Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է ուզում Թրամփը

Ի՞նչ է ուզում Թրամփը
28.06.2018 | 10:24

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հերքում է տեսակետը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կործանել լիբերալ աշխարհակարգը: Նրա խոսքով` նպատակը այդ աշխարհակարգը 21-րդ դարի իրականությանը համապատասխանեցնելն է` գրում է ՈՒոլտեր Ռասել Միդը: Պոմպեոն հայտարարել է, որ տնտեսական ու դիվանագիտական շատ կառույցներ, որոնց կործանման մեջ մեղադրում են Թրամփին, ձևավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և այդ պահին «ԱՄՆ-ի համար իմաստ ունեին»: Թրամփը կասկածանքով է վերաբերվում միջազգային ինստիտուտներին ու ալյանսներին, որ իր կարծիքով` այլևս ԱՄՆ-ին դիվիդենդներ չեն բերում: «Երբ նախագահ Թրամփը մեր թիմին հրահանգներ է տալիս, միշտ հարցնում է` «Ինչպե՞ս է այդ կառույցն ազդում ԱՄՆ-ի վրա»` պատմել է Պոմպեոն: Թրամփին հետաքրքրում է ոչ թե ինչպես է որոշակի կանոնն ազդել ԱՄՆ-ի վրա 1960-ին, 1980-ին կամ նույնիսկ 2000-ականներին, այլ ինչպե՞ս կամրապնդի երկրի հզորությունը 2018-ին ու հետո: Իր խնդիրը Պոմպեոն համարում է փոխել կանոններրը, որ այլևս «արդար ու իրավահավասար չեն» և աջակցել «պատմականորեն ձևավորված կարևոր հարաբերություններին Եվրոպայի ու Ասիայի երկրների հետ, որ իրոք մեր գործընկերներն են»: Հատկապես լարված են հարաբերությունները Գերմանիայի հետ, և Պոմպեոն երկու պատճառ է նշում:

Պաշտպանությանը գերմանացիների հատկացրած ցածր ծախսերի մասին նա ասում է. «Կարևոր է, որ նրանք իրենց ժողովրդի անվտանգության ապահովման հակվածություն ցույց տան: Երբ անեն, մենք պատրաստ ենք նրանց աջակցել»: Առևտրի առումով գերմանացիները պետք է «սահմանեն դրույքաչափերի համակարգեր և ոչ դրույքաչափերի արգելքների համակարգեր, որ արդար են ու փոխադարձության վրա հիմնված»: Պետքարտուղարի խոսքով` ԱՄՆ արտաքին քաղաքականությունը 10 տարուց ավելի «կենտրոնացած է եղել ահաբեկչության դեմ պայքարի վրա և նշանակալից չափով քիչ` մեծ տերություններին դիմակայության»: Թեպետ այսօր ահաբեկչության դեմ պայքարը մնում է գերակա, աշխարհաքաղաքականությունն ավելի շատ որոշարկում են կոնֆլիկտները հզոր պետությունների հետ, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանն են: Պեկինի ու Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ը պետք է գործի համառ, բայց ճկուն` կարծում է պետքարտուղարը, չնայած ԱՄՆ-ը դիմակայում է նրանց ռևիզիոնիստական քաղաքականությանը: «Մենք շատ հարցերում համաձայն չենք: Մենք ունենք անհավանական տարբեր արժեհամակարգեր, բայց կան ոլորտներ, որտեղ ունենք համընկնումներ: Պետքարտուղարի համար հեշտ խնդիր չէ` վերհանել այն ոլորտները, որտեղ հնարավոր է համագործակցություն և միաժամանակ պաշտպանել ԱՄՆ-ը նման կառավարությունների գործունեության վատագույն դրսևորումներից»` ասել է Մայք Պոմպեոն:


Թրամփը ծայրահեղ հավակնոտ օրակարգ ունի` սրբագրել աշխարհակարգի կանոնները հօգուտ ԱՄՆ-ի` այդ ընթացքում կայուն հարաբերություններ հաստատելով աշխարհաքաղաքական հակառակորդների հետ: Այդ նպատակները կարող են դժվար իրագործելի լինել: Միջազգային հարաբերությունների իներցիան հզոր ուժ է, իսկ գոյություն ունեցող ինստիտուտներն ու համաձայնագրերը հաճախ շատ բարդ է բարեփոխել: Թրամփի օրակարգը ԱՄՆ-ի պահանջների դեմ գլոբալ կոալիցիայի ձևավորման ռիսկ է ստեղծում: Առավել բարենպաստ առևտրային մեխանիզմների շուրջ պայմանավորվելու ԱՄՆ-ի փորձերը կարող են հանգեցնել Չինաստանի, Եվրոպայի ու Ճապոնիայի ԱՄՆ-ի դեմ միավորվելուն: Այդ վտանգը խորացնում է Թրամփի` դրամատիկ ժեստերի հակումը ու նրա փոփոխական վարքագիծը:
ՈՒոլտեր ՌԱՍԵԼ ՄԻԴ, The Wall Street Journal


Հ.Գ. Financial Times-ը գրում է, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը մոտենում է, բայց Սպիտակ տունն ու Կրեմլը հանդիպման կազմակերպման մեջ մեծ առաջընթաց չունեն, կողմերի ակնկալիքները խիստ հոռետեսական են: Ռուս բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով` հանդիպումը կկայանա Թրամփի Մեծ Բրիտանիա այցից հետո, որ նախատեսված է հուլիսի 13-ին: Հայտարարվել էր, որ հանդիպումը կկայանա Վիեննայում, բայց կարող է լոգիստիկայի տեսակետից առավել հարմար երկիր ընտրվել: Կրեմլը հազիվ թե մեծ սպասումներ ունի հանդիպումից` Թրամփի հետ պետք է զգույշ լինել: Եթե հանդիպումը ընդհանրապես կայանա, արդեն առաջընթաց է, և եթե գտնվի թեկուզ մեկ կետ, որտեղ երկու կողմերն էլ համաձայն են, արդեն հաղթանակ կլինի` ասել է ռուս պաշտոնյան` անանուն մնալու պայմանով: Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում փոփոխությունների մեծ հույսեր չունեն: ԱՄՆ պաշտոնատարները կասկածում են, որ նախագահը կարող է Ռուսաստանի հետ որևէ «մեծ գործարք» կնքել, ոմանք խրախուսում են լարումը թուլացնելու հեռանկարը, որ կարող է ծագել երկու նախագահների տետատետ հանդիպումից:


Կրեմլի պաշտոնյաները ակնկալում են, որ նախագահները կքննարկեն ՈՒկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի իրավիճակը ու սպառազինության վերահսկման հարցը, բայց անհնար են համարում այդ ոլորտներից որևէ մեկում համաձայնագրի ստորագրումը, որ հնարավոր էր հաջողություն անվանել: Ռուս պաշտոնյաները հնարավոր են համարում, որ կողմերը կփորձեն պայմանավորվել նվազ կարևոր, երկրորդական հարցի շուրջ, որ հետո կարող է հիմք դառնալ փոխգործակցության աստիճանական վերականգնման համար: Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դենիել Ֆրիդը կարծում է, որ «Թրամփը կարող է փորձել կեղծ «մեծ գործարք» կնքել, որի դեպքում մենք կստանանք Պուտինի անորոշ խոստումները (ՈՒկրաինայի հարցում) պատժամիջոցների միակողանի զիջումների հարցում և ԱՄՆ-ի կողմից ինչ-որ կանխամտածված քայլ ՆԱՏՕ-ի սամմիթի դեմ կամ հրավեր Պուտինին միանալու անվտանգության ինչ-որ կառույցի, որ ՆԱՏՕ-ից ավելին կլինի: Ֆրիդի կարծիքով` նախագահները կարող են փորձել առաջ շարժվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինվորականների հարաբերությունները համակարգելով և սահմանափակել զինավարժությունների մասշտաբները:
Կլինի՞ Լեռնային Ղարաբաղի հարցը Պուտին-Թրամփ հանդիպման օրակարգում, թե՞ նրանց համար «երկրորդական» էլ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ