Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է խոսել Պուտինը Թրամփի խորհրդականի հետ

Ի՞նչ է խոսել Պուտինը Թրամփի խորհրդականի հետ
29.06.2018 | 11:22

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում ու քննարկել են ապագա հանդիպման հարցերը:


1. Պուտինն ու Թրամփը հաստատ կհանդիպեն` ժամկետն ու վայրը հայտնի են: ՌԴ նախագահի խորհրդական Յուրի ՈՒշակովը ասել է, որ երկու նախագահները կսկսեն տետատետ հանդիպումով ու ժամանակի մեջ սահմանափակված չեն: Բոլտոնը մամլո ասուլիսում հաստատել է ՈՒշակովի խոսքերը և ճշտել, որ հանդիպման վայրի ու օրվա «պաշտոնական հայտարարությունը կարվի Մոսկվայի ու Վաշինգտոնի ժամանակով` համաժամանակյա»: «Հանդիպման համար շատ հարմար վայր է ընտրվել և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի համար»` ասել է Բոլտոնը:


Կիրակի օրը Ավստրիայի Kronen Zeitung թերթը հաղորդել էր, որ հանդիպումը կկայանա Վիեննայում, հուլիսի 15-ին և արդեն Վիեննայում են ռուս ու ամերիկացի դիվանագետները` մանրամասների համար պայմանավորվելու: Իբրև այլընտրանք դիտարկվել է նաև Հելիսինկին` հաղորդել են Politico-ն ու Ռեյթերսը` հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին: Politico-ի վարկածով` Թրամփի աշխատակազմը հանդիպումը ծրագրել է Բելգիա ու Մեծ Բրիտանիա նրա այցերից հետո: ԱՄՆ նախագահը կմասնակցի հուլիսի 11-12-ին ՆԱՏՕ-ի սամմիթին Բրյուսելում, 13-ին կմեկնի Լոնդոն: «Ֆինլանդիան միշտ պատրաստ է լավ պայմաններ ապահովել, եթե խնդրեն»` նախագահ Սաուլի Նինիստեն գրել է իր Twitter-ում: Մինչև ՆԱՏՕ-ի սամմիթից առաջ հանդիպման տարբերակը չի քննարկվել` ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:


2. ԱՄՆ-ը Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչում և պատժամիջոցները չի հանի: G7-ի սամմիթի նախօրեին Թրամփը բարձրացրեց Ռուսաստանի վերադարձի հարցը, բայց ամենահետաքրքիր հայտարարությունը նա արեց կուլուարներում: BuzzFeed ռեսուրսը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին` գրեց, որ Թրամփը փակ հանդիպմանը իբր հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, որովհետև «այնտեղ ապրողները ռուսերեն են խոսում»: BuzzFeed-ը նշել է, որ պարզ չէ` ԱՄՆ նախագահի հայտարարությունը հընթացս նետված կատա՞կ էր, թե՞ ԱՄՆ արտաքին քաղաքականության արմատական փոփոխության ազդանշան: Ասուլիսում Բոլտոնին հարցրել են` ճի՞շտ է, որ Թրամփն այդպես է ասել, Բոլտոնը ոչինչ չպատասխանեց, բայց ընդգծեց, որ Պուտինի ու Թրամփի ծրագրվող հանդիպումը որևէ կերպ չի ազդի առանցքային հարցերում ԱՄՆ քաղաքականության վրա` ԱՄՆ-ում Ղրիմի ճանաչման հարց դրված չէ և պատժամիջոցները չեն հանվի: «Պատժամիջոցների թեման չի քննարկվել, անդրադարձ է եղել ընդհանուր իրավիճակին, որ անհանգստություն է հարուցում երկկողմ հարաբերություններում»` ավելի վաղ ասել էր Ֆյոդոր ՈՒշակովը:

3. Պուտինը Թրամփի հետ կքննարկի ԱՄՆ ընտրություններին միջամտության հարցը: ՈՒշակովը լրագրողներին ասաց, որ Պուտինն ու Բոլտոնը քննարկել են Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցը ԱՄՆ ընտրություններին: Նրա խոսքով` այդ հարցը բարձրացնելու նախաձեռնությունը ռուսական կողմինն է: ՌԴ նախագահի օգնականը լրագրողներին ասաց, որ Պուտինը հայտարարել է` Մոսկվան չի միջամտել ընտրություններին: «Այո, այդ թեման հիշատակվել է, շատ հպանցիկ: Մեր կողմից հստակ հայտարարվեց, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին չի խառնվել, չի խառնվում, առավել ևս 2016-ի ընտրություններին»` ասաց ՈՒշակովը: Բոլտոնը մամլո ասուլիսում ասաց, որ չի բացառում ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության թեմայի քննարկումը Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ: «Այո, մենք քննարկել ենք այդ հարցը: Ես կարծում եմ, որ այդ հարցը կբարձրացվի և նախագահների հանդիպմանը»: Բուն ենթադրությունները, որ Ռուսաստանը կարող է կապված լինել Թրամփի ընտրարշավի հետ, Բոլտոնն անվանեց նոնսենս. «Առաջիկա հանդիպման քննադատները հայտարարում են, որ եթե հանդիպումը տեղի ունենա, ապացույց կդառնա, որ ինչ-որ կապող առանցք կա, բայց դա նոնսենս է: Եվ նախագահ Թրամփն է կարծում, որ անձնական հանդիպումը կարևոր է, և ես»:


4. Բոլտոնը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում հաջողված անվանեց: Կրեմլում պաշտոնական հանդիպման ժամանակ Պուտինը խոստացել է Բոլտոնին ֆուտբոլի աշխարհի առաջնության փորձը փոխանակել: «ՈՒզում եմ շնորհավորել ձեզ, որ ԱՄՆ-ը իրավունք է ստացել ֆուտբոլի աշխարհի 2026-ի առաջնությունն անցկացնել,-ասել է Պուտինը:- Առայժմ մեզ հաջողվում է մրցումները անհրաժեշտ մակարդակով կազմակերպել: Հաճույքով մեր փորձը կփոխանակենք»: «Իհարկե, հաճույքով կհարցնենք` ինչպես է հաջողվում այսքան հաջող անցկացնել առաջնությունը»` պատասխանել է Բոլտոնը:


5. Դիվանագետները չեն վերադառնա, տարածքը դեսպանատանը չի տրվի: Դիվանագետների փոխադարձ արտաքսումը և դիվանագիտական առաքելության կրճատումը Պուտինի ու Բոլտոնի մանրամասն քննարկման առարկա չեն դարձել` լրագրողներին ասել է ՈՒշակովը` «Եվ նախագահը, և Բոլտոնը չեն կոնկրետացրել ոչինչ»: Ասուլիսում Բոլտոնին հարցրին` ե՞րբ Ռուսաստանին կվերադարձնեն ԱՄՆ-ում անօրինական խլված անշարժ գույքը: «Հարցը կոռեկտ չէ, որովհետև ռուսական դիվանագիտական սեփականությունը անօրինական չի վերցվել»` պատասխանեց Բոլտոնը:


6. Պուտինը հանդիպմանը եկավ ժամանակի՞ն: Լրագրողները նաև հարցրին` թե Պուտինը Բոլտոնի հետ հանդիպումը ժամանակին սկսե՞ց, նրան չի՞ թվում, որ Կրեմլում իրեն ավելի հարգալից ընդունեություն են ցույց տվել, քան նույնիսկ ՌԴ նախագահի ու Բրիտանիայի թագուհու և Հռոմի պապի հետ հանդիպմանը (այդ հանդիպումներից Պուտինն ուշացել էր): Բոլտոնի հետ հանդիպմանը Պուտինը եկել է ժամանակին, որ լրագրողների կարծիքով` հատուկ հարգանքի նշան է: Բոլտոնը հարցից խուսափեց. «Դա ամենաբարդ հարցն է, որ այսօր այստեղ ինձ տվեցին: Կամ կարող եմ համաձայնել ձեզ հետ և ասել, որ նա իրոք ժամանակին եկավ: Կամ կարող եմ ասել` քանիսին է հանդիպման եկել և այդ դեպքում մեղավոր կլինեմ, որ նրան ուշացած եմ անվանել: Քանի որ չեմ ուզում անհարգալից լինել ոչ Հռոմի պապի, ոչ որևէ մեկի նկատմամբ, ձեռնպահ կմնամ պատասխանից»:
ВВС


Հ.Գ. Գուցե այլ հարցերի պատասխանից ձեռնպահ կմնան Պուտինն ու Թրամփը տետատետ հանդիպման ժամանակ ու հետո: Գուցե լրիվ հակառակը` կպատմեն ամեն ինչ, որովհետև ասելիք չեն ունենա` հանդիպման արդյունքների մասին: Առայժմ` վերլուծաբանների գնահատականով` հանդիպման ամենամեծ ձեռքբերումը հանդիպման կայացումն է: Թե Կրեմլում, թե Սպիտակ տանը գիտեն, որ ստեղծված իրավիճակում որևէ լուրջ հարցի շուրջ ընդունված որոշումը չի ստանա Կոնգրեսի համաձայնությունը: Այդպիսին են աշխարհաքաղաքական իրողությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հուլիսի 16-ին, Հելսինկիում է` հաղորդվեց երեկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ