Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պատերազմ ես չեմ կանխատեսում, սակայն լոկալ բախումները չեմ բացառում»

«Պատերազմ ես չեմ կանխատեսում, սակայն լոկալ բախումները չեմ բացառում»
03.07.2018 | 12:14

Ադրբեջանի քաղաքականությունը գնալով ավելի վտանգավոր է դառնում, սահմանային լարվածությանը, զինուժի կուտակումներին զուգահեռ, դիվանագիտական հարթությունում ևս մեծ ակտիվություն է նկատվում: Ամեն կերպ փորձում են Ռուսաստանի աչքում Հայաստանին, այսպես ասած, «գցելով», հաստատել իրենց դիրքերը, իսկ Ռուսաստանում էլ կարծես քիչ չեն պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողները: Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին մի լուսանկար, որտեղ մի խումբ ռուս պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ են՝ սահմանի ադրբեջանական խրամատներում կանգնած: Նրանք աջուձախ ճամարտակում են, թե իբր Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, թե Ռուսաստանի միակ դաշնակիցը ռեգիոնում Ադրբեջանն է, որ Ղարաբաղն ու «օկուպացված» 7 շրջանները պետք է հանձնել Ադրբեջանին: Լելե թեփե բարձունքի մոտ կանգնած ու ադրբեջանական նավթադոլարներից ողջամտությունը կորցրած ռուս գործիչների թվում են Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, հասարակական գործիչ, տխրահռչակ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը: ՈՒ մինչ դատապարտում ենք ծախված ռուսներին, հարկ է նաև, որ մենք էլ մտածենք դիվանագիտական հարթությունում ակտիվ քայլերի մասին: Եթե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, խառնել է Ադրբեջանի անդորրը և նրան մղել նման գործողությունների, մենք էլ պետք է մեր հայտարարությանը դիվանագիտական փաթեթավորում տանք: Այլապես միշտ էլ կգտնվեն ծախված քաղաքական գործիչներ, որոնք Հայաստանն ու Երևանն էլ կճանաչեն Ադրբեջանի տարածք ու կառաջարկեն հանձնել նրան:
Ռազմական ուղղությամբ էլ հանգիստ չեն նստում ադրբեջանցիները: Նախորդ շաբաթվա վերջին Նախիջևանից ստացվեց տեղեկություն, որի հավանականության մասին քաղաքական որոշ գործիչներ մեր թերթի էջերում մշտապես նշել են: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորվել է ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»: Այս առնչությամբ մի քանի դիտարկում խնդրեցինք Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայկական դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՑ:

-Դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր մշտապես խոսում են Նախիջևանում առկա վտանգի մասին: Ժամանակին ահազանգել էիք, որ պետք է այս ուղղությամբ լուրջ զարգացումների սպասել: Դրանք իրենց սպասել չտվեցին. չեզոք գոտու զգալի կրճատում, այսպես ասած, մեկ բլուր առաջխաղացում, շաբաթավերջին էլ փոխհրաձգություն և ադրբեջանական դիրքերից մեկի ոչնչացում, բարեբախտաբար, առանց հայկական կողմի զոհերի: Հնարավո՞ր է իրավիճակն ավելի սրվի:
-Եթե ես խոսել և խոսում եմ Նախիջևանում առկա վտանգի մասին, դա պայմանավորված է նրանով, որ ես, այսպես ասած, ազատ վերլուծաբան եմ և կարող եմ ասել այն, ինչից երբեմն խուսափում են պաշտոնական կառույցները` ելնելով մի շարք նկատառումներից։ Սակայն դժվար թե իմ ասածները շատ հեռու են իրերի իրական վիճակից։
Այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանում, հիմնված է Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական և ռազմական դոկտրինի վրա, այն է` բոլոր միջոցներով ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Անշուշտ, այդ դոկտրինի հետևում կանգնած է Թուրքիան, որն ակտիվորեն իրագործում է Նախիջևանի միլիտարիզացման և անեքսիայի քաղաքականություն։ Քաղաքագետների մի ստվար խումբ, այդ թվում նաև ես, այդ մասին շատ է խոսել, ահազանգել մի քանի ուղղություններով։ Նախ` տեղի է ունենում գոյություն ունեցող բոլոր միջազգային փաստաթղթերի` սկսած 1921 թ. Կարսի պայմանագրից, կոպիտ ոտնահարում, դրան զուգահեռ, Երևանից 60 կիլոմետր հեռավորության վրա երկու պետություններ կնքում են ռազմական պայմանագրեր, կուտակում են ժամանակակից սպառազինություն, տարին մի քանի անգամ անցկացնում են ռազմախաղեր։ Ո՞րն է այս ամենի նպատակը։ Լայնածավալ պատերազմական գործողություննե՞րը։ Հազիվ թե հիմա Ադրբեջանը, առավել ևս Թուրքիան, գնան նման արկածախնդրության։ Մենք ուշադրությամբ հետևում ենք այս թատերաբեմում ծավալվող իրադարձություններին և մեկ անգամ չէ, որ նշել ենք հետևյալը. նախիջևանյան սցենարը մաս է Թուրքիայի նեոօսմանյան, պանթյուրքիզմի աշխարհակուլ ծրագրերի։ Ե՞րբ կգործի այն կամ կգործի՞ ընդհանրապես` այս հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ ժամանակի և տարածության մեծ հատվածի մեջ։
Պատասխանելով կոնկրետ հարցին` իրավիճակը կսրվի, թե ոչ, ցույց կտա դեպքերի զարգացումը։ Կրկնում եմ` մեծ պատերազմ ես չեմ կանխատեսում, սակայն լոկալ բախումները չեմ բացառում։
-Ադրբեջանական զինուժը, ըստ ՊՆ խոսնակի, նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Սա նշանակում է, որ պաշտպանական գերատեսչությունն արդեն լուրջ վտա՞նգ է տեսնում։
-Այդպես էլ պետք է մեկնաբանել։ Մենք հիմա գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մկաններ ցուցադրելու Ադրբեջանի քաղաքականությունը և Հայաստանի խաղաղասիրական կոչերը, պարզապես, դիսոնանս են հնչում։ Ալիևը սիրում է, երբ իր հետ խոսում են կոշտ ուժի լեզվով։
-Ի՞նչ եք կարծում, այս հարվածից հետո ադրբեջանական կողմը կսթափվի՞:
-Սովորաբար, ագրեսորը, ահաբեկիչը կամ սովորական խուժանը սթափվում են, երբ, կոպիտ ասած, «բամփում են գլխին»։
-ՀԱՊԿ-ը պարտավոր է միջամտել, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Այսօր ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջանը պատերազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ է իրականացնում: Գուցե ՀԱՊԿ-ը մեկ քայլ առա՞ջ միջամտի, երբ կրակը դեռ չի բորբոքվել: Մյուս կողմից էլ, կա տխուր օրինակ. երբ Տավուշի գյուղերն ադրբեջանական զինուժը պարբերաբար ռմբակոծում է, իսկ նույն ՀԱՊԿ-ն աչքակապությամբ է զբաղված:
-Դա ամենակարևոր և էական հարցն է, որ Դուք շոշափում եք։ ՀԱՊԿ-ը, իհարկե, չի ցանկանում խրվել պատերազմի մեջ, և ոչ ոք դա չի ցանկանում։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ անգամ Թուրքիան։ Հարցն այն է, որ դեմ առ դեմ կարող են հայտնվել ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը: Խնդիրն այն է, թե ՀԱՊԿ-ն ի վիճակի՞ է կանխարգելիչ քայլերի դիմելու։ Վճռական քայլերի։ Գաղտնիք չեն այդ կազմակերպության ներքին զսպանակների գործողությունները։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ֆորսմաժորային իրադրությունում միամտություն կլիներ Մինսկի և Աստանայի կողմից սպասել մեզ համար որևէ ռեալ գործողություն։ Հայաստանի միակ իրական գործընկերը կազմակերպության ներսում Ռուսաստանն է, նրա հետ Երևանը պետք է նստի և գտնի այս վիճակից դուրս գալու ելքը։ Սա, ըստ երևույթին, բավական դժվար խնդիր է, եթե նկատի ունենանք այն վրիպումները, որոնք եղել են նախկին իշխանությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը, հավանաբար, կհատվի իր նախկինի ղարաբաղյան վեկտորի հետ։ Օրինակ, ներկայումս շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե, իբր, գոյություն ունի Պուտին-Ալիև-Սարգսյան համաձայնություն հինգ շրջանները հանձնելու վերաբերյալ։ Եթե սա անգամ սաղմնային վիճակում է համապատասխանում իրականությանը, ապա բավական է, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար դժվարություններ հարուցի։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ