Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Ինձ երբեք ոչ ոք ոչինչ չի հատկացրել, միայն ի վերուստ հատկացվել է իմ ունակությունը»

«Ինձ երբեք ոչ ոք ոչինչ չի  հատկացրել, միայն ի վերուստ հատկացվել է իմ ունակությունը»
29.06.2018 | 04:13

«Իրատեսի» հյուրը դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆլորենցիայի բիենալեի՝ «LORENZO IL MAGNIFICO» ոսկեմեդալակիր ԱՐՄԱՆ ՆՈՒՌՆ է:

«ՈՒՍՈՒՑԱՆԵԼԸ ԱՆՁՆՎԵՐ ԱՇԽԱՏԱՆՔ Է»


-Արման, Դուք «Նուռ դիզայն» ստուդիայի հիմնադիր-տնօրենն եք: Ի՞նչ հիմնական գործառույթ է վերապահված ստուդիային:
-Ստուդիան հիմնադրվել է 1990-ականների վերջին: Առաջնային նպատակը արվեստ ստեղծելն է, ինչպես և ուսուցման գործառույթը: «Նուռ դիզայնը» ոչ միայն դասավանդելու, այլև սովորելու տեղ է ինձ համար: Քանի ապրում ես, քանի ստեղծագործում ես, սովորում ես: Սովորում ես նաև այն մարդկանցից, որոնց ինքդ դասավանդում ես: Շատ կարևոր է այս բանը հասկանալ ցանկացած մանկավարժի համար: Ստուդիայում սովորել է ավելի քան 120 հոգի: Շատ երիտասարդ չէին նրանք, արդեն ինստիտուտն ավարտած, կյանքի որոշակի ճանապարհ անցած հասուն մարդիկ էին, որոնք ունեին երկար նստելու, ուսմանը երկար ժամանակ տրամադրելու հատկություն: Ինձ համար շատ կարևոր է, որ աշակերտներս հասնեն հաջողությունների, որ ես հպարտանամ նրանցով: Եվ հիմա նրանցից շատերն են աշխատում մեծ ու կարևոր ընկերություններում՝ որպես գլխավոր դիզայներներ: Իհարկե, եղել են նաև չստացված սաներ, ինչն ինձ համար ցավալի փաստ է: Ես ինքնաբավ եմ ստեղծագործական և կատարողական առումներով: Ամեն ինչ կարող եմ միայնակ սկսել, անել և ավարտին հասցնել: Իսկ ուսուցանելը անձնվեր աշխատանք է: Մտածում եմ, որ այն, ինչ կարողանում եմ անել, այն ինչ գիտեմ, իրավունք չունեմ տանելու ինձ հետ: Պիտի փոխանցեմ ուրիշներին, ինձնից հետո եկողներին, որպեսզի զարգանա երկրի տվյալ ոլորտը: Այժմ, երկար տարիներ իր սեփական տանիքը չունենալուց, տեղից տեղ գնալուց հետո, «Նուռ դիզայն» ստուդիան վերջապես ունի այն: Իմ մեծ արձանները՝ «Ընթերցողի» արձանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակում՝ «Մանկություն» արձանը, «Ճանճ-էվոլյուցիան», ստեղծել եմ մի փոքրիկ տարածքում: Միշտ ստիպված եմ եղել անել փոքր չափերի աշխատանքներ և երազել մեծերի մասին: Հիմա արդեն չկա այդ խնդիրը, ունեմ մեծ, լուսավոր, հարմարավետ արվեստանոց:
-Այդ տարածքը տրամադրվե՞լ է Ձեզ, թե՞ ինքներդ եք ձեռք բերել Ձեր միջոցներով:
-Ես այն գնել եմ: Առհասարակ ինձ երբեք ոչ ոք ոչինչ չի հատկացրել, և ես չեմ էլ պահանջել. ինձ միայն ի վերուստ հատկացվել է իմ ունակությունը: Չեմ կոչի դա տաղանդ կամ շնորհ. ունակություն է: Ես միշտ հասկացել եմ, որ երկիրն ունի ուրիշ արդիական խնդիրներ, և ցանկալի է, որ լուծի այդ խնդիրները: Իսկ իմ խնդիրները, եթե կարողանամ, կլուծեմ ինքս, չեմ կարողանա, չեմ լուծի: Իմ ոչ մի ցուցահանդես՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, չի ֆինանսավորվել նախարարության, պետական որևէ հաստատության կողմից:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում «Նուռ» ցուցասրահը: Ովքե՞ր են այնտեղ ցուցադրվում:
-Այնտեղ ցուցադրվում են միայն իմ աշխատանքները. այսինքն՝ հեղինակային ցուցասրահ է: Առայժմ ուրիշ նկարիչներ չեն ցուցադրվել: Սակայն «Նուռ» ցուցասրահը շուտով ընդլայնելու է իր գործունեության սահմանները: Վերջերս Իտալիայի Բազիլիկատա նահանգի Վենոզա քաղաքում գտնվող Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և Արվեստի ակադեմիայի հետ կնքել ենք համագործակցության պայմանագիր, որի արդյունքում այս տարվա օգոստոսին առաջին անգամ մեզ մոտ կկայանա խմբակային ցուցադրություն, կներկայացնենք իտալացի հինգ ստեղծագործողների տարբեր աշխատանքներ: Իսկ 2019-ի մայիսին Կանադայից այստեղ կգա կանադահայ մի շատ տաղանդավոր նկարչուհի՝ Լուսնակը, որի ստեղծագործությունները ևս կցուցադրվեն «Նուռ» ցուցասրահում: Այսինքն՝ ցուցասրահի մշտական ցուցադրությունը բաղկացած է իմ աշխատանքներից, իսկ ժամանակավոր ցուցահանդեսները կմեկնարկեն այս տարվանից և պարբերական բնույթ կկրեն:

«ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՄԻՍՏԻԿ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂՆ Է»


-Դուք քարագետ եք (եթե կարելի է այսպես ասել): Ե՛վ մեր ու այլ ազգերի ավանդազրույցներում, և՛ ժամանակակից մարդկանցից շատերի ընկալումներում քարին վերագրվում է ինչ-որ միստիկ բովանդակություն: Դուք այդ միստիկան զգու՞մ եք մարդ-քար շփումների հարթության մեջ:
-Բնության մեջ ամենամիստիկ երևույթը մարդու ուղեղն է, որը տարբերվում է մնացած բոլոր կենդանի էակների ուղեղներից: Այն օժտված է բանական լինելու, ստեղծագործելու ունակությամբ: Ցանկացած ոչ շնչավոր իրի ինչ-որ նշանակություն տալը հենց մարդու ուղեղից է գալիս: Բայց և այնպես, տարբեր նյութեր ունեն ընկալման տարբեր քիմիական, ֆիզիկական, էներգետիկ հատկություններ, իրենց մեջ այս կամ այն բանը կուտակելու տարբեր հնարավորություններ: Հետևաբար, ինչ որ դնես քարի մեջ, ինչպիսի էներգիայով որ լիցքավորես, այն էլ կանդրադարձնի քարը:


«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՆԱՑԵԼ ԷՐ «ԱՆՀԱՍ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ»


-Ֆլորենցիայի բիենալեում արժանացել եք «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեծ մեդալի: Դուք Հայաստանից առաջինն եք և միակը, որն ունի այդ պարգևը: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մասնակցությունն այդ պատվավոր փառատոնին: Մտածու՞մ եք արդյոք, որ Ձեզնից հետո մեր հայրենակիցները կշարունակեն սկսված ճանապարհը, ու կլինեն այդ պարգևին արժանացող այլ հայ արվեստագետներ:
-Հուսանք, որ այլ հայ արվեստագետներ ևս կստանան այդ մեդալը: Իսկ իմ մասնակցությունն ստացվեց այսպես. 10 տարի առաջ ես մասնակցում էի շատ տարբեր մրցույթների և բազմաթիվ մրցանակներ եմ ստացել (20-ից ավելի Գրան պրի ունեմ տարբեր հեղինակավոր մրցույթներից): Բայց վերջին 10 տարում չէի մասնակցել որևէ մրցույթի: Գուցե սխալ որոշում էր, բայց ես այն կայացրել էի: Մտածում էի, որ ոչ մեկին ապացուցելու բան չունեմ, ստեղծագործում եմ՝ ստեղծագործելու համար: Ֆլորենցիայի բիենալեն իմ կյանքում կարծես թե բաց կետ էր մնացել, որին ես չէի հասցրել մասնակցել, բայց միշտ երազել էի: Այն համարվում է աշխարհում ամենահեղինակավոր արվեստի մրցույթներից մեկը, և ինձ համար մնացել էր «անհաս փառքի ճամփա»: Յոթ տարի առաջ ստեղծել էի մի աշխատանք՝ փոքրիկ «Ճանճը»՝ հենց Ֆլորենցիայի բիենալեի համար: Բայց մի քանի տարի ինչ-ինչ պատճառներով ինձ չէր հաջողվում մասնակցել այդ մրցույթին: Ի վերջո, 2017-ին ես հաստատապես վճռեցի, որ պիտի մասնակցեմ: Կինս՝ Լիլիթը, զբաղվեց ամբողջ ծավալուն թղթաբանությամբ և բոլոր ձևակերպումներով: Ես էլ որոշեցի, որ միայն այդ փոքրիկ «Ճանճով» չեմ ներկայանալու: Մտածեցի, որ պետք է մեծը՝ «Ճանճ-էվոլյուցիա» աշխատանքը ստեղծեմ և ներկայացնեմ ամբողջական կոնցեպցիա: Ծանր տարի էր ինձ համար 2017-ը, տարբեր նախագծեր կային, բայց ես սկսեցի «Ճանճ-էվոլյուցիա» աշխատանքը: Ավարտեցի այն Ֆլորենցիա գնալու օրը և չհասցրի անգամ վերջնական տեսքի բերել: Առաջին անգամ քանդակի բոլոր դետալները համադրել եմ հենց Ֆլորենցիայում: Քանդակը հենց տեղադրեցինք, բոլորն սկսեցին շնորհավորել, կարծես ես արդեն հաղթել եմ մրցույթում: Ցուցադրված էր 1000-ից ավելի աշխատանք, մրցույթին մասնակցում էր 417 արվեստագետ: Շատ լուրջ մրցակցություն էր, հաղթելու շանսերը չափազանց քիչ էին: Փա՜ռք Աստծո, որ ստացվեց, արժանացա բարձրագույն մրցանակի: Դա նախ և առաջ կարևոր էր Հայաստանի համար: Այն, որ այդ մեդալն այսօր կա Հայաստանում, շատ նշանակալից փաստ է: Ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային տարածքում այն առայժմ առաջին մեդալն է Ֆլորենցիայի փառատոնից: Որոշ ժամանակ անց, այս տարվա ապրիլին առաջին անգամ Հայաստանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, ցուցադրվեցին Ֆլորենցիայում մրցանակի արժանացած աշխատանքներս: Ցուցադրության բացմանը պատիվ ունեցանք հյուրընկալելու իտալական պատվիրակություն՝ հանձինս Անիելլո Էրտիկոյի՝ Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և Արվեստի ակադեմիայի հիմնադիր ու նախագահ և Բազիլիկատա նահանգի նահանգապետ Աուրելիո Պաչեի, որոնք ժամանել էին Հայաստան մասնավոր այցով: ՈՒսումնասիրելով Հայաստանում արվեստի կուրացիայի ոլորտը՝ վերջիններս շատ հետաքրքիր, շատ լուրջ առաջարկներ արեցին: Հիմա նրանք են զբաղվում իմ կուրացիայով: Սա իմ անձնական հաջողությունն է, բայց այն տարածվում է ամբողջ Հայաստանի վրա: Պորտա Չելի միջազգային ցուցասրահի հետ համագործակցելու շնորհիվ «Նուռ» ցուցասրահը հայ նկարիչների խումբ է պատրաստում, որոնք 2019-ին կցուցադրվեն Բազիլիկատայի Մատերա քաղաքում: Մատերան 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է Եվրոպայի արվեստի մայրաքաղաք: Մի ամբողջ տարի այնտեղ լինելու է արվեստի փառատոն: Եվ մեզ առաջարկվել է ոչ միայն հանդես գալու հայ նկարիչների մասնակցությամբ, այլև դառնալու Իտալիայի հետ գործընկեր երկիր՝ պարբերաբար կազմակերպելով մեր երկու երկրների միջև արվեստների փոխանակում: Սա իմ տարած հաղթանակի արդյունքն է:

«ՀԻՄԱ ԱՐԱՐԱՏ ԵՆ ԳՆՈՒՄ, ՆԿԱՐԻՉՆ ԷԼ ԱՐԱՐԱՏ Է ՆԿԱՐՈՒՄ»


-Բնական է, որ ինչպես յուրաքանչյուր հաջողություն, այնպես էլ սա պիտի ունենա նաև դիվանագիտական դրական հետևանքներ Հայաստանի համար, այո՞:
-Անկասկած: Երբ Եվրոպայի արվեստի մայրաքաղաքում Հայաստանը Իտալիայի հետ համատեղ դառնում է արվեստ ներկայացնող երկիր, դա շատ լուրջ հարթակ է ապահովում մեզ համար: Իսկ դրա հետևանքը (առայժմ երազային հետևանքը) կլինի այն, որ Եվրոպայի արվեստի հաջորդ մայրաքաղաք կհռչակվի Երևանը կամ Գյումրին: Իսկ երկիրը կարող է արվեստով փայլուն ներկայանալ: ՈՒրիշ ինչո՞վ: Մեզ մոտ, խորհրդային շրջանից մնացած, արվեստի սխալ ընկալում կա: Խորհրդային շրջանի նկարիչները մտածում էին, որ դիզայներները, ոսկերիչները նկարիչներ չեն: Ցանկացած դիզայներ մինչև դիզայներ դառնալը նախ նկարիչ է դառնում: Պետք է դուրս գալ այդ սահմանափակումներից, և ես հենց դա էլ պատրաստվում եմ անելու: Եվ իտալացիների այցը Հայաստան նաև այդ նպատակին էր ծառայում: Նրանք կարծում են, որ հայերը ստեղծագործ ազգ են, և հարկավոր է նրանց ճիշտ ներկայացնել: Նրանք ուզում են Հայաստանում բացել կուրացիայի ակադեմիա, որովհետև իրավացիորեն մտածում են, որ մենք, լինելով լավ արվեստագետների երկիր, չունենք արվեստ վաճառողի ինստիտուտ, ինչը չափազանց կարևոր է: Խորհրդային շրջանում արվեստը չպիտի վաճառվեր, այն միայն ցուցադրվելու համար էր, արվեստագետն էլ պիտի սոված լիներ: Այս գաղափարախոսությունը պետք է փոխել և բերել այն մտածելակերպը, որն այսօր արդիական է աշխարհում: Արվեստագետի գործը պիտի վաճառվի, որ նա հնարավորություն ունենա նոր գործ ստեղծելու: Արվեստագետը պիտի ազատ լինի իր ստեղծագործական ընտրության, իր էմոցիաների մեջ և ստեղծագործի այնպես, ինչպես ինքն է ուզում և ոչ թե՝ ինչպես իրենից կգնեն: Հիմա Արարատ են գնում, նկարիչն էլ Արարատ է նկարում: Բայց գուցե այդ արվեստագետի մեջ կար ցորենի չափ մի հատիկ, որը կարող էր ծիլ տալ և դառնալ շատ հետաքրքիր արվեստ, եթե մարդն ստիպված չլիներ ենթարկվելու նյութականին, եթե ունենար գիտակ վաճառող, որը կասեր. «Դու ստեղծագործիր ինչպես ուզում ես, ես կգտնեմ քո աշխատանքի գնորդին ու քեզ դուրս կբերեմ մեծ աշխարհ»: Մենք պիտի ստեղծենք նման մասնագետների դպրոց, ապա վայելենք հետևանքները:

«ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՏՈՂԻՆ Է ՔԱՆԴՈՒՄ ՆԵՐՍԻՑ»


-Անդրադառնանք Ձեր ստեղծած կերպարին: Ինչո՞ւ «Ճանճ», ինչպե՞ս հասաք այդ երևույթով ներշնչվելու փաստին:
-Մենք պիտի կարողանանք վերացնել ատելությունը մեր միջից: Որովհետև ատելությունն առաջին հերթին ատողին է քանդում ներսից: Մեր վերջին օրերի պայքարը, այն, որ մենք արեցինք սիրո հեղափոխություն, շատ մեծ խորհուրդ ունի: ՈՒ կարևոր է, որ դրանից հետո չլինի ատելություն ոչ մեկի նկատմամբ: Որովհետև ատելությունը կվերացնի այդ հեղափոխության իմաստը, կփչացնի այն: Եթե անում ենք սիրո հեղափոխություն, ուրեմն սիրո մեջ պիտի շարունակենք կառուցել նոր երկիր, նոր ապագա, մարդու նոր տեսակ: Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում, որոշ մարդկանց մեջ ատելությունն սկսում է հաղթել: Բայց ես դրա դեմ պայքարողն եմ եղել մինչ այս հեղափոխությունը՝ ստեղծելով «Ճանճ» և «Ճանճ-էվոլյուցիա» աշխատանքները: Ինձ համար ճանճն ամենաատելի բանն է եղել: Ես ինձ ստիպել եմ հրաժարվել այդ ատելությունից, կարողացել եմ իմ մեջ կոտրել այդ ատելությունը և դարձնել սեր: Ավելին, իմ աշխատանքով կարողացել եմ հազարավոր մարդկանց ստիպել սիրել ատելին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ