Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տաբուների սպանդի ժամանակը

Տաբուների սպանդի ժամանակը
29.06.2018 | 02:34

Հայաստանում արդեն միմյանց հետ մրցում են ֆուտբոլը, ԱԱԾ-ն ու տապը: Ֆուտբոլն ու ԱԱԾ-ն շարունակում են անակնկալները, տապն ապահովում է մթնոլորտը: Ֆավորիտները հանձնում են դիրքերը, ներառյալ աշխարհի չեմպիոնին, ֆուտբոլում: Ֆավորիտները կորցնում են արտոնություններն ու ազատությունը Հայաստանում: Հարահոսով շարունակվում են քաղաքապետերի հրաժարականները: Ինչու՞ ոչ: Ի՞նչ են արել քաղաքների ու քաղաքիկների քաղաքապետերն ու քաղաքապետիկները իրենց քաղաքացիների համար: Արե՞լ են, չե՞ն արել, կգան նորերը: Կամ կանեն, կամ` ոչ, նրանք արդեն կլինեն նոր ժամանակների քաղաքապետեր` իրավիճակ է փոխվել: Տաբուներ չկան ու չկան կուռքեր, կա մեկը միայն` համատիեզերականը` Հայաստանի մասշտաբով:


Քաղաքապետերի ճակատագիրը, նույնիսկ մայրաքաղաքի, մանր հարց է մեծ հեղափոխության մեջ, որ նորանոր բնագծեր է նվաճում` նույն ասպարեզում: Այնքան գրեցին ու խոսեցին, որ Նիկոլ Փաշինյանը նախագահներին «մոտ չի գալիս», որ նա որոշեց «եղբայրաբար» մոտենալ: Առայժմ երրորդին: Եղբայրը ձերբակալվեց ու ազատ արձակվեց, համհարզի բախտը չբերեց: Ընդհանուր առմամբ` թիկնազորի գործը` նախկին, թե ներկա, կամիկաձեի գործ է: Բայց այս դեպքում «Սերժի Վաչոյին» փուռը տվեցին ու հիմա սպասում են` անունների, լավ իմանալով` ում անունն է տալու կամ չի տալու: Գեներալից հետո գնդապետն էլ հանձնվեց` կալանավորվեց նաև Մանվել Գրիգորյանի կինը, որդուց էլ քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել: Իսկ կհանդգնի՞ հեղափոխությունը հասնել իրավիճակի սկզբին` անցյալ դար ու նույնիսկ անցյալ հազարամյակ` 1999, հոկտեմբերի 27: Համենայն դեպս` վարչապետ Վազգեն Սարգսյանի հոկտեմբերի 21-ի վերջին հեռուստաելույթը կոռուպցիայի դեմ էր: Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզպետ Ֆելիքս Փիրումյանին ներկայացնելիս` մարզպետարանում հայտարարեց, որ շատ շուտով` մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը` շատ հայանպաստ տարբերակով, բացվելու է հայ-թուրքական սահմանը: Հոկտեմբերի 7-ին Յալթայի օդակայանում երկու ժամից ավելի նրա հետ բանակցելու համար սպասում էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, իսկ նա հանդիպում էր Վրաստանի վարչապետի հետ, որ Հայաստանի պարտքը ստանա, ու երբ եկավ օդակայան, ասաց` «Պոկեցի»: Հոկտեմբերի սկզբին էլ ԱՄՆ այցից հետո ասուլիսում ներկայացրել էր` ինչ ներդրումներ է պատրաստ Արևմուտքն անել Հայաստանում ու ինչ ծրագրեր կան: Սեպտեմբերի 23-24-ին` Հայաստան-Սփյուռք համաժողովում ազդարարելով` «21-րդ դարը մերն է լինելու» ու սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում պատմական ռազմական շքերթից հետո հպարտության արցունքները լրագրողներից չթաքցնելով` Հայաստանի ազգային բանակի ու անկախության երջանկության համար: Հոկտեմբերի 28-ին Հայաստանում, տարածաշրջանում ու աշխարհում արդեն այլ իրավիճակ էր: Ինչու՞:

Ինչու՞ սպանվեցին լեգիտիմ ընտրություններով ձևավորված խորհրդարանի նախագահն ու փոխնախագահները, վարչապետը, ինչու՞ գնդակահարվեց Հայաստանի ապագան և տարածաշրջանը վերադարձվեց ելման դրություն` չավարտվող պատերազմի ու թշնամանքի շրջանակ: Կպատասխանի՞ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր անկախության պատմության ամենադաժան օրվա հարցերին: Թե՞ կթողնի պայծառ ապագային:
Էրդողանի պայծառ ապագան եկավ` հունիսի 24-ին հաղթեց նախագահական ընտրություններում, դա առավելագույնն էր, որ ինքն իրեն նվիրեց թուրք ազգայնական ու պահպանողական ընտրողը: Առավելագույն պատիժը: Հազիվ թե Էրդողանի հաղթանակով սկսվելու են նրա հաջողությունները: Արտաքին քաղաքականության մեջ նա խնդիր ունի բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ: ԵՄ դռներից հեռանալը գուցե սպասված քայլ է` դատելով ընտրարշավի հոխորտանքներից, բայց ԵՄ-ն ֆինանսներ են ու տեխնոլոգիաներ, որոնց կարիքը Թուրքիան հատկապես ունի` ելնելով տնտեսական վիճակից: Միգրանտները կդառնան հիանալի խաղաթուղթ նրա ձեռքին:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմանը հակադարձ համեմատական Անկարան Մոսկվայում հարցեր է հարուցում ու պատասխաններից խուսափում: Քրդերը շարունակելու են նրա պարանոցից կախված քար մնալ` թե Թուրքիայում, թե Սիրիայում, թե Իրաքում: Ժամանակն է, որ 15-ամյա պաշտոնավարումը շարունակող Էրդողանը դադարի սրեր ճոճել ու «վերադառնա» Թուրքիա` զորքերը հանելով հարևան երկրներից: Սահմանադրությունը նրան կառավարման անսահմանափակ իրավասություններ ու միանձնյա որոշումների իրավունք է տալիս, բայց ոչ մի Սահմանադրություն չի կանխել նախագահի ու վարչապետի պաշտոնանկությունը, երբ սպառվել է քաղաքական ժամանակը: Ոչ ոք չի կարող պնդել, որ Թուրքիայի նախագահը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը: Եվ առաջինը` Էրդողանը, որ արտակարգ դրության պայմաններում արտահերթ ընտրություններով ապահովեց վերընտրությունը` ընդդիմախոսներին բանտերին «բաշխելուց», բանակը չեզոքացնելուց հետո միայն: Նրանք, որ հայ-թուրքական հարաբերություններում, ավելի ստույգ` հարաբերությունների բացակայության մեջ ակնկալում են փոփոխություններ` նախապայմաններով, թե առանց, ստիպված են սպասել մի քանի տարի:

Գուցե ավելի` եթե Էրդողանը պահպանի իշխանությունը: Անակնկալներ սահմանից անդին չեն լինի: Եթե լինեն, անցանկալի զարգացումների տեսքով:

Պատերազմի է նախապատրաստվում Իլհամ Ալիևը: Հնարելով չեղած հոբելյան` ազգային բանակի 100-ամյակը, նա զորահանդեսում ցուցադրեց նոր ռազմական տեխնիկան` շրջապատված քաղաքական բարեկամներով, որ իրենց ներկայությամբ պիտի բազմապատկեին Ալիևի քաղաքական կշիռը: Նրանց ու համայն աշխարհի համար Ալիևը ասել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, հետո հերքել է ինքն իրեն` Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ», կրկնել է, որ «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում»: Բողոքել է` աշխարհում գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը: Եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլինեին: «Հաղթանակ» է որակել 2016-ի ապրիլյան քառօրյան ու «2018-ի նախիջևանյան գործողությունը»: Փաստացի` մի քանի ամիս Ադրբեջանը չհայտարարվող զորավարժություններ է անում առաջնագծում` զորքերի ու տեխնիկայի տեղաշարժ, ուսումնական վարժանքներ, տեխնիկայի փորձարկում: Ինչու՞ սահմանին: Մշտական լարումը պահելու համար: Արցախում, Հայաստանում, աշխարհում: Բլե՞ֆ է, թե՞ պատերազմի նախերգանք: Երկուսն էլ` նայած ինչ ազդակներ կստանա դրսից:


Ազդակները ստացվեցին: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքու էր մեկնել: Պաշտոնական այցով ու պաշտոնապես էլ ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, որ հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, որ չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»: Սովորաբար, երբ տարբեր տրամաչափի պաշտոնյաները կամ փորձագետներ ու պայծառատեսներ հակահայկական հայտարարություններ են անում, Մոսկվան ասում է, որ ՌԴ պաշտոնական տեսակետը հայտնելու իրավունք ունեն նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը: Կամ խորհրդարանի նախագահը այդ ցանկում չկա, որ հնչեցնի այն հայտարարությունները, որ նախագահի ու վարչապետի դեպքում կարող են սկանդալ հարուցել, կամ` Վոլոդինը և Մատվիենկոն լիազորված են Ռուսաստանի անունից նաև ստել:

Ո՞րն է Ադրբեջանի «միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշումը»` անվերջ սպառազինվե՞լը, սահմանային կրակոցնե՞րը, թե՞ սուբստանտիվ բանակցությունները, որ ԼՂ հարցի լուծումը տեսնում են միայն ՄԱԿ-ի Ախ բանաձևերի կատարմամբ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Դա՞ է Վոլոդինի «միշտ ճիշտը»: Թե՞ 1994-ին պատերազմը տանուլ տված երկրի հետ ոչ թե կապիտուլյացիայի ակտ ստորագրելը, այլ` հրադադարի համաձայնագիր` Ելցինի միջնորդությամբ ու պահանջով: 2016-ի քառօրյա՞ն էր «միշտ ճիշտը»: Որ դարձյալ ընդհատվեց` Պուտինի միջնորդությամբ այն պահին, երբ հայկական զորքերը կորցրած տարածքները վերադարձնել էին սկսել, դարձյալ հօգուտ Ալիևի, որ նրան հնարավորություն տա քառօրյան հռչակել «հաղթանակ»: Գուցե Ադրբեջանը «միշտ ճիշտ է», որովհետև անում է` ինչ ասում է Մոսկվա՞ն: ՌԴ Պետդումայի նախագահն առաջին անգամ չէ հակահայկական հայտարարություն անում: Հաստատ` ոչ էլ վերջին: Նրա վերջին «գյուտը» բարձրաձայնվում է, երբ Ադրբեջանը զինուժ է կուտակում Հայաստանի ու Արցախի սահմաններին ու Հայաստանում իշխանություն է փոխվել: Փաստացի` Սոչիի ու Մոսկվայի Պուտին-Փաշինյան հանդիպումներից հետո Ռուսաստանը նոր նոտա է վերցնում: Հնչե՞ց` կշարունակի այդ ուղղությամբ, չհնչեց` կհայտարարվի, որ Վոլոդինը «անձնական տեսակետ» է ներկայացրել: Զարմանալի է, որ Հայաստանի ԱԳՆ-ին չհետաքրքրեց, թե ՌԴ Պետդումայի նախագահը ինչի՞ հիման վրա է այդ եզրակացության հանգել: Ռուս հերթական պաշտոնյան հերթական հակահայկական հայտարարությունն է արել, որ հաստատում է` քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, կան շահեր: Հայաստանում այդ ճշմարտությունը չի ընկալվում: Հայաստանում հեղափոխությունից առաջ ու հեղափոխությունից հետո արտաքին աշխարհը սկսվում է Մոսկվայից: Այդ մտայնությունն այնքան է խորացել, որ որևէ երկրի հետ շփում նախ և առաջ դիտարկվում է` ի՞նչ կասի Մոսկվան տեսանկյունից:


Համենայն դեպս, հունիսի 21-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստից հետո ԵՄ-ն ու ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն պաշտոնյա Ֆեդերիկա Մոգերինին անվերապահ աջակցություն հայտնեցին Հայաստանի ներքին բարեփոխումներին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ԵՄ-ն վերահաստատեց հավատարմությունը հարցը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում լուծելու քաղաքականությանը: Պարզվեց` հուլիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնելու` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու ու ԵՄ ղեկավարության հետ հանդիպումների: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տպավորիչ պատվիրակությամբ մեկնել է ԱՄՆ ու Կանադա` համոզելու Հայաստանում ներդրումներ անել: Եվրանեսթի ԽՎ-ն ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հրատապ բանաձև ընդունեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին` կոչ անելով ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել մինչև Եվրախորհրդարանի 2019-ի ընտրությունները: Եզրակացությունները, որ դուրս են շոգից, ֆուտբոլից ու ԱԱԾ-ից, թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հեղափոխությունից հետո Հայաստանի իրական քաղաքական օրակարգում կա մեկ խնդիր ինքնիշխանության վերականգնումը, որին կարող է նպաստել ԱԺ արտահերթ ընտրությունների ձևավորած լեգիտիմ իշխանությունը: Հեղափոխությունից հետո Հայաստանի իրական տնտեսական օրակարգում կա մեկ խնդիր` արդյունաբերության վերագործարկումը, որ աշխատատեղեր կստեղծի ու Հայաստանը դուրս կբերի սպասարկման ոլորտի, մեծ ու մանր չարչիության ասպարեզից, ուր խցկել են իշխանությունները 20 տարի: Հեղափոխությունից հետո Հայաստանի ազգային օրակարգում կա մեկ խնդիր` արժեհամակարգի փոփոխությունը, մտածողության ու հոգեբանության խեղումները վերացնելու և տաբուները հանելու, միմյանց ու աշխարհի հետ ազատ, հավասար հարաբերվելու համար: Այլապես 20 տարի հետո ձեր զավակները ձեզ չեն հասկանա:

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ