Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մնում է մխիթարվել լեհ աղջիկների սիրուն լինելով

Մնում է մխիթարվել լեհ աղջիկների սիրուն լինելով
26.06.2018 | 09:49

Դե ինչ, բարեկամներս, աշխարհի առաջնության խաղերն ըստ խմբերի ներկայացնելու արդեն իսկ և իսկ ժամանակն է. թե՛ փլեյ-օֆ դուրս եկած թիմեր կան, թե՛ այդ ճանապարհի վրա գտնվողներ, թե՛ խմբեր կան, որ ոչ թե ինտրիգ, այլ ինտրիգների ինտրիգ ունեն: Մի խոսքով, ֆուտբոլասերի բոլոր պահանջները բավարարող բաները կան: Փորձենք այդ ամենը հնարավորինս թերթել:

A ԽՈՒՄԲ
Իրողություններն այնպես են դասավորվել, որ այստեղ ամեն ինչ ծավալվում է առաջընթաց գրաֆիկով, և եղածը, փաստորեն, արդեն իսկ ներկայացրած ենք լինում նախորդ նյութում: Հետևաբար, մանրամասների մեջ չխորանալով, ասենք, որ այս խմբից փլեյ-օֆ դուրս եկած երկու թիմերն էլ հայտնի են, խմբային երրորդում նրանք մրցելու են իրար հետ և, պայմանավորված նաև այլ հաշվարկներով, կտեսնենք՝ Ռուսաստանն ու ՈՒրուգվայն առաջի՞ն, թե՞ երկրորդ հորիզոնականը կնախընտրեն: Եթե անկեղծ, իմ կարծիքով Ռուսաստանն ամեն կերպ կփորձի հաղթել ՈՒրուգվայի ընտրանուն իր երկրպագուին որպես երեք խաղ հաղթած թիմ ներկայանալու համար, չնայած ուրուգվայցիների գլխավոր մարզիչ Տաբարեսը Ռուսաստանի հավաքականի հետ դիմակայությունը որակել է որպես կենաց ու մահու պայքար:


Իրար գզել-գզգզելու խնդիր ունեն և Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի ընտրանիները: Այստեղ էլ սեփական ֆուտբոլասերին քիչ թե շատ արժանապատիվ ներկայանալու խնդիր կա: Ինչ խոսք, այս խմբի երկու հանդիպման արդյունքն էլ այս նյութի շրջանակներում կներկայացնենք, բայց որ խոստանանք ավելին անել, կներեք, հնարավորությունների շրջանակից դուրս խնդիր է: Եզրափակիչ խաղ չի լինելու, որ հարայ-հրոցը գցենք, ավելին ասելու համար թերթի տպագրությունը կանգնեցնենք, աշխատողներին խմբագրությունում քնեցնենք: «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ այդպես վարվում էինք, որովհետև ավելի քան լուրջ պատճառ կար՝ մութ ու ցուրտ տարիներն էին, հոսանքը գնում էր, հետն էլ ամբողջ թերթն էր վարի տալիս: Հիմա մեզ ի՞նչ է եղել, որ իրար խառնվենք. Նիկոլի լուսավոր դարաշրջանի էյֆորիայի մեջ մեզ համար ապրում ենք: Համ էլ այդ խաղերի մասին եթե ժամանակին եք ուզում տեղեկանալ, փառք Աստծո, դրա համար թերթի էլեկտրոնային տարբերակը կա: Մտեք ու որքան ուզում եք ինֆորմացվեք: ՈՒրեմն պայմանավորվեցինք՝ գործում ենք սուսուփուս, առանց շուխուռների: Մենք հո հեղափոխություն չե՞նք անում, մենք ընդամենը մեր ընթերցողի կյանքն ենք փորձում զարդարել (թույլ տվեք մի փոքր էլ մեծամտանալ): Թու՜, քիչ էր մնում մոռանայի. Ռուսաստան-ՈՒրուգվայ հանդիպումն ավարտվել է 0:3 հաշվով:

B ԽՈՒՄԲ
Նույն A խմբի օրինակով այստեղի երկրորդ դիմակայություններն էլ ենք ներկայացրել մեր նախորդ նյութում, ուստի բավարարվենք խմբում ստեղծված իրավիճակը ներկայացնելով: Այսպես՝ չորսական միավոր ունեն Իսպանիայի ու Պորտուգալիայի ընտրանիները, նրանց նման հավասարապես պայքարի մեջ շարունակում է մնալ Իրանի հավաքականը, որի անվան դիմաց երեք միավոր է: Այս խմբի երրորդ ավելորդը որոշվելու էր երեկ ուշ երեկոյան կայացած Իրան-Պորտուգալիա դիմակայությունում: Ի միջի այլոց ասենք, որ երեկվանից սկսած՝ նույն խմբի հանդիպումներն անցկացվելու են միաժամանակյա: Սա արվում է հնարավոր պայմանավորվածությունների դեմն առնելու համար:

C ԽՈՒՄԲ
Ֆրանսիայի ընտրանին փլեյօֆյան էյֆորիայում է, ու նրան այդ հաճելի զգացողությունը պարգևել է Պերուի հավաքականը: Իհարկե, ֆուտբոլասերը կուզենար գոլառատ հանդիպում տեսած լինել, սակայն արի ու տես, որ նվազագույն հաշվով հաղթանակն էլ է նույնքան միավոր բերում, որքան այլ հաշվովը, և սա ֆուտբոլի թույլ կողմերից մեկն է: Բնականաբար՝ մեր համեստ կարծիքով: Բայց թե խոսքս լսեք՝ գալու է էն օրը, երբ խոշոր հաշվով հաղթանակի համար ավելի շատ միավոր են տալու: Ես չեմ լինի, դուք կլինեք, կհիշեք՝ ասելով. «Օղորմածիկը ճիշտ էր ասում»:


Դանիա-Ավստրալիա խաղում կրքերն ավելի քան են շիկացած եղել: Ավստրալացիները դանիացիներին քիչ խնդիրներ չեն առաջադրել ու իրենց համառության համար վարձահատույց են եղել՝ միավոր վաստակելով (1:1): Այս խմբում ֆրանսիացիները, բնականաբար, խնդիրներ չունեն, փոխարենը խնդիրներ կարող են ունենալ չորս միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող դանիացիները, որոնք երրորդ վճռականում ուժերը չափելու են ֆրանսիացիների հետ: Կարիք կա՞ ասելու, թե ինչ կլինի նրանց պարտության ու Պերուի ընտրանուն ավստրալացիների հաղթելու դեպքում: Մինչ դուք այս հարցը քննության կառնեք, ես անցնեմ հաջորդ խմբում եղած իրավիճակը ներկայացնելուն:

D ԽՈՒՄԲ
Արգենտինա-Խորվաթիա հանդիպումն իր 0:3 հաշվով խոր խրած սուր էր արգենտինական հավաքականի սրտում: Սույն դաժանագույն պարտությունը մեկ այլ, ավելի սարսափելի կողմ էլ ուներ. աշխարհի գործող փոխչեմպիոնները կարող էին դուրս մնալ մեդալների համար պայքարից: Փրկության միակ լույսը կարող էր ճառագել նիգերիացիների կողմից, ովքեր դեռ պիտի կարողանային կոտրել Իսլանդիայի հավաքականի համառությունն ու բացառիկ մարտական ոգին: ՈՒ պատկերացրեք, որ Նիգերիայի ընտրանին արքայական նվեր մատուցեց արգենտինացիներին: Նրանց 2:0 հաշվով հաղթանակն այս խմբում ստեղծել է մի վիճակ, որտեղ Նիգերիա-Իսլանդիա-Արգենտինա եռյակից ցանկացած մեկը կարող է փլեյ օֆում ընկերակցել Խորվաթիայի ընտրանուն:

E ԽՈՒՄԲ
Առաջին դիմակայությունում իրար հետ մրցած ու հանդիպումը 1:1 հաշվով ավարտած բրազիլացիներն ու շվեյցարացիները երկրորդ խաղում մրցակից ունեին Կոստա Ռիկայի ու Սերբիայի ընտրանիները: Եթե ընդամենն ուզում ենք ֆիքսած լինել արձանագրված հաշիվը, 2:0-ն բավական տպավորիչ է մեկի առավելությունը մյուսի նկատմամբ ապրիորի գնահատելու համար: Բայց ո՞նց կնայեք այն բանին, եթե ասենք, հանդիպման գոլերը ծնվել են մրցավարի հավելած ժամանակում: Կնշանակի, որ Կոստա Ռիկան դիմադրել է, Կոստա Ռիկան տենդի մեջ է պահել իր հարավամերիկյան գործընկերներին, ու Կոստա Ռիկան եթե մի փոքր բախտ ունենար (ասենք, մրցավարն ինչ-որ մեկի հետ ժամադրված լիներ ու հանդիպման իննսուներորդ րոպեն լրանալուն պես ազդարարեր խաղի ավարտը), ժամանակից առաջ տունդարձի ճամպրուկները չէր կապի: Մնում է ափսոսալ, որ առաջնությունը լքում է նման համակրելի թիմ, բայց դե սա է իրականությունը, ու ոչինչ չես կարող անել բացի ափսոսալուց:
Այնպես չէ, որ բրազիլացիների հոգսառատությունից անմասն չմնացին շվեյցարացիները: Սերբերը համարյա թե նրանց ճաշը եփում էին, պարզապես ի բարեբախտություն Շվեյցարիայի ընտրանու, Շաքիրին, այնուամենայնիվ, խփեց հաղթական գոլն ու չորս միավորով իր թիմին հնարավորություն տվեց նստելու նույնքանն ունեցող բրազիլացիների շնչին: Պարզապես, բրազիլացիների համեմատությամբ, շվեյցարացիների վիճակն այնքանով է շահեկան, որ նրանք արդեն իսկ փլեյօֆյան ուղեգրով են: Հիմա սրանից հետո ես չասեմ, դուք ինքներդ փորձեք պատկերացնել, թե ինչ է լինելու խմբային երրորդ՝ Բրազիլիա-Սերբիա դիմակայությունում:

F ԽՈՒՄԲ
Հարավային Կորեայի հետ խմբային երկրորդ խաղում էլ անպարտ մնաց Մեքսիկայի ընտրանին (2:1), ու երրորդից առաջ գործն արածի վստահությամբ է նայում առհասարակ իրերի վիճակին, քանզի հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրը գրպանում է, քեֆին էլ քեֆ չի հասնի: Իսկ ահա իսկական արյան գետեր հոսեցին Գերմանիա-Շվեդիա դիմակայությունում: Հաղթում էին շվեդները, մեքսիկացիների պես հաջորդ փուլում էին, ոչ-ոքի էին խաղում, համարյա թե էլի հաջորդ փուլում էին հայտնվում, իսկ եթե պարտվում էին, կանգնում էին անորոշության առաջ, քանզի մեքսիկացիներից պարտություն կրած գերմանացիները միավորներով հավասարվում էին իրենց ու ամբողջովին կախված թողնում խմբային երրորդ հանդիպման ելքից: Շատ չչարչարենք ընթերցողին. դրամատիկ այս խաղում արդեն 82-րդ րոպեից տասը խաղացողով մնացած գերմանացիները հաղթական գոլը (Տոնի Կրոս) կարողացել են խփել մրցավարի հավելած ժամանակի հինգերորդ րոպեին ու փրկվել վատթարագույնից՝ 2:1:

G ԽՈՒՄԲ
Ֆավորիտները կատարելապես են արդարացրել իրենց: Վեցական միավորով, խփած-բաց թողածների նույն 8:2 տարբերությամբ առաջին երկու հորիզոնականում և արդեն իսկ փլեյ օֆում են Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները: Առաջինը «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» 5:2 հաշվով անցել է Թունիսի, երկրորդը՝ Պանամայի ընտրանու վրայով (6:1), ու միակ հարցը, որ առկախված է մնում, այն է, թե հաջորդ փուլում որը որ թիմին կնախընտրի մրցակից ունենալ, որ խմբայինում ունենալիք տետատետում իրեն համապատասխան կերպով դրսևորի: Ի միջի այլոց նկատենք, որ անգլիացիներն աշխարհի առաջնություններում առաջին անգամ նման խոշոր հաշվով հաղթանակ տարան, ու դրանում խփած երեք գոլով իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցավ Հարի Քեյնը: Ինչ վերաբերում է Թունիսի ու Պանամայի ընտրանիներին, Ռուսաստանը վերջնականապես լքելուց առաջ նրանք, ամենայն հավանականությամբ, կուզենան տնեցիների առաջ տպավորություն թողած լինել:

H ԽՈՒՄԲ
Սենեգալ-Ճապոնիա հանդիպումն այդպես էլ ի հայտ չբերեց հաղթողին: Լարված դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, մինչդեռ, անկախ խմբային վերջին հանդիպման արդյունքից, հաղթանակը կողմերից մեկին բերելու էր փլեյ-օֆի մասնակցության իրավունք: Սակայն այս հանդիպումից շատ ավելի սպասվածը նույն օրը երեկոյան կայանալիք Լեհաստան-Կոլումբիա դիմակայությունն էր՝ հավաքականներ, որոնք բոլոր չափանիշներով խմբի ակնհայտ ֆավորիտներն էին ու, ձեն ձենի տված, ձախողել էին խմբային առաջին հանդիպումը: Հաղթող թիմը հնարավորություն էր ստանալու դեռևս լինելու մասնակիցը փլեյօֆյան փուլ դուրս եկողների պայքարի: Խաղն անցել է կոլումբիացիների ակնհայտ գերազանցությամբ, ինչի մասին էլ ավելի քան խոսուն վկայում է արձանագրված հաշիվը՝ 3:0: Որքան էլ տարօրինակ է, լեհերն իրենց դրսևորեցին որպես մի թիմ, որը խաղի գերազանց մասում չգիտեր ինչ անել: Նրանց ընտրանին հարկադրված է լքելու առաջնությունը ու մխիթարվել սոսկ նրանով, որ, միևնույն է, լեհ աղջիկները սիրուն են: Ինչ վերաբերում է կոլումբիացիներին, փլեյ-օֆ դուրս գալու համար նրանք պարտադրված են հաղթելու Սենեգալի ընտրանուն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ