«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը բավական ակտիվ մասնակցություն են ունենալու»

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը բավական ակտիվ մասնակցություն են ունենալու»
26.06.2018 | 00:41

Նշմարվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենց ուժերը ևս մեկ անգամ փորձելու հայտ են ներկայացրել մի շարք կուսակցություններ ու քաղաքական միավորներ: Վերջիններս հրապարակումներով են հանդես գալիս, մեկնաբանություններ անում՝ հստակեցնելով՝ իրենք նույնպես ցանկանում են լինել ձևավորվելիք խորհրդարանում: Վերջին օրերին կուսակցություններից մի քանիսը հայտարարել են, թե ցանկալի կլիներ, որ խորհրդարանում հայտնվելու համար սահմանված տոկոսային շեմը 5-ից իջեցվեր 3 տոկոսի, ինչպես նաև նվազեր ընտրագրավի գումարը, որն այժմ 10 միլիոն դրամ է:
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, թե համակարծիք է այդ մոտեցմանը, որովհետև, եթե ուզում ենք ամրապնդել բազմակուսակցական համակարգը, դրա լավագույն տարբերակը «Ընտրական օրենսգրքի» մի շարք դրույթների վերանայումը պետք է լինի:


Ըստ նրա՝ եթե Ազգային ժողովում այսօրվա 4 խմբակցության փոխարեն լիներ, օրինակ, 6-7 խմբակցություն, իշխանափոխության հասնելն էլ այդքան բարդ չէր լինի, հետևաբար, ԸՕ-ի վերափոխման ժամանակ՝ 2016-ին թույլ տված սխալներից պետք է դասեր քաղել ու նոր օրենսգիրքը մշակել հնարավորինս առանց թերությունների:
Առաջին փոփոխությունը, որ պետք է տեղ գտնի «Ընտրական օրենսգրքում», այժմյան տեսքով գործող ռեյտինգային կամ վարկանիշային (համամասնական բաց ցուցակներով ընտրակարգ- հեղ.) ընտրակարգից հրաժարվելն է:


«Եթե այդ համակարգը չփոխվի, ապա ո՛չ մեծ, ո՛չ էլ փոքր կուսակցություններին ոչինչ չի օգնի, ու ընտրությունների ժամանակ միայն փողը կաշխատի: Մյուս գլոբալ խնդիրը, բազմակուսակցական համակարգն ամրապնդելու առումով, այն է, որ պետք է վերականգնել պատգամավորների նախկին՝ 131 թվաքանակը, ինչը թույլ կտա առավել շատ քաղաքական ուժերի լինել ԱԺ-ում»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:
Մեր այն դիտարկմանը, թե խորհրդարանական ուժերն արդեն իսկ հայտարարում են, որ վարկանիշային համակարգից գուցե վերջնականապես չհրաժարվեն, այլ փոփոխեն դրա իրացման ձևը, վերլուծական կենտրոնի ղեկավարն արձագանքեց, որ, մեծ հաշվով, ռեյտինգայինին դեմ չէ, և այդ համակարգը հարյուր տոկոսով վերացնելը գուցե տեղին չլինի, այլ հարց է, որ ընտրակարգն այժմյան տեսքով կոշտ կախվածության մեջ է դնում ընտրողին, որ եթե ռեյտինգային թեկնածուին է ընտրում, ակամա քվեարկում է նաև այն ուժի օգտին, որը ներկայացնում է տվյալ ռեյտինգային թեկնածուն: Հետևաբար, կարելի է քննարկել վարկանիշայինի այլ տարբերակներ, որ ընդունելի կլինեն բոլորի համար:


Մեր զրուցակիցն իր մտահոգությունը հայտնեց նաև դաշինքների մասով, նկատելով՝ նախընտրական միավորումների ձևավորումը պետք է կանխել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ դաշինքները ստեղծվում են՝ հիմնվելով ոչ թե գաղափարախոսական ընդհանրությունների վրա, այլ, առաջին հերթին, պառլամենտ անցնելու համար, ինչը բնավ չի զարգացնում բազմակուսակցական համակարգը:
«Գիտեք՝ սխալ է ասել, թե եկեք անցողիկ շեմը իջեցնենք 5-ից 3 տոկոսի, ու ամեն բան լավ կլինի: Բայց միայն դա բավարար չէ, պետք է իջեցնել շեմը, վերականգնել պատգամավորների նախկին՝ 131 թվաքանակը՝ զուգահեռ արգելելով մինչև ընտրություններ դաշինքների կազմակերպումը: Սրանք հարցեր են, որոնց ոչ թե առանձին-առանձին, այլ համալիր լուծում պետք է տալ»,- ընդգծեց քաղաքագետը:


«Իրատեսի» մյուս հարցադրմանը՝ տեղի՞ն է քաղաքական ուժերի այն մտահոգությունը, թե պետք է իջեցնել նաև ընտրագրավի չափը, նա դրական պատասխան տվեց. «Եթե մենք պառլամենտական երկրում ուզում ենք հնարավորինս արդյունավետ աշխատեցնել բազմակուսակցական համակարգը, պետք է անպայման մեծացնենք քաղաքական ուժերի հնարավորությունների սահմանը: Ընտրագրավի չափը նվազեցնելը նույնպես այդ սահմանի մեջ է մտնում»:
Ստեփան Գրիգորյանը հույս հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ տարվող աշխատանքներում ինքն ու այլ քաղաքագետներ, փորձագետներ նույնպես հնարավորություն կունենան իրենց դիտարկումները ներկայացնելու ԱԺ-ում և կառավարությունում արդեն իսկ ձևավորված աշխատանքային խմբերին: Նա հիշեցրեց, թե ինչպես 2016-ին, երբ բարեփոխվում էր այժմ գործող օրենսգիրքը, ինքը հիմնական շեշտադրումը դնում էր ռեյտինգային կարգից բխող ռիսկերի վրա:


«Բայց քաղաքական որոշ ուժեր, որ շատ ակտիվ մասնակցում էին ԸՕ-ի քննարկումներին, մեկ այլ դրույթ փաթաթեցին ժողովրդի վզին՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը: Ինչ խոսք, ցուցակների հարցը նույնպես կարևոր է, բայց շատ ավելի վտանգավոր էր ռեյտինգային ընտրակարգը, ինչի մասին այժմ խոսում են քաղաքական բոլոր ուժերը: Այդ իսկ պատճառով այժմ ես մարդկանց խորհուրդ եմ տալիս ավելի շրջահայաց լինել ու չկենտրոնանալ կոնկրետ մեկ խնդրի վրա, որովհետև, մեկ խնդրին լուծում տալով, կարող ենք խախտել օրենքի այլ կարևոր դրույթ»,- շեշտեց քաղաքագետը:
Նա նաև հստակեցրեց, որ քաղաքական դաշտի խնդիրն այժմ հետևյալն է՝ պառլամենտում ապահովել բազմակուսակցական համակարգ՝ ԱԺ-ում պայքար, վեճեր և ավելի հարուստ պատկեր ունենալու համար:


«Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը հրաժարվի «կայուն մեծամասնության» գաղափարից: ՈՒ այնպես չլինի, որ պատգամավորների թիվը հնարավոր լինի ավելացնել, ինչ է թե ինչ-որ ուժ դառնա մեծամասնություն: Սա սահմանադրական նորմ է, որը կարելի է լուծել նաև խորհրդարանի ձայների ընդհանուր թվի երկու երրորդի քվեարկությամբ,- նշեց Ստեփան Գրիգորյանը՝ ամփոփելով.- արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը բավական ակտիվ մասնակցություն են ունենալու»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ