Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշխարհի գործող չեմպիոնը վայր դրեց լիազորությունները

Աշխարհի գործող չեմպիոնը վայր դրեց լիազորությունները
29.06.2018 | 04:46

Օրվա մեր տեսադաշտում C (Ավստրալիա-Պերու, Դանիա-Ֆրանսիա), D (Իսլանդիա-Խորվաթիա, Նիգերիա-Արգենտինա), F (Մեքսիկա-Շվեդիա, Հարավային Կորեա-Գերմանիա), E (Սերբիա-Բրազիլիա, Շվեյցարիա-Կոստա Ռիկա) խմբերի հանդիպումներն են, դրանց հետևանքները:

C ԽՈՒՄԲ
Առաջին երկու տեղերում ընթացող Ֆրանսիայի ու Դանիայի ընտրանիների առերեսումը չէր կարող աչքի տակ չունենալ խումբը կազմած մյուս երկուսի՝ Ավստրալիայի ու Պերուի հավաքականների առճակատման գործոնը, որն ինչ-ինչ պայմաններում կարող էր լուրջ դերակատարում ունենալ: Առաջ անցնելով ասենք, որ առանձնակի ցնցումներ չեղան: Առաջինները խաղը գլորեցին խաղաղ հանգրվան՝ անգամ միմյանց դարպաս գրավելու առանձնակի նեղություն չտալով իրենց, իսկ երկրորդում մինչ այդ ոչ մի միավոր չվաստակած Պերուն խիզախեց ու այնքան համակրելի կողմերով ներկայացած Ավստրալիայի ընտրանուն պարտադրեց խմբային ոչինչ չասող երրորդ հորիզոնականն իրեն զիջել՝ 2:0:


D ԽՈՒՄԲ
Երկու զույգի հանդիպումն էլ խմբայինում կարող էր խոշոր տեղաշարժերի տեղիք տալ՝ չսպառնալով միայն Խորվաթիայի ընտրանուն, քանի որ երկու հանդիպման արդյունքով այն արդեն ապահովել էր իր մասնակցությունը փլեյօֆյան հանդիպումներին: Խորվաթների հետ խաղում իսլանդացիները չկարողացան հասնել իրենց համար երազելի առավելագույնին, քանզի պարտությունը ոչ մի լավ բան չէր կարող նրանց խոստանալ:
Շատ ավելի սկզբունքային էր երկրորդ դիմակայությունը, քանզի արգենտինացիները մրցելու էին մի հավաքականի հետ, որը նրանց համար փրկօղակ էր դարձել՝ հնարավորություն տալով դեռևս մնալ չհուսալքվածների շարքում: Նախորդ հանդիպման պես այստեղ էլ գրանցվեց 2:1 հաշիվը, ու պիտի խոստովանել, որ խմբային երկրորդ հորիզոնականն ու փլեյօֆյան խաղերին մասնակցության իրավունքն արգենտինացիներին տրվեցին չափից ավելի ծանր ճռինչով: Խաղից հետո աշխարհի գործող փոխչեմպիոններն այնպես էին ցնծում, ասես շահել էին առաջնության գլխավոր եզրափակչի խաղը: Համենայն դեպս, այսքան տարիների ընթացքում ես այդքան հոգնատանջ, մինչև վերջ քամված Մեսի չէի տեսել:

F ԽՈՒՄԲ
Միակ հավաքականն այս խմբում, որ ոչնչի հույս չուներ, Հարավային Կորեայի ընտրանին էր, ու որն էլ դարձավ մինչ այժմ եղած սենսացիաների սենսացիայի հեղինակը: Սակայն թույլ տվեք նրանց հետ աշխարհի գործող չեմպիոնների՝ Գերմանիայի ընտրանու մրցակցության անդրադարձը մի փոքր հեռվից սկսել:
Ինչպես որ բոշին էշ վրա չեկավ, գերմանացիներին էլ՝ Ռուսաստանը: Շատ էլ թե ավելի քան յոթանասուն տարվա վաղեմություն ունի 1941-45 թթ. պատերազմը, բա պատմությունից դաս քաղելն ու՞մ համար է: Ասա՝ ի՞նչ գործ ունեիք, որ ծանր տեղներդ թեթևացրիք, եկաք Ռուսաստան՝ ինքներդ ձեզ կուտ տալով ու հավատացնելով, որ ֆուտբոլից ուժեղ եք, ռուսների հետ էլ, Աստված գիտի, կհանդիպեք, թե ոչ: Է՜, ռուսներին չհանդիպեցիք, կորեացիներին հանդիպեցիք: Սրանք էլ, հիշյալ թվերի ռուսաստանյան ձեր անհաջող արշավի փորձը հաշվի առած, վերցրին ու 2:0 հաշվով ոչ միայն հաղթեցին, այլև առաջնությանը ձեր հետագա մասնակցության թեման փակեցին, ասելով՝ վայն կուն ցույն, ինչը կորեերենից խիստ մոտավոր թարգմանությամբ նշանակում է հայն դե հոֆ (գուցե գերմաներենի համեմատ կորեերենի իմացությունս շատ թույլ է, բայց դե պարտադրված եք ներել):


Ինչևէ: Գերմանիան «թռավ»՝ հաստատելով այն տխուր օրինաչափությունը, համաձայն որի, սկսած 2006 թվից, աշխարհի չեմպիոն դարձած հավաքականի համար անհաղթահարելի արգելք է դառնում խմբայինից դուրս գալը: Ինչ վերաբերում է շվեդներին, նրանք այնպիսի հուր ու կրակ թափեցին հինավուրց մայաների ու ացտեկների ժառանգների գլխին, որ մեքսիկացիները հարկադրված եղան խմբային առաջին հորիզոնականն անգամ զիջել վիկինգների հետնորդներին՝ 3:0: Ահա թե նաև պատմության կտրվածքով ինչ զարգացումներ են եղել այս խմբում: Թե չէ մեկ-մեկ հանդիպում են միամիտներ, որ կարծում են, թե ֆուտբոլը սոսկ խաղ է, որտեղ ամեն կողմից տասնմեկ մարդ տրուսիկ-մայկայով վազում է:

E ԽՈՒՄԲ
Ոչ այնքան հեշտությամբ, բայց և այնպես, բրազիլացիները շանս չտվեցին սերբերին (2:0), իսկ շատ ավելի վաղ փլեյօֆյան խաղերի մասնակցության իրավունք նվաճած շվեյցարացիները գոլառատ հանդիպում ունեցան կոստառիկացիների հետ՝ 2:2: Ավելացնենք լոկ, որ հաղթանակը աշխարհի հնգակի չեմպիոններին հնարավորություն է տվել խմբայինն ավարտել առաջին հորիզոնականով:
Ավարտելով օրվա մեր այս նյութը՝ ասեմ, որ էջի մակետին նայելով, կարծում եմ, շոշափելիորեն գլխի եք ընկնում, թե որքան եմ ինձ զսպել նման լակոնիկության հասնելու համար այնտեղ, որտեղ ծով ասելիք կար, բայց դե աշխատանք է, մեկ-մեկ էլ այսպես է լինում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ