Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոնգրեսը պատրաստվում է Թրամփի հետ մենամարտին թուրքական F-35-ի պատճառով

Կոնգրեսը պատրաստվում է Թրամփի հետ մենամարտին թուրքական F-35-ի պատճառով
24.06.2018 | 11:17

Կոնգրեսականները սպառնում են արգելափակել ռազմական գործարքը, որի շրջանակներում Թուրքիան ստանալու է 100 F-35 կործանիչներ, մարդու իրավունքների խախտումների և ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով: Սակայն Թրամփի վարչակազմը կարող է չաջակցել Կոնգրեսին` գրում է The Foreign Policy:

Թուրքիան արդեն ստացել է մեկ F-35` առաջին կործանիչի հավաքման արարողությանը, որ տեղի է ունեցել հունիսի 21-ին Տեխասի նահանգի Ֆորտ ՈՒորտի Lockheed Martin ռազմաբազայում: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի անդամները ձգտում են արգելափակել F-35-ների փոխանցումը Թուրքիային, որ ծրագրված է 2019-ի ամռանը` օդաչուների վերապատրաստումից հետո: Կոնգրեսը նույնպես ձգտում է բացառել Թուրքիային F-35-ը ստացողների ցանկից: ԱՄՆ օրենսդիրները և բարձր ղեկավարությունը մատնանշել են ռուսական ЗРК С-400-ի գնման վտանգը: Պաշտոնատարները վստահ են, որ С-400-ների ինտեգրումը F-35-ի և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հետ կարող է սպառնալիք դառնալ ռազմական գաղտնիքներին, որ ջանադիր պահպանվում են: «Պաշտոնատար անձանց մեծ մասը, ում հետ ես շփվել եմ Թուրքիայում, հիմա բանտում են: Ենթադրվում էր, որ նրանք միշտ լինելու են մեր դաշնակիցները, բայց հիմա մենք գործ ունենք Էրդողանի և ռուսական С-400-ների հետ: Մենք այդքան վստա՞հ ենք, որ ավտորիտար Թուրքիայի ձեռքում պիտի հայտնվեն F-35-ներ: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ կառավարությունը վստահ լինել, որ F-35-ներում օգտագործվող որոշ տեխնոլոգիաներ չեն գողացվի Թուրքիայի ներսում»` հայտարարեց ԱՄՆ ՊՆ ռազմական համագործակցության վարչության նախկին տնօրեն, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թոմ ՈՒոլտեր-կրտսերը:


Անկարան ԱՄՆ-ի առանցքային գործընկերն է JSF (Joint Strike Fighter` միասնական հարվածային ռմբակոծիչ) ծրագրի շրջանակներում: Թուրքական ընկերությունները ապահովում են F-35-ի որոշ առանցքային մասերի արտադրությունը: F-35-ի վրա դրված «Rolls-Royce» շարժիչների կապիտալ նորոգման եվրոպական գլխավոր կենտրոնը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում` Էսկիշեխիրում: ԱՄՆ ՊՆ-ի գնահատականով` նոր մատակարարների որոնումները, որ կարող են փոխարինել թուրքական ընկերություններին, կտևեն 2 տարի` հայտարարեց կոնգրեսականներից մեկը: «Քիչ է, որ նրանք ԱՄՆ-ի ռմբակոծիչների շարժիչների նորոգման կենտրոնակայանն են, նաև ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հարավային թևն են»` կարծում է Լեկսինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Լորեն Թոմպսոնը: Թուրքիայի հարավի Ինջիրլիք ավիաբազան կարևորագույն մեկնակետ է Մերձավոր Արևելքում գործողություններ իրականացնելու համար` ներառյալ ԻՊ-ի դեմ պայքարը: Այնտեղ է միջուկային B61 ռումբերի զինանոցը, որ Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զսպման կարևոր բաղկացուցիչ է: ԱՄՆ-ի դաշնակիցներին ռազմական մատակարարումների մեծացումը Թրամփի վարչակազմի գերակայություններից է: Իր Buy American and Hire American («Գնիր ամերիկյանը և վարձիր ամերիկացիներին») ծրագրի շրջանակներում ներկա վարչակազմը վերջերս հրապարակեց արտահանման կանոնների որոշ փոփոխություններ, որ հեշտացնում են ԱՄՆ դաշնակիցների համար տարբեր զինատեսակների ստացումը, մասնավորապես անօդաչու ինքնաթիռների:

Թուրքիային JSF ծրագրից հանելը կարող է տագնապալի նախադեպ դառնալ մյուս դաշնակիցների համար, որ ամերիկյան տեխնոլոգիաների հետ են հույսեր կապում: Կոնգրեսը կարող է բարդացնել F-35-ների փոխանցումը Թուրքիային` կարծում է Teal Group կոնսալտինգային ընկերության փորձագետ Ջոել Ջոնսոնը, սակայն Թրամփի վարչակազմը մտադիր չէ վաճառքն արգելակել: Կոնգրեսն իրավասություններ չունի, որ միակողմանի արգելափակի Անկարայի մասնակցությունը F-35-ների ծրագրին` գործընկեր երկրներին վաճառքն իրականացնում է F-35-ներ արտադրող միջազգային կոնսորցիումը, ոչ թե ԱՄՆ կառավարությունը: Դա իմանալով` կոնգրսեականները փորձում են արգելակել F-35-ների և նրա տեխնիկական տվյալների փոխանցումը Թուրքիային, երբ ինքնաթիռները ԱՄՆ կառավարության տնօրինության տակ են հայտնվում` հոսքագծից դուրս գալուց և մինչև գործընկեր երկրին փոխանցվելը: Կործանիչների վերջնական փոխանցումը սովորաբար տեղի է ունենում ընդունող կողմի օդաչուների ուսուցումից հետո, որ տևում է 1-2 տարի` հայտարարեց Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Մայք Էնդրյուսը: Մյուս կողմից` հավանական է, որ թուրքական F-35-ները կարող են բախվել հակառուսական պատժամիջոցներին: 2017-ին Կոնգրեսը օրենք է ընդունել, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որ համաձայնագիր է ստորագրել ռուսական զենքի գնման մասին: Այդ օրենքին կարող է վերագրվել С-400-ների մատակարարումը Թուրքիային, սակայն Teal Group կոնսալտինգային ընկերության փորձագետ Ռիչարդ Աբուլաֆիայի կարծիքով քիչ հավանական է, որ Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի:


«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից է` հաշվի առնելով աշխարհագրական դիրքը: Բացի այդ` Թուրքիան մեծ տնտեսություն ունի»` կարծում է Աբուլաֆիան: Թրամփի աշխատակազմը «ելք է փնտրում»` հայտարարեց Կոնգրեսի ներկայացուցիչը` հավելելով, որ աշխատակազմում չեն ցանկանում, որ Թուրքիան դուրս գա JSF ծրագրից, բայց ցանկանում են համոզել Թուրքիային, որ հրաժարվի С-400-ների գնումից, իսկ Կոնգրեսը, աշխատակազմի ներկայացուցիչների կարծիքով, միայն ոտատակ է ընկնում:
Foreign Policy


Հ.Գ. Իրականում առաջին F-35-ը ստանալը «նվեր» էր Էրդողանին այսօրվա ընտրությունից առաջ: ԱՄՆ-ը չի ցանկանում կորցնել Թուրքիային` տեսնելով, որ իր կորցրածը Ռուսաստանն է «գտնում»: Իսկ Էրդողանը երկու կողմերին էլ օգտագործում է` իր շահաբաժինը ստանալով նրանց շահերի բախումից: Եվ այդ «դիվանագիտությունը» լավ աշխատում է բոլոր ոլորտներում այնքան, քանի դեռ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարված են, իսկ կարգավորումից հետո Անկարան կարող է նրանց պետք չլինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ