«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                

«Եթե Հայաստանում նոր իրողություններով ձևավորված խորհրդարան ու կառավարություն ունենանք, նրանք հացը «ցամաք» են ուտելու»

«Եթե Հայաստանում նոր իրողություններով  ձևավորված խորհրդարան ու կառավարություն ունենանք, նրանք հացը «ցամաք» են ուտելու»
26.06.2018 | 00:34

Շփման գծում կուտակումները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, թե վերջին տարիներին զինվորական կարողականությունն էականորեն ընդլայնվել է, էականորեն փոխվել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև զինվորական հավասարակշռությունն ի նպաստ իրենց, ավելի մտահոգիչ են դառնում: Անշուշտ, այս երկրում ապատեղեկատվությունը պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն է, սակայն այդ ամենին չպետք է անլուրջ վերաբերվել: Ապացույցն էլ այն է, որ նախորդ շաբաթ ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի՝ Ակնայի ուղղությամբ հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, իսկ սահմանի երկայնքով կուտակված մեծաքանակ ռազմամթերքը մի օր գործի է դրվելու: Ինչպես Չեխովն է ասել` եթե հրացանը կախված է պատից, այն մի օր կրակելու է: Լարված իրավիճակի շուրջ զրուցում ենք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Շիրինյան, ի վերջո, ինչի՞ են հանգեցնելու այս կուտակումները, ռազմական հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքները:
-Ադրբեջանը շանտաժն ավելացրել է, իսկ կուտակումներ միշտ էլ եղել են: Նրանք Հայաստանի և Արցախի շուրջ օղակը մշտապես սեղմում են: Սա փաստ է: Այս շանտաժն ունի նաև ցիկլային բնույթ՝ պայմանավորված իրենց ներքին խնդիրներով և հայաստանյան զարգացումներով: Այս պահին այդ շանտաժը հասել է գագաթնակետին: Զենքեր են ցուցադրում, Նախիջևանում վտանգավոր զարգացումներ են: Ադրբեջանին անհանգստացնում է այսօրվա հայաստանյան իրականությունը: Փաստ է, որ ի սկզբանե նրանք ավելի լավ են զինված եղել, քան մենք, սակայն, հակառակ այդ հանգամանքի, հայկական կողմը հայրենիքն ազատագրել է, ռազմավարական դիրքեր է գրավել: 2016-ին էլ, Հայաստանի ապիկար իշխանությունների պատճառով, շատ զոհեր ունեցանք, բայց Ադրբեջանին կրկին չհաջողվեց ոչ մի հարց լուծել, չնայած այս անգամ էլ նրանք սպառազինությամբ գերազանցում էին մեզ: Հիմա նրանց անհանգստացնում է այն, որ եթե ժողովրդականություն չվայելող հայաստանյան իշխանությունների պարագայում չհաջողվեց ոչինչ անել, ռազմավարական որևէ խնդիր լուծել, այն դեպքում, որ ունեին Թուրքիայի, Իսրայելի աջակցությունը, ինչ կլինի, եթե գործ ունենան ժողովրդի վստահությունը վայելող իշխանության հետ: Էլ չենք ասում մանվելների յուրատեսակ համագործակցությունը ադրբեջանաթուրքական բանակի հետ՝ զինվորի բաժնի և հանդերձանքի կողոպուտի տեսքով: Հիմա Հայաստանում թավշյա հեղափոխություն է եղել, իրավիճակ է փոխվել: Իհարկե, մինչ խորհրդարանական ընտրությունները դեռ անցումային շրջան է, բայց եթե ժողովրդի և իշխանության օտարումը վերացել է Հայաստանում, բնականաբար, Ադրբեջանում դա վտանգավոր են համարում:
-Մտավախությունները, թե պատերազմ կվերսկսվի, իրատեսական չե՞ն:
-Չեն կարող, հիմա ժողովրդի հոգեվիճակը լրիվ այլ է: Փողոցի տրամադրությունը, ոգևորությունն անցել է նաև բանակին, այսպիսի բանակի հետ ի՞նչ կարող են անել: Նրանց դարդ ու ցավն այսօր դա չէ: Շանտաժը կանեն, զենքերը կցուցադրեն, գիշեր-ցերեկ Ադրբեջանի առավելություններից կխոսեն, հոգեբանական մշակման տեխնոլոգիա կկիրառեն, բայց դա չի կարող իրավիճակ փոխել: Եթե Հայաստանում ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին, նոր իրողություններով ձևավորված խորհրդարան ու կառավարություն ունենանք, նրանք հացը «ցամաք» են ուտելու։ Այս պետության հետ այլևս չեն կարող խոսել այնպես, ինչպես նախկինում։ Հենց սրանով են պայմանավորված նրանց այս օրերի քայլերն ու շանտաժը:
-Տեսակետ կա, որ մինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է ժամանակավորապես կասեցնել բանակցային գործընթացը։ Համամի՞տ եք:
-Բանակցություններն արդեն վերածել են զազրախոսության, շարունակել, թե ոչ, թող իշխանությունը որոշի։
-Ադրբեջանական օդուժում հայտնված ամերիկյան ռազմական ուղղաթիռների առկայությունն ի՞նչ բացատրություն կարող է ունենալ:
-Այստեղ Ադրբեջանն այլ հարց է ուզում լուծել, այն է` տեսեք-տեսեք, ամերիկացիներից էլ անգամ կարող ենք զենք գնել: Հետո՞: Ի՞նչ է, ռուսական հրթիռները վա՞տն էին: Սա մեր հայկական լոբբիստական կառույցներին առիթ է տվել, որ լուրջ աշխատեն ամերիկյան գործընկերների հետ ու վերջապես քնից արթնանան: Նաև միանշանակ է, որ Ադրբեջանը զենքի պակաս չունի, սակայն խորապես համոզված եմ, որ եթե երկու-երեք տարի այս վիճակը ձգենք, երկիրը տեղափոխենք գիտության, արդյունաբերության զարգացման ոլորտ, մեզ այլևս չեն կարող որևէ հարցում փաստի առաջ կանգնեցնել: Ասել է՝ տնտեսությունը պետք է վերականգնել, իսկ հիմա վիճակը հեղհեղուկ է, ադրբեջանցիներն էլ օգտվում են առիթից:
-Նախիջևանյան ուղղությամբ զարգացումները մտահոգիչ չե՞ն, երբ չեզոք գոտին զգալի կրճատվել է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն էլ խոսում է նոր ռազմական ճակատի բացման մասին:
-Այս ամենին պետք է առավել քան լուրջ վերաբերվել: 90-ականներից տարին չորս-հինգ անգամ Նախիջևանի խնդրի մասին հիշեցնում եմ, բայց ոչ հայկական տրամաբանությամբ` դռները փակենք, սուս մնանք, հանկարծ չհարձակվեն: Այս քաղաքական-ռազմավարական ղեկավարությունը պետք է նոր տեսակետ որդեգրի, իմա՝ կանխարգելիչ պատերազմ: Հիմա շատ հարմար պահ է, որ մերոնք խփեն: Մինչ այդ պատերազմը դիվանագիտությունը պետք է իր գործն անի: Նախիջևանի վերաբերյալ դիվանագիտական-քաղաքական փաթեթը պիտի օգտագործել, որովհետև դա մեզնից բռնազավթած տարածք է: Ղարաբաղյան այս անիմաստ բանակցությունների փոխարեն մեր դիվանագիտությունը պետք է սկսի աշխատել Նախիջևանով երկաթգծի բացման ուղղությամբ: Սա մեր երկաթուղին է, որը բռնազավթել են ադրբեջանցիները ռուսական օրհնանքով: Հիմա մեծ եղբոր հետ ճիշտ պետք է խոսել: Այս ուղղությամբ պետք է կատաղի աշխատել, այդ թվում` Լոնդոնի, Փարիզի հետ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմում մեր դաշնիկիցներն էին: Այսինքն, խնդիր է դրված մեր իրավունքները վերականգնելու, եթե պետք է միայն նստեն ու հորանջեն, ոչ մի բան էլ չի լինի: Տեսանք, թե ինչ է լինում, երբ նստած հորանջում են ու հանդուրժում Մանվելի նման բանդիտին, որը զինվորի ունեցվածքն ուտում է իր առյուծների հետ: Այս ոչնչություններին Հայաստանից պետք է արմատախիլ անել, այդ որկրամոլների բանդան, գեներալիտետը պետք է ոչնչանան, քանի որ նրանք աշխատում են ի շահ Ադրբեջանի:
-Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, կարելի է ասել, անտարբերության են մատնել Նախիջևանի հարցը, այսքան պարապուրդից հետո հնարավոր կլինի՞ դիվանագիտական ճանապարհով ինչ-ինչ հարցեր լուծել, այդ թվում` երկաթգծի խնդիրը:
-Նախ պետք է փորձեն թղթածրարով հետ բերել մեր տարածքը, գտնեն միջազգային իրավունքի փորձագետներ, նստեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այդ գործը սկսեն: Ամենակարևորը` երկաթգծի ուղղությամբ աշխատանքներ պետք է տանել, դա մերն է: Տեսանք, չէ՞, որ հանգիստ, խաղաղ նստելով ոչինչ չի լինում, դա բերում է ջախջախման: Որքան հանգիստ ենք պահում մեզ, այնքան կորցնում ենք: 300 տարվա մեջ հնարավոր չէ՞, որ առաջին անգամ մենք էլ հարձակվենք: Պիտի անընդհատ սպասենք, որ իրենք մորթեն, ծեծեն, ջարդեն, հետո՞ միայն պատասխանենք, այն էլ` կա՛մ պատասխանենք, կա՛մ ոչ: Մինչդեռ, պետք է տեսնել որտեղ վտանգ կա, այնտեղ խփել, սա է կանխարգելիչ պատերազմի տրամաբանությունը: Առավել ևս, որ Նախիջևանում մեր դիրքերը չափազանց լավն են: Թող նրանք իրենց զենքով չհոխորտան, թող մեկ անգամ էլ մենք մեր զենքը ցուցադրենք: Գիշեր-ցերեկ ադրբեջանական լրատվամիջոցներով հայկական կողմին շանտաժ են անում` էս զենքն ունենք, էն ունենք, բա որ ունեին, ինչու՞ ապրիլյան պատերազմում հաջողության չհասան: Զենք ունեն, բայց իրականում չունեն: Նոր իրողությունների պայմաններում պետք է փոխվի նաև քաղաքական տրամաբանությունը` քո երկրի, քո երեխայի անվտանգությունը միայն կաշին փրկելով կամ խորոված ուտելով չէ: Պետք է հարցեր լուծել, կռիվ է, պետք է կռվել: Եթե տասն օր առաջ գիտես, որ պատերազմ է սկսվելու, հինգ օր առաջ դու սկսիր, պարտադիր է քեզ անընդհատ սպանեն, հետո՞ դու հակահարված տաս: 300 տարի այսպես ենք ապրում՝ հանկարծ պատերազմ չլինի: Հիմա իրավիճակը թելադրում է, որ պատերազմ լինելու է: Ավելին, մեր զինհրամանատարությունը փայլուն հարցեր է լուծում, նույնիսկ այն դեպքում, երբ գեներալները գողանում են, բանակը թալանում: Ինչպես ժամանակին այդպես արագ, անհայտ ծագմամբ «աճել» են, հիմա էլ պետք է արագ այդ գեներալների շնորհազրկմամբ զբաղվել: Հայերեն խոսել չգիտեն, ով մռթմռթում է, գեներալ է, 80 կգ-ից ավելի քաշ ունեցողը պետք է գեներալ չլինի, ստուգեն դրանց բոլորի դղյակները, պարզ է, չէ՞, որ դրանք կառուցվել են զինվորների բաժին զենքի և ուտելիքի հաշվին: Մեր զինվորներն էլ ասում են, որ եղել են օրեր, որ մենակ կանաչիով են սնվել, այսինքն` խնդիրն այնքան սնունդը չէ, որքան զենքը: Ո՞վ են նրանք, որ այդքան զենք ունենան: Շմայսն ինչու՞ պետք է զենք պահի ու մռթմռթալով բացատրի, թե ինչի համար է պահում: Պետք է ռազմադաշտային դատարանները վերականգնել, ով մի փամփուշտ անգամ տարավ, տեղում կախել: Մենք բարեկամ երկիր չունենք, մեր ռեսուրսը սահմանափակ է, շրջափակված ենք, արտակարգ իրավիճակում ենք ապրում, իսկ դա թելադրում է նաև արտակարգ գործողություններ: Այս գործողությունների պարագայում ոչ միայն ժողովուրդը կփրկվի նմաններից, այլև հայրենիքը կվերականգնվի:
-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Դուք նոր կառավարությունից ակնկալում եք ոչ միայն ներքին կարգուկանոնի հաստատում, այլև արտաքին հարաբերությունների արմատական վերանայում:
-Ներքին կարգուկանոնը հանգեցնում է արտաքին ճիշտ դիրքորոշումների նախանշման: Եթե այսպես շարունակվի, կրկին ռուսներից ենք կախված մնալու: Մաքրվել ու մաքրել: Կա ժողովրդի համակրանքը վայելող իշխանություն, որը կարող է շատ հարցերում արմատական վերանայումներ անել ու երկիրը նոր ռելսերի վրա դնել: Իսկ երբ զենքի անհրաժեշտություն է առաջանում, միշտ էլ այն հայտնվում է:
-Ի դեպ, նոր իշխանությանը մեղադրում են, որ, ի դեմս Մանվել Գրիգորյանի, ընտրողաբար է կոռուպցիոն բացահայտումներ անում: Նման տպավորություն ունե՞ք:
-Եթե անգամ ընտրողաբար են անում, ճիշտ են անում: Մանվելի նման զինված բանդա ունեցողը պետք է առաջինը գլխատվեր: Եթե սկսում ես մի գործ, ում էլ առաջինը թիրախում պահես, կասեն՝ ընտրողաբար են մոտենում խնդիրներին: Ինչպես կարելի էր Մանվելին չզինաթափել, բանակ է` բանակի ներսում: Գուցե այդ կուտակումներն անում էր, որ «Երկրապահի» ձեռքով ռազմական հեղաշրջու՞մ իրականացներ: Մեկը կարո՞ղ է ինձ հակառակը համոզել: Հետևապես առաջինը հենց այդ վիշապի գլուխը պետք է կտրեին:
-Հիմնավորում է հնչում, թե մինչ Մանվել Գրիգորյանը շատ ավելի կոռումպացված անձինք կան երկրում:
-Մանվելը զինված բանդա էր, նրանը ունեցվածք չէ: Ընդհանրապես, ով տանը զենք է պահում, այն էլ այդ քանակությամբ, նա բանդա է: Թուրքերը լինեին` ծառից կկախեին` չսպասելով որևէ բացատրության: Զենքն իր մոտ ի՞նչ գործ ունի, նա ԱԺ պատգամավոր է ու գեներալ:
-Նրան արդարացնողները հայտարարում են, որ ԵԿՄ-ն պետք է զենք ունենա:
-Գլուխը պատին են տալիս: Հայրենիքի պաշտպանները, որոնք մասնակցել են արցախյան ազատամարտին, դաշնակցության շարքերում են եղել, մյուսները` «Տիգրան Մեծ»-ում, նրանք երկրապահ չե՞ն: Դրա համար էլ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դա զինված կազմակերպություն է: Ժամանակին իշխանությունները այս միությունը ստեղծել են իրենց մութ գործերն իրականացնելու համար։ Հիմա «ընտրողաբար» նոր իշխանությանն առաջարկում եմ նախկին պաշտոնյաների տղաներին զորակոչել բանակ, որ նույն խրամատում ծառայեն, անկախ այն հանգամանքից, թե ինչ տարիքի են:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ