Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի հպարտ քաղաքացի, դու գործ տվե՞լ ես

Հայաստանի հպարտ քաղաքացի, դու գործ տվե՞լ ես
03.07.2018 | 12:04

Հարցն ամենևին էլ հռետորական չէ, արդիական է ու կենսական: Նոր չափանիշներով նշանակում է` մասնակցե՞լ ես նոր Հայաստանի կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ու ընդհանրապես «թավշե հեղափոխությանը»: Միով բանիվ` հայրենասե՞ր ես, թե՞ հայրենադավ: Եվ ըստ այդմ` ո՞վ ես դու:


«Սիրո ու համերաշխության» հեղափոխությունն ավարտվեց այն պահին, երբ խաչմերուկներում այլևս ֆուտբոլ չէին խաղում ու փողոցներում ծալապատիկ նստած հաց ու պանիր չէին ուտում: Հետո սկսվեց հեղափոխության ԱԱԾ-ն ու համատարած հերքումի շրջանը: Այս հերքումը խիստ տարօրինակ է. մի կողմից բնորոշ է բոլոր հեղափոխություններին, որ իներցիայով պատվանդանից վար էին բերում ինչ իրենց հասակից բարձր էր ու չէր տեղավորվում հեղափոխական գիտակցության մեջ, մյուս կողմից` չկա հանդիպակաց շարժումը: Համաշխարհային հայտնի հեղափոխությունները` իրենց զավակներին խժռելուց, գիլիոտինից, ցարական ընտանիքըն Իպատևյան անտառում գնդակահարելուց և այլն, և այլնից հետո հասարակական գիտակցության պատվանդանները դատարկ չեն թողել` տեղադրել են իրենց կուռքերին` համաշխարհային հեղափոխության հաղթանակ բոլոր երկրներում, պրոլետարիատի դիկտատուրա, սոցիալիզմ, կոմունիզմ, անձի պաշտամունք, Լենին, Ստալին, Գորբաչով… Ինչու՞ Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում կրակոցներ չհնչեցին 101 տարվա հեղափոխության ժամանակ: Բարեբախտաբար` բոլշևիկ զինվորները ցարական ընտանիքըն որոնելիս գտան գինու ու օղու պահեստարանը: Ճիշտ է` ավելի շատ ջարդեցին, կրակելով մի քանի հարյուր տարվա շշերի ու տակառների վրա, բայց նաև վայելեցին զգլխիչ բույրն ու արբեցնող համը: Մի քանի օր:

Հետո սկսվեց թալանը` դա մանր մարդու մեծ վրեժն էր Աստծուց, ճակատագրից, կյանքից, որ ուրիշին տվել էր, իրեն զրկել նյութական բարիքներից: Մենք այդ ամենը անցնում ենք խտացած ու ձևափոխված դրսևորումների ճանապարհով: Ձեր հարևանը մի քանի օր առաջ անցավ ու ձեզ չբարևե՞ց, ճիշտ ժամանակն է պարզելու, թե ինչպե՞ս անցած ամիս կահույք գնեց` դիմեք ԱԱԾ-ին ու տեղեկացրեք, որ ապօրինի հարստացման դեպք կա: Ձեզ պարտքով փող չտված ծանոթը սկսել է տունը նորոգե՞լ, պետությունից թալանած փողերո՞վ` դիմեք ԱԱԾ-ին: Ձեր ազգականը մեծ հարսանիք արեց ու ձեզ չհրավիրեց, իսկ դուք մի քանի ամիս է` նշանդրեքի՞ փող եք հավաքում, ու՞մ եք սպասում` թող ԱԱԾ-ն պարզի հարսանիքի գինը: Սոցիալական անարդարության, հիմնարար իրավունքների խախտումների, վերևների զանգով աշխատանքի տեղավորվելու, բուհ ընդունվելու ու չսովորելով սովորելու, որակյալ բուժում ստանալու հնարավորության, միջակության ու տգիտության դեմ ինտելեկտի պարտության տասնամյակների դիմաց պետք էր տարրական վրեժխնդրությունից բացի այլ տարբերակ մտածել:


Գուցե դեռ չի էլ գիտակցվում, բայց պետականության հիմքերը խարխլող շարժում է սկսվել, որ փորձում է փլուզել ինչ իր պատկերացումներից ու իր գիտակցությունից դուրս է ու անցած տասնամյակներում իրեն չի ծառայել: Արդարության վերականգնումն ու արդարության ոտնահարումը մի գծի վրա են հայտնվել: Դա գերվտանգավոր գիծ է: Հայաստանը հայտարարվել է երկիր, որտեղ բոլորը կամ գող են, կամ կոռուպցիոներ, կամ անբարո, ու բոլորը բոլորի դեմ պայքարում են: Հեղափոխության կենսական էներգիան նպատակաուղղվում է ոչ թե նորի ստեղծմանը, այլ եղածը ավերելուն: Դա ճիշտ կլիներ, երբ եղածը գնահատվեր ու որակվեր: Գնահատականներ չկան, եթե կան, ոչ թե գնահատական են, այլ դատավճիռ: Բոլորը դարձել են դատավոր ու դատում են բոլորին: Սպասել, որ այս անկանոն ինքնաքայքայումը արագ կանցնի, սխալ է: Թավշե, թե անթավիշ` հեղափոխությունը չի նշանակում պետականության հիմնահատակ ավերակում: Մենք կարծես կորցրել ենք իրականության զգացողությունը, անպարագիծ հրճվում ենք, որ աշխարհին զարմացրել ենք մեր խաղաղ ու անցնցում իշխանափոխությամբ, սպասում ենք, որ նրանք հիացմունքից սկսեն մեզ պահել-պահպանել:

Սա, մեղմ ասած, հիմարություն է ու աշխարհաքաղաքականության մեջ բոբիկություն: Աշխարհի հետ հարաբերվելու մի ճանապարհ միայն կա` ինքնիշխան ու գործունակ Հայաստան ունենալը: Իսկ գործունակ ու ինքնիշխանը չի նշանակում պետության բոլոր ֆունկցիաները ԱԱԾ-ին փոխանցել ու սպասել առատ բերքի: Գործնականում, ինչպես իր հռչակագրային ծրագիրն էր, այնպես էլ գործունեությունն է. կառավարությունը իրեն համարում է անցումային ու այս փուլի խնդիր է դրել արտահերթ ընտրություններում հաղթանակի անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ժողովրդի ընտրած վարչապետը ու ժողովրդի ընտրած կառավարությունը առաջին հերթին պիտի մտածեն ժողովրդի մասին: Այո, ժողովրդի որոշակի մաս այսօր հրճվում է, երբ իրեն մատուցում են երեկվա տերերի ձերբակալությունների ու կալանավորումների տեսարաններ: Երբ ամեն օր մեկին բռնում են: Մեկին հարցաքննում են: Մեկի մասին գրում են, որ բռնելու են: Հետո՞: Մինչև ընտրությունները, որ կարող են մեկ տարի հետո լինել, բոլորին կհասցնեն մի քանի անգամ բռնել ու բաց թողնել կամ բանտ ուղարկել: Հետո՞: Ներքի՞ն օգտագործման քաղաքականություն է, թե՞ արտաքին:

Եթե ներքին, անարդյունավետ է, վրեժի ծարավ մարդուն բացի սրտի հովանքը պետք է ապրուստ` աշխատանք ու բարեկեցություն: Արյան հոտն առած մարդը վաղը նույն տենդով իշխանությունից է լավ կյանք պահանջելու: Արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետության հեղինակության ու արժանապատվության ամրապնդմանը, ոչ թե հայերի վարկաբեկմանը միջազգային մասշտաբով: Այս ընթացքով ընտրությունները դառնում են անկարևոր, երբ հողին են հավասարվում բոլոր արժեքները, ընտրողի համար ապագան անորոշ ու անկայուն, հեղհեղուկ հեռանկար է դառնում: Չի կարող ու չպետք է պետության ներկան ու ապագան կապվի մեկ մարդու հետ, ով էլ լինի: Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործունեությունը վկայում է, որ նա արտաքին էֆեկտների, իրերի ու երևույթների մակերեսով ճարպիկ սահելու վարպետ է: Ակտիվիստ, բայց ոչ պետական գործիչ: Պետական գործիչ լինելու առաջին քննությունը պետությունը ամրապնդելը պիտի լիներ: Առաջին օրից, առաջին ժամից: Մինչդեռ` ռուսական ռևերանսներին ստացավ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի «Ադրբեջանը ամեն ինչում ճիշտ է» պատասխանը, մեկ էլ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կեղծ «մխիթարությունը», որ ՌԴ պաշտոնական տեսակետը ՌԴ պաշտոնական դեմքերն են արտահայտում: Այսինքն` Պետդումայի նախագահը մասնավո՞ր անձ է: Ինչպես պատգամավորները, որ գնում ու նկարվում են Լելե Թեփեում ու հայտարարում` ինչ Ալիևն է հրամայում: Ոչ ռուսամետ, ոչ արևմտամետ, հայամետ լինելը պահանջում է բոլոր այս գլխապտույտ բացահայտումներին զուգահեռ, առաջ ու հետո Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունն ապահովել: Ի՞նչ է արվել Հայաստանից դուրս բերված գումարները վերադարձնելու համար: Այս ու այն գործարարին խարդախ ու ժողովրդի թշնամի ներկայացնելով` կապիտալի արտահոսքը մեծանալու է, ոչ թե ներհոսք է սկսվելու: Պետք է լինի ոչ թե կոնկրետ անձանց դեմ ծրագիր, այլ խնդրի լուծման: Ընտրովի «արդարությունը» շարքային վրիժառություն է: Կապիտալի համաներում եղա՞վ: Օֆշորներում ու արտասահմանում իրենց կապիտալը շրջանառողներին հնարավորություններ տրվեցի՞ն Հայաստանում փող աշխատելու: Սփյուռքի ներուժին ապավինելո՞վ:

Միֆ է, բոլոր այդ տարոնաճեմօղլուների ու մյուս հաջողության հասած հայերի դեղատոմսերը այստեղ չեն աշխատելու` նրանք ունեն ընդհանրական լուծումներ, ոչ իրականության իմացություն ու կոնկրետ ծրագիր: Նրանք չեն ասելու, մենք պիտի որոշենք գործարան բացել ու աշխատատեղ ստեղծել, բյուջեի կառուցվածք փոխել, արտադրանքի արտահանման ծավալ մեծացնել հումքի արտահանման փոխարեն ու բյուջեի եկամուտ ավելացնել: Մենք, որ չենք անում, որովհետև տարված ենք ինքնահիացման ու ինքնահաստատման խաղերով, իսկ քաղաքականությունը խաղ չէ, հարցեր դնելու ու լուծելու կարողություն է, որ պարզվում է` չունենք: Նրանք կգան ու կգնան հյուրախաղերով, իսկ մենք ապրում ու իրավիճակի փոփոխություն ենք ուզում` այստեղ ու հիմա:


Մենք ունենք չավարտված պատերազմ ու հարևան Թուրքիա, որ նորից նախագահ ընտրեց Էրդողանին, Ադրբեջան, որ բացահայտ պատրաստվում է պատերազմի: Մենք ի՞նչ ենք անում: Շաբաթ օրը մի քանի րոպեով օդ ենք բարձրացնում մի քանի ինքնաթիռ, որ օդում Հայաստանի դրոշի գույներն են շաղ տալիս, ու հայտարարում ենք. «Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխով»։ Քիչ չէ՞: Փոխարենը ամենայն լրջությամբ ու խիստ դուխով քննարկում ենք՝ պահե՞լ, թե՞ լուծարել ԵԿՄ-ն: Է, լուծարեք, ասեք` ձեր պատմական դերը կատարել եք, պատերազմ էր, կռվել եք, հաղթել եք, այլևս պետք չեք: Հայաստանն ազգային բանակ ունի, առանց ձեզ գլուխ կհանենք: Դուք վարկաբեկվել եք, արժանի չեք, որ ձեզ վստահենք: 2016-ի քառօրյայի ժամանակ քանի՞ ժամում Երկրապահը հասավ Ղարաբաղ: Քանի՞ զոհ տվեց: Չսպասելով հրամանի ու դուխով: Է, Եռաբլուրն էլ փակեք, տեղը գրեք «Թավշե հեղափոխության թանգարան», դռանն էլ Մանվել Գրիգորյանի խրտվիլակը դրեք: Հա՞րց է լուծվում: Արցախյան պատերազմի հաղթանակի արժեքը ոտնահարեց նախորդ իշխանությունը, ներկա իշխանությունը շարունակում է հաղթողների արժեքը ոտնահարել: Ինչու՞: Պատերազմն ավարտվե՞լ է: Հաղթանակը ու՞մ գրպանում է, որ տեղը չգիտենք: ԵԿՄ-ի գինն ու արժեքը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստների պահածոների գնին ու արժեքին համադրելը նույնիսկ հիմարություն չէ, ուրացություն է, որ շատ բարձր է գնահատում Ադրբեջանը, պարզապես հրճվում է` ձեռքի հետ էլ ավելացնում սպառազինությունը, քանի դեռ Հայաստանն ու Արցախը ներքին խնդիրներ են լուծում ու վստահ են, որ «թավշե հեղափոխությունից» հետո բռնապետ Ալիևը չի հանդգնի հարձակվել ժողովրդավար Հայաստանի ու ժողովրդավարացող Արցախի վրա: Աշխարհը չի թողնի: Ալիևը ժողովրդավարության վրա թքած ունի, աշխարհում էլ գործում է «ՈՒժեղն է հաղթում» սկզբունքը: Գնացեք պահածո հաշվեք` զենք հաշվելու ու զինվորին կռվել սովորեցնելու փոխարեն:


Կամ էլ` բազմազանության համար կաթողիկոսի հրաժարական պահանջեք: Ասեք՝ «Վեհափառը գահին մնալու համար ոչ մի իշխանություն՝ ոչ Աստծուց, ոչ ժողովրդից, չունի»։ Դուք Աստծո տեղակալն եք ու ժողովուրդը, ամեն ինչ գիտեք: Դրսից կաթողիկոս բերեք, ասենք, Երուսաղեմից: Իսկ ավելի լավ է` Նուրհանի փոխարեն Մութաֆյանին բերեք` կոմայի մեջ է` ձեզ չի խանգարի, որ աղանդավորական գործունեությամբ Հայ առաքելական եկեղեցին էլ քանդեք ու տեղը մոլախոտ ցանեք` ձեր անվամբ ու պատկերով` դուք ապավինում եք ԱԱԾ-ին ու… ժողովրդին` «Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել»: Իսկ ժողովուրդ կոչվածը տարանուն ու անդեմ զանգված է, որ ավելի հակված է անկառավարելի ամբոխի վերածվելու, քան գիտակից ու գործունակ խումբ դառնալու:
Աստծո անունից ու ժողովրդի անունից գործում են նրանք, որ խիստ հողեղեն մարդկանցից պատվեր են ստացել ու կատարում են իրենց գործը «Փողը փող է բերում» սկզբունքով: Նրանք գոնե փող են աշխատում, ի՞նչ են անում փողոց ընկած կեղծ հավատացյալները իբր արդարության ու օրինականության իրենց որոնումներում: Թե՞ նրանց էլ «որոնման» դիմաց մի քանի գրոշ են վճարում` արևի տակ բողոքական «աշխատելու» համար: ԱԱԾ-ն գործ չունի՞` պարզելու, թե Հայ առաքելական եկեղեցու խարխլման պատվիրատուն ո՞վ է: Թե՞ լուծվում է եկեղեցին հարկելու խնդիրը` նախ կաթողիկոսին վարկաբեկել, հետո` հնազանդեցնել նրա գլխավորած կառույցը` ժողովրդի անունից ու ժողովրդի պահանջով: Իրական ժողովուրդը գործ տվող զանգված չէ: Վտանգավոր է ապավինել մարդկային ստորին կրքերի դրսևորումներին ու մարդկանց ընկղմել գործարքների ճահճուտը` այդտեղ հեղափոխությունն էլ կարող է խեղդվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ամեն ինչ այդքան վատ չէ` արդար, ազատ, թափանցիկ ընտրություններով իշխանության կգա «Հիմնադիր խորհրդարանը», և «Սասնա ծռերն» ավելի գործնական քայլեր կձեռնարկի, ովքեր համաձայն չեն, նրանց վրա կկրակեն իբրև նախկին «ռազմագերի»` փորձ ունեն, անպատժելիությունը նոր սխրանքների է մղում: Գիլիոտինի օրենքով:

Դիտվել է՝ 4641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ