Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարուստ և աղքատ մուրացկաններ

Հարուստ և աղքատ մուրացկաններ
29.06.2018 | 04:06

ՆԱԽԵՐԳ


Շոգ է։ Ամառը տարերքի մեջ է, 2018-ի ոսկեհալոցք ամառը։ Շոգ է, բայց չէ՞ որ խաղողն է լցվում կենսահյութով։ Այնպես որ, եկեք երազում լողանք Սևանի սառնակապույտ կոհակներում, ցերեկը մխիթարվենք սառնորակ աղբյուրի ջրով։ Մի խոսքով վայելենք շոգը։

Որոշ ընթերցողներ վերջերս մի բարեկամական խնջույքում ինձ գամեցին անարգանքի ոստոտ սյունին։ Նրանց զայրացրել էր, որ ես` ծառան ձեր հեզ, նախորդ ուրբաթօրյա հողմաղացում համարձակվել եմ երգիծել ՀՀ երիտկառավարությանը (Եվ, ահա ամառնամուտային առաջարկս` յուրաքանչյուր հինգշաբթի, կառավարության նիստից առաջ որպես օրհներգ հնչեցնել «Հո՛պ զիլինա, զիլինա» մանկական խաղիկը)։ Այսինքն, չարամտորեն նախ աչքով եմ տվել նրանց և ջուր եմ լցրել նախկին իշխանության անաղուն ջրաղացին։ Քանի որ Նիկոլին պարտադրում եմ չեղարկել աղանդավորական շարժումը և վերջ տալ դժոխային հրավառություններին։ Նաև պատասխանել վերոնշյալ հարցերի շուրջ իրեն ուղղված իմ նամակին։ Ներող եղեք, սակայն մի՞թե տիար Նիկոլը Բուդդայի արձանն է, կամ էլ Լենինի դամբարանը, ուր կարելի է նամակ ուղարկել, սակայն աններելի հանդգնություն է պատասխան ակնկալելը։ «Իրատեսի» ուղենիշից չշեղվելով` եղել եմ և այժմ էլ գտնվում եմ կառուցողական ընդդիմության անբարիկադ դիրքերում, փորձում եմ սատարել ցանկացած իշխանության կառուցողական ձեռնարկումներին և խաթարել ապակառուցողական ծրագրերը։ Միով բանիվ, ձախ ձեռքումս անուշադրի սրվակն է, աջում` նշտարը։ Իմ անգին ընդդիմախոս ընթերցողներ, հիշեցնում եմ, որ շիտակ խոսքը բնավ չի այրում, ճիշտ հակառակը` ապաքինում է, ուշքի է բերում։ Եվ ահա առաջարկում եմ, որ այսուհետև կառավարական նիստերից առաջ ի լուր հայ հանրության և համայն հայության հնչի ոչ թե «Հո՛պ զիլինա, զիլինա» մանկական խաղիկը, այլ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի...» այրական խմբերգը։ Ամե՜ն։


ՉԱՐՔԱՇՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ԹՈՒՆԵԼԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ


Կարծես թե կազմաքանդվում է քրեաօլիգարխիկ համակարգը։ Թող այն բթամատից մինչև հոնքամեջ կազմալուծվի, թող նրա կորզած ահռելի գողոնը հայտնվի երկրի գանձարանում, և թող որ քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր անդամները մինչև իրենց կյանքի մայրամուտն ապրեն նվազագույն աշխատավարձով, ադամամութից (սա արշալույսին անմիջապես նախորդող մութն է) մինչև մթնշաղ (սա էլ մութի հետ շաղախված լույսն է), ապաշխարեն ու շենացնեն հանրապետությունը։ Սակայն վրա հասավ գրական ընթերցումների երանելի ժամը։ Հանգրվանենք մի զով զրուցարանում, և հյուրընկալենք մեծն Վիլյամ Սարոյանին և ունկնդրենք մի դրվագ նրա «Մուրացկանները» պատմվածքից.
«Ես ուղղակի գնացի ու տեսա աշխարհը։ ՈՒր գնացի, տեսա նույն բանը` աշխարհ և մուրացկաններ։ Տեսա մուրացկանների բոլոր տեսակները։


Տեսա հարուստ մուրացկաններ և աղքատ մուրացկաններ, հպարտ մուրացկաններ և նսեմացած մուրացկաններ, գեր մուրացկաններ ու նիհար մուրացկաններ, անխաթար մարմնով ու հաշմանդամ մուրացկաններ, իմաստուն մուրացկաններ և տխմար մուրացկաններ»։
«Սիրո և համերաշխության» հեղափոխության բազմահազար շարքերում որքա՞ն էին եղել մեր հանրության ամենասնանկ, բայց և այնպես սրտով արի, մտքով էլ բարի զինյալները, հասարակության չարքաշ խավը։ Անվերապահորեն` գրեթե կեսը։ Նրանց հույսերն այսօր դեռևս արդարացվում են սրտներին 7 փութ յուղ քսելու ձևաչափում։ Ընդամենը, ոչ ավելի։
Բնականաբար, բազում սոցիալական հարցերի տակ, մարմնապես կքած, երկիրը չլքած, հոգեպես էլ զգաստ ընտանիքն արդեն հայտնվել է օրվա, տարվա, ժամանակի և, վերջապես` մեր բիրտ դարի, խաբկանքների կարուսելում։


Այո՛, ԱԱԾ-ն հերթական դարադղրդուն բացահայտմամբ ևս մի քանի միլիոն դոլար գումար-գողոն վերադարձրեց պետությանը։ Այո՛, կասկած չկա, որ երկրաքերթիչ բազում գործիչների դռանը պետք է շուտով չոքի արդարության երկսապատ և կատաղի ուղտը։ (Սույն վրիժառու կենդանին նաև թունդ թքում է երկրաքերթիչների ճակատին)։
Այո՛, նախկին իշխանավորների անհագուրդ լկտիությունն ու ամբարտավանությունը ժամանակավորապես լքել են երկիրը։ (Ժամանակը չէ՞, որ ազգովին վայելենք քրեաօլիգարխիկ խավի զանգվածային արտագաղթը։ Ժամանակն է, սակայն անհրաժեշտ են բավարար նախապայմաններ, որոնք կներկայացնեմ տեսանելի ապագայում, չկասկածեք)։
Այո՛ բարձրաստիճան պաշտոնյաների զորաշարում առայժմ չեն հայտնաբերվել հեղափոխությանը նենգադաված կոռուպցիոներներ։


Այո՛, ակնհայտ արտոնյալներ այս ու այնտեղ կարծես թե չկան։ Միայն զարմանալի մի բան է կատարվել. եթե քրեաօլիգարխիայի նախարարները երկրի հարստությունը մսխում էին արտերկրյան խաղատներում, այսինքն` «ղումար» էին խաղում, ապա երիտնախարարները բլոտ են խաղացել Ծաղկաձորում։ Անմեղ խաղ է։ Բայց և այնպես, ինչու՞ է այն տեղ գտել համացանցում, ի տես ամենքիս։ Ես վախենում եմ, խիստ տագնապում եմ, որ վաղը բլոտի նախարար-սիրահարները Երևանյան լճում կմասնակցեն ջրասուզակների միջմարզային մրցույթին, մյուս օրն էլ սկաուտական խարույկ կվառեն Ծիծեռնակաբերդում։ Եվ կհանրահռչակեն պատմաքաղաքական այս ցուցքերը (հիշեցնում եմ` ցուցքը շոուն է)։ Մի խոսքով, երիտկառավարիչները զվարճանում են, հեղափոխությունը հաղթանակել է։
Ներկայացնում եմ հաղթանակի պտուղները։


Այս ամենից շահե՞լ է հանրությունը։ Եկեք հայ հանրությանը բաժանենք 2 հատվածի, անապահով-չարքաշ և ապահով-սայլորդ խավեր։ Եվ կռահենք, թե ինչ է փոխվել նրանց կյանքում։
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն արդյոք սեր և համերաշխությու՞ն են զգում այս օրերին, արդյո՞ք նրանք պետական հոգածության տակ են, նրանց վարկերը չեղարկված են, գյուղմթերքը չի նեխում հողում, ի վերջո` բնակավայրը չի ամայանում։
Ո՛չ։
Թերաճ են երկրի շատ մանուկներ, անապահով ընտանիքների հեգ զավակներ։ Արդյոք այս համազգային աղետի վերացման նպատակով ինչ-որ պետական ռազմավարությու՞ն է մշակվել։
Ո՛չ։
Նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները մի՞թե ինքնին խարան չեն երկրի ճակատին։ Կարո՞ղ են այսօր այր ու կին թոշակառուներն առանց կողմնակի օգնության գոյատևել։ Արդյոք որևէ ելք գտնվե՞լ է նրանց կյանքը բարվոքելու նպատակով։
Ո՛չ։


Մի՞թե երիտկառավարիչներին անհայտ է, որ 3-րդ հանրապետությունում ամեն օր անոթի քուն է մտնում երկրի բնակչության մի ստվար մասը, շուրջ 100 հազար ՀՀ քաղաքացի, հիմնականում երեխաներ և ծերեր։
Սա որպես ահազանգ հնչե՞լ է կառավարությունում։
Ո՛չ։
Միայն Կումայրի-Գյումրիում 2400 վագոն-տնակ կա։ Որևէ հիմնարար ծրագիր ներկայացվե՞լ է դրանց վերացման վերաբերյալ։
Ո՛չ։


Եվ այսպես շարունակ... «ո՛չ»-երի շարան...

Ապահով-սայլորդ խավ։ Պատվական մարդիկ են։ Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, քիչ թե շատ հաջողակ ստեղծագործող մտավորականներ են, թերևս նաև իրավակարգի միջին օղակների ծառայողներն են։ Եզը լծել են սայլին, սայլը շարժել են տեղից և ծառայում են երկրին։
Սայլորդը, որը հաճախ ուժից մեծ բեռ է փոխադրում, հանկարծ հիվանդանում է, դիմում է բուժական մի հաստատության։ Սայլորդին դիմավորում են երջանկությունից գրեթե շնչահեղձված։ Դիմավորում են, բազմաբնույթ բուժումներ են կիրառում, ֆինանսապես քերթում են, բարոյապես նվաստացնում և հուսառատ ձայներգությամբ տուն են ճանապարհում։ Սայլորդը կարճ ժամանակ կվարի սայլը, գումար կտնտեսի, և դարձյալ կհյուրընկալվի մասնավոր կլինիկայում։ Զի նա կիսաբուժված է, դատապարտված է կյանքի մնացած ժամանակի կեսը հատկացնելու աշխատանքին, իսկ վաստակած գումարը նվիրաբերելու կլինիկային։ Հարկավ արդեն պարզորոշվեց, թե ինչու են կիսաապաքինված սայլորդին ճանապարհում հուսառատ ձայներգությամբ։ Վերոնշյալը երկրի բոլոր բուժհաստատություններում ամրագրված գործընթաց է, ուրիշ ոչինչ։ Որևէ քայլ ձեռնարկու՞մ է կառավարությունը նշյալ ողբերգազավեշտը չեղարկելու նպատակով։
Ո՛չ։


Հանրապետության բնակչության (սիրո և համերաշխության հեղափոխության նվիրյալների) մի ստվար զանգվածը վարկային տաժանակրության կապանքներում է։ Կառավարությունը որևէ քայլ կատարու՞մ է գոնե քայլ առ քայլ ազատագրելու տաժանակիր ժողովրդին։
Ո՛չ։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ` անհրաժեշտ է, որ Նիկոլն ու երիտկառավարիչները կռահեն, որ հեղափոխական մեր ժամանակն աշխատում է երկրի օգտին և իրենց դեմ։ (Հեղափոխության բազմահազար նվիրյալները չեն մոռացել ո՛չ առաջնորդների խոստումները, ո՛չ էլ սեփական ցասումն ու սպասումները)։
Նախ և հետո` հարկավոր է քրեաօլիգարխիայի երախից ազատագրված գումարներով սոցիալական կարևորագույն խնդիրներ լուծել։
Եվ վերջապես` ժամանակն է էապես զանազանելու քանդարար ձոներգերը կառուցողական առաջարկներից։ Մի՛ վհատվեք, «Իրատեսը» թերթեք։
Շոգ է, բայց չէ՞ որ խաղողն է լցվում կենսահյութով։

Մի խոսքով` վայելենք ամառը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 14019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ