Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից

Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից
25.06.2018 | 09:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, մտադիր են հուլիսին հանդիպել: Դա կլինի նրանց երրորդ անձնական հանդիպումը: Երկուսն էլ քանիցս հայտարարել են, որ իրենց հաջողվել է աշխատանքային նորմալ հարաբերություններ հաստատել և հաճախ են հեռախոսում` գրում են Մեթյու Ռեժանսկին ու Անդրեյ Կորտունովը The National Interest-ում: Այս պահին ԱՄՆ-ում քաղաքական մթնոլորտը Ռուսաստանի շուրջ հատկապես լարված է: Սպիտակ տունը կոնֆլիկտի մեջ է արդարադատության նախարարության թիմի հետ, որ քննում է «ռուսական գործերը»:

Թիմը գլխավորում է Ռոբերտ Մյուլերը, որ պատրաստվում էր հարցաքննել նախագահ Թրամփին: Նոյեմբերին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, և երկու կուսակցություններն էլ նախազգուշացնում են Ռուսաստանի հետագա «միջամտության» ռիսկերի մասին: Ռուսաստանում Թրամփ-Պուտին հանդիպմանը վերաբերվում են մեծ հոռետեսությամբ: Տեսակետ կա, որ Թրամփը չի կարող լուծել հարցերը, որ հատկապես կարևոր են Մոսկվայի համար: Իշխում է կարծիքը, որ ԱՄՆ նախագահը այդպես էլ պատանդ կմնա Վաշինգտոնի համախմբված հակառուսական իստեբլիշմենտին, իսկ ցանկացած հնարավոր համաձայնագիր կմերժի Կոնգրեսը կամ նույնիսկ Թրամփի աշխատակազմը: Սակայն երկու նախագահներին նախ և առաջ պետք է հուզի հարաբերությունների վտանգավոր վիճակը և այդ հարաբերությունների հնարավոր հետևանքները երկու երկրների շահերի ու գլոբալ անվտանգության վրա: Սառը պատերազմի ավարտից հետո ու գուցե 1980-ականների սկզբից Մոսկվան և Վաշինգտոնը երբեք այդքան չեն մոտեցել ուղղակի ռազմական դիմակայությանը: Այդ ամենը զորավարժությունների ընդլայնման հետևանք է, նաև օդային, ցամաքային ու ծովային ռազմական գործողությունների ընդարձակ տարածքներում` սկսած Բալթիկայից մինչև Մերձավոր Արևելք: Եղել են դեպքեր, երբ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը բախման եզրին էին և միայն վերջին պահին են խուսափել: Եվ ՌԴ-ն, և ԱՄՆ-ը մտադիր են միլիարդներ ներդնել իրենց միջուկային զինանոցի նորացման վրա: Իհարկե, սա դրական քայլ է անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության տեսակետից, սակայն տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրներն էլ պատրաստ են սպառազինությունների նոր մրցավազք սկսելու: Երկու նախագահներն էլ ուշադրություն են դարձրել այդ փաստին 2018-ի մարտին հեռախոսազրույցներում: Հատուկ անհանգստություն են հարուցում հնարավոր կիբեռհարձակումները պետությունների կամ ոչպետական սուբյեկտների կողմից, որ կարող են սադրել մարտական պատրաստության մակարդակի բարձրացում մի երկրում, որը պատասխան արձագանք կստանա մյուս երկրում և հնարավոր է լարման վտանգավոր ցիկլ սկսվի:


Թրամփի ու Պուտինի հանդիպումը չի կարող լուծել Վաշինգտոնի ու Մոսկվայի արմատական տարաձայնությունները: Նախագահներից ոչ մեկը միակողմանի զիջումներ չի անի հարցերում, որ իրենց կարծիքով ազգային անվանգության տեսակետից գերկարևոր են: Սակայն հանդիպումը կարող է ճանապարհ բացել հարաբերությունների կայունացման համար, որ ստեղծված պայմաններում ինքնին նշանակալից ձեռքբերում է:
Պատերազմները Սիրիայում ու ՈՒկրաինայում հարյուր հազարավոր զոհերի պատճառ են դարձել, միլիոնավոր փախստականների: Վաշինգտոնն ու Մոսկվան վերահսկում են այդ կոնֆլիկտների ռեսուրսները և կարգավորման անհրաժեշտ ազդեցության լծակները: Թեպետ պաշտոնական անձինք փորձել են պայմանավորվել փոքր քայլերի իրականացման շուրջ` ՈՒկրաինայում Մինսկի համաձայնագրերի կատարումը, Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների վերսկսումը, սակայն քաղաքական կամքը, այնուամենայնիվ, չի հերիքում: ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումը այս պահին լավագույն հնարավորությունն է ցուցադրել այդ հարցերում առաջընթացի իրենց մտադրությունները:

Բազմամյա պատժամիջոցների ու հակապատժամիջոցների, փոխադարձ մեկուսացման քաղաքականությունը ձևախեղել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շարքային քաղաքացիների հարաբերությունները: Այդ իրավիճակը չի բխում կողմերի շահերից: Դեսպանատներն ու հյուպատոսությունները բախվեցին աշխատակիցների թվի կրճատման, ԱՄՆ ու ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման: Դա հանգեցրեց զբոսաշրջության, մշակութային ու կրթական փոխանակումների կայուն կրճատման վերջին 50 տարում առաջին անգամ` 1958-ին գիտության, տեխնիկայի, կրթության, մշակույթի ու մյուս ոլորտներում փոխանակումների համաձայնագրից հետո: Նույնիսկ եթե պատժամիջոցները պահպանվեն, երկու նախագահները պետք է հստակ մատնանշեն, որ դիվանագետների, օրենսդիրների, ձեռնարկությունների, գիտնականների ու քաղաքացիական խմբերի շփումները խաղաղ, արդյունավետ հարաբերությունների հիմքն են, հետևաբար` հատկապես կարևոր են, երբ պաշտոնական հարաբերությունները լարված են: Չնայած երկու պետությունների հարաբերությունների խոր ճգնաժամին` ԱՄՆ-ի ու ՌԴ-ի քաղաքացիները նախկինի պես հետաքրքրվում են միմյանցով, նրանք նշանակալից չափով մերժում են պայքարի պարադիգման: ՌԴ քաղաքացիները դիմում են ԱՄՆ դեսպանատուն Մոսկվայում` ցանկանալով վիզա ստանալ, իսկ ԱՄՆ քաղաքացիները ամենամեծ պատվիրակությունն են կազմել, որ մասնակցում է Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Պարզապես արդար ու հեռատես չէ, երբ շարքային քաղաքացիները պետք է վճարեն կառավարությունների կոնֆլիկտի համար: Մոսկվայի ու Վաշինգտոնի տարաձայնությունները շատ են և երկու երկրների նախագահները չեն կարող շատ հարցերում շփման ընդհանուր կետեր գտնել:

Հանդիպման նպատակը չէ հակասությունները շրջանցել կամ հանդիսավոր գործարք կնքել: Ավելի շուտ` երկու նախագահները պետք է տարածք ստեղծեն, որի շրջանակներում կառավարությունները կարողանան վերսկսել փոխգործակցությունը: ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ներկա կոնֆլիկտը նոր սառը պատերազմ չէ, բայց պետք է դասեր քաղել սառը պատերազմից, որ դիվանագիտությունը բարձր մակարդակում ոչ միայն մեծ հաղթանակներ տոնելու համար է, այլև ոչ մեծ քայլերի ազդակ դառնալու և ամենօրյա փոխգործակցության, որ թույլ չեն տա սառը պատերազմը տաքի վերածվի:
The National Interest


Հ.Գ. Բայց ո՞վ կարող է վստահ լինել, որ Թրամփը չի փոխի մտադրությունը: Կամ` Պուտինը կցանկանա նրա հետ նրան հետաքրքրող հարցերը քննարկել: «Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»` շաբաթ երեկոյան MSNBC ալիքի ուղիղ եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Մոսկվա կուղևորվի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը` նախագահների հնարավոր հանդիպման հեռանկարները հստակեցնելու նպատակով: «Չի բացառվում,որ Ջոն Բոլտոնը Մոսկվա ուղևորվի արդեն հունիսի 24-ին»` ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Դա դեռ ոչինչ չի նշանակում: Թեպետ ինչու՞ ոչ: Արտաքին քաղաքական բազում հարցեր են ավելացել երկու նախագահների օրակարգում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ