Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում
02.07.2018 | 13:13

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում` պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցում էր դատախազության 100-ամյակի հանդիսավոր նիստին։

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի՞նչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, վարչապետն ասաց. «Մոտավորապես ժամկետը արդեն նշել ենք՝ 1 տարվա ընթացքում այն օրվանից, երբ ասվել է: Կոնկրետ ժամկետը, իհարկե, կախված է նաև քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձևաչափին, հիմա քննարկումներ են գնում, որոշում դեռևս չկա: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են»:
Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս նոր ուժեր են ձևավորվել, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, և որոնց մեջ են նաև Ժիրայր Սէֆիլյանն ու «Սասնա ծռերը», կհամագործակցի՞ այդ ուժերի հետ, Փաշինյանն արձագանքեց. «Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»: Անդրադառնալով իշխանափոխությունից հետո դատարանների աշխատանքին, կալանքից ազատ արձակումներին և հատկապես «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների խափանման միջոցի փոփոխությանը, վարչապետն արձագանքեց․ «Ես ուզում եմ հավատալ, որ և դատարանները, և դատավարությանը ներգրավված մյուս սուբյեկտները ամեն ինչ ճիշտ են անում և անում են իրենց իրավասությունների շրջանակներում և օրինականությունը, մարդու իրավունքները և հանրության շահերը պաշտպանելու նկատառումով: Համենայն դեպս, երբ կառավարությունը տեսնի սպառնալիք այս առումով, իհարկե, օրենքով սահմանված կարգով և ձևերով, նաև իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի: Այս պահին, ես կարծում եմ, նման միջամտության անհրաժեշտություն չկա»:


Անցած շաբաթ վարչապետն ընդունել էր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի, Յուրի Տեփանոսյանի հարազատներին։ Մանրամասներ ներկայացնելով այդ հանդիպումից՝ Փաշինյանն ասաց՝ իրականացվելու է արդարադատություն․«Տարբեր մտահոգություններ կային, մասնավորապես, թե արդյոք արդարադատություն կիրականացվի, թե կիրականացվի քաղաքական դատավարություն և քաղաքական որոշումներ: Բնականաբար մեր հավաստիացումն այն է, որ պետք է իրականացվի արդարադատություն»:
Վարչապետը խոսեց նաև սահմանային լարվածության մասին՝ շեշտելով, որ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի․ «Արդեն ասել եմ, որ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի, գիտեք նաև, որ զորավարժություններ են տեղի ունենալու՝ իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի և իմ հրամանը զինված ուժերին հենց դա է եղել»:


Արդեն մոտ երկու ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որոշակի սոցիալ-տնտեսական փոփոխություններ արդեն կան։ Ընդգծեց, որ արդեն 207 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացվել, պետական եկամուտների հավաքագրումն է մեծացել, առողջապահական ոլորտում են դրական փոփոխություններ տեղի ունեցել, քայլեր են ձեռնարկում սոցիալական բնակարանաշինության ոլորտում․«Մենք պետք է արձանագրենք կոռուպցիայի անկյունաքարային նշանակությունը, որովհետև եթե մենք ունենք այսպես կոչված պետական կաթսա, և այդ պետական կաթսայի մեջ բազմաթիվ անցքեր կան, որոնցով արտահոսում են ազգային հարստությունը և պետական եկամուտները, մենք մինչև այդ անցքերը չփակենք, մենք չենք կարող այդ կաթսայի բավարար լցվածություն ապահովել»:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին։ Արդեն մեկ շաբաթ փակ են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները․ Ջերմուկի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքում: «Ինչպես նախկինում՝ հիմա էլ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա և մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացությունը կլինի»,- այս առնչությամբ ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ