Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ անենք, որ արդեն այսօր մի քիչ լավ ապրենք

Ի՞նչ անենք, որ արդեն այսօր մի քիչ լավ ապրենք
26.06.2018 | 09:31

Մեր համաքաղաքացիների մի զգալի մասը` մոտավորապես մեկ միլիոն մարդ, աղքատության շեմին է: Վիճակը արմատապես, շուտափույթ բարելավելու հեռանկարը այնքան էլ իրատեսական չէ. երկրի արտաքին պարտքը մոտենում է վտանգավոր սահմանին, փող չկա, երևի նորից վարկ վերցնելը և դրանով հարցեր լուծելը այնքան էլ հեշտ չեն լինի: Նախորդ վարչապետի հավաստմամբ մեր տնտեսության վիճակը` ինչպես խոպանում. այսինքն՝ անցած 27 տարում չենք կարողացել գոնե մի ծառ տնկել, ամեն ինչ թալանվել, զրոյի է հավասարեցվել: ՈՒ վարչապետի հորդորը` ներդրումներ կատարել տնտեսությունը վերագործարկելու համար, պրակտիկորեն մնաց անպատասխան. մերոնք ձեռքները չտարան գրպանները, սպասում էին «երկուշաբթիին», հավատի վերականգնմանը, իսկ դրսիններն էլ նայում էին ներսիններին:
Հավատը երևի կարելի էր վերականգնել, եթե նախորդ կառավարությունը փորձեր վերադարձնել գողոնը: Բայց այդ մասին լրագրողի հարցին, անցած տարեվերջյան ասուլիսում, վարչապետը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է տալու դա»: Մարդիկ հասկացան, որ անցյալի գողոնի դեմ ոչ մի պայքար էլ չի լինելու` կերել եք, անուշ լինի: Հասկանալի դարձավ, որ այս պայմաններում հավատը չէր վերականգնվի, մասնավորը ներդրումներ չէր կատարի:
ՈՒ եղավ այն, ինչ եղավ:


Հիմա կարծես թե «սառույցը» կոտրվել է, «երկուշաբթին» եկել է՝ ձևավորվել է նոր կառավարություն, որին ժողովրդի մեծ մասը ուզում է հավատալ: Բայց բիզնեսը սիրում է տասն անգամ չափել, մեկ անգամ կտրել, ինչը ժամանակ է պահանջում:
Մինչդեռ ստամոքսի խնդիրներն առօրյա են:
ՈՒրեմն, պետք է փնտրել բյուջեի հետ կապ չունեցող (միևնույն է, փող չկա) լուծումներ, որոնք արդեն այսօր թույլ կտան մի քիչ ավելի շատ փող վաստակել, մի քիչ ավելի լավ ապրել:
Ինչպե՞ս դա անել… Հիշեցի մի քանի տարվա վաղեմությամբ իրողությունը, որը կյանքը փոքր-ինչ բարելավելու հույսեր արթնացրեց, բայց շուտով մարեց անհասկանալի պատճառներով:
Մտածեցի, գուցե վերհիշենք-վերլուծե՞նք: Եվ այսպես, վաղը կարող ենք մի քիչ լավ ապրել (մի քիչ շատ փող ունենալ), եթե կառավարությունը որոշի քաղաքացու կողմից հարկային ներկայացված հսկիչ-դրամարկղային կտրոնների ամսական գումարից ինչ-որ տոկոս վերադարձնել այդ նույն քաղաքացուն:


Այս դեպքում մեր հայրենակից գնորդը հաստատ կպահանջի այդ կտրոնները, ինքը կդառնա հսկիչ, միշտ շահագրգռված լինելով կատարելու օրինական (հսկիչ-դրամարկղային կտրոններով) գնումներ, կվերանա հարկային հսկիչների, նրանց բազմաստիճան վերահսկիչների` օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն միշտ կոռուպցիային միտված, իրողությունը կոծկող բանակը: Կառավարությունը իրատես տեղեկություններ կունենա ապրանքների, այդ թվում՝ ներկրվող, շրջանառության, հետևաբար բյուջետային մուտքագրումների իրական չափերի մասին: Բյուջեն կլցվի: Նշեմ, որ այս նորմը հաջողությամբ (մաշկիս վրա եմ զգացել) կիրառվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և լավ ընդունելության արժանացավ: Գուցե արժե՞ նորից այդ նորմը կյանքի կոչել, մանավանդ որ փորձը կա, և աղքատության շեմը արագ իջեցնելու հնարավորությունները առայժմ այնքան էլ տեսանելի չեն:


Ես էլ եմ ուզում օգնել կառավարությանը, արձագանքել ՀԴՄ կտրոնները անպայման վերցնելու կոչին, բայց հավատացնում եմ, որ առկա են բազմաթիվ առևտրական օբյեկտներ, այդ թվում՝ խոշոր, որոնք տարիներով չեն տալիս այդ կտրոնները, հարկայինում էլ տարիներով դա չեն «նկատում»:
Մինչդեռ, եթե վերագործարկվի նշված նորմը, ապա ես՝ քաղաքացիս, «պատճառաբանված» (եթե չեք տալիս կտրոնը, ուրեմն ինձնից գողանում եք հարկայինից սպասվելիք իմ գումարը) կոնֆլիկտի մեջ կմտնեմ վաճառողի հետ, անպայման կվերցնեմ այդ կտրոնը:
Հարգելի պարոն վարչապետ, արեք այդ քայլը, վերագործարկեք այդ նորմը. այն բխում է քաղաքացու և կառավարության շահերից:


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ. Գ.1. Հրապարակումս կարծես հաղթական ստացվեց, բայց մի ներքին անհանգստություն ինձնից չի հեռանում. ինչու՞ վարչապետ Տիգրան Սարգսյանը չկարողացավ մինչև վերջ հասցնել իր ծրագիրը: Հիշեցի այդ օրերի ԶԼՄ-ների արդար վրդովմունքը` մեծածախ առևտրի տերերը հրաժարվում էին մանրածախին ապրանքագրեր, ՀԴՄ-ներ տրամադրելուց, իսկ առանց դրանց հարկայինը թույլ չէր տալիս վերջիններիս աշխատել: Բոլորն էլ հասկացան, որ սահմանային անցակետերից ահռելի քանակությամբ ապրանք է ներմուծվում առանց պատշաճ ձևակերպման և որ նաև այդ պատճառով բյուջեն միշտ կիսադատարկ է: Հարստանում է օլիգարխը: ՈՒ կառավարությունը չկարողացավ պայքարել դրա դեմ, նահանջեց:

Հ. Գ.2. Հետագա տարիներին ՀԴՄ կտրոններ տրամադրելը կրեց ձևական բնույթ. հարկայինն ըստ էության անցավ հարկման կամայական ձևի` դու այսքան հարկ կմուծես, իսկ դու՝ այսքան, իսկ այսքանն էլ կտաս ինձ: ՈՒ այդ երկուսը` մեծածախի ու հարկայինի օլիգարխները, իրենց շրջապատով, փաստորեն, դարձան բյուջեի տերը. նրանց այնքան էլ չի հետաքրքրում աղքատության շեմը` հեռանու՞մ են երկրից, լքու՞մ հայրենին. ավելի լավ` բողոքողները քիչ կլինեն:

Հ. Գ.3. Այս բոլորը կասեք անցյալ է, ինչ իմաստ ունի նորից հիշել այն. հավատա նոր վարչապետին և պահանջիր ՀԴՄ կտրոնները: Բայց… հավատիս կայացման վրա ոչ թե դույլով, այլ մի ամբողջ տակառով սառը ջուր լցրեց պետական եկամուտների նորանշանակ կոմիտեն` 2018-ի մայիսի 24-ին հայտարարելով, թե որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ…, որոնք չեն մասնակցում հարկերի հաշվառմանը:

Այսինքն` ՀԴՄ-ների մեծ մասը զուգարանի թղթի արժեք էլ չունի: Սա արդեն լայնամասշտաբ դիվերսիա է` հեռուն գնացող հետևանքներով: Այս նոր իրադրության պայմաններում սխալ ՀԴՄ կտրոն տրամադրելը ես կորակեմ ոչ միայն ինձ, այլև պետությունը թալանելու միտում, ու կտրորեմ այդ օլիգարխի մռութը, եթե կառավարությունը որոշի իմ և իր շահերի պաշտպանության համար ՀԴՄ կտրոնների հսկողությունը հանձնել ինձ, սովորական գնորդ-քաղաքացուս ու ֆինանսապես մի փոքր էլ գնահատի իմ վճռականությունը: Ինչ արած, «սիրո ու համերաշխության մթնոլորտը» երբեմն պետք է պաշտպանել բռունցքներով, այլապես քեզ կխժռեն, ինչպես դա եղել է անցած 27 տարիներին` սիրված կապիտալիզմի հայտնի օրենքներով:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ