«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ասիմետրիկ իրականություն

Ասիմետրիկ իրականություն
26.06.2018 | 00:18

Արդեն այնքան շոգ է, որ նույնիսկ ալարում ես մտածել: ՈՒ որովհետև ալարում ես մտածել, մտքերդ իրենց-իրենց` առանց տրամաբանական լարի, գալիս ու շարվում են, սկսում են հեգնել քեզ, որ պատճառահետևանքային կապ ես որոնում: Երբ «ժամանակ չկա»-ն է ժամանակի կարգախոսը, ամեն ինչ արվում է հընթացս, ձեռքի հետ, ոտքի վրա, գալիս է պահ, երբ ակնհայտ են տեղապտույտը ու լուսացույցի լռված կարմիր լույսը: Եվ, ուրեմն, օգտվելով շոգի ընձեռած անտրամաբանական լինելու իրավունքից, անկապ հարցեր մեր կյանքից.


1. Չգիտե՞ք` այսօր ու՞մ են բռնելու:
2. Կա՞ մարդ Հայաստանում, որ կոռուպցիոներ չէ:
3. Հեղափոխությունը ավարտվե՞լ է, թե՞ դեռ չի սկսվել:


Անտրամաբանական հարցերին ճիշտ է ասիմետրիկ պատասխան տալ` նույնքան ու ավելի անտրամաբանական: Բայց իրականությունը դրանից չի փոխվում: Ով չի ալարում օրինակ է բերում Հին Հռոմը ու կեսարների քաղաքականությունը` հաց ու զվարճանք: Ոչ ոք չի փորձում խորանալ` ինչու՞ էին կեսարները ժողովրդին մատուցում հաց ու զվարճանք ու ի՞նչ էին ստանում ժողովրդից: Չի ուզում հիշել, որ Հին Հռոմի կառավարման մոդելը տարբեր մակարդակի պաշտոնյաների պերմանենտ ընտրություններն էին` մեկ տարի ժամկետով: Մեկ տարի: Ընդամենը: Եվ բոլոր մագիստրատները, սենատորները, կոնսուլները, կեսարները ընտրովի էին: Օրենքներն ընդունում էին կոմիցիաները` ժողովրդական ժողովները: Ցենզորներն իրավունք ունեին Սենատի լյուստրացիա անել ու սենատորներին հեռացնել: Հատուկ դեպքերում ընտրում էին դիկտատորների` միայն կես տարով: Չշփոթեք ներկա դիկտատորների հետ: Սա` համենայն դեպս: Համարեք` շոգից բռնկում հռոմեական թեմաներով: Հայաստանում սկսվել է բազմաշերտ իրականություն, երբ ամեն շերտը շերտատվում է, ու ոչ ոք չի կարող ասել` որտեղից է սկսվում ու որտեղ ավարտվում: Իհարկե, նոր իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ: Ճիշտ է անում: Որքան արդյունավետ լինի պայքարը, այնքան Հայաստանը կմոտենա քաղաքակիրթ աշխարհին: Բայց կոռուպցիայի դեմ պայքա՞ր են հնչեղ անուններ ունեցող մարդկանց ձերբակալություններն ու խուզարկությունները, մարդու ու սեփականության իրավունքների խախտումներով տեսանկարահանումներն ու ցուցադրությունները: Միայն ԱԱԾ-ի՞ խնդիրն է կոռուպցիայի դեմ պայքարը: Վերացա՞վ կոռուպցիան Հայաստանում մի քանի ձերբակալություններով: Խնդիրը դա՞ է, թե՞ կոռուպցիայի կանխարգելումն ու պայմանների ստեղծումը, որ կոռուպցիան անհնար դառնա օրենսդրորեն ու գործնականում: Երբ կոռուպցիան ձեռնտու չլինի: Մեկ օրում չի լինում, ոչ էլ մեկ տարում: Բայց լինում է, չէ՞: Լինում է, երբ հասարակության կրթական ու բարոյական մակարդակը բավարարում է: Երբ քաղաքական կամք կա ու իրավապահ համակարգ: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում այսօր լուծում է մեկ խնդիր` ամրապնդել գործող իշխանությունը, զրկել նախկին իշխանությանը ընտրություններում վերարտադրվելու ավանդական ռեսուրսներից: Որևէ մեկը չի կարող պնդել, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, որ այս ու այս կոռուպցիոներները ձերբակալվեն: Հեղափոխության նպատակը իրավիճակի փոփոխությունն ու ապագայի վստահություն, հեռանկար ունենալն էր:

Հեռանկարը մնում է միրաժ, հորիզոնի գիծ` դու մոտենում ես, ինքը հեռանում է: Հաշվեք ու իրար գումարեք մայիսի 8-ից հետո խուզարկված կամ ձերբակալված ու կալանավորված, ձերբակալված ու ազատ արձակված բոլոր «կոռուպցիոներների» գործերով պետությանը պատճառված վնասը: Մոտավորապես: 6 միլիա՞րդ: Որից 1,5 միլիարդը վերադարձվել է պետությանը: Հետո՞: Կա՞ վստահություն, որ այդ կոռուպցիան հնչեղ ու հայտնի անուններով մարդկանց հոբբին էր ու հենց հիմա շարքային ու անանուն կոռուպցիոներները, օգտվելով իրենց անուն-ազգանունների հասարակությանը ոչինչ չասելու փաստից, չեն շարունակում յուրացնել պետության գումարները, կաշառք տալ ու ստանալ` անօրինական ինչ-որ ծառայության դիմաց: Պետական պարտքը նվազե՞ց: Քանի՞ մարդու աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացան: Քանի՞ աշխատատեղ ստեղծվեց Հայաստանում մայիսի 8-ից հետո, ի՞նչ նախադրյալներ ստեղծվեցին, որ այս կամ այն ձեռնարկությունը սկսելու է գործել` քաղաքական որոշումով ու տնտեսական անհրաժեշտությունից դրդված:

Հասկացանք, որ արտահերթ ընտրությունները քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրն են, բայց նույնիսկ ընտրությունները հարց չեն լուծում ու ելք չեն ճգնաժամից: Ընտրությունները իշխանություն ձևավորելու միջոց են: Պատկերացրեք` երեկ էին ընտրությունները, ու այսօր ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանը ձևավորում է նոր կառավարություն` ի՞նչ անելու համար:


Կոռուպցիայի դեմ այսօրվա պայքարով ընտրակեղծարարության ռեսուրսի նվազեցման հարց է լուծվում միայն: Նույնը` քրեական հեղինակությունների ձերբակալություններով: Ճիշտ է արվում` ընտրությունը ընտրողի ու ընտրվողի գործն է, ու միջնորդ պետք չէ, բայց հետո՞: Ընտրվելուց ու ընտրելուց հետո ի՞նչ է լինելու: Այսօր մեզ մատուցվում է «զվարճանքը» զգայական նոտաներ խաղարկելով, հասարակության «արյան» ծարավը հագեցնելով: Գուցե քչերն են նկատում, որ հընթացս այդ մարդիկ նաև «մաքրվում» են: Օրինակ` Շմայսը հիմա հանգիստ կարող է ասել, որ ինքը Հայաստանի նոր հանրապետության ազնիվ ու շիտակ քաղաքացի է` շատ կուլտուրական ներխուժեցին իր տուն, իրեն տարան, ապօրինի զենքը իր ձեռքով հանձնեց ու ազատ արձակեցին: Խնդի՞ր կա իր հետ: Դրանով Շմայսը դադարե՞ց Շմայս լինե՞լ: Օրենքի առաջ` այո: Շոուն ստացվում է, բայց երբ ամեն օր քաղցրավենիք ես ուտում, կարոտում ես ալյուրով, ջրով ու աղով թխված հացին: Ձանձրացնում է` բոլոր տեղեկատվական ծրագրերը 02 են դարձել: Ո՞վ ու ե՞րբ պիտի ՀՀ շարքային քաղաքացուն օնլայն կամ տետատետ ասի` ի՞նչ է կառավարությունն անում կոնկրետ իր ու Հայաստանի զարգացման համար: Հանրամատչելի բացատրի` ի՞նչ պետություն է լինելու Հայաստանը, ի՞նչ տնտեսություն է ունենալու, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու: Միջին վիճակագրական հայի համար, որ նաև գրպանում քամի ունի, կարևորը նախկին ու ներկա այս ու այն պատգամավորի, նախկին ու ներկա նախարարի ու պաշտոնյայի մութ անցյալը չէ, այլ իր լուսավոր ապագան, ու նա եթե ոչ այսօր ու հիմա, վաղը ու այստեղ հարց է տալու` եթե դուք ամրապնդում եք ձեր իշխանության վերարտադրության ռեսուրսները, ինձ ե՞րբ եք հիշելու, ինձ, որ ձեր խոսքով` իշխանության տերն եմ: Ես ի՞նչ ունեմ հեղափոխությունից, որ ես եմ արել` ձեր խոսքով:

Կրկնում եմ` արտահերթ ընտրությունները միջոց են, բայց ոչ նպատակ: Իսկ նպատակը չի ձևակերպվում ու չի բացատրվում: Մի՞թե հեղափոխության ամբողջ առաքելությունը Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինելն էր: Լավ, վստահության անսպառ պաշար ունեցող նոր իշխանությունը հեռանկարի, հույսի ու ապագայի համար որևէ քայլ արե՞լ է: «Ժամանակը քիչ էր», «Ժամանակի մեջ կերևա»` սոփեստություն է: Նույնիսկ ամենացնցող կամ ամենաշքեղ շոուից հետո, մեկ է, սովածանում ես և ուտել ես ուզում: Իսկ հացի խնդիրը մնում է նույնը, նույնիսկ եթե բոլոր պատգամավորներին կալանավորեն: Շոկ չի լինելու` ընտելանում ես, առօրյա է դառնում` դիմակավոր անձինք, հատուկ գործողություններ, խուզարկություններ, գումարների, գողացված ապրանքների հայտնաբերում, յուրացումներ, հարկերից խուսափում: Տարբեր հաշվարկներով` Հայաստանից վերջին 20 տարում 30 միլիարդ դոլար է դուրս բերվել: Կառավարությունն այդ գումարները վերադարձնելու մեխանիզմների մասին մտածու՞մ է: Ինչպե՞ս: Թե՞ դա պակաս կարևոր հարց է, կամ` ավելի վտանգավոր, քան հնարավոր: Հեղափոխական ալիքի վրա շաբաթը մեկ քաղաքապետ կարող է հրաժարական տալ, նորը ի՞նչ է անելու: Հասարակական վստահությունը հնչեղ ու կտրուկ կապիտալ է` ալմաստի պես կտրում է, բայց հավերժական չէ: Եթե չունի կոնկրետ բովանդակություն, կոնկրետ արդյունք ու կոնկրետ հեռանկար: Հրանուշ Հակոբյանին փոխարինել Մխիթար Հայրապետյանով չի նշանակում սփյուռքի նախարարություն ստեղծել: Գործող համակարգը քանդելն ինքնաբերաբար նոր համակարգ չի ձևավորում` անգամ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար:


Ո՞րն է լինելու նոր Հայաստանը: Իներցիայով գործող պետությու՞ն: Հեղափոխության իներցիայով, որ մեկ տարի կամ ավելի քիչ ու ավելի շատ ապրելու է նոր ընտրությունների համա՞ր: Անցումային կառավարություն լինելն ու ամբողջական իշխանություն ունենալը վիթխարի տարբերություններ ունեն: Կարող ես անգամ ամենաժողովրդավարական ընտրություններից հետո իշխանություն կորցնել, եթե ընտրողիդ ակնկալիքները օդում կախված են մնում: Ինչպիսի՞ն պետք է լինի անվտանգության նոր համակարգը, ինչպե՞ս պետք է փոխհարաբերվեն քաղաքացիները միմյանց ու պետության հետ: Ֆեյսբուքյան ուղերձներով ու գրառումներո՞վ: Սիթիները, կարգոները, «Սեքյուրիթի դրիմները», «Էլլիպսները», «Յանսերը», ամբողջ շարքը` աղմկահարույց բացահայտումներով և ձերբակալություններով, այսօր իրենով փոխարինում է պետական կառավարման համակարգին, որ անտրամաբանական է: Հեղափոխությունից հետո մենք դառնում ենք ոչ թե Հայաստանի չորրորդ Հանրապետություն, այլ` ԱԱԾ-ի անվան Հայաստան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հեղափոխության առաջին նպատակը պիտի լիներ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման քաղաքական ու տնտեսական նախադրյալների ստեղծումը: Հայտարարությունների մակարդակով` Հայաստանն աշխարհի ամենաինքնիշխան երկիրն է, գործնականու՞մ: Գործնականում Հայաստանը միջազգային կառույցներում շարունակում է դեմ քվեարկել ՌԴ-ի դեմ օրինագծերին, ինչպես մի քանի օր առաջ ՄԱԿ-ում մի օրինագծի, որ չէր անցնելու, և Հայաստանի քվեարկությունը զուտ հնազանդություն էր դաշնակցին, որ աշխարհում ընդունվելու է Ռուսաստանի գրպանում մնալու կասկածների հաստատում: Ի՞նչն է գործել` հետհեղափոխական էյֆորիա՞ն, իներցիա՞ն, սկզբունքային ու գաղափարական կռվաննե՞րը: Ոչ մեկը: Ողջ-առողջ է Ռուսաստանին հավատարմության սինդրոմը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն շաբաթ հայտարարում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացման, Պուտինի հետ բաց ու ազնիվ հարաբերությունների մասին: Պե՞տք չէ բաց ու ազնիվ հարաբերություններ ունենալ սեփական պետության հետ ու այդ պետության շահը պաշտպանել: Առանց հեքիաթների: Ե՞րբ, որերո՞րդ հեղափոխությունից հետո է Հայաստանը միջազգային ասպարեզում սուբյեկտի կարգավիճակ ունենալու: Եվ սա միայն մեկ դեպք է: Իսկ ընդհանրապես, կոռուպցիոն բացահայտումներին զուգահեռ, Հայաստանում ազատության մեջ են հայտնվում «Սասնա ծռերը», ու շարունակվում է նրանց հերոսացման անկաշկանդ ընթացքը: Հարցը միայն «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ հրապարակված 2 տարի առաջվա գաղտնալսումները չեն, որ ակնհայտ դարձրին` ինչ հայտնի էր` զինված խմբի անդամների թիրախը ոչ այնքան Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, որքան այն քաղաքականությունը, որի մեջ իրենք չկան: «Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ «Սասնա ծռերի» հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել «Սասնա ծռերի» ապստամբության և ներկայի թավշյա հեղափոխության միջև»,- բանտից գրել է «Ծռերի» գաղափարական ղեկավար Վարուժան Ավետիսյանը: Ո՞վ է «մեր ընդհանուր հակառակորդը»: Նրա՞նք, որ «ծուռ» չեն, թե՞ նրանք, որ շարունակում են Հայաստանում հակառակորդ փնտրել` այլապես անիմաստ է իրենց գոյությունը: ՈՒ նրանք պատրաստվում են մասնակցել արտահերթ ընտրությունների: Ազգային անվտանգությունը սահմանների պաշտպանությունը չէ միայն, պիտի իմանաս` ու՞ր ես գնում ու ինչպես, ե՞րբ ես տեղ հասնելու: Իրականությունից չես փախչի: Նույնիսկ վիրտուալ տարածքում քեզ կգտնի ու կհարցնի` դու ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել և ու՞ր ես գնում: Կա՞ն այս հարցերի պատասխանները:

Դիտվել է՝ 3410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ