Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսները ոնց որ թե գժվել են

Ռուսները ոնց որ թե գժվել են
22.06.2018 | 10:54

Դեռևս նախորդ նյութում էինք պայմանավորվել, որ առաջին հանդիպումներից հետո թիմերի մասին խմբայիններում դասավորության առումով խոսելը ճիշտ չի լինի, քանզի ամեն ինչ տեղը դնող երկրորդ ու երրորդ խաղեր կան, որոնք եղած բացառությունները, անակնկալները կարգավորելու ուժ ու զորություն ունեն: ՈՒ քանի որ դեռ ամեն մի խմբում չեն ավարտվել երկրորդ խաղերը, դարձյալ գնանք այդ հանդիպումներն օրերի խորագրի տակ ներկայացնելու ճանապարհով ու ասելիքներս շարունակենք օր հինգերորդից, քանի որ նախորդ նյութում այն մասամբ էինք ներկայացրել: Եվ այսպես՝

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Շվեդիա-Հարավային Կորեա հանդիպման մասին հպանցիկ խոսել էինք: Նվազագույն հաշվով հաղթանակը առաջիններին հանել է առաջին հորիզոնական՝ F խմբում ընկեր կարգելով մեքսիկացիներին, որոնք նույն նվազագույն հաշվով անակնկալ պարտության էին մատնել աշխարհի գործող չեմպիոններին: Տրամաբանությունը, հավաքականի ունեցած հեղինակությունը, քաշն ու կշիռը հուշում են, որ շվեդների ու մեքսիկացիների հավաքականներից մեկն ու մեկը հարկադրված է լինելու լքել առաջնությունը, քանզի անհնար է պատկերացնել, թե այդ ինչ հրաշքով գերմանացիները տեր չեն կանգնելու փլեյ-օֆ հանող երկու ուղեգրերից մեկին: Ինչ խոսք, նման անհնարինության վերաբերյալ պատմությունն առարկայական օրինակներ ունի, որը ստիպում է լեզուդ հարկ եղածից ավելի չբանեցնել: Հիշենք թեկուզ աշխարհի վերջին առաջնությունը, որի խմբային փուլից իսպանացիները դարձան դիտորդ, կամ թե այդ ում մտքով կանցներ, որ աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանին կզրկվի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Այնպես որ, օրինակներ կան, սակայն եկեք գերմանական հաշվենկատությունն ու սառնարյունությունը չհամեմատենք իտալացիների ու իսպանացիների զգացմունքայնության ու տաքարյունության, ես ավելին կասեի` տաքգլխության հետ:


Օրվա մյուս երկու դիմակայություններում ուժերը չափեցին G խումբը կազմած Բելգիայի ու Պանամայի, Թունիսի ու Անգլիայի ընտրանիները: Բելգիացիները «շվացնելով» անցան պանամացիների վրայով (3:0), իսկ, այ, անգլիացիները քիչ նյարդեր չքայքայեցին երեք միավորի տիրանալու համար: Եթե անկեղծ, ափսոս, որ թունիսցիների ուժերը չբավարարեցին ողջ խաղին (2:1. հեղինակելով դուբլ` Հարի Քեյնը լրացուցիչ ժամանակում է խփել իր թիմի հաղթական գոլը), այլապես այս խմբում շատ ավելի լարված իրավիճակ կարելի էր ակնկալել:

ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Մրցումային այս օրն իսկապես խելագարությունների շարքից էր, ու այն սկիզբ առավ Կոլումբիա-Ճապոնիա դիմակայությամբ, որտեղ հանդիպումը սպասարկած Սկոմինան վայրկյան իսկ չերերաց ու ձեռքով խաղալու համար արդեն երրորդ րոպեին կարմիր քարտ ցույց տվեց կոլումբիացի Սանչեսին: Սա արդեն կանխորոշված ճակատագիր էր Լատինական Ամերիկայի ներկայացուցիչների համար, այն էլ ճապոնացիների նման «ժրաջան մեղուների» հետ պայքարում, որոնք ոչ հոգնել գիտեն, ոչ դադար առնել: Հեռացմանը հետևած տասնմեկմետրանոցը (Կագավա) անվրեպ էր:
Այստեղ պիտի պատշաճը մատուցել տասը հոգով մնացածներին: Առաջին խաղակեսի ավարտից վեց րոպե առաջ Կինտերոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն լարվածությունն ու հոգնությունը, ի վերջո, իրենց սև գործն արեցին: Հանդիպման երկրորդ կեսում Օսակոյի խփած գոլը ճապոնացիների համար դարձավ հաղթական, որոնք իրողությունների նորմալ ընթացքի դեպքում պիտի իրենց բաժին Աստծուց գոհ լինեին մեկ միավոր վաստակելու համար:


H խմբի երկրորդ անակնկալն էլ չուշացավ: Միանգամայն չսպասված տեղը սենեգալցիները վերցրին ու 2:1 հաշվով պարտության մատնեցին լեհերին: Սա իսկապես այն դեպքն էր, որ գնդակը լեհերի պարագայում համառորեն չէր ուզում մրցակցի դարպասում հայտնվել: Ի վերջո, այդ իրողությունը եղավ, սակայն Կրիխովյակի խփած գոլը վերջնահաշվում սփոփանքի արժեք էլ չունեցավ:
Օրվա մեջ մի այլ ձևով բերեց ռուսների բախտը: Եգիպտացիների հետ հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդը մի կարգին չէր էլ հասցրել սկսվել, երբ գնդակը հայտնվեց ցանցում: Գոլ խփած դժբախտը Ֆատխին էր, որից անդրադառնալով, գնդակը հայտնվեց սեփական դարպասում: Տասներկու րոպե անց, ընդամենը երեք րոպեի ընթացքում, ռուսները հեղինակեցին ևս երկու գոլ ու, փաստորեն, կանխորոշեցին մրցակցության ելքը:


73-րդ րոպեին եգիպտացիների հույս ու ֆուտբոլային աստված Մոհամեդ Սալահն անհատական ջանքերի շնորհիվ վաստակեց տասնմեկմետրանոց ու հաջողությամբ իրացրեց (3:1), սակայն «գնացքը» վաղուց ու սրընթաց ընթանում էր հաղթական կայարան՝ ռուսներին դարձնելով այս առաջնությունում փլեյօֆյան եզրափակչի մասնակցի իրավունք ձեռք բերած առաջին հավաքականը:
Անկեղծ լինեմ. հաշվի առնելով առաջնության նախապատրաստական շրջանում ռուսների ցույց տված խաղը, խմբային այս հանդիպումները նրանց համար միանգամայն խիզախում պիտի համարել, ու պատկերացրեք, որ ավելիի մասին երազելու լիակատար իրավունք ունեն, եթե, իհարկե, չի կրկնվելու կոշկակապերից վեր չնայելու պատմությունը: Ռուսների առնչությամբ մի բան էլ` էն ո՞նց են ասում, երբ չեղած տեղը մի բան ստացվում է: Հիմա, փաստորեն, ռուսներինը կպել է, իսկ եթե կպել է, ինչու՞ պիտի առավելագույնի երազանքը չունենան:

ՕՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Այս օրվան վիճակված էր լինել բացառիկ ոչ միայն նրանով, որ կայացած բոլոր հանդիպումներն ավարտվեցին նույն 1:0 հաշվով: Որպես ռուսական թեմայի շարունակություն, մի փոքր առաջ ընկնելով ասենք, որ առաջնության կազմակերպիչ երկրի ներկայացրած հավաքականի օրինակով փլեյօֆյան եզրափակչի երկրորդ ուղեգրի տեր դարձավ նույն A խումբը ներկայացնող ՈՒրուգվայի ընտրանին, որն առավելության հասավ Սաուդյան Արաբիայի հավաքականի նկատմամբ: Այդ խաղից հետո է, որ Լուիս Սուարեսը պիտի զարմանա (գոլի հեղինակը նա է), թե սաուդցիներն ինչպես հաջողեցրին պրծնել մեկ գոլ ուտելով, սակայն իրականում շատ ավելի արժեքավորն այդ հանդիպման մեջ վերն ասված ուղեգիրը ձեռք բերելն էր: Այս խմբի մասնակիցների համար խմբային վերջին հանդիպումը շատ ավելի ձևական բնույթ է կրելու, թեպետ այնպես էլ չէ, թե ռուսները կամ ուրուգվայցիներն իրենց հաշվարկներում նկատի չեն ունենալու ապագա հակառակորդի պարագան: Այսպես, մինչ ռուսները սսկված են առաջիկա հանդիպման առնչությամբ (առաջնությունում առաջին անգամ կունենան զորեղ մրցակից), ՈՒրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հասցրել է բանաձևել սպասվելիք հանդիպման կարևորությունն իր թիմի համար. «Մեզ մնացել է խաղալ Ռուսաստանի հետ: Այդ խաղում պետք է հաղթել կամ մեռնել»:
Ինչ վերաբերում է խումբը կազմած մնացած երկուսին, նրանց լուծելիքը չափազանց լոկալ խնդիր է՝ տուն դառնալուց ավելի պակաս թուք ու մրով ընդունելության արժանանալ:
Պորտուգալիա-Մարոկկո խաղում Քրիշտիանու Ռոնալդուն խփեց հերթական գոլն ու հավաքականին բերեց երեք միավոր, ինչն իսպանացիների հետ հանդիպման ժամանակ շահած մեկի հետ կազմեց չորս միավոր: Այստեղ միջանկյալ նշենք, որ այս գոլը դարձավ «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալի թվով 85-րդը հավաքականում, իսկ սա իր հերթին նշանակեց, որ նա դարձավ եվրոպական ընտրանիների պատմության լավագույն ռմբարկուն: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշին:


Քանի որ վերը մի միջանկյալությունից օգտվեցինք, ձեր թույլտվությամբ մեկն էլ հավելենք: Իրան-Իսպանիա հանդիպումը եղել է այս առաջնության թվով 20-րդ դիմակայությունը, ու այս 20-ում չի եղել գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված և ոչ մի մրցակցություն: Վիճակագրությունը հուշում է, որ նման բան վերջին անգամ եղել է աշխարհի 1954 թվականի առաջնությունում:
Շարունակելով ընդմիջված միտքը՝ ասենք, որ B խմբում նույնքան միավոր ունի և Իրանի հետ հարցերը լուծած Իսպանիայի ընտրանին: Այստեղ այս պահի դրությամբ միայն մի հարց կա հստակ. դա այն է, որ երկու խաղից հետո զրո միավոր ունեցող Մարոկկոն արդեն իսկ հանգիստ կարող է պատվիրել տունդարձի ինքնաթիռի տոմսեր: Սկզբունքորեն իր համար ցանկալի ելք կարող է դեռևս ապահովել մեր հարևան երկրի ընտրանին, եթե շահի պորտուգալացիների հետ խմբային եզրափակիչ հանդիպումը:

ՕՐ ՈՒԹԵՐՈՐԴ
Օրվա խաղերից երկուսը՝ Դանիա-Ավստրալիա ու Ֆրանսիա-Պերու մրցակցությունները C, իսկ Արգենտինա-Խորվաթիա դիմակայությունը D խմբի շրջանակներից էին: Հասկանալի պատճառներով վերջին երկուսն իրենց մանրամասների մեջ մեր տեսադաշտում կլինեն արդեն հաջորդ նյութում, իսկ ավելի վաղ կայացած Դանիա-Ավստրալիա հանդիպման մասին ասենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Ինչպես Ֆրանսիայի հետ նախորդ խաղում, այս անգամ էլ Ավստրալիայի համար իրադրությունը փրկեց խաղային պահի տեսակրկնությունը: Հստակ իրացնելով 11-մետրանոցը` նրանք հավասարեցրին հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ