Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
28.06.2018 | 13:50

Հունիսի 25-ին ձերբակալված Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: «Մինչև մայիսի 17-ը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35 միլիոն դրամ, 1110400 դոլար, 230 500 եվրո, իսկ նրան պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2000 դոլար»,- հայտնում է ՀՔԾ-ն: Հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50000 դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 000 դոլար և 436 000 000 դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ, որտեղ գումարները առգրավվել են:
Ըստ ՀՔԾ-ի՝ քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018-ի մայիսի 17-ի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 միլիոն դրամի, 1272900 դոլարի և 218000 եվրոյի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինս ապօրինի հարստացել է: Պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրում Ղազարյանը նշել էր, որ ունի միայն 7 անշարժ գույք, RANGE ROVER մակնիշի մեկ ավտոմեքենա, 11 միլիոն դրամ, 9500 դոլար, 12500 եվրո:

Ներկայացրել է նաև հունվարից մայիս ստացած 2,5 միլիոն դրամ աշխատավարձը: Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը ամուսնու՝ պաշտոնից ազատվելու հաջորդ օրը հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 29 հազար դոլար, 17400 եվրո: Իսկ իբրև ստացած եկամուտ՝ վարձակալության դիմաց վճար՝ ավելի քան 3 միլիոն դրամի չափով։ Քրեական օրենսգիրքը ապօրինի հարստացման հոդվածով սահմանում է առավելագույնը 3-6 տարով ազատազրկման պատժաչափ, իսկ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է առավելագույնը 2-4 տարի ազատազրկմամբ:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ