Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե այսօր լինեին գուսան Շերամ, Սայաթ-Նովա, իրենք «ոչ» չէին ասի նրանց երգերին»

«Եթե այսօր լինեին գուսան Շերամ, Սայաթ-Նովա, իրենք «ոչ» չէին ասի նրանց երգերին»
29.06.2018 | 13:20

Ամերիկաբնակ դաշնակահար ԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացավ յուրատեսակ ծրագրով: Համերգի առաջին բաժնում ելույթ ունեցավ դաշնակահարն ինքը` ներկայացնելով Ջորջ Գերշվինի, Կոնստանտին Օրբելյանի, Արտեմի Այվազյանի, Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործություններից կազմված սյուիտները (շարանվագ):
Երկրորդ բաժնում ելույթ ունեցան 13 մենակատարներ (Զարուհի Բաբայան, Արթուր Իսպիրյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան և ուրիշներ)
Համերգն ընթանում էր «Արմեն Ահարոնյան և ընկերներ» խորագրով:

Արմեն Ահարոնյանը 1973-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Սարաջյանի դասարան): Երկար տարիներ եղել է «ՈՒրարտու» էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ համագործակցելով Գեորգի Մինասյանի հետ: 1980-ից ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Աշխատել է հայ և օտարազգի երաժիշտների հետ՝ թողարկելով 1600 ձայներիզ, որոնց երաժշտական ձևավորման և գործիքավորման հեղինակն է: Հայաստան է եկել 2016-ին ՝ 36 տարվա ընդմիջումից հետո: «Իրատեսի» հետ զրույցում դաշնակահարն ասաց, որ 1600 ձայներիզներից հետո որոշել է, ի վերջո, ձայնագրել բացառապես իր կատարումները: Սկավառակը երաժշտասերների դատին ներկայացվեց համերգի օրը՝ հունիսի 27-ին:

-Պարոն Ահարոնյան, ի՞նչ զգացիք 36 տարվա ընդմիջումից հետո գալով հայրենիք:
-Հայաստանը հրաշալի երկիր է: Եկա, երիտասարդացա քսան տարով: Պատճառներից մեկն այն է, որ շատ ենք քայլում: Այնտեղ մեքենայով փնտրում ենք ամենամոտ խանութը, որ նույնիսկ կես քայլ ավելի չանենք, այստեղ ամեն օր հազարավոր քայլեր՝ վեր, վար:
-ԱՄՆ-ում ժամանակ չկա՞ քայլելու համար:
-Հարցն այդ չէ: Կալիֆոռնիայում հիմնականում առանձնատներ են, տնից մինչև մոտակա խանութը կարող է 2 կմ լինել, մեքենայով հասնելը մեկ րոպե է, բայց քայլելու համար հարմար չէ: Այստեղ ուտելիքը համ ու հոտ ունի, այնտեղ վարունգի ու լոլիկի հոտը խառնվել է իրար, խնձոր ես ուտում, լոլիկ, թե վարունգ՝ տարբերություն չկա:
-Քաղաքում շա՞տ բան էր փոխվել, Ձեր ճանաչած հին Երևանից մի բան մնացե՞լ է, հիշողություններից բացի, լոլիկի ու վարունգի համուհոտից բացի:
-Ես հեռացել եմ 1980 թվականին: Այն ժամանակ դեռ Մարզահամերգային համալիրը չկար, «Զվարթնոց» օդանավակայանը չկար, այսքան շինություններ չկային: Ճիշտ է, շատերը բողոքում են, որ ճարտարապետական առումով սխալները շատ են, կուտակումներ կան և այլն, բայց, բոլոր դեպքերում, ակնհայտ առաջադիմություն կա: Չայկովսկու դպրոցի շրջակայքում 1950, 60, նույնիսկ 70 թվականներին խրճիթներ էին, դժվար էր ասել՝ քաղա՞ք է, թե՞ գյուղ, հիմա նայում ես, շուրջբոլորդ բարձրահարկ, հոյակապ շենքեր են:
-Ի՞նչ փոփոխություններ գրանցվեցին երգարվեստի բնագավառում: Ինչու՞ անճաշակությունը, ռաբիսն այդքան տարածում գտան:
-Չեմ ուզում ոչ մի վատ բան ասել: Ռաբիս (ՐՈոՏփպպ ՌրՍցրրՑՉՏ) երգում են նրանք, ովքեր չեն սովորել կոնսերվատորիայում, բայց բնատուր տաղանդ ունեն: Բացարձակ լսողությամբ օժտված է ռաբիս երգողների 90 տոկոսը, կոնսերվատորիան ավարտածների՝ 5-10 տոկոսը, որովհետև վերջիններս շատ հաճախ չգիտեն էլ` իրե՞նք են ուզել երաժիշտ դառնալ, թե՞ ծնողներն են այդպես որոշել: Նույն Արմենչիկը, որի մասին ժողովուրդն ասում է, թե չէր կարելի վաստակավորի կոչում տալ, բոլորովին էլ անտաղանդ չէ: Տաղանդը կա, բայց սխալ ուղղությամբ է զարգացել, որովհետև չի ունեցել ուսուցիչներ, դասախոսներ: Արմենչիկի ձայնի կարողությունն ինձ վաղուց է հայտնի, երբ դեռ 10-11 տարեկան էր: Երեխան մեծացավ աներևակայելի ձայնով, եթե մշակեին, ճիշտ ուղղություն տային, գուցե գերազանցեր Վահան Միրաքյանին, Գեղամ Գրիգորյանին:
-Բայց կոնսերվատորիան ավարտելուց հետո էլ շատերը 6-8 են երգում:
-Ստիպված, որովհետև կոնսերվատորիան ավարտում են, նայում են մեկ Աստծո կողմը, մեկ՝ սատանայի: Տեսնում են՝ սատանայի կողմը շատ փող կա: Մտածում են, որ Աստծո կողմը չեն մոռանա, մեկ-մեկ այդ ուղղությամբ էլ կգնան, օպերա կերգեն, բայց շաբաթը գոնե մեկ-երկու անգամ հարսանիքում երգելը պարտադիր է, որ կարողանան տուն պահել: Հարսանիքում շաբաշ տալու համար չեն ասում՝ օպերայից արիաներ երգիր, պատվիրում են կլկլոցներ:
-Վերջին շրջանում այս առումով, կարծես, դրական տեղաշարժեր կան թե՛ արտիստների շրջանում, թե՛ հանրության:
-Աստիճանաբար կշտկվեն, կզտվեն արժեքավորն ու անարժեքը, մեր երգիչների ծրագրերը կդառնան ավելի հայկական: Երգահաններն իրենց հերթին պետք է հայկական արժեքավոր երաժշտություն ստեղծեն ու մատուցեն: Եթե այսօր լինեին գուսան Շերամ, Սայաթ-Նովա, իրենք «ոչ» չէին ասի նրանց երգերին, կերգեին մեծ սիրով:
-Պարոն Ահարոնյան, ի՞նչ էիք անում արտասահմանում այս տարիներին:
-Մինչ գնալս համագործակցում էի Գեորգի Մինասյանի հետ, համերգներ էինք տալիս Երևանի հեծանվահրապարակում, Մարզահամերգային համալիրը դեռ չկար, ֆիլհարմոնիկի դահլիճի 1500 տեղը քիչ էր: Շրջագայում էինք ամբողջ Խորհրդային Միությունով: ՈՒնենալով այս փորձը, անդադար լսելով Օրբելյանի, Վարդազարյանի գեղեցիկ գործիքավորումները` մեծ պաշարով գնացի արտասահման: Շատ պետք էի տեղի հայ երգիչներին: Փորձեցի ռաբիսը, կիսառաբիսը, կիսափոփը, կեսժողովրդականը հասցնել փոփ էստրադայի մակարդակի, ձայնագրման ստուդիաներում ոչ միայն կիթառ, բաս-կիթառ, հարվածային գործիքներ, նաև ջութակ, փողային գործիքներ ավելացնել և սիմֆո-ջազ նվագախմբի հնչողությունը ստեղծել: Գրեթե ամեն շաբաթ համերգներ էինք ունենում: 90-ականներից սկսեցի համագործակցել օտարազգի երաժիշտների հետ: Թողարկել եմ շուրջ 1600 ձայներիզ: Մենահամերգներով, անվանի երգիչների և այլ կատարողների ընկերակցությամբ հանդես եմ եկել շուրջ 35 երկրում:
-Դուք մասնակցել եք Շառլ Ազնավուրի կատարմամբ՝ Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթն չիմ գիդի» երգի ձայնագրման աշխատանքին, ինչպե՞ս աշխարհահռչակ շանսոնիեն որոշեց երգել հայերեն: Ի՞նչ կասեք այդ կատարման մասին:
-Ալբոմում, որտեղ տեղ է գտել «Յիս քու ղիմեթն չիմ գիդի» երգը, Ազնավուրի քույրը՝ Աիդան, հոր՝ Միշա Ազնավուրյանի հետ էր երգում, եթե Ազնավուրն էլ երգեր դստեր՝ Սեդայի հետ, կլիներ երկու սերնդի հայ և աղջիկ: Այդպես համոզեցինք, որ երգի, և ստեղծվեց ալբոմ: Կարծում եմ՝ ճիշտ չէ քննարկելը, թե ինչպես է երգում: Իր գրած ֆրանսերեն երգերի փիլիսոփայության հետ ոչ մի ընդհանրություն չունի այդ կատարումը: Նա հայերեն երգի գիտակ չէր, բայց նրա վերցրած ամեն նոտան հրաշք է: Կցկտուր ելևէջները մեզ հաճելի է լսել, ինչպես որ հաճելի կարող է թվալ ինչ-որ մեկի ծայրահեղ ակցենտով հայերենը:
-Ձեզ անվանում են մարդ-նվագախումբ, ինչո՞վ է պայմանավորված այդ «առանձնահատկությունը»:
-Չայկովսկու դպրոցում ուսանելիս, դեռ շատ փոքր տարիքից, երբ բարձր դասարանցիները պետք է երգեին, ինձ էին հրավիրում նվագակցելու: Մեր տանը ինչ հավաքույթ լիներ, ով ոնց երգեր, ես էի նվագակցում: Եվ դա ինձ շատ օգնեց:
-Որո՞նք են այն հատկանիշները, որ անհրաժեշտ են դաշնակահարին:
-Ինքս կարևորում եմ երևակայակությունը, ազատությունը, ճկունությունը, որ եթե աշխարհի բոլոր նոտաներն էլ փակվեն, նորից հսկա աշխարհ ունենաս: Դաշնակահարներ կան, որ նվագում են աշխարհի բոլոր երաժիշտների կոնցերտները, բայց ասում են՝ ես դաշնակահար եմ, կոմպոզիտոր չեմ: Ոչ, դաշնակահարը նաև ստեղծագործող մարդն է: Այ, ես Ռախմանինովի 2-րդ կոնցերտ եմ նվագում՝ լրիվ իմ ոճով, որտեղից մատս ընկավ՝ սև նոտայից, թե սպիտակ, տարբերություն չկա: Համերգը, որի ականատեսը եղաք, ամբողջությամբ իմպրովիզային էր: Ճիշտ է՝ կմախքը կար, բայց ինչպես կնվագեմ, քանի գործ, ինչ հերթականությամբ, ինչ հարմոնիայով ու տրամադրությամբ, դրանք բոլորը բեմում են ծնվում: Իմպրովիզին օգնում է նաև իմ ձախլիկ լինելը: Ծայրահեղ արագ կարող եմ գրել թե՛ աջից ձախ, թե՛ ձախից աջ, թե՛ երկուսը միաժամանակ: Դա օգնում է, որ գլխուղեղի երկու կիսագնդերը լավ աշխատեն, կաշկանդվածություն չունեմ աջ կամ ձախ ձեռքի:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ