USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ասում են՝ հասարակությունը շոկի մեջ է

Ասում են՝ հասարակությունը շոկի մեջ է
29.06.2018 | 03:57

Այո, հասարակությունը շոկի մեջ ընկավ, երբ տեսավ ԱԱԾ-ի նկարահանումները «փառապանծ» գեներալի առանձնատներից: Ասեմ ավելին, որ շատ երիտասարդ աղջկերքի աչքերին արցունքներ եմ տեսել, որոնք խորապես անարգված էին զգում իրենց:

«Երբ համալսարանի մեր կուրսում փող էին հավաքում,- պատմում էր ծանոթ ուսանողուհին,- ապրիլյան պատերազմի հերոսներին օգնելու համար, ինձ մոտ ընդամենը հինգ հազար դրամ կար, որով պիտի յոլա գնայի առնվազն տասն օր, մինչև հայրս փող ուղարկեր: Տվեցի չորս հազարը, ինձ պահելով հազար դրամ: Հոգ չէր, որ մի ամբողջ շաբաթ միայն չոր հաց էի ուտելու»: Նման խոսքեր շատերից եմ լսել: Եվ ոչ ոք չի տրտնջացել իր տվածի համար: Իսկ այսօր… Այսօր հասարակությունը, իրոք, շոկի մեջ է: Անկեղծ ասեմ, բնավ չեմ ազդվել, որովհետև անցած երեսուն տարիներին որևէ կուռք չեմ ունեցել, բայց դա չի նշանակում, թե կուռք ընդհանրապես չունեմ: Հանուն ճշմարտության ասեմ, կուռքերս են եղել մեր փառապանծ ազատամարտիկները, որոնք անձնուրաց ընկան հանուն հայրենիքի: Կուռքերս են ապրիլյան պատերազմի դեռևս տղամարդ չդարձած այն աղվամազով տղաները, որոնց փամփուշտները վերջացել էին կռվի դաշտում և, դիրքերը պահելու համար, բահերով դիմագրավեցին թշնամուն: Իմ կուռքերն են այն երեխաները, որոնք «սգուշչոնկաներ» էին ուղարկել Արցախ և գրել. «Զինվոր, հպարտանում եմ քեզնով և քո թիկունքն եմ»: Ես շատ կուռքեր ունեմ և հպարտանում եմ նրանցով: Ցավոք, իմ կուռքը չի եղել և ոչ մի նախագահ: Անկեղծ ասած, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), որպես կռված անձինք, ինչ-որ պահի ընդունելի են եղել ինձ համար: Փառք ու պատիվ նրանց, որոնք, անկախ իրենց անցյալից, կռվել են հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Այսօր ո՛չ Լիսկան վարկաբեկված կլիներ, ո՛չ Մանվել Գրիգորյանը կգտնվեր քննչական մեկուսարանում, եթե մնային որպես կռված տղաներ: Տարիներ առաջ գրված հոդվածներումս բազմիցս եմ նշել` հանցավոր են նրանք, ովքեր, ստոր քաղաքական նպատակներից ելնելով, այդ իրոք քաջարի, բայց քաղաքականապես անհասու զանգվածը բերեցին քաղաքականություն: 1992 թվականին Գորիսի քաղաքապետարանի շենքը զենքով գրավելու, այսինքն, օրինական իշխանությունը զենքով տապալելու համար (այն ժամանակ քաղաքապետը դաշնակցական կուսակցության անդամ էր) Լիսկային պիտի բանտ ուղարկեին: Տեղին է հիշել Հյուգոյի հեղափոխական շրջանի վեպերի հերոսներին: «Անցյալիդ արարքների համար քեզ շնորհակալություն, պարգևատրում ենք, բայց հեղափոխությանը դավաճանելու համար գնդակահարում ենք»: Այդ կարգի կռված տղաները, վերջին հաշվով, վարկաբեկվեցին կյանքում: Բայց ՀՀՇ-ական ղեկավարների համար չկային իդեալներ (դա պարզ երևում էր նրանց իշխանության գալու առաջին իսկ օրվանից): Լեն ու բոլ երկրում միայն «պերաշկիով» կշտացած կամ պորտվեյնով կայֆ ստացածներն ինչպե՞ս կարող էին իդեալներ ունենալ: Լիսկայի նման մարդիկ նրանց պետք էին որպես ստոր գործիք: Այդ ստոր գործիքը պիտի ապահովեր երկրի տերերի շռնդալից հաղթանակը բոլոր ընտրություններում: Կարևոր չէ, թե ով էր նախագահը, Լիսկան բոլոր նախագահների համար էլ ընդունելի էր:


Ո՞վ էր Մանվելը: Ինչպես սիրում էր ժամանակին կրկնել Նիկոլ Փաշինյանը, «կռազի շոֆեր»: Ամենևին չվիրավորելով այդ մասնագիտության տեր մարդկանց, ցանկանում եմ նշել, որ նման «շոֆերները» պատերազմից հետո պիտի շարունակեին իրենց մասնագիտությամբ զբաղվել, ոչ թե քաղաքականությամբ: Բայց երկրի տերերին ձեռնտու էր իրենց շրջապատում տեսնել Մանվելի նման գեներալներին: Թող թույլ տրվի հարցնել` ինչու՞ նրանք չէին հենվում Արկադի Տեր-Թադևոսյանի նման մարդկանց վրա, ինչու՞ չէին փառաբանում նման գեներալին, որովհետև Կոմանդոսի գիտելիքները և իսկական փառքը չէին կարողանում գողանալ, ուստի հեշտ ճանապարհը նրան մեկուսացնելն էր: Ո՞վ տվեց Մանվելին գեներալի կոչում: Հիշում եմ, այն ժամանակվա մի պաշտոնյա փառաբանում էր Մանվելին, ասելով՝ Անդրանիկը քեզնից ավելին չի եղել: Մանվելին սկսեցին քիչ-քիչ կուռք դարձնել, որովհետև նման կուռքերը պիտի ապահովեին իրենց գոյությունը: Եվ Մանվելը սկսեց «գիտակցել» իր «նշանակությունը»: Եթե երկրի տերերը թալանում էին, ապա ինչո՞վ էր նա այդ «ախպերներից» պակաս: Եթե երկրի նորընծա տերերը երկիրը պատկերացնում էին սկուտեղի վրա իրենց մատուցված տորթ, ապա ինչու՞ նա պետք է հեռու մնար այդ տորթը վայելելուց: Հայտնի ոստիկանապետի փեսան` Ազգային ժողովի պատգամավորը, լրագրողների հետ զրույցի ժամանակ մի հիանալի միտք հայտնեց. «Եթե վերցնենք 100 կոռումպացված պաշտոնյայի, կասեմ, որ Մանվելը դրանց մեջ հաստատ չի մտնում»: Չեմ առարկում, քանզի համոզված եմ, որ հայտնի պաշտոնյայի փեսան լավ գիտե գերկոռումպացված այդ 100 պաշտոնյաներին: Հետաքրքիր է, իր աներո՞ջն էլ չի մտցնի այդ 100-ի մեջ: Չեմ ցանկանում շատ բաներ նշել գեներալի ոչ վաղ անցյալից, բայց, տեսնելով տեսանյութում առկա սեփականաշնորհման վկայականների տրցակը, ակամայից հիշեցի 1996 թվականների մի դեպք: Գյուղացու սեփականաշնորհված հողը տարիներ շարունակ խլել էին տիրոջից: Գյուղացին հողը չի մշակել, եկամուտ չի ստացել: Դա քիչ է, ստիպել են գյուղացուն տանել և հողի հարկը, ոռոգման վարձը մուծել: Մի դեպք էլ պատմեմ և նոր անդրադառնամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին: Էջմիածնում աշխատող ինչ-որ գործարանի (այժմ կոնկրետ չեմ հիշում) հոսքային գիծը ապամոնտաժել և վաճառել էին: Արմավիրի մարզի դատախազ Իվան Արշակյանին (վերահսկող դատախազ էի աշխատում ՀՀ գլխավոր դատախազությունում) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի մոտ հարցրի` ինչու՞ քրեական գործ չեք հարուցում: «Արարքը կատարվել է Մանվելի ասելով, ես ի՞նչ կարող եմ անել»,- պատասխանեց: Իմ բոլոր խոսքերն ավելորդ էին: Մանվելը «ցար» և «բոգ» էր: Հիմա պատասխանեմ Զոհրաբյանի հարցին. էջմիածինցիների բանավոր տրտունջները, թե Գրիգորյանը Էջմիածնում արգելապատնեշով փակել է այն փողոցը, որտեղ ապրում էր ինքը, երբևէ չէիք լսել: Լսել էիք, բայց լռել էիք: Եվ ոչ միայն դուք, այլև մի ամբողջ խմբակցություն: Մի բան էլ ձեզ հիշեցնեմ, հարգելի տիկին: Խոսքը տամ երբեմնի «ընդդիմադիր» պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Երբ ընդդիմադիր էր, ԱԺ-ում կոկորդ էր պատռում, թե եկեք հաշվենք (դա Քոչարյանի ժամանակ էր) Երևանում որքան շինարարություն է կատարվում մեկ տարում, յուրաքանչյուր քառակուսի մետրի համար որքան ցեմենտ է օգտագործվում, և կիմանանք՝ որքան ցեմենտ է արտադրվել «Արարատցեմենտում», հաշվենք, որքան հարկ է մուծվել նշված քանակի արտադրանքի համար:

Այդ խոսքերը, տիկին Զոհրաբյան, պարզ ուղղված էին «Արարատցեմենտի» սեփականատեր, ձեր կուսակցության լիդեր, հայտնի «բարերար» Գագիկ Ծառուկյանին: Մի բան էլ ավելացնեմ ինձ հետ կապված: Ինձ մի ցիստեռն ցեմենտ էր պետք: Դիմեցի Մասիսի հայտնի Սողոյին: «Կբերեմ,- ասաց նա,- բայց չեկ չեմ կարող տալ»: «Այսի՞նքն»,- հարցրի: «Ցեմենտը լևի է»,- պատասխանեց: Այսինքն, ցեմենտը գողացված է: «Չէ, ախպեր, ով ռիսկ կանի Գագոյից ցեմենտ գողանալ: Պարզապես արտադրանքը քիչ են ցույց տալիս, որ հարկ քիչ վճարեն»: Հա, մի բան էլ ասեմ. ցարի ժամանակ Մանթաշովը և նրա նման բարեգործ գործարարներն ազատվե՞լ են հարկերից: Հազիվ թե: Այնպես որ, տիկին Զոհրաբյան, երկրում կատարված այլանդակությունների համար միայն ՀՀԿ-ն չէ մեղավոր, այլև նրանք, ովքեր համընդհանուր այլանդակության ֆոնին ջեբկիրի պես են ապրել: Հիշեցնեմ նաև Ձեր խոսքերը, հարգարժան տիկին. «Ես պետք է ասեմ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ այլևս բարեգործություն չանի, և օգնության համար դիմողներին պիտի ուղարկենք ՀՀ կառավարություն»: Ձեր բարեգործությունը, տիկին Զոհրաբյան, իսկ և իսկ դասական կոռուպցիա է, իսկ կոռուպցիան կաշառակերությունն է, ծախվածությունն է և բարոյական անկումը: Կաշառակերությունը դարերից եկած իրողություն է: Դեռևս հին եգիպտական պապիրուսներում հայրը խորհուրդ է տալիս որդուն. «Ընտրիր այնպիսի մասնագիտություն, որտեղ դու կարող ես խալաթ (նվեր) ստանալ և հեշտ ապրել: Ի՞նչ կարող ես ստանալ, եթե ընտրես բրուտի մասնագիտությունը. օրեր շարունակ կավը կմաշի առողջությունդ, ձեռքերդ կհոգնեն, և մի օր այլևս չես կարող ձեռքերով հեշտ մշակել այն»:

Այնպես որ, խալաթը (որը մեր օրերում կոչվում է կաշառակերություն) հնուց եկած սովորույթ է: Եթե հին Եգիպտոսում դեռևս խալաթն էր գործում, ապա նրանից հետո, հատկապես Բյուզանդական կայսրությունում, կաշառքն արդեն օրենքի աստիճանի բարձրացված սովորույթ էր: Կաշառքով պաշտոններ էին տալիս, և, բնականաբար, կաշառքով պաշտոնին նշանակվածը պիտի տվածը վերականգներ` կաշառք ստանալով: Կաշառքի մեջ թաղված Բյուզանդական կայսրությունը, ի վերջո, կործանվեց: Նույն բախտին արժանացավ նաև ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ-ը, Բրեժնևի ժամանակից սկսած, մտավ կաշառքի գետը, որն էլ, օր օրի հորդանալով, դարձավ ավերիչ ուժ: Բնական է, կաշառքը կամ ինչպես նախկինում է կոչվել, խալաթը, հիմնականում կատարվել է առձեռն՝ դրամական միջոց ստանալով: Սովորաբար կաշառքը տրվում էր պաշտոնյանին՝ այս կամ այն քրգործը հօգուտ կաշառատուի լուծելու համար: Հիմա տեսնենք՝ որն է կոռուպցիայի մյուս ատրիբուտը: Հին Պարսկաստանում շահը, բնական է, օտարերկրյա վասալին` իշխանին, իր կողմը գրավելու համար առձեռն գումար չէր տալիս, որովհետև այն այնքան էլ իմաստ չէր ունենա, այլ հակառակը, որպեսզի վասալն ավելի ամուր կապված լինի իր հետ, նրան մեծ կալվածքներ, գյուղեր, գավառներ էր նվիրում: Այսինքն, օտարերկրյա պաշտոնյան, այդ ընծան ընդունելով, ծախվում էր նրան, դառնում էր նրա հլու-հնազանդ կամակատարը:


Երբ տվյալ երկրի կամ այլ երկրի պաշտոնյան ստանում է որպես նվեր ահռելի անշարժ գույք, բնականաբար, նա բարոյական անկում է ապրում, որովհետև նվեր ստացողը չի կարող ըմբոստանալ իրեն կաշառողի դեմ: Մեր երկրում բարեգործությունը իսկ և իսկ նման է կաշառքի: Ընտրություններից առաջ ազոտական պարարտանյութ, հենասյուներ բաժանելը, տարբեր կարգի խալաթներ տալը, թեկուզ Աբովյան-Երևան ուսանողների համար անվճար ավտոբուս հատկացնելն ու նման բաները կոռուպցիա են, ինչը ծանր հանցագործություն է: Թող օլիգարխը մուծի հարկերը, հիշատակված ծախսերը պետությունը կանի: Մեր կարծիքով, բարեգործության աստվածային պատգամը մեր երկրում վերածվել է թաքնված կոռուպցիայի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Դատախազությունում մի խելացի մասնագետ կար, որին «Մեշոկ պապի» էին անվանում, որովհետև խոշոր կաշառակեր էր: Մի անգամ նրան ենթակա քննիչը, գործ զեկուցելիս, հոխորտում էր մեղադրյալի հասցեին, ասելով, թե կատարած արարքներից բացի ասում են նաև, որ խոշոր կաշառակեր է: «Երբ ասացի այդ խոսքերը,- պատմել է անձամբ ինձ քննիչը,- այդ մարդը ցուցամատը դրեց շուրթերին և կամաց ասաց. «Ով, ով, մենք իրավունք չունենք խոսելու կաշառակերությունից»: Հիմա ասեմ Ձեզ, հանրապետական և ծառուկյանական պատգամավորներ, ով, ով, դուք իրավունք չունեք խոսելու ընտրակաշառքից, որովհետև ձեր կուսակցությունը և այժմ տապալված կուսակցությունը նախապես պայմանավորվում էին, թե որքան է պետք մեկ ձայնը գնելու համար:

Դիտվել է՝ 2632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao