ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սուլթանի արբեցումը

Սուլթանի արբեցումը
24.06.2018 | 11:20

«Սուլթանի համար վատ ժամանակներ են», «Սուլթանի արբեցումը»` այս վերնագրերով են ֆրանսիական թերթերը հունիսի 23-ին անդրադարձել Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Le Figaro-ն գրում է վերջին 15 տարում Թուրքիայում կուտակված դեսպոտիզմի մասին: Իրոք, այդ երկրում դեռ կարելի է քվեարկել` ի տարբերություն տոտալ բռնապետության: Դրանում է Էրդողանի հանճարեղությունը, որ տոտալիտար ռեժիմ է կառուցել ընտրախավի օգնությամբ, որ գայթակղվում է «նոր Թուրքիայի» խոստումներով: Անկարայի կենտրոնում կառուցված սուլթանական պալատները, այլախոհների հետապնդումները, պետական հաստատությունների, համալսարանների ու ոստիկանության զտումները հաստատում են, որ Էրդողանն արբած է իշխանությամբ: Նա իր իշխանությունը կառուցում է ամբողջ հասարակության իսլամացման ու ռազմականացման վրա: Նրա հավակնությունները դուրս են գալիս թուրքական սահմաններից: Նա ցանկանում է հակադարձել Արևմուտքին, դառնալ տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային առաջնորդ: Սուննի աշխարհի ղեկավարը դառնալու նրա ցանկությունը դրսևորվում է Անկարայի ակտիվությամբ Եվրոպայում ու Աֆրիկայում:


Առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որ իշխանությունները նշանակել են նույն օրը, վերջին 15 տարիներին ամենառիսկայինն են Թուրքիայի համար:
Խորհրդարանական ընտրությունները մեկ փուլով են, իսկ նախագահականը կարող է երկու փուլ ունենալ, եթե կիրակի օրը 6 թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50 % ձայն: Le Figaro-ն ներկայացնում է իրադարձությունների զարգացման մի քանի սցենար: Էրդողանի համար իդեալականը հաղթանակն է առաջին փուլում և իսլամիստական-պահպանողական ԱԶԿ-ի ու ազգայնական կուսակցության, որի հետ ԱԶԿ-ն ալյանս է կնքել, բացարձակ մեծամասնություն ստանալը: Սակայն միացյալ ընդդիմությունը ու տնտեսության վատ վիճակը Էրդողանի դեմ են գործում: Կարող է ստացվել, որ Էրդողանն առաջին փուլում չհաղթի, իսկ ԱԶԿ-ն ու ՇՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ստանան խորհրդարանում: Այդ դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կլինի հուլիսի 8-ին: Էրդողանի համար դա ստորացուցիչ կլինի` նրա իշխանությունը դեռ երբեք կասկածի տակ չի դրվել 2015-ին մեծամասնությունը կորցնելուց հետո:
Հենց 2015-ի խորհրդարանական ընտրությունների սցենարի կրկնությունից է Էրդողանը վախենում: Այն ժամանակ նրա կոալիցիան ստացավ 40 %, իսկ քրդամետ HDP-ին հաջողվեց հաղթահարել 10 %-ի շեմը և առաջին անգամ խորհրդարան մտնել` իշխանությունից վերցնելով նրա մանդատների մի մասը: Եթե HDP-ին հաջողվի պահպանել մանդատները, իսկ մյուս ընդդիմադիր ալյանսները ստանան ընտրողների համոզիչ աջակցությունը, Էրդողանը կունենա վտանգավոր կազմով խորհրդարան:


Երրորդ սցենարով` Էրդողանը կարող է առաջին փուլում հաղթել, բայց մեծամասնություն չստանալ խորհրդարանում: Իրադարձությունների ամենավատ զարգացումը նրա համար կլինի ոչ միայն մեծամասնություն չստանալը, այլև ընտրությունների երկրորդ փուլը: Էրդողանի հեգեմոնիայի վերջը կգա:


Libération-ն ավելի մանրամասն է բացատրում, թե ինչու է տնտեսական գործոնն այդքան կարևոր ընտրություններում: Տարեսկզբից թուրքական լիրան դոլարի համեմատ 20 % արժեզրկվել է, ինֆլյացիան 12 % է, գործազրկությունը` 17 %: Ընտրությունների արդյունքների անորոշությունը հարուցում է և ֆինանսական շուկաների ու ներդրողների անհանգստությունը: Սոցիոլոգները նկատում են, որ շատ ընտրողներ չեն ցանկանում ասել, թե ում են ձայն տալու, որ դժվարացնում է աշխատանքը: Սովորաբար 18 հարցաթերթիկ լրացնելու համար 40 դուռ պիտի թակես: Բայց այս անգամ Gezici հետազոտական կենտրոնը ստիպված էր 120 դուռ թակել: Տարբեր ինստիտուտների արդյունքները տարբերվում են միմյանցից: Օրինակ` առաջին փուլում Էրդողանին պատրաստ է ձայն տալ ընտրողների 40-60%-ը: Հաշվի առնելով հարցումների ոչ հստակությունը, շատ ընտրողներ զգուշանում են կեղծարարությունից: Դրան հակազդելու համար ընդդիմադիր 4 կուսակցությունները և մի քանի ՀԿ-ներ որոշել են արդյունքների սեփական հաշվարկի պլատֆորմներ ստեղծել: Նրանց նպատակն է թույլ չտալ 2017-ի ամռան սահմանադրական հանրաքվեի սցենարի կրկնությունը, երբ լուրջ կասկածներ կային, որ արդյունքները կեղծված են:
RFI


Հ.Գ. Այսօր Էրդողանի տրիումֆի կամ տապալումի օրն է: Ամենայն հավանականությամբ` Էրդողանը կհաղթի առաջին փուլով նախագահական ընտրություններում, բայց Ազգային մեծ ժողովում չի ստանա իր ցանկացած մեծամասնությունը` 50 տոկոսը, և դա կստիպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ` իշխանության ամրապնդումից հետո: Թուրքիայի արտահերթ կրկնակի ընտրությունների արդյունքները կլինեն արդեն այս գիշեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ