Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ գործ ունի Լուկաշենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Ի՞նչ գործ ունի Լուկաշենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
28.06.2018 | 14:11

Օրերս տարօրինակ տեղեկություն հայտնվեց` Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի, Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները նախարարին տեղեկացրել են հակամարտության գոտում իրավիճակի և կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտուալ հարցեր և… Բելառուսի հնարավոր ներդրումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սպասվում էր, որ համանախագահները կամ Հայաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ները որևէ մեկնաբանություն կտային այդ հանդիպման նպատակների ու հետևանքների մասին: Մեկնաբանություններ չեղան, ուստի հարցերը մնում են.


1. Ինչու՞ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հենց հիմա հանդիպել Բելառուսի ԱԳ նախարարին, նոր ձևաչա՞փ է ձևավորվում, թե՞ նոր իրավիճակ կա:
2. Ի՞նչ հնարավոր ներդրում է Բելառուսն ունենալու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Բատկա՞ն է Ալիևին շքանշան հանձնելու` իր ՙՊոլոնեզները՚ գնելու համար:
3. Բելառուսը, իբրև ՀԱՊԿ անդամ` իրավունք ունի՞ զենք վաճառել Ադրբեջանին, որ կարող է գործադրվել նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ:
4. Համանախագահները բացատրել են Մակեյին, որ Ադրբեջանին զենքի վաճառքը միայն բիզնես չէ՞, այլ քաղաքական ու ռազմական հավասարակշռության խախտում տարածաշրջանում, որ չի բխում բանակցությունները հնարավոր դարձնելու տրամաբանական մտադրությունից:
5. Մակե՞յն է համանախագահներին կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ առաջարկ ներկայացրել` Բատկան սիրում է ամեն տեղ խցկվել:
6. Մինսկի խմբի հոբելյա՞ն է նախապատրաստվում` 26 տարի, բայց դա պիտի 2017-ին լիներ, երբ քառորդ դարն էր բոլորում:
7. Անակնկա՞լ, թե՞ սկանդալ` ի՞նչ է հասունանում:
Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Մակեյին հարցրե՞լ են, թե Բելառուսի ներկայացուցիչը ինչ նպատակով էր մասնակցում Բաքվում Ադրբեջանի բանակի 100-ամյակի պատվին շքերթին` 100 տարի առաջ էլ Մինսկը Բաքվի դաշնակի՞ցն էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռազմական շքերթում Իլհամ Ալիևը նորից նույն հայտարարություններն է արել: Հետաքրքիր է` Բելառուսի նախագահն ու ԱԳ նախարարը համաձա՞յն են նրա հետ, թե՞, այնուամենայնիվ, համաձայն են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցությունների բովանդակությանը, որտեղ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը երբեք չեն եղել բանակցությունների թեմա, առավել ևս` հիմք: Եվ ինչպե՞ս են Բելառուսի նախագահն ու ԱԳ նախարարը գնահատում Ալիևի անվերջ զորավարժություններն ու շփման գծում զենքի ու զորքի կուտակմանը: Սպասու՞մ են նոր հարձակման, որտեղ Բատկան է ստանձնելու խաղաղարար հրեշտակապետի դերը, երբ ՙՊոլոնեզները՚ կկրակեն դեպի Արցախ կամ Հայաստան: Ռուսաստան, Պակիստան, Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ` զենքի վաճառքի բիզնես ակումբի՞, թե՞ քաղաքական ազդեցության արտածման մաս է փորձում դառնալ Բելառուսը: Ո՞րն է լինելու հաջորդ անկապ երկիրը, որի նախագահի կամ ԱԳ նախարարի հետ հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ