդր Ամարյանը ուշագրավ բացահայտումներ կատարեց «Իրատեսին» տրված մի հարցազրույցում դեռ 2014-ին։ Դրվագներ բերեմ հարցազրույցից. «ՀՀ-ում այսօր պաշտոնապես գրանցված է կրոնական 67 կազմակերպություն, դրանցից 5-ը Հայ առաքելական եկեղեցուն կից գործող կառույցներ են, 6-ը` հին, ավանդական եկեղեցիների ճյուղերը, իսկ մնացած 56-ը աղանդավորական են։ Չգրանցվածները և ընդհատակում աշխատողները 200-250 են, որոնք գործում են կրոնական, բարեգործական, ուսումնական հիմնադրամի կարգավիճակով և այլ անվանումների տակ»։ Սա տիար Ամարյանի իրազեկումն է, ահա նաև նրա դատավճիռը. «Եկեղեցին, լինելով կրոնական կառույց և պետությունից սահմանադրությամբ անջատված, աղանդների դեմ պայքարելու իրավասու չէ։ Այս պարագայում պայքարել կարող է միայն պետությունը»։


«Ասել, թե պետությունը ոչինչ չի ձեռնարկում աղանդների դեմ պայքարելու համար, կնշանակի չասել ոչինչ։ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, որն անկախությունից առաջ փոքրիշատե պայքարում էր վերջիններիս դեմ, դրանից հետո իր գործունեությունը սահմանափակել է` մնալով ընդամենը վերոնշյալ կազմակերպությունների գրանցումը վավերացնող։
Ամենահայտնի և վտանգավոր աղանդների հետևորդների թվում են նաև քաղաքական հայտնի մի շարք գործիչներ և շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։


Ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլև հասարակությունը, որի կողմից այդ ընթացքում վճռական ու հետևողական որևէ նախաձեռնություն չի եղել»։
Այո՜, շան գարշահոտող գլուխը հայտնաբերված է, և այն անվճռական ու անհետևողական, նախաձեռնությունից զուրկ հայ արդի հասարակությունն է և համայն հայությունը։
Մենք, այն է` հայ հասարակությունը, խիստ վճռական, աննկուն ու ոգեպնդված թախտից գցեցինք երկրի նախկին նախագահին և իշխանության բերեցինք Նիկոլ Փաշինյանին։ Հայ հանրությունն ու համայն հայությունը ցանկանում են տեսնել իրենց երազանքների Հայկական շնորհապետությունը։ Ցույցեր եղան ամենուր` Գլենդելում և Նովոսիբիրսկում, Սոչիում և Տաշքենդում։ Եղան ամենուր, որտեղ հայերն են բնավորվել։ Ճանապարհները գոցելով և հանրահավաքներում կոչեր հնչեցնելով հայ հանրության ընդվզուն հատվածը ուրվագծում է Նոր Հայաստանի ճանապարհային քարտեզը։ Հոգևոր մայրաքաղաքում ընդվզեցին Վեհափառի դեմ, նրա ինչ-ինչ գործերը նույնացնելով Հայոց եկեղեցու հետ։ Ընդվզումը պահանջեց ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդի հրաժարականը։ Աղանդավորական 350-հազարանոց հակապետական սրտին մի՞թե մի յոթ փութ յուղ չքսվեց։ Օրեր անց ձերբակալվեց Մանվել Գրիգորյանը։ Այստեղ եկեք ուսներս շտկենք, խոր շունչ քաշենք (իմա` թթվածնով հագեցնենք մեր ուղեղագալարները) և մտորենք, որ, այո՛, Մանվել Գրիգորյանը, նախկին մարտական գեներալը, Էջմիածին քաղաքում սահմանել էր յուր հակաօրենսդրությունը և հաճախ էր ասպատակում քաղաքը։ Նա ուրբաթօրյա հողմաղացում ժամանակին արժանացավ ֆելդֆեբել տիտղոսին։ Սակայն չէ՞ որ նրա կողքին երկրապահ կամավորականներն են կանգնած, որոնց մեջ, անշուշտ, առկա են Մանվելի վկաներ, կան առանձին շահկատակներ, սակայն չէ՞ որ երկրապահականների ճնշող մասը ազգի և պետության նվիրյալ է, որ կամա-ակամա դարձել է քավության նոխազ։ Եվ ահա ժամն է մեծ քավության ու ապաշխարության։ ԵԿՄ-ն պետք է գիտակցի, որ խաղաղ գոյակցության պայմաններում իրենք պետք է պայքարեին աղանդավորության դեմ, զի ԵԿՄ-ն, այնուամենայնիվ, պետականության պատվար է, աղանդները, կասկած չկա, պետականության տակ դրված ական։ Գեներալ-ֆելդֆեբել Մանվելն էլ այս ծանր օրերին ապաշխարանքի ճանապարհ պիտի անցնի։ Միով բանիվ ԵԿՄ-ն այսօր ևեթ պետք է «ի զեն» հայտարարի և ամենօրյա պայքար մղի աղանդների դեմ։ Սկսած երկրի խաչմերուկները կալնած «Եհովայի վկաներից» վերջացրած մորմոններով։ Տղերք, լսեք պատգամս և նախ պահանջեք ԱԺ-ից չեղարկել աղանդավորների գործունեությանը սատարող ՀՀ օրենքը։ (Ի մեծ բարեբախտություն մեզ, Արցախում աղանդներն օրենքից դուրս են)։


Շրջակա պետություններում` 5000-ամյա արմատական պետականություն Իրանում, բրածո հանրապետություն Ազերբայջանում, գինու և լիմոնի երկիր Վրաստանում աղանդներն ընդհատակում են։ Այնինչ այսօր մայրաքաղաքի անխտիր բոլոր բանուկ հատվածները բռնագրավել է «Եհովայի վկաները», մորմոններն էլ ասպատակում են հանրապետության հեռավոր գյուղերն ու քաղաքները։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` և անհապաղ Նիկոլ Փաշինյանը պետք է վերջնագիր ներկայացնի աղանդներին։ (Այսինքն` «Սիրո և համերաշխության» հեղափոխությանը զեկուցի` ինքը աղանդավորների թշնամի՞ն է, թե՞ պահապան հրեշտակը)։
Նախ և հետո` անհրաժեշտ է, որ հայ հանրությունը և համայն հայությունը կենաց-մահու պայքար մղեն աղանդավորների դեմ, ամենուր և ամեն օր Երևանում, Էջմիածնում, ԱՄՆ-ում և այլուր։


Եվ, վերջապես, հասարակական ոչ ծախու կազմակերպությունները պետք է ի մի գան, բացահայտեն և մեր դատին ներկայացնեն քաղաքական ու պետական տխրահռչակ գործիչներին և շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք այս կամ այն աղանդի հետևորդ են։
Իսկ կրակավարս արփին դեռ չի այրում, ջերմացնում է, ստիպելով հիշել անցողիկ անձրևներն ու նրանց պարգևած զովը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ