Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պարոն Տոնոյանին ցանկանում եմ հիշեցնել՝ Նախիջևանը ադրբեջանական տարածք չէ»

«Պարոն Տոնոյանին ցանկանում եմ հիշեցնել՝  Նախիջևանը ադրբեջանական տարածք չէ»
29.06.2018 | 03:08

Մինչ մեր պաշտպանության գերատեսչությունը ջանք չի խնայում ապացուցելու, որ նախիջևանյան հատվածում հակառակորդն ընդամենը «բլրի» ներքևից բարձրացել է «բլրի» գագաթն ու չորս կողմից հայտնվել կրակահերթի տակ, պատմությունը հուշում է, որ միլիմետրերով անգամ հողի հանձնումը հանգեցնում է մի ողջ տարածքի կորստյան: Թուրք-ադրբեջանական տարածքային նկրտումներին և ռազմատենչ հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել, լրջորեն նախապատրաստվել: Հայաստանի շուրջ վտանգավոր գործընթացներ են խմորվում, իսկ ինչպիսի՞ն է մեր արձագանքը: Ղարաբաղյան հակամարտության և նախիջևանյան իրադրության շուրջ զրուցում ենք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Ի դեպ, պարոն Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ էր ահազանգել, որ Նախիջևանում վտանգավոր զարգացումներ են սպասվում:

-ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական և ճիշտ: Սրան զուգահեռ, շփման գծում ադրբեջանական կողմը մեծ զինուժ է կենտրոնացնում, Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել, նրանց օդային տարածքում հայտնվում են ամերիկյան ռազմական ուղղաթիռներ: Ի՞նչ է կատարվում մեր շուրջը:
-Նախ՝ Վոլոդինի հայտարարությունն այդքան լուրջ չէի ընդունի, որքան այստեղ են նման արձագանքի արժանացնում: Բաքուն ինչ-որ բան պետք է ասեր, ասել է՝ գուցե ոչ հաջող ձևակերպմամբ: Զարմանում եմ, թե ինչու ենք մենք նմանօրինակ ամեն մի խոսքից վրդովվում, ընդ որում՝ շատ զգայուն ենք, երբ նման կարծիք է հնչում հատկապես ռուսական կողմից: Իսկ Արևմուտքից ինչ էլ ասեն՝ ոչինչ, զորօրինակ, ինչու ուղղաթիռները վաճառեցին Ադրբեջանին, կամ Իսրայելը ինչու է ադրբեջանական բանակը զենքով ապահովում:
-Ի տարբերություն մյուսների, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է:
-Շատ լավ, բայց եկեք խնդիրների բուն էությունը դիտարկենք: Չլինի այնպես, որ ես ստանձնում են Ռուսաստանի պաշտպանությունը, ընդամենը պետք է հարցերին օբյեկտիվ մոտենալ: Մենք զինամթերք ամբողջովին ստանում ենք Ռուսաստանից, մեր անվտանգության համակարգն ամբողջովին նրանց հետ է կապված, նրանք են նաև հայտարարել, որ պատասխանատու են մեր անվտանգության համար: Մի հանգամանք ևս. այսօրվա վարչապետը, երբ ընդդիմադիր էր, հակառուսական տրամադրություններով քաղաքական գործիչ էր, երբ դարձավ կառավարության ղեկավար, առնչվեց համապատասխան իրողությունների, գնաց ՌԴ ու ասաց, որ մենք ոչ մի խնդիր չունենք, պետք է հարաբերություններն ավելի զարգացնել: Սա նորմալ է, որովհետև եթե դու չունես ինքնաբավություն, չես կարողանում որպես գործոն ներկայանալ, պետք է հաշվի նստես իրողությունների հետ: Ժողովրդի մի հատվածը անհասկանալի հատկություն ունի՝ անընդհատ մունաթ է գալիս: Անընդհատ մեր սխալների համար ինչ-որ մեկը մեղավոր է, բա ինչու՞ սա չարեցին, այն չարեցին, բայց դու՞ ինչ ես արել, քո երկիրը բեր նորմալ վիճակի, հետո ինչ-որ բան պահանջիր: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, նախ նշեմ, որ երկուէջանոց վերլուծություն եմ ուղարկել մեր արտաքին գերատեսչության ղեկավարներին: Ադրբեջանն այլևս շահագրգիռ չէ Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում: Նրանք վաղուց հասկացել են, որ սա բանակցություններով լուծվող հարց չէ: Իրենց մեծ եղբայրը՝ Էրդողանը, նեոօսմանիզմի գաղափարախոսությունը դարձնում է պետական քաղաքական գիծ, հատկապես վերջին ընտրություններից հետո դա ավելի է ամրապնդվում: Ադրբեջանն ու Թուրքիան սերտաճել են, սա բացահայտ երևում է նաև Նախիջևանի տարածքում, ինչի մասին մեկ տարի արդեն խոսում ենք: Իսկ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը ենթադրում է, որ թուրքական աշխարհը պետք է միավորվի: Էրդողանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե Լոզանի պայմանագիրն իրենց համար ընդունելի չէ, և պետք է չեղարկել այն, որովհետև, իբր, դրա հետևանքով կորցրել են ահռելի տարածքներ: Լկտիության աստիճանը տեսեք ուր է հասել: Օսմանյան կայսրության սահմաններն իրենց համար Թուրքիայի սահմաններն են: Թուրքիան, որպես պետություն, կարող էր գոյություն չունենալ, եթե անգլիացիները նրանց չօգնեին դեռ 1916-ին: Այս մասին հիանալի գրել է ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն իր «Դեսպան Հենրի Մորգենթաուն» գրքում: Իսկ այսօր Էրդողանը հայտարարում է Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու մասին, և բոլոր գործողությունները դրան են միտված: Պատահական չէր, որ Հյուսիսային Կիպրոսը թուրքերը մարսեցին, արդեն մարսում են Աֆրինը, անցնում են Մանբիջին: Հասկանում են, որ դեպի արևելք գնալ դեռ հնարավոր չէ, քանի քրդական խնդիրը լուծված չէ, փորձում են Սիրիայի և Իրաքի հյուսիսում եղած քրդական դիմադրության օջախները վերացնել: Վերադառնանք Արցախ, հասկանալով, որ դիվանագիտական լուծում չկա, պատրաստվում են պատերազմական գործողությունների՝ հայտարարելով, որ սպասում են համապատասխան պահի: Սա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվել, հակառակը, մենք պետք է ավելի ամրապնդենք մեր դիրքերը և, ամենակարևորը՝ դիվանագիտական մեծ աշխատանք կատարենք՝ չեզոքացնելու համար այդ վտանգը:
-Եթե նրանք բանակցություններով հարցի լուծում չեն տեսնում այլևս, պատրաստվում են ռազմական գործողության, մենք դիվանագիտական աշխատանքով կարո՞ղ ենք արդյունք արձանագրել:
-Դեռ 1997-ին եմ իմ հոդվածներից մեկում ասել, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լոկալ պատերազմ լինել: Հիմա եթե ռազմական գործողություններ սկսվեն, ներքաշվելու են դրանում բազմաթիվ պետություններ՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Չինաստան, Եվրոպան էլ անմասն չի մնալու: Այսինքն, դառնալու է տարածաշրջանային պատերազմ, Աստված մի արասցե, որ այդ կրակն ավելի մեծ մասշտաբներ ընդգրկի: Թուրքերի գործողություններն իրենց տեսանկյունից տրամաբանական են: Այսօր ԱՄՆ-ի նախագահի քաղաքականության արդյունքում աշխարհաքաղաքական տարբեր բևեռներ են ստեղծվում: Ժամանակին Արևմուտքն ընկալվում էր որպես մեկ միավոր, այսօր այդպես չէ: ԱՄՆ-ը մի բևեռ է, Մեծ Բրիտանիան, բրեքզիթից հետո, մյուս բևեռը, Եվրոպայի մնացորդը՝ մեկ այլ: Բևեռ է նաև Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան եռյակը՝ մյուս երկրների հետ միասին: Թուրքերն էլ մտածում են, թե կարող են ոտնատակ լինել, և թուրքական աշխարհի վերականգնումը դառնում է օբյեկտիվ իրողություն: Այս համատեքստում շատ ենք խոսել, թե ինչու է Նախիջևանում այդքան զորք կուտակվել, իմա՝ Նախիջևանն այն պլացդարմն է, որի միջոցով կարող են նրանք միանալ: Նրանք կփորձեն Զանգեզուրը կտրել Արարատյան դաշտավայրից և Սիսիանի տարածքով մտնել Մեղրի:
-Ասել է՝ հարձակումը երկու ճակատով չի՞ լինելու՝ ղարաբաղյան և նախիջևանյան:
-Ոչ, 3-4 ճակատով՝ արցախյան, նախիջևանյան, Տավուշի կողմից, որովհետև, եթե ռազմական գործողություններ սկսվեն, բազմաթիվ կողմերից կլինի հարձակում: Նրանք սպասում են ֆորսմաժորային իրավիճակի, բայց գիտեն նաև, որ եթե հարձակվեն, ՀԱՊԿ-ն էլ է խառնվելու գործողություններին, դրա համար էլ սպասում են հարմար պահի:
-Այսինքն՝ ֆորս մաժորի Ռուսաստանու՞մ:
-Ե՛վ Ռուսաստանում, և՛ այնպիսի պայմանների դեպքում, երբ Ռուսաստանը չի կարողանա միջամտել:
-Ասացիք, որ դիվանագիտական մեծ աշխատանք պետք է սկսել, ի՞նչ նկատի ունեք:
-Այս վտանգը կախված է ոչ միայն մեր գլխին, թուրքական աշխարհի վերականգնումից վախենում է նաև Ռուսաստանը, որովհետև իր քարտեզը դառնում է կարկատան, վախենում է Իրանը, որովհետև լուրջ փոփոխություններ կլինեն իր մոտ, վախենում է Չինաստանը՝ ունենալով ույղուրների խնդիր, վախենում է Եվրոպան, քանի որ Թուրքիայի հզորացմամբ անեքսիայի է ենթարկվելու, սա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին, քանի որ Թուրքիան ամբողջովին դուրս կգա իր վերահսկողությունից: Վերջապես, սա ցանկալի չէ նաև Իսրայելին: Նշանակում է՝ այս բոլոր ուղղություններով պետք է ունենանք բանագնացներ, որոնք ճշգրիտ լոբբինգ կիրականացնեն: Պետք է հետ կանչենք այդ երկրներում բոլոր դեսպաններին, որոնք չեն արդարացնում իրենց: Լրջորեն պատրաստված մարդիկ են պետք, մշտական գործող ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Մինչդեռ այս բոլոր հարցերում մենք միայն սիրողական մակարդակում ենք:
-Եթե այդ պետություններին ձեռնտու չէ թուրքական աշխարհի վերականգնումը, Թուրքիան երբևէ կստանձնի՞ ճակատային պայքար նրանց դեմ:
-Եթե Թուրքիան Նախիջևանից փորձի հարձակվել, դա նշանակում է բախում նաև Ռուսաստանի հետ:
-Այս հանգամա՞նքն է Թուրքիային զսպում:
-Այո, իհարկե, բա հո Հայաստա՞նը չի զսպում: Ամենապարզ օրինակը. Նախիջևանում տեղակայված է ադրբեջանական 5-րդ ընդհանուր զորամիավորումը, որի թվաքանակը 20-25 հազար կլինի, իսկ անմիջապես կողքը թուրքական էքսպեդիցիոն կորպուսն է՝ հավանաբար 15 հազար զինվորով, հանրագումարում սահմանից այն կողմ 40-հազարանոց զորք է կանգնած, իսկ նրանք շատ լավ գիտեն, թե Հայաստանը որքան զինուժ ունի, և այս ուղղությամբ դժվար թե 40 հազար մարդ կանգնեցնենք: ՈՒրեմն ինչի՞ համար է այս բռունցքը հավաքված այնտեղ: Դա մեծ ծախսեր է ենթադրում, ինչու՞ են այդ ծախսերն անում, վախենու՞մ են դեպի Նախիջևան Հայաստանի ագրեսիայից: Ծիծաղելի է: Դա հնարավոր էր 1992-93-ին, երբ հնարավորություն ստեղծվեց Նախիջևանն ազատագրելու, ինչը չարվեց, ու հայտնի է ում պատճառով: Սա է իրական վիճակը: Քիչ թվով փորձագետներ կան, որոնք այս ամենը վերլուծում են, իսկ վերլուծելն ամեն մեկին տրված չէ, դա փորձ ու գիտելիք է պահանջում:
-Նախօրեին լրագրողների հերթական խմբին պաշտպանության նախարարությունը կրկին իրազեկեց Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին: ՈՒշագրավն այն է, որ երբ Ադրբեջանում խոսում էին 11 հազար հեկտար գրավելու մասին, մեր պաշտպանական գերատեսչությունը լրագրողների խմբին կրկին տարավ ու ապացուցեց, որ նման բան չկա, սակայն ընդամենը շաբաթներ անց պարզվեց, որ ադրբեջանցիները մի «բլրի» տակից բարձրացել են գագաթ: Չենք խոսում դեռ չեզոք գոտու ահռելի կրճատման մասին: Նրանք միլիմետր-միլիմետր առաջ են շարժվում, բայց մենք շա՜տ հանգիստ ենք այդ ամենին նայում: Վտանգավոր հանգստություն չէ՞:
-Պարոն Տոնոյանին ցանկանում եմ հիշեցնել՝ Նախիջևանը ադրբեջանական տարածք չէ: Եթե պաշտպանության նախարարն է նման սայթաքում անում, անթույլատրելի է: Ինչ է նշանակում՝ իրենք իրենց տարածքում են գործողություններ անում: Բոլորս պետք է հիշենք, թե ինչպես է Նախիջևանն անօրինական տրվել Ադրբեջանին, ում թելադրանքով: Այդ տարածքը խնամակալությամբ էր տրված, որը պետք է լիներ ինքնավար և ոչ մի դեպքում Ադրբեջանի անքակտելի մասը: Մինչդեռ նրանք Նախիջևանը յուրացրել են, իսկ մենք էլ դա հեշտությամբ կուլ ենք տվել: Կամ ի՞նչ է նշանակում իրենց տարածքում են տեղաշարժեր արել, բա այսքան տարի ինչու՞ նման բան չէին անում: Ադրբեջանցիները հասկանում էին, չէ՞, որ եթե առաջ շարժվեն, հակահարված են ստանալու, չէ՞ որ դա չեզոք գոտի է համարվում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ չեզոք գոտին անցան և եկել կանգնել են մեր զորքերից 100 մետր հեռավորության վրա: Ինչու՞ են այդքան մոտիկ եկել: Նրանք էլ են, չէ՞, մտածում, որ ռազմական գործողության դեպքում կրակահերթի տակ են ընկնելու, ուրեմն ինչու՞ են եկել, փաստորեն, մեկ այլ տարբերակ էլ ունեն, չէ՞: Ինժեներական գործողություններ են անում, հանգիստ, սուսուփուս նստել-սպասում ենք, թե ինչ են անում: Չե՞նք ուզում սրել իրավիճակը: Սա նույնն է, որ 1941-ին, երբ Ստալինին ասում էին, թե ուր որ է Գերմանիան հարձակվելու է, ասում էր՝ ոչ մի բան չանեք, որ պրովոկացիայի չենթարկենք նրանց: Ոչինչ չանելով ինչի՞ ենք հասնելու: Վտանգի տակ է ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը: Այսօրվա պատերազմով երկու կողմերն էլ իրար վերացնելու են: Սա բոլորը հասկանում են: Ադրբեջանը մտածում է, թե ինքը 8 մլն է, իսկ մենք 3 մլն, ուրեմն մեզ շուտ կվերացնի: Չէ, այդպես չէ, Ալիևի հիմար գլուխը պետք է մտցնել, որ այն զինտեխնիկան՝ «Իսկանդերը», որ կա Հայաստանի ձեռքին, կարող է նրա տարածքի կեսը փակել, մյուս կեսն էլ ուրիշ ձևով կփակեն: Բայց պատերազմի հետևանքով մեր տարածքներն էլ կարող են վնասվել: Եվ ի՞նչ: Դրա համար, երբ Ադրբեջանին հասկացնում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի, նա դեռ չի հավատում, քանի որ գիտի՝ Թուրքիան կգա իրեն օգնության: Ի միջի այլոց, ոչ ոք չի կարող հաստատել, որ պատերազմին թուրք զինվոր է մասնակցել, որովհետև նրանք կհագնեն ադրբեջանական զինվորական համազգեստ ու կկռվեն: Հիմա նրանք կամուրջ ամրապնդեցին, որ զինտեխնիկան էլ կարողանա անցնել, երկաթգիծն են ուզում կառուցել: Ասել է՝ հեռահար ռազմավարական ծրագիր է մշակվում, մենք ի՞նչ ենք դրա դեմ հանում: Մենք ունենք շատ հզոր զենք, դա մեր Սփյուռքն է, որից նրանք շատ են վախենում: Որպես հակակշիռ ստեղծեցին թուրքական ու ադրբեջանական սփյուռք, բայց մեր մակարդակին չեն կարող հասնել: Պետք է կարգավորել նաև Սփյուռքի հարցերը, որպեսզի համակարգված գործողություններ իրականացվեն, ոչ թե պաշտպանության նախարարը «բլոտ» խաղա և գլուխն էլ գովի: Ի միջի այլոց, ես այդ փաստից ցնցված եմ, էս ի՞նչ ձեռառնոցի է: Վարչապետի տեղը լինեի՝ «բլոտ» խաղացող 4 նախարարներին էլ կազատեի աշխատանքից: ՈՒ այս ամենից հետո էլ ասում են, թե ոչ մեկի խորհրդի կարիքը չունեն, էդ ի՞նչ գիտեք այդքան, որ խորհրդի կարիք չունեք: Այնպես չլինի, որ կրկնեն նախորդ իշխանության սխալները: Այո, դուք ժողովրդի վստահությունը շահել եք, բայց դուք չեք ամեն ինչ որոշելու, սա նաև մեր երկիրն է: Եթե դուք վաղը սխալվեք, ողջ ժողովուրդն է տուժելու: ՈՒրեմն, բարի եղեք խորհուրդ հարցնել: Մենք ձեզնից ոչ պաշտոն ենք ուզում, ոչ որևէ բարիք, ընդամենն ասում ենք՝ բարի եղեք, լսեք: Տեսանք՝ ինչ եղավ, երբ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը չլսեց, թե ինչ էին իրեն ասում:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ