Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

N 31-ի ազդականչերը

N 31-ի ազդականչերը
26.06.2018 | 09:42

(Նախորդ մասը)

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԵՐԿՈՒ ԿԱՍՏԱՅԻ ԷՐ ԲԱԺԱՆՎՈՒՄ

Սուկով-Սերեբրեննիկովը ինձ համար հեռակա գաղտնազերծեց շատ կարևոր մի բան. սովետական բանակը երկու կաստայի էր բաժանվում` գեներալների և մնացած զինվորականության։ Վերջինիս թվում էին փառապանծ դիվիզիաների հրամանատարները, հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաները և այլք։ Գեներալական վարդագույն լամպասներն արտոնյալ կաստայի պատկանելության վկայագրերն էին։ Անգամ հերոս-օդաչուն մուտք չուներ այնտեղ։ Մի անձրևոտ օր Կուկուշկինի խնդրանքով (նրան զինվորական պատիվ տալով ես առանձնահատուկ վարկ ձեռք բերեցի. ենթասպան ինձ հետ շփվում էր այնպես, ինչպես հոգեբուժարանի բուժակը կվերաբերվեր ցնդած հակասովետականին) ճանապարհվեցի սննդի պահեստ, փոքրիկ մարտական առաջադրանքը պատվով իրականացնելու, ինչպես դավադիր փսփսաց նա։ Առաջադրանքը պարզ էր, մտնել պահեստ, վերցնել մանուշակագույն բծով նշված արկղերն ու հարմարավետ տեղակայել գեներալական համարանիշով սևաթույր «Վոլգայի» բեռնախցում։ Պարզվեց` Սուկովի ծառայողականն էր։ ՈՒ մինչ ոտնիգլուխ «Սաշա» նմուշային օդեկոլոնով մանրէազերծված գեներալական համհարզն անտարբեր ծխում էր «ծՈՔՈ ՎՈՐՍՈ» սիգարետը, ես ապուշ կտրած ուսումնասիրում էի պահեստի բարիքները։ Դրանցից մեր սեղանին էին հասնում կարագը, շաքարը և դափնու սմքած տերևները։ Մնացածը` ընտիր պահածոները, խտացրած կաթը, տավարի միսն ու մյուս բարիքները, շաբաթը երկու օր ուղևորվում էր Սուկովի տուն կամ ամառանոց... Պահեստապետ Մյոդը հրճվանքից խրխնջում էր ու սալորաչիր շպրտում երեսիս։ Առաջադրանքս կատարելով հեռանում էի։ Մյոդը պահեստ հրավիրեց ու խոստովանեց, որ ինքն առաջին անգամ է նման կիսախելագար զարմանք տեսնում։ Հետո գրպանս երկու բուռ սալորաչիր լցրեց։ Որպես մխիթարություն։

ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՊԵՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԷՐ ՋԵՐՄՈՑԸ


Գնդի տարածքում Լենինի դամբարանի պես անձեռնմխելի էր ջերմոցը, գնդից դուրս` խոզանոցը։ Ջերմոցում աճում էին վարունգ, լոլիկ, կանաչի և ելակ։ Տարին բոլոր։ Դրանց հետ էլ մեր հանդիպումը երազախաբկանքային էր։ Ինչպես և խոզերի հետ։ Խոզանոցից խոզաճարպն էր զինվորի սեղան քաշվում։ Անմշակ վիճակում։ Այն չէր ուտում անգամ ամենակեր տամբովցի Դոբրորեզովը։ Իսկ Դոբրորեզովը, մեր անվանակարգում Դոբրին, լափում էր անգամ խոհանոցի թերմացքը, մեծ ծառայություն մատուցելով խոհանոցի կաթսան «թրաշող» կարգազանց զինվորներին և շոյելով Մուստաֆայի մասնագիտական ինքնասիրությունը։ Գեներալաշուք ու բուրումնավետ կանաչ վարունգը մեր սեղանին մեկ անգամ հայտնվեց, երբ ինչ-որ կատակաբան շտաբից զանգահարել էր գունդ ու տեղեկացրել, որ ժամանում է օկրուգի հրամանատարը։ Նա, բնականաբար, չհայտնվեց, բայց այն մենք կերանք, յուրաքանչյուրս մի ամբողջ վարունգ և, գլխավորը` անգթորեն խրթխրթացնելով։

ԽՈՐ ԳԱՂՏՆԻՔ


Ազնվորեն պիտի հիշեմ, որ փակ քաղաք հանդիսացող ռազմարդյունաբերական խոշոր կենտրոն Կույբիշևն իր նախասովետական մականունով էր սովորաբար հիշվում. «Քաղցած Սամարա»։ Միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքի գաստրոնոմներում մակարոնեղենի ու կեֆիրի անկասելի գրոհ էր։ Երշիկ ու միս հայտնվում էին երկու շաբաթը մեկ և վաճառվում կտրոնով։ Բնակչության սփոփանքը բարձրորակ ռուսական կաթնեղենն էր և հացաբուլկեղենը։ Ոչ առանց «Ժիգուլևյան» նշանավոր գարեջրի և տեղական հռչակավոր սիբիրյան օղու։ Անշուշտ, ստամոքսային կարոտաբաղձանքն էր պատճառը, որ Անդրկովկաս ճամփորդող սամարացիները վերադառնում էին բեռնավորված «Կիլկայի» պահածոյացված մանրաձկով։ Այդ տարիներին սկսեցի լրջորեն խորհել սովետական ահռելի երկրի ներքին փտախտի մասին։ Թե ինչու էր Ռուսաստանում արտադրվող «Կիլկան» տարիներով անմահանում արևելյան հանրապետությունների վաճառակետերում, երբ դրանց պահանջարկը անզսպելի էր մայր Ռուսաստանում, մինչ օրս խոր գաղտնիք է ինձ համար։

ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անմոռանալի էր առաջին օրապահությունս գլխավոր անցակետում։ Գիշերակեսին մի խումբ աղջիկ ու տղա, քիչ տաքացած ալկոհոլից, բարետես ու զրնգուն եղան առաջին հյուրերս։ Հերթապահ լեյտենանտ Սպիցինի ընկերախումբն էր։ Սպիցինը` սևամաշկ և անքեն, տեղաբնակ էր։ Շամպայն բացեցին, ինչից խոհեմաբար հրաժարվեցի։ Պատճառաբանեցի, որ ծառայության մեջ չեմ խմում։ Անգթորեն ստեցի։ Իսկ իրականում շամպայն չէի սիրում։ Համառոտ զրույցի ընթացքում պարզելով, որ ռուս գրականության մոլի սիրահար եմ, առջևս դրեցին բարետես մի հատոր։ Ապշեցի` կարդալով վերնագիրն ու հեղինակի անունը։ Կարմիր ինչ-որ պատկեր էր, սև ու շեղագիր տառերով վրան դաջված. «հՏսՋպվՌՓօվ. ԸՐւՌտպսՈչ թձխԸթ»։ Մինչ նրանք զրույցով էին տարված` հասցրի կարդալ տասներեք էջ։ Արգելված գրականության առաջին ընթերցումս էր։ Առհասարակ հետամանորյա այդ խորհրդավոր գիշերը փոթորկուն զարգացում ունեցավ առավոտյան։ 1974-ի հունվարի 14-ն էր։ Գունդը շրջանցող ճանապարհից այն կողմ մեր ֆուտբոլի դաշտն էր, դեպի տափաստան` ռազմական օդանավակայանը։ Այստեղ վարժանքներ էին կատարում ԴՕՍԱԱՖ-ի թույլից չափավոր անդուր մարզուհիները` թռչելով ինքնաթիռներից։ Որպես թանգարանային նմուշ շարքով ննջում էին լեգենդար «Միգ-21»-ները։ Երկու-երեք կիլոմետր հեռու հանդիսավոր դիրքավորվել էր մոտոհրաձգային հսկա դիվիզիան` 31-ամյա գնդապետ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մարտիրոսյանը, բնականաբար, հայերիս հեռակա պարծանքն էր։

ԵՐԱԶՈՒՄՍ ՍՈՒԿՈՎԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԷՐ


Լուսաբացից առաջ պահակակետ մտավ գնդի հերթապահ սպան և խստորեն զգուշացրեց` դուռն ու դարպասը փակ պահել, դուրս չգալ ճանապարհ, դուրս թողնել միայն երկրորդ գումարտակի զինվորներին և նրանց հետ ընդունել առավոտյան 7.00-ի սահմաններում։ Մութուլուսին մայրուղուց դեպի մեր գունդ, այնուհետև օդանավակայան ձգվող ճանապարհը սկսեցին մաքրել ձյունից։ Օդանավակայանի հատվածում կանգ առան դիվիզիայից ժամանած բեռնատարները։ Ձնամաքրման գրոհի հիմնական ծանրությունն իր վրա վերցրեց դիվիզիան։ Ձյան ծածկույթը կլիներ մոտ քսան-քսանհինգ սանտիմետր։ Այս ծածկույթը խոչընդոտ չէր ռազմական ծանր տեխնիկայի անցուդարձի համար։ Սովորաբար գիշերվա կեսին, հսկա փայտե թիերով զինված, ճանապարհ ու հրապարակ էինք մաքրում, երբ մետրաչափ ձյուն էր նստում։ Սոլժենիցինի տպավորությունից ճնշված - խանդավառված վարգարշավով հասա զորանոց։ Լուսաբացին դարձյալ պահակակետում էի։ Ի դեպ, երազ տեսա։ Սև ու սպիտակ։ Երազումս Սուկովը քաղբանտարկյալ էր։

ԳՐԵՉԿՈՆ ՄԻԱՅՆԱԿ ԲԱԶՄԵԼ ԷՐ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՐԱՆԻՆ


Գնդի մետաղյա դարպասներն այնպիսի ծանր հանդիսավորությամբ էին գոցվել, ասես չէին բացվել հեղափոխությունից հետո։ Պահակակետի դուռը, իր հերթին, անդեմ էր դեղատան դարակի պես։ Սառնամանիք էր, արև, ու կայծերն էին ձնաթմբերից հարձակվում վրադ։ Արևի տակ շողշողացող ձյան կայծերը։ Պահակակետի, որի ճիշտ անվանումն էր ստուգիչ-անցագրային կետ, պատուհանից հեքիաթային տեսարան էր բացվել։ Ձյունն ասֆալտի վրայից ամբողջապես մաքրված էր ու պատ էր կազմել ճանապարհի եզրով։ Պատը միանգամայն հարթ էր, վերնամասում տանիքաձև շեղվածքով։ Պարզ երևում էր. տղերքը տառապել էին։ Նրանց վրայից, ինչպես պելմենիանոցի կաթսաներից, թանձր գոլորշի էր քուլա-քուլա բարձրանում։ Դադրած ու կարմրաթուշ երկրորդ գումարտակը դանդաղ զորանոց սահեց։ Փոխարինման ելան հարազատ առաջին գումարտակի երկրորդ վաշտի մարտիկները, զինված կարմիր փալասներով։ Ասֆալտը տենդագին սկսեցին չորացնել։ Կես ժամ անց ամեն բան ավարտված էր։ Ողջ մայր Ռուսաստանում ձմեռ էր, ձնապատ բակ ու այգի, և միայն Սամարայի այս ծայրամասի 500 մետր երկարությամբ ճանապարհն էր չոր ու մաքրազարդված, ինչպես կոմկուսի հրահանգչի օձիքը նոյեմբերի 7-ի տոնի նախօրեին։ Որ ի՞նչ... «Վոլգաների» շարասյունը սրընթաց ներխուժեց մայրուղի և ուղղվեց օդանավակայան։ Օդանավակայանում օկրուգի բարձրագույն հրամկազմը ուս ուսի շարվեց թռիչքուղու եզրին։ Տասը-տասնհինգ րոպե անց ռազմական մի ինքնաթիռ վայրէջք կատարեց։ Ժամանել էր ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Գրեչկոն։ Նրան պլպլացող ասֆալտի վրայով ուղեկցեցին քաղաք, ուր տրոլեյբուսի շրջադարձն էր, գերբեռնված հրապարակ ու փողոց, ցեխակոլոլ մայթեր, պլպլան ասֆալտը մխրճվում էր խաչմերուկ, սառույց ու ձյուն ճանապարհին։ Որ ի՞նչ։ Պահակակետի պատուհանը ճանապարհի եզրին էր։ Անցավ Գրեչկոյի մեքենան։ Մարշալին տեսա մեկուկես մետրից։ Զգացողությունս, իհարկե, վերամբարձ էր։ Ողջ սովետական բանակը նրան տեսնում էր ամենուր փակցված լուսանկարներում։ Գրեչկոն միայնակ բազմել էր հետևի նստարանին։ Այն ժամանակ լրացել էր նրա յոթանասուն տարին, գումարած թռիչքը ռազմական օդանավով։ Դեմքն այսօր էլ աչքիս առաջ է։ Դա հոգնած, քիչ էլ լարված ռուս մարդու բավականին համակրելի դեմք էր։ Մարշալն անտարբեր առջևն էր նայում և, վստահորեն, նրա համար անհայտ մնաց կատարված աշխատանքը։ Այդ պահին սովետական կայսրության անխորտակելիության միֆը իմ սրտում զգալի ճաքեր տվեց։ Ովքե՞ր էին այս խայտառակ ներկայացման պատվիրատուները։ Տեղական զինվորական բյուրոկրատիա՞ն, թե՞ Մոսկվայի օսլայված զինվորական սնոբները։ Հակված եմ ենթադրելու, որ տեղական բյուրոկրատիան։

ԳՆԴԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ


Գնդի լուրջ տառապանքը վեց ամիսը մեկ էր, երբ Մոսկվայից ժամանում էր հանձնաժողովը։ Գունդը հայտնվում էր ընկեցիկի վիճակում։ Ինչպես հարբեցող ծնողների լքյալ զավակը, որը պիտի հասակակիցներին հավասար քննություն հանձներ, ասենք, միլիցիայի բարձրագույն դպրոց ընդունվելու համար։ Քաղպաշտպանության մեր գունդը Սամարա սովյալ քաղաքի հանդեպ առհասարակ անհասկանալի պարտավորություններ էր վերցրել։ Լավ, ասենք թե աղետ էր սպիրտի թորման գործարանում։ Գնդի հզոր տեխնիկան, նպատակաուղղված պատերազմական իրավիճակներում կործանվող քաղաքների, ռազմարդյունաբերական համալիրների և այլ հույժ կարևոր օբյեկտների վերականգնմանը, մեկնեց դեպքի վայր և պատվով կատարեց մարտական առաջադրանքը։ Ճիշտ է, մեկ շաբաթ շարունակ փրկարարները զանգվածային հարբեցողության մեջ էին (արցունքի պես զուլալ սպիրտը գունդ էր հասել հնարավոր բոլոր միջոցներով: Սպիրտով լի էին տափաշշերը, թեյնիկներն ու բենզաբաքերը), որին, անշուշտ, մարտընկերային համերաշխությունից դրդված, մասնակցում էինք նաև մենք։ Բայց թե ինչու էին մեզ մասնակից դարձնում հետամնաց կոլտնտեսության կարտոֆիլի բերքահավաքին, տեղական հարբեցողների մայիսմեկյան շուրջկալին, շտաբի ամառանոցային վրանավանի կառուցմանը Վոլգա գետի կղզում, կամ էլ, որ առավել ուշագրավ էր, ինչ-որ շքեղ կուլտուրայի տան շքասրահների հատակի հայելային փայլեցմանը, ըմբռնել անհնար էր։ Բայց կատարել պետք էր։ Այլ տարբերակի իսպառ բացակայության պատճառով։ Այս ամենը, բնականաբար, ձևավորում էր գնդի մարտական պատրաստվածության որակը։ Օկրուգային զինավարժության ժամանակ գնդին հրաձգարան էին հասցնում ամենավերջում, նախապես սպառնալով, որ բոլոր նրանք, ովքեր 3 գնահատականի կարժանանան (բարձր գնահատականը 5-ն էր), կվաստակեն արտահերթ երկօրյա արձակուրդ։ Իսկ նոյեմբերյան շքերթներից առաջ գունդը հիշեցնում էր առաջին անգամ հռոմեական վարժահրապարակ մտնող անվարժ գլադիատորների ֆալանգ։ Մարզումներն անցկացվում էին դիվիզիայի հրապարակում։ Երբ հայտարարվում էր գնդի մուտքը, տրիբունայում դիրքավորված գնդապետների դեմքն ապշեցուցիչ անտարբերության քողով էր պատվում, ինչպես մեր վաշտի աջթևային հարբեցող Զուևի դեմքը, երբ նրան, լուլ հարբած վիճակում հերթական անգամ հայտնաբերելով, ընդամենը արձանագրում էին հերթական պատմական եղելությունը։ Զուևը հայացքը վեր էր բարձրացնում և նրա ճակատին շարվում էր` «Կներեք բարեկամներ, բայց ես չեմ էլ հասկանում, թե առհասարակ որտեղ եմ գտնվում» նախադասությունը։ Գուցե գնդապետների այս հանելուկային դիմախաղն էր պատճառը, որ գունդը զինվորական շքերթում լավագույնը ճանաչվեց։

ԲԱՆԸ ԲԱՆԻՑ ԱՆՑՆՈՒՄԷՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀՈՍՔԱԳԾՈՒՄ


Եթե ֆիզպատրաստությունը տղաները հանձնում էին մի կերպ ու դրությունը փրկում էին մի քանի ճկուն զինվորներ, բանը բանից անցնում էր գաղափարական հոսքագծում։ Հանձնախումբը հատկապես կարևորություն էր տալիս ազգային խառնիճաղանջ տեսականու քաղպատրաստվածությանը։ Հայերն ու վրացիները էսպես, թե էնպես ամոթով չէին թողնում։ Միջին Ասիան ևս դժվարությամբ, բայց էշը ցեխից հանում էր։ Գլխացավանքը Մերձբալթիկան էր։ Վերջինիս ներկայացուցիչները տառացիորեն թքել էին այն ամենի վրա, ինչը վերաբերում էր 1917-ի հեղափոխությանը և Մեծ հայրենականին։ Ինչպես Բայրամովի դեպքում, այստեղ էլ անհասկանալի էր. նրանց, իրո՞ք, ոչինչ չէին ուսուցանել, թե՞ դա բողոքի յուրահատուկ, լուռ, սակայն շատ ազդեցիկ ձև էր։ Կանգնում ես քարտեզի առաջ, անտարբեր ապուշ կտրում ու բերանդ ջուր առնում։ Իսկ հարցերը խայտառակության աստիճանի պարզունակ էին։ «Բարդ» հարցերի դեպքում, ի դեպ, պետք էր հսկա քարտեզի առաջ կիսադեմով կանգնած բիլիարդի կի հիշեցնող ցուցափայտով նշել ՆԱՏՕ, ՍԵԱՏՈ և մյուս իմպերիալիստական բլոկ կազմող պետությունները։ Ավելի պարզերը ենթադրում էին, որ զինվորը պետք է հստակ անցնի ԽՍՀՄ-ի սահմաններով, մատնանշի Մոսկվա մայր քաղաքը, Սամարան և իր հայրենիքը։ Վերջին երկու հարցերը դիվերսիոն բնույթի էին, գտնվում էին հանձնախմբի հետ աշխատող գնդի սպայակազմի պահուստային ոսկի ֆոնդում և նախատեսված էին առավել ծածկամիտների համար։
(շարունակելի)


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ