Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես ծնվել եմ արևից»

«Ես ծնվել եմ արևից»
30.06.2018 | 11:22

«Աստղերը կոճակների նման կարված են երկնքի մութ կապույտ թղթի վրա, լուսինը ահռելի մեծ ու կլոր՝ պատուհանից մեզ է հետևում՝ արևի լամպը վառած… Նայիր, գդալով խառնում եմ արևի շողերն ու աստղերը ու ստանում՝ գիշերվա սուրճ: Սառը ու արևաաստղահամ»,- գրում է 16-ամյա ՄԱՐԻՆԱ ՍՈԼՈՅԱՆԸ: Մարինային գրեթե չեմ ճանաչում: Նա ինքն է պատմում իր մասին, արևի մասին, գրքերի: Նաև իր գրքի՝ «Արևագալի»:


-Մարինա, որտե՞ղ ես բնակվում, ի՞նչ նախասիրություններ ունես , կպատմե՞ս քո մասին:
-Ես ապրում եմ Հայաստանի հյուսիսում՝ Մեծավանում, Լոռվա գեղեցիկ բնության մեջ: Իմ ընկերների միջավայրում ես Մաշան եմ… Հետաքրքրասեր, ինքնաքննադատ, շփվող, շոկոլադասեր աղջիկ եմ: Սիրում եմ գրքեր կարդալ, ֆիլմեր նայել: Վերջերս ավարտեցի դաշնամուրս, հաճախում եմ տիկնիկային թատրոն: Վազել եմ տարբեր խմբակներ, հիմա, երբ բոլորը կամաց-կամաց ավարտում եմ, քիչ տեղեր կան գնալու, բայց զբաղվածությունս չի ավարտվում: Ամենամեծ նախասիրությունս ինքնակրթվելն է բնության գրկում հաճախ լինելը, ճամփորդելը: Ասում են՝ ինձ հետ հետաքրքիր է:
-Վանաձորում հետաքրքիր վայրեր կա՞ն, որտեղ հաճախ ես լինում:
-Վանաձորում սիրում եմ Զորյանի տուն-թանգարանը:
-Ինչպե՞ս ես քո նախընտրած գրքերը ձեռք բերում գրադարաններից, գրախանութներից: Եվ արդյո՞ք դրանք համալրվում են նոր, լավ գրքերով:
-Գրքերը ձեռք եմ բերում տարբեր ճանապարհներով՝ գրախանութներից, գրադարաններից, նաև PDF ֆորմատներով: Անշուշտ, համալրվում են լավ գրքերով, մանավանդ իմ փոքրիկ գրադարանը, որը լցվում է գրքերով` մեծ սիրով գնված:
-Ի՞նչ ես կարդում այս պահին:
- Հիմա ցերեկը կարդում եմ Րաֆֆու «Խամսայի մելիքությունները», իսկ գիշերը՝ Ալբեր Քամյուի «Ժանտախտը»:
-Ի՞նչ է գիրքը քեզ համար:
- Գիրքը իմ մասնիկն է, ես այդպես եմ զգում:
-Գիտեմ, որ գրում ես պատմվածքներ, և շատ հաճախ արևի մասին: Ինչու՞ է արևը այդքան առանցքային քեզ համար։ Ճի՞շտ եմ նկատել՝ դու արտաքնապես էլ նման ես արևի:
-Արևապաշտ եմ: Ինձ մեկ-մեկ թվում է, թե հենց արևից եմ ծնվել, այն իմ հայրն է, պարզապես սեր է ինձ համար… Հետաքրքիր պատմություն եղավ արևի հետ կապված և ինձ համար այն դարձավ խորհրդանիշ: Արևն էլ ինձ է այդպես ընդունեց: Այո, ասում են` նման եմ, և հաճախ այդպես էլ դիմում են՝ Արևով կամ Արևիկով:
-Մասնագիտության հարցում կողմնորոշվածություն ունե՞ս: Լուսանկարներիցդ դատելով՝ դերասանական, ռեժիսուրական արվեստն է քեզ գրավում՝գրելուց բացի:
- Բարդ է կողմնորոշվել, մի քանի բան կարող եմ անել: Սկզբում մտածում էի թատերական ընդունվել, հիմա՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
-Պատրաստվում ես գիրք տպագրել: Ի՞նչ գործեր են տեղ գտնելու: Ո՞վ է գրքիդ խմբագիրը: Ո՞վ է խրախուսել, որ այդ տարիքում գիրք հրատարակես:
- Իմ գիրքը արդեն լույս է տեսել: Ազատ ոճի բանաստեղծություններ են, որոնցում երգում եմ արևի ու բնության, զգացածիս մասին: Խմբագիրս պարոն Մելս Բաղդասարյանն է, նա առաջինը կարդաց իմ գրածները, խրախուսեց, ու ծնվեց գիրքս, որի շնորհանդեսը շուտով կլինի: Այս տարիքում դա համարձակ քայլ էր…

-Գրքիդ ձևավորման մասին կպատմե՞ս:
- Ձևավորումն էլ խոսում է այն մասին, որ արևը առհասարակ կարևոր նշանակություն ունի մարդկանց համար: Աղջիկը ձեռքերը պարզել է դեպի արևը, դեմքով դեպի նա, դեպի երանություն:

Զրուցեց Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4433

Մեկնաբանություններ